Ամենամյա հեռարձակումներ
Կարեկցանք


Կարեկցանք

Ս&Ի 2021 թվականի ամենամյա ուսուցման հեռարձակում

26 հունվար 2021 թ․

Ես շնորհակալ եմ այն խոսքերի համար, որոնք Եղբայր Վիլկինսոնն ասաց նրանց մասին, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին և ովքեր այլ կերպ են տառապել այս ընթացքում և ուզում եմ, որ դուք իմանաք, որ մեր սրտերն իսկապես ցավում են ձեզ համար։

Ես նաև կցանկանայի սկսել` պարզապես շնորհակալություն հայտնելով մեծ փոփոխությունների ժամանակ գործադրվող ձեր ջանքերի համար: Արդյունավետ կերպով առցանց ուսուցանելու ձեր աշխատանքն ուշագրավ է։ Գիտեմ, որ որոշ օրեր հիասթափեցնող են, երբ չնայած այսքան շատ շեղող հանգամանքներին, փորձում եք օգնել ձեր ուսանողներին մնալ ներգրավված։ Այնպես որ, շնորհակալություն ձեր համառ ջանքերի համար: Մենք գնահատում ենք նաև այլ կարևոր փոփոխություններին հարմարվելու ձեր պատրաստակամությունը, ինչպես օրինակ՝ ուսումնական ծրագրի նոր օրացույցին և ընթերցանության պահանջներին: Ես շատ երախտապարտ եմ այս ամենին մեծ հավատով առերեսվելու ձեր հսկայական ընդունակության և պատրաստակամության համար:

Կա մի ունակություն, գուցե նույնիսկ Հոգու պարգև, որը, կարծում եմ, փոփոխությունների ժամանակ կարևոր է յուրաքանչյուրիս համար: Այն սկիզբ է առնում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատից։ Այդ ունակությունն անցյալի հաջողությունների հանդեպ վստահություն ունենալու կարողություն է, ինչպես նաև այն լրացուցիչ լույսի անհամբեր սպասումը, որը Տերը ցանկանում է շնորհել: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն այդ մասին ասել է հետևյալը․

«Անցյալից պետք է սովորել, այլ ոչ թե անցյալով ապրել։ … Երբ մենք սովորում ենք այն, ինչ պետք է սովորեինք, և մեր հիշողության մեջ կրում ենք մեր լավագույն փորձառությունները, ապա մենք առաջ ենք նայում և հիշում, որ հավատքը միշտ ուղղված է դեպի ապագան։

Հավատքը կառուցվում է անցյալում, բայց երբեք չի ցանկանում մնալ այնտեղ: Հավատքի շնորհիվ վստահում ենք, որ Աստված մեծ բաներ է պատրաստել մեզ համար»։1

Հիմնվելով անցյալի հաջողությունների վրա, մենք պետք է ձգտենք կառուցել այդ ջանքերի վրա՝ փորձելով հասկանալ, թե Տերն ինչ է ուզում, որ մենք անենք հաջորդիվ։ Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք․ «էլ ինչ բանով եմ պակաս»,2 և փորձել, թե Տերը ինչ է կամենում, որ հետագայում անենք: Դա նույնպես արտահայտում է մեր հավատը։

Գուցե հիշում եք, որ ավելի քան հինգ տարի առաջ երեց Քիմ Բ. Քլարկը մեզ ասաց.

«Հոգևորության ինչպիսի մակարդակ էլ վայելենք ներկայումս մեր կյանքում, Հիսուս Քրիստոսի հանդեպ ինչպիսի հավատք էլ ունենանք, նվիրաբերման և նվիրվածության ինչպիսի ուժ էլ ունենանք, հնազանդության, հույսի կամ գթության ինչպիսի աստիճանի էլ տիրապետենք, մասնագիտական ինչպիսի հմտություն և կարողություն էլ ձեռք բերած լինենք այս պահին՝ այդ բոլորը բավարար չի լինելու այն աշխատանքի համար, որը գտնվում է առջևում։…

… Տեր Հիսուս Քրիստոսն ունի մեզ համար մեծ աշխատանք, որը մենք պիտի կատարենք աճող սերնդի համար։ Այդ աշխատանքն ավելի մեծ է, քան այն, որը մենք երբևիցե կատարել ենք նախկինում»։3

Ես շնորհակալ եմ նրա հրավերին արձագանքելու համար: Ես տեսել եմ, որ ձեզանից շատերն ամրապնդում են իրենց հոգևոր վիճակն ու նվիրվածությունը և իրենց հմտություններն ու կարողությունները։ Մենք տեսել ենք բազմաթիվ պատճառներ, թե ինչու էր դա այդքան կարևոր, և ինչու է անհրաժեշտ լինելու ապագայում ամրապնդել այդ հատկանիշները:

Թույլ տվեք ձեզ հետ կիսվել մեկ օրինակով։ Վերջերս մենք խոսում ենք ավելի շատ Քրիստոսակենտրոն լինելու և ուսանողի վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին: Սա պարզապես սիրուն խոսքեր կամ ուսուցման տեխնիկա չէ: Քրիստոսակենտրոն լինելու և ուսանողի վրա կենտրոնանալը երկու մեծ պատվիրանները կիրառելու եղանակ է։4 Այն պետք է ձևավորի մեր ջանքերը՝ ավելի շատ երիտասարդների և չափահաս երիտասարդների հրավիրելու համար: Եվ այն պետք է ձևավորի մեր ջանքերը՝ մեծացնելու մեր ուսուցման ուժը:

Երբ մենք անկեղծորեն ձգտում ենք կիրառել առաջին մեծ պատվիրանը մեր ուսմունքներում, մենք դասի ավարտին պարզապես չենք վկայակոչում Փրկիչին: Մենք ամեն առիթ օգտագործում ենք Նրա մասին վկայելու և Նրա մասին մեր երախտագիտությունը հայտնելու համար: Մենք դադարում ենք պարզապես Նրա մասին խոսել և Նրա մասին խոսում ենք որպես մեր անձնական Քավչի, ում մենք ճանաչում, սիրում և վստահում ենք:

Երբ մենք անկեղծորեն ձգտում ենք կիրառել երկրորդ մեծ պատվիրանը մեր ուսուցման մեջ, մենք չենք կենտրոնանում լոկ նյութը ավարտելու կամ ուսանողի մասնակցության հատուկ ուսուցման մեթոդների կիրառման վրա: Մենք կենտրոնանում ենք անհատների և նրանց կարիքների վրա և փափագում ենք օգնել նրանց՝ առաջ շարժվելու դեպի հավերժական կյանք: Մենք դադարում ենք ուսանողներին դասարան դիտարկելուց և յուրաքանչյուր սովորողին նայում ենք որպես աստվածային ներուժ ունեցող Աստծո սիրելի զավակի:

Դրանք նոր գաղափարներ չեն: Մենք միշտ ցանկացել ենք դա անել: Ուստի հարցս հետևյալն է. ինչպե՞ս կարող ենք հիմնվել անցյալի հաջողությունների վրա՝ ապագայում էլ ավելի արդյունավետ գործելու համար:

Չնայած նախկինում խոսել եմ այս թեմաների շուրջ, դրական փորձառությունների վրա շարունակելու հույսի մասին, ես կցանկանայի մեկ լրացուցիչ միտք արտահայտել այդ հայտարարության երկու մասերից յուրաքանչյուրի մասին՝ սկսած ավելի Քրիստոսակենտրոն լինելուց։ Ես փորձել եմ ավելի լավ հասկանալ, թե ինչ է դա նշանակում և ինչպես է այն իր արտահայտումը գտնում մեր տներում և դասարաններում: Իհարկե, մենք պետք է շարունակենք մեր ջանքերը՝ օգնելով ուսանողներին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի տիտղոսների, հատկանիշների և օրինակի վրա:5 Կարո՞ղ եմ առաջարկել լրացուցիչ տարբերակ։ Տիրոջ մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, ինձ և ձեզ հիշեցրել է, որ «մեր օրհնությունները հաշվելը շատ ավելի լավ է, քան մեր խնդիրները պատմելը»։6 Ես նրանից սովորել եմ ուխտի Իսրայելին հասանելի օրհնությունների և այն մասին, որ երբ մենք թույլ ենք տալիս Աստծուն տնօրինել, մենք ապաքինվում ենք, գտնում ենք պատասխաններ, քաջություն ենք ստանում գայթակղությանը դիմակայելու համար և ուժ ենք ստանում մեր պատերազմները վարելու համար: Եվ ինչպես Նախագահ Նելսոնն էլ ասաց, մենք «[Ինքներս] կզգաք, որ մեր Աստվածը «հրաշքների Աստված է» [Մորմոն 9․11]»։7 Այսպիսով, Փրկիչի վրա կենտրոնանալու մեկ այլ տարբերակն այն է, որ օգնենք մեր ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Նա սիրով և գթությամբ օգնության հասնում Երկնային Հոր բոլոր զավակներին:

Վերջերս մասնակցել եմ մի հեռավար դասի։ Դասին պատրաստվելիս ուսանողները կարդացին Եթեր 2․25-ը․ «Եվ ահա, ես նախապատրաստում եմ ձեզ այս բաների համար․ դուք չեք կարող անցնել այս մեծ ջրանդունդը, եթե ես չնախապատրաստեմ ձեզ ծովի ալիքների դեմ»։8 Դասարանի անդամները քննարկեցին այս հատվածը և այն, թե ինչպես է Տերը նախապատրաստել հարեդացիներին իրենց ճամփորդության համար: Մի ուսանողուհի պատմեց, որ ինքն անցնում էր փորձության միջով, ինչը, նրա նկարագրությամբ, իր երբևէ ունեցած ամենասարսափելի փորձառությունն էր:

Այնուհետև նրան հարց տվեցին, որն իմ կարծիքով, ոգեշնչված էր Սուրբ Հոգուց: Ի՞նչ է Տերն արել դրանից առաջ, որպեսզի նախապատրաստի ձեզ այս փորձությանը։ Ի՞նչ փորձառություններ է Նա արդեն տվել ձեզ, և ի՞նչ դասեր է Նա արդեն սովորեցրել ձեզ, որոնց վրա կարող եք հիմնվել հիմա: Շատ հրաշալի հարց է, որն ստիպում է մեզ մտածել, թե ինչպես է Փրկիչը սիրով օգնության հասնում մեզ, նույնիսկ, եթե նախօրոք է իմանում մեր կարիքների մասին։ Այն մարդը, ով անցնում էր փորձության միջով, խոսեց այն մասին, թե ինչ տարբեր եղանակներով է Տերը պատրաստել իրեն: Նա գիտակցեց իր ունեցած փորձառությունները, որոնց վրա կարող էր հիմնվել, ինչպես նաև գիտակցեց այն սկզբունքների մասին խորը հասկացողությունն ու վկայությունը, որոնք անհրաժեշտ էր իմանալ, որպեսզի մեծ հավատքով արձագանքեր այս փորձությանը: Դասարանի մի քանի այլ ուսանողներ պատմեցին, թե ինչպես է Տերն աջակցել իրենց փորձությունների ժամանակ, և ինչպես են իրենք հասկացել, որ Տերը սիրում է իրենց և ցանկանում է օրհնել իրենց:

Երբ օգնեք ձեր ուսանողներին տեսնել Տիրոջ ձեռքը՝ սուրբ գրություններից ձեզ ծանոթ մարդկանց օրհնելիս, դուք կօգնեք նրանց նույնպես հասկանալ, թե ինչ դեր ունի Տերը նրանց կյանքում։ Ինչպես հորդորում է Մորմոնի Գիրքը, մենք կարող ենք օգնել նրանց «հիշել, թե որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ»:9

Այժմ կիսվեմ մի մտքով այդ հայտարարության երկրորդ կեսի՝ մեր ուսանողների վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ շատ երիտասարդներ և չափահաս երիտասարդներ ունեն չլուծված հարցեր և տարակուսում են աշխարհում հնչող տարատեսակ կարծիքներից: Այդ կարծիքներից չշփոթվելու և կենտրոնանալու համար նրանք պետք է հասկանան ճշմարիտ վարդապետությունը։ Ինչպես միշտ է եղել, նրանք ունեն մեր կարիքը, որպեսզի մենք բարոյական քաջություն դրսևորենք՝ հավերժական ճշմարտությունն ուսուցանելու և վկայելու համար: Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք կառչել դրանից և կառուցել դրա վրա՝ առաջ շարժվելու նրանց կարիքները բավարարելու համար։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ կենտրոնանալ նրա վրա, որ ոչ միայն ուսուցանենք ճշմարտությունը, այլ նաև օգնենք, որ մեր ուսանողները սովորեն ճշմարտությունը։

Դա անելու տարբերակներից մեկը՝ կարեկցանք ունենալու Քրիստոսանման հատկանիշի միջոցով է։ Կարեկցանքը՝ մեկ ուրիշ մարդու զգացմունքները հասկանալու և դրանք կիսելու ունակությունն է։ Անկեղծ կարեկցանքը մարդկանց համախմբում է. դա կապ է առաջացնում և օգնում է մարդկանց զգալ, որ իրենք միայնակ չեն: Դա պատկանելության զգացում ստեղծելու կարևոր մասն է: Այդ հատկանիշը որոշիչ է ուսանողի հարցին արդյունավետորեն պատասխանելու և խմբային քննարկում վարելու համար, որտեղ շատ ուսանողներ առանց հարցեր տալու ուշադիր լսում են:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր մաքառում են հավատի դեմ, սովորաբար չեն հեռանում վարդապետության պատճառով: Նրանք հեռանում են, քանի որ իրենց հարցերը տալիս են անձնական փորձի համատեքստում, ինչը նրանց ստիպում է այդ խնդիրներին նայել տարբեր ոսպնյակների միջով․ հաճախ նայում են անհամապատասխանության, տառապանքի կամ չկատարված սպասելիքների ոսպնյակների միջով: Եթե մենք նրանց հարցերին պատասխանենք առանց կարեկցանքի, առանց հանգամանքները հասկանալու, ապա մենք չենք կարող նրանց տրամադրել անհրաժեշտ օգնությունը: Եվ ինչն ավելի վատ է, եթե մենք մերժողական, քննադատական կամ պաշտպանողական վարք դրսևորենք, ապա կկորցնենք վստահությունը և նրանց կյանքում դրական ազդեցություն ունենալու հնարավորությունը:

Փրկիչը «ճշմարիտ սէրի մէջ [լինէլու]» կատարյալ օրինակ էր։10 Մարդկանց հետ Նրա շփումները լի էին կարեկցանքով, միշտ հարմարեցված անհատական կարիքներին և հասկացողությանը: Շնորհիվ դրա, այն մարդիկ, ովքեր զգում էին, որ չեն բավարարում կամ չեն համապատասխանում կատարյալ աշակերտի խառնվածքին, այնուամենայնիվ զգում էին Նրա սերը և հակվում դեպի Նա: Նրանք գիտակցում էին Փրկիչի կարիքը։

Մեկ այլ հիանալի օրինակ գտնվում է Վարդապետություն և Ուխտերի այս տարվա ուսումնասիրության նյութի մեջ: 88-րդ բաժնում գրված է Տիրոջ հրահանգները Մարգարեների դպրոցի կարգի վերաբերյալ։ Ուսուցիչը պետք է գար ուսանողներից շուտ և նախապատրաստեր իրեն և սենյակը: Նրան նաև հանձնարարել էին ուսանողներին ողջունել հետևյալ խոսքերով.

«Ես ողջունում եմ քեզ՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ի նշան կամ ի հիշատակումն հավիտենական ուխտի, ուխտ, որով ես ընդունում եմ քեզ ընկերակցության՝ հաստատուն, անսասան և անփոփոխ վճռականությամբ, լինելու քո բարեկամն ու եղբայրը՝ Աստծո շնորհով, սիրո կապով»։11

Թեպետ նպատակահարմար չէ սեմինարիայի կամ ինստիտուտի յուրաքանչյուր դաս սկսել այդ եղանակով, սակայն այս ողջույնը չափազանց ուսանելի և իմաստալի է: Ինչպես քույր Վիրջինիա Փիրսն է ասել. «Կարո՞ղ եք պատկերացնել ուսումնառության մի միջավայր, որը կառուցված է ձեր ուսանողների կողմից և նրանց հանդեպ սիրո և նվիրվածության նման հաստատման վրա: Կարո՞ղ եք պատկերացնել այն ապահովության զգացումը, որը նրանք կզգային և այն եռանդը, որն իրենց պաշտպանելու և պահպանելու փոխարեն հասանելի կլիներ սովորելու, աճելու և փոխվելու համար: Կարո՞ղ եք պատկերացնել Սուրբ Հոգու զորությունը մի սենյակում, որտեղ յուրաքանչյուր մասնակից երդվել էր լինելու քո բարեկամն ու եղբայրը՝ Աստծո շնորհով, սիրո կապով»։12

Միայն մտածեք, թե դա ինչպես կվերափոխի մեր դասերը և ինչպես կօրհնի առանձին ուսանողների: Պատկերացրեք օրինակ, Ալեքս անունով մի երիտասարդի, ով հարցնում է. «Ինչպե՞ս վարվել, եթե Եկեղեցու քաղաքականության ոչ բոլոր դրույթների հետ եմ համաձայն»: Ինչպե՞ս կարող եք արձագանքել, որը ցույց կտա ձեր սերն ու կարեկցանքը: Իհարկե, նա պետք է հասկանա մարգարեների դերը և հնազանդության կարևորությունը: Թեպետ դա կարող է լինել ամենաարժեքավոր և անմիջական պատասխանը, բայց գուցե բավարար չլինի այն մարդու համար, ով ամբողջ սրտով հոգևոր գոտեմարտ է մղում։ Նախքան հարցին պատասխանելը կամ քննարկում սկսելը, գուցե լավ կլինի, որ նախ ձգտենք հասկանալ այդ հարցը տվող մարդուն կամ քննարկմանը մասնակցող խմբին: Ուստի, եթե հնարավորություն ունենաք իսկապես զրուցելու Ալեքսի հետ, ապա ուրիշ ի՞նչ պետք է իմանաք, և ուրիշ ինչի՞ կարիք ունի նա, որն ակնկալում է ստանալ ձեզանից։

Սկսելու համար մենք լսում ենք, կարող ենք աղոթել և ինքներս մեզ պատկերացնել նրա տեղում և փորձել պատկերացնել, թե նա ինչ է զգում: Ալեքսը, հավանաբար, այս հարցը չի տալիս որպեսզի մարզի իր միտքը կամ պարզապես հասկանա վարդապետությունը: Ալեքսն անցյալ ունի: Նա փորձառություններ և հարաբերություններ է հաստատել, որոնց մի մասը դրական է եղել, մյուս մասը՝ ոչ: Իրականում, տվյալ դեպքում Ալեքսն իրեն մի փոքր օտար է զգում, երբ գնում է եկեղեցի և ինստիտուտ: Ավետարանական քննարկումների ժամանակ նա իրեն այլ կերպ է զգում, քան այն մարդկանցից շատերը, ովքեր խոսում են: Նա մտածում է, թե արդյո՞ք ինչ-որ մեկը նրա նման է զգում, բայց, կարծես, ոչ ոք երբեք չի բարձրացնում նրա հատուկ հարցերը: Այդ փորձառությունների պատճառով նա իրեն միայնակ է զգում եկեղեցում: Երբ նա փորձում է կիսվել իր տեսակետով, նա չի զգում, որ իրեն լսում կամ հասկանում են։ Մեկ այլ առիթով ուսուցիչը դիտողություն արեց մորուք պահելու համար։ Ավելի ուշ, մի ուսանող թեթև է վերաբերվում այն հարցին, որն, Ալեքսի կարծիքով շատ կարևոր էր։ Նա սկսեց զգալ, որ իրեն քննադատում են, իսկ երբեմն զգում է, որ ինքն է զայրանում։

Բայց կա մեկ այլ բան, որ դուք պետք է իմանաք և հիշեք Ալեքսի մասին: Նա դեռ այստեղ է։ Նա հաճախում է դասերին։ Նա հաճախում է, քանի որ սիրում է ավետարանը և Եկեղեցին։ Նա փորձում է կառչել իր հավատից և փորձում է ճիշտ վարվել։ Նա նաև փորձում է առանձնացնել Եկեղեցում իր լսածն ու զգացածը․ հասկանալ, թե որո՞նք են ճշմարիտ վարդապետություններ, և որո՞նք են մշակութային սահմանված կարգեր կամ նույնիսկ անճշտություններ, որոնք փոխանցել են բարի նպատակներ ունեցող անդամները: Նա հայտնվել է հուզական պայքարի մեջ և ձգտում է իմանալ Տիրոջ կամքը: Ինչպե՞ս կիմանայիք այս ամենը Ալեքսի մասին, եթե չլսեիք և կարեկցանք չցուցաբերեիք։ Այժմ, երբ դուք մի փոքր ավելի լավ եք ճանաչում Ալեքսին, հասկանում եք, որ նա պարզապես չի հարցնում Եկեղեցու քաղաքականության մասին: Նա ուղղակի չի հարցնում․ «Արդյո՞ք Եկեղեցին ճշմարիտ է»: Նա ուզում է իմանալ․ «Արդյո՞ք Եկեղեցին հուսալի է»: «Կա արդյո՞ք տեղ ինձ համար» և «Ինչպե՞ս եմ ես համապատասխանում, երբ կարծես թե միակ մարդն եմ, ով կասկածներ ու հարցեր ունի»:

Դուք կարող եք օգնել Ալեքսին մտածել իր հարցերի շուրջ և վերաիմաստավորել դրանք հավերժության տեսանկյունից: Երբեմն ճիշտ հարցադրումը հանդիսանում է մեր երկնային Հորից պատասխաններ ստանալու կարևոր մասը: Սակայն նրան հասկանալու և նրա հարցի ենթատեքստը հասկանալու համար, ունենալով բավականաչափ սեր և կարեկցանք, դուք կկարողանաք նրան տրամադրել անհրաժեշտ աջակցությունն ու առաջնորդությունը: Դա հեշտ չէ և կարող է նույնիսկ մի փոքր վհատեցնող թվալ: Բայց ես ձեզ չեմ խնդրում կատարելապես վարել յուրաքանչյուր քննարկում կամ կատարելապես պատասխանել յուրաքանչյուր հարցի: Ես խնդրում եմ ձեզ լսել, կարեկցել և օգնել նրանց զգալ Երկնային Հոր սերը իրենց հանդեպ: Կարո՞ղ եք պատկերացնել այն ապահովության զգացումը, որն Ալեքսը և նրա դասընկերները կզգան և նախկինում հասանելի այն եռանդը, որն իրենց պաշտպանելու և պահպանելու փոխարեն այժմ հասանելի է սովորելու, աճելու և փոխվելու համար: Կարո՞ղ եք պատկերացնել Սուրբ Հոգու զորությունը ընկերներով և սիրո կապերով լեցուն մի սենյակում։

Հիշու՞մ եք Երեց Դեյլ Գ. Ռենլանդի խորհուրդը վերջին գերագույն համաժողովից: Նա պատմեց մի հիվանդի մասին, ով բազմիցս հոսպիտալացվել էր ալկոհոլիզմի հետ կապված հիվանդությունների բուժման համար։ Վերապատրաստման ժամանակ բուժող բժշկուհին արտահայտվեց, որ անարդար է, որ ինքը ստիպված է շատ ժամեր ծախսել այդ հիվանդի մասին հոգ տանելու համար, քանի որ, ի վերջո, իր ծանր վիճակի մեղավորը հենց ինքն էր։

Երեց Ռենլանդը լսեց մեկ այլ բժշկի պատասխանը, ով ասաց. «Դուք բժիշկ եք դարձել, որպեսզի հոգ տանեք մարդկանց մասին և աշխատեք բուժել նրանց։ Դուք բժիշկ չեք դարձել նրանց քննադատելու համար։ Եթե չեք հասկանում դրանց տարբերությունը, դուք իրավունք չունեք աշխատելու այս հաստատությունում»։13

Ես և դուք չենք դարձել Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսուցիչներ, որպեսզի քննադատենք մեր ուսանողներին: Մենք դարձանք ուսուցիչներ, քանի որ ցանկանում էինք նրանց ուղղել դեպի Բժշկող Տերը: Դատելու իրավունք ունի միայն Հիսուս Քրիստոսը, և միայն Նա կարող է բուժել: Միայն ամեն օր կենտրոնանալով Հիսուս Քրիստոսի վրա՝ Նրա օրինակի, Նրա ուսմունքների և Նրա խոստումների վրա, մենք կարող ենք օգնել նրանց գտնել անհրաժեշտ բուժումն ու առաջնորդությունը: Անկախ նրանից, թե ինչն է փոխվում ուսանողներին ուսուցանելու և նրանց հետ ընկերանալու մեր մոտեցման մեջ, մի բան երբեք չի փոխվի: Միակ կաևորագույն ուղին, որով մենք կարող ենք օգնել մեծացնել աճող սերնդի հավատքը, պետք է Հիսուս Քրիստոսին ամբողջությամբ դնենք մեր ուսուցման և յուրացման կենտրոնում՝ օգնելով, որ նրանք սկսեն ճանաչել Նրան, սովորեն Նրանից և գիտակցաբար ձգտեն դառնալ Նրա նման: Երբ ձեր վկայության կրակը զուգորդվի ձեր ուսանողների հանդեպ խորը սիրո հետ, դուք կլինեք հնարավոր լավագույն դիրքում, որպեսզի օգնեք նրանց հասկանալ և ապավինել Նրա ուսմունքներին, Նրա Քավությանը և արժանանալ Նրա խոստացած օրհնություններին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Այժմ ես կցանկանայի մոտենալ և միանալ եղբայր Բիգելոուին և եղբայր Սմիթին:

Տպել