Ամենամյա հեռարձակումներ
Փոփոխության ժառանգությունը ԵԿՀ-ում


Փոփոխության ժառանգությունը ԵԿՀ-ում

Ս&Ի 2021 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ․

Ես երախտապարտ եմ ձեզ համար և պատիվ եմ համարում մի քանի րոպե ձեզ հետ այսօր անցկացնելը։ Ես շնորհակալ եմ Չադի և նրա տաղանդավոր ու նվիրված թիմի համար, ովքեր ջանասիրաբար աշխատում են՝ օգնելուՏիրոջ այս աշխատանքում։ Օրհնություն է, որ Քույր Ջին Բ․ Բինգհեմը մեզ հետ է այսօր, և ես անհամբեր սպասում եմ նրա ուղերձին։ Նա հզոր և ոգեշնչող ղեկավար է, և մենք երախտապարտ ենք, որ նա ծառայում է Եկեղեցու կրթական խորհրդում։

Մինչ մենք քննարկում էինք Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների (Ս&Ի) կարևոր փոփոխությունները, ես խորհում էի նաև Եկեղեցու կրթության պատմության ընթացքում կատարված փոփոխությունների շուրջ։ Օրերս ես սկսեցի իմ սեփական ընտանեկան պատմությունը համեմատել այն ամենի հետ, ինչ կատարվում էր Եկեղեցու կրթական համակարգում։ Մորս ծնողները Եկեղեցուն են միացել Շվեյցարիայում, երբ դեռ երիտասարդ էին, ուստի, իմ ընտանիքում այդ կողմից մորս սերունդն առաջինն էր, որ առնչվել է Եկեղեցու կրթական համակարգի հետ։ Հորս նախնիներից ոմանք Եկեղեցու անդամ էին մեր տնտեսության ավելի վաղ ժամանակներից։ Թույլ տվեք որոշ հիմնական տեղեկություններ ներկայացնել նրանցից մի քանիսի վերաբերյալ ու նաև նշել Եկեղեցու կրթության ազդեցությունը նրանց ժամանակներում։ Դուք կնկատեք փոփոխություններ տարիների ընթացքում․ դրանցից մի քանիսը շատ մեծ փոփոխություններ են։

Սարա Ջեյն Էնջելը՝ իմ մեծ տատիկը, երիտասարդ աղջիկ էր, երբ նրա ընտանիքն ապրում էր Կիրթլենդում (Միսսուրի) և Նավուում։ Նա Սոլթ Լեյքի հովիտ հասավ 1848 թվականին, երբ 14-ամյա մի աղջիկ էր, և կրթություն ստացավ այդ տարածքներում առկա համայնքային դպրոցներում։

Պատանի Ջարվիս Ջոնսոնը, ով ապրում էր Նավուում, հետագայում ամուսնացավ Սարայի հետ։ Նա ստացել էր իր կրթությունը քաղաքի մի քանի դպրոցներից մեկում։ Երբ Սրբերը հեռացան Նավուից և շարժվեցին դեպի արևմուտք, նա անդամագրվեց Մորմոնական գումարտակին, երբ 17 տարեկան էր։ Սարայի և Ջարվիսի պատանեկության և երիտասարդության տարիներին Եկեղեցին և անհատները նրանց համայնքներում առաջարկում էին ուսուցում, սակայն չկար Եկեղեցու Կրթական Համակարգ, ինչպիսին մենք գիտենք այսօր։

Սարայի և Ջարվիսի որդին՝ Ռեյսը, իմ նախապապն է։ Նա մեծացել է Յուտայում և դպրոց հաճախել Հանիվիլ կոչվող ավանում։ Շենքն օգտագործվում էր թե՛ որպես եկեղեցի, թե՛ որպես դպրոց։ Շարլոտը, ով ապագայում ամուսնացավ Ռեյսի հետ, դպրոց էր հաճախում Քալս Ֆորթի մոտակայքի մի փոքրիկ քարե շենքում։ Եկեղեցական ակադեմիաների բացվելուց մի քանի տարի առաջ՝ 1870-ականների վերջին և 1880-ականների սկզբին, նրանք դեռահասներ էին։ Քանի որ 1880-ականների ընթացքում քաղաքներում ավելի շատ դպրոցներ դարձան պետական, այդ դպրոցներում չէին թույլատրում կրոն դասավանդել։ Սա հանգեցրեց Եկեղեցու ակադեմիաների ընդլայնմանը՝ Ռեյսի և Շարլոտի ավարտելուց հետո։

Ռեյսը գրի է առել Շարլոտին արած իր ամուսնության առաջարկը, ում կոչում էր Լոտի․ Նա ասել է.

«Առաջին անգամ, երբ ես տեսա Լոտիին, նա շրջիկ մանրածախ առևտրի սայլակ էր վարում։ Նրա հայրը վարում էր իրենց տան առջև գտնվող մի խանութի գործերը։ Նա կարծես մի հրեշտակ լիներ։ Ավելի ուշ ես նրան հանդիպեցի պարահանդեսում, և մենք մոտ մեկ տարի հանդիպեցինք, իսկ հետո ես նրան ամուսնության առաջարկ արեցի։ Նա ասաց․ «Դու ինձ չես սիրում»։ Ես ասացի՝ «Սիրում եմ»։ Երեք ամիս անց մենք նշանվեցինք»։1

Համոզված եմ, որ Ռեյսը հաջողության չէր հասնի որպես սիրավեպ գրող, սակայն Շարլոտն, այնուամենայնիվ, ամուսնացավ նրա հետ, և նրանք ունեցան 12 երեխա։

Այդ 12 երեխաներից մեկը՝ Ալֆալուսը, նրան «Ալֆ» էին ասում, իմ պապն է և հաճախել է Բրիգամ Յանգի քոլեջը Լոգանում (Յուտա)։ Իմ տատիկը՝ Բլենչը, նույնպես հաճախել է Բրիգամ Յանգի քոլեջը, որը Եկեղեցու կրթական հաստատություններից մեկն էր։ Այդ ժամանակ այն ավագ դպրոց և քոլեջ էր։ Այդ հաստատություններում ուսանողներին ուսուցանում էին և՛ աշխարհիկ առարկաներ, և՛ կրոն, ինչպես նաև առկա էին տարատեսակ խմբակներ։ Իմ պապը խաղում էր բեյսբոլի և բասկետբոլի թիմերում, իսկ տատիկս ձողացատկորդ էր։

Սեմինարիայի առաջին դասընթացները սկսվել են Սոլթ Լեյք Սիթիում 1912 թվականին, և այստեղից ծրագիրը սկսել է տարածվել այլ քաղաքներում։ Երբ ակնհայտ դարձավ, որ այս սեմինարիաները ամուր կրոնական հիմքեր են ապահովում հանրակրթական դպրոցներ հաճախող աշակերտների համար, Եկեղեցին որոշում կայացրեց հրաժարվել ակադեմիաներից շատերից, ներառյալ Բրիգամ Յանգի քոլեջից։ Այդ պատճառով իմ ընտանիքի հաջորդ սերունդը հաճախել է հանրակրթական դպրոցներ և սեմինարիա։

Ալֆի և Բլենչի որդիներից մեկը՝ Վիրը, իմ հայրն է։ Իր ողջ կյանքում նա հիշում էր իր սեմինարիայի ուսուցիչներին։ Իմ մայրը՝ Վինիֆրեդը, նույնպես հաճախել է ավագ դպրոց և սեմինարիա և նույնպես հիշում էր իր ուսուցիչներին։

1926 թվականին Մոսկվայում (Այդահո) սկսվեց Կրոնի ինստիտուտի ծրագիրը, իսկ 1928 թվականին Լոգանում (Յուտա) ստեղծվեց երկրորդ ինստիտուտը։ Իմ ծնողները, երկուսն էլ 1940-ականների ընթացքում հաճախել են ներկայիս Յուտայի պետական համալսարանը Լոգանում։ Այդ ժամանակ ինստիտուտի ծրագիրը լավ հաստատված էր Լոգանում, և ծնողներիս առաջին հանդիպումները տեղի են ունեցել ինստիտուտի միջոցառումների շրջանակներում։ Ի վերջո նրանք ամուսնացան, և Լոգանի տաճարում իրենց հարսանիքից հետո հարսանեկան ընդունելությունն անցկացրին ինստիտուտի շենքում։

Ես մեծացել եմ Լոգանում (Յուտա) և հաճախել եմ նույն ավագ դպրոցը և սեմինարիան, ինչ մայրս։ Այդ ավագ դպրոցն իրականում Բրիգամ Յանգի նախկին քոլեջն էր։ Ես ուսումնական տարվա մի մասն էլ անցկացրել եմ Մոնտիչելոյում (Յուտա) և սեմինարիայի նույն դասարանում հանդիպել եմ ինձանից մեկ տարով փոքր մի հիանալի աղջկա։ Նրա անունը Ջիլ էր։ Իրականում նրա անունը դեռ Ջիլ է, և չնայած վստահ չեմ, որ ավելի ռոմանտիկ եմ, քան իմ նախապապ Ռեյսը, ինչևէ, նա ամուսնացավ ինձ հետ։

Ես սեմինարիա եմ հաճախել 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին։ Սա այն ժամանակաշրջանն է, երբ տեղի ունեցավ սեմինարիայի և ինստիտուտի որոշ նախնական ընդլայնում աշխարհի տարբեր մասերում։ Եղան որոշակի փորձեր վաղ առավոտյան անցկացվող սեմինարիայի դասերի և տնային ուսումնասիրության սեմինարիայի որոշ փորձեր, ինչը հնարավոր դարձրեց այդ ծրագրի տարածումը աշխարհով մեկ։ Սրանք դժվար ժամանակներ էին նրանց համար, ովքեր Ս&Ի-ում էին։ Ծրագրերը, որոնք նախատեսված էին համալսարանի և քոլեջի ազատ ժամերի համար, նրանք փորձում էին հարմարեցնել ամբողջ աշխարհում գործող սեմինարիաների շատ տարբեր հանգամանքների հետ։ Սկզբնական շրջանում նրանք հանդիպել են թարգմանության և տպագրության հետ կապված հսկայական դժվարությունների։

Փաստորեն, երբ ես 1970-ականներին միսիայի մեկնեցի Նորվեգիա, սեմինարիան ներկայացվեց այնտեղ հենց այդ նույն տարում։ Հիշում եմ, թե ինչպես էի օգնում Թոմ Ռուի անունով մի երիտասարդ տղամարդու, մինչ նա պատրաստում էր տնային ուսուցման սեմինարիայի դասերը․ մի բան, որի հետ կապված փորձառություն նախկինում երբեք չէի ունեցել։ Ես առաջին անգամ հասկացա, որ սեմինարիան կարող է լինել դպրոցական օրվա ընթացքում դպրոցին կից անցկացվող դասից տարբերվող մի բան։

Այժմ ես անցում եմ կատարում իմ նախնիներից դեպի մեր սերունդը։ Մեր երեխաները սեմինարիա էին հաճախում ազատ ժամերի ծրագրով, բացառությամբ մեր մի քանի երեխաների, ովքեր վաղ առավոտյան սեմինարիայի էին մասնակցում, մինչ մենք հանձնարարությամբ Չիլիում էինք գտնվում։ Սեմինարիայի ուսումնական ծրագրերը տարիների ընթացքում փոխվել են։ Ես սեմինարիայի երիտասարդ ուսուցիչ էի, երբ ներկայացվեց սուրբ գրությունների հաջորդական ուսուցումը։ Որոշ դժվարությունների էի հանդիպում, մինչ փորձում էի հասկանալ, թե ինչպես լավագույնս ուսուցանել այս եղանակով։ Այդ անցումը ինքնաբերաբար տեղի չունեցավ։ Բայց արդյունքները հենց այն էին, ինչ անհրաժեշտ էր դասավանդվող սերնդին։ Նրանք ավելի լավ ծանոթացան սուրբ գրություններին և արդյունքում, բնականաբար, սուրբ գրություններն ավելի մեծ ազդեցություն ունեցան նրանց վրա, և նրանք վստահություն ձեռք բերեցին դրանց հանդեպ։ Մենք ունենք իմ ծնողների մի քանի ձայնագրությունները, կատարված նրանց մահվանից մի քանի տարի առաջ, որտեղ մայրս խոսում է իր նկատած փոփոխությունների մասին։

Լսեք նրա մեկնաբանությունները․

«Սեմինարիայում մեզ այնքան լավ չէին սովորեցնում, որքան երեխաներին հիմա, և մենք երբեք սովորություն չենք ունեցել կարդալ սուրբ գրություններն այնպես, ինչպես նրանք անում են հիմա։ Մայրիկս ուներ փոքրիկ գրքեր՝ Պատմություններ սուրբ գրություններից, և նա կարդում էր դրանք մեզ համար։ Բայց ես չեմ հիշում, որ մենք կարդայինք սուրբ գրությունները։ Մեր երեխաները և թոռները գուցե ունեն նույնիսկ ավելի ամուր վկայություն, քանի որ նրանք ավելի լավ են հասկանում ավետարանը, և դա իսկապես այդպես է․ Նրանք սկսում են կարդալ այն, երբ դեռ ավելի փոքր են, և նրանք իսկապես կարդում են սուրբ գրությունները։ Եվ ես կարծում եմ, որ դա նրանց ավելի ուժեղ է դարձնում»։2

Իմ թոռնիկներից մի քանիսն այժմ սեմինարիայի տարիքի են, իսկ մեծերը ինստիտուտի տարիքի են։ Նրանք նույնպես այլ փոփոխությունների են հանդիպում Ս&Ի-ում, ինչպես օրինակ՝ սեմինարիայում ուսուցանվող նյութի հարմարեցումը Եկ, հետևիր ինձ՝ տանն ուսումնասիրվող նյութի հետ։ Ներկայիս համավարակի պատճառով մենք ստիպված ենք եղել շատ բան սովորել հեռավար դասընթացներ անցկացնելու մասին։ Ես ուրախ եմ բոլորիդ համար, մինչ մենք կատարում ենք փոփոխություններ, որոնք կհամապատասխանեն աճող սերնդի «պայմաններին»։3 Իմ ուրախությունը կրկնապատկվում է, քանի որ աճող սերունդը ներառում է նաև մեր թոռներին։

Կարևոր փոփոխություններ կատարելը, որպես կանոն, դժվար է։ Երբեմն ուղղությունը պարզ է, բայց կատարումը կարող է շատ դժվար լինել։ Մտածեք Մոսիայի որդիների մասին։ Նրանք հստակ նպատակ ունեին, որ «փրկությունը հայտարարվեր ամեն մի արարածի»4 և «որ [նրանք] կարողանան փրկել … մի քանիսի հոգիները»։5 Հեշտ է կենտրոնանալ միայն նրանց հրաշալի հաջողության վրա և մոռանալ, թե որքան դժվարությունների են հանդիպել։ Նրանք փորձել են ամեն բան։ Նրանք փորձում էին ուսուցանել մարդկանց 14 տարի և կրել են ամեն տեսակի զրկանքներ․ ուսուցանել են փողոցներում, տներում, տաճարներում և ժողովարաններում, և նրանց դուրս են գցել, ծաղրել, թքել են ու ապտակել նրանց այտերին, քարկոծել, կապել ու բանտ գցել։6 Բայց նրանք դիմակայեցին, չշեղվեցին նպատակից և ստացան Տիրոջ զորությունը՝ կատարելով իրենց առաքելությունը։

Վերջերս ես կրկին կարդացի այն ժամանակ երեց Ռասսել Մ. Նելսոնի փորձառության մասին Եվրոպայում, մասնավորապես Արևելյան Եվրոպայում, երբ նա պատասխանատվություն էր կրում աշխարհի այդ մասի համար 1985-1990 թվականներին։ Այդ ժամանակ նա ծառայում էր Տասներկու Առաքյալների Քվորումում։ Երբ 1985 թվականին նա պատասխանատու էր Եվրոպայի և Աֆրիկայի համար, նրան հատուկ հանձնարարություն տրվեց բացել ճանապարհներ Արևելյան Եվրոպայի ժողովուրդների համար (որոնք այդ ժամանակ կոմունիզմի լծի տակ էին), որպեսզի ավետարանը քարոզվեր այնտեղ։7 Այդ հանձնարարությունը տրվեց Բեռլինի պատի քանդվելուց չորս տարի առաջ և Սովետական Միության պաշտոնական փլուզումից վեց տարի առաջ։

Երեց Նելսոնի նպատակը պարզ էր, բայց խնդիրը շատ բարդ էր։ Նա ամբողջությամբ կենտրոնացել էր այդ հանձնարարության վրա։ Նա այցելեց «նախկին ԽՍՀՄ քսանյոթ անգամ և…մի քանի տասնյակ անգամներ եղավ արևելյան այլ փակ երկրներում»։8 Շերի Դյուն իր Մտքեր Մարգարեի կյանքից․ Ռասսել Մ․ Նելսոն գրքում նկարագրել է նրա աշխատանքը հետևյալ կերպ․

«Նա երբեք սպասված հյուր չի եղել և ջերմ ընդունելության չի արժանացել։ Կառավարության շատ ղեկավարներ նույնիսկ հանդիպում չէին նշանակում մի մարդու հետ, ով հավատ էր դավանում առ Աստված։ Ժամանակի ընթացքում նրան թե՛ խանգարում էին և թե՛ օգնում․ որոշ հանգամանքներում վատ վերաբերմունք էին ցուցաբերում, իսկ մյուս դեպքերում՝ բարյացակամություն. գաղտնի գործակալների կողմից լրտեսվում և հետագայում նրան որպես ընկեր դիմավորում էին պաշտոնյաներ, ովքեր նրան սկսում էին ճանաչել, և որոշ վայրերում կասկածանքով էին նայում նրան, իսկ ոմանք էլ փնտրում էին բժշկական խորհրդատվություն։ Որոշ ուղևորություններ բոլորովին անօգուտ էին թվում, մինչ որոշ դեպքերում դռներ էին բացվում, որոնք նա երբեք չէր կարող կանխատեսել կամ ծրագրել»։9

Երբ Երեց Նելսոնի հանձնարարությունը փոխվեց, և նա հետ կանչվեց Եվրոպայից, նա և Երեց Օուքսը, ով հաջորդելու էր նրան այդ ծառայության մեջ, գնացին Եկեղեցու նախագահին՝ Էզրա Թաֆտ Բենսոնին զեկուցելու, որ Եկեղեցին այժմ հիմնված է Արևելյան Եվրոպայի յուրաքանչյուր երկրում։10 Քույր Դյուն հետագայում նկարագրել է Նախագահ Նելսոնի փորձառությունը․

«Երբ ավելի ուշ հարցրել են, թե ինչ է նա սովորել Արևելյան Եվրոպայի երկրները ավետարանի քարոզչության համար բացելու հանձնարարությունից, մասնավորապես՝ բազմիցս կանգ առնելու և նորից սկսելու, ձախողված հանդիպումների, վերելքների և վայրէջքների մասին, Երեց Նելսոնը պարզապես պատասխանել է. «Տերը սիրում է, երբ ջանքեր ենք գործադրում։ Նա կարող էր ասել Մովսեսին. «Ես կհանդիպեմ քեզ ճանապարհի կեսին»։ Սակայն Մովսեսը ստիպված էր քայլել մինչև Սինայ սարի գագաթը։ Նա ջանքեր պահանջեց Մովսեսից, Հեսուից, Ջոզեֆ Սմիթից և Եկեղեցու հետագա բոլոր նախագահներից: … Արդյո՞ք դուք պատրաստ եք իսկապես բարդ գործեր կատարել: Երբ ցույց տաք, որ պատրաստ եք կատարել ձեր բաժինը, Նա կօգնի ձեզ»։11

Երեց Նելսոնի արդար ջանքերը կարևոր դեր ունեցան այն նշանակալի փոփոխության մեջ, որի արդյունքում ավետարանը հասանելի դարձավ Աստծո միլիոնավոր զավակներին։

Հրաշքները պահանջում են դժվար աշխատանք։ Հրաշքները, որոնք բաղձալի են մեզ համար, մեզանից կպահանջեն հսկայական ջանքեր։

Երբեմն ժամանակ է հարկավոր, որ գիտակցենք անհրաժեշտ փոփոխություններ կատարելու մեր քրտնաջան ջանքերի ամբողջական արդյունքները։ Որոշ դեպքերում մենք կարող ենք նույնիսկ ականատես չլինել մեր ջանքերի և Տիրոջ զորությամբ ստացված վերջնական արդյունքին։ Բայց մեր առաջընթացը շատ կարևոր է, և մենք կարող ենք և ձգտելու ենք կատարել այն փոփոխությունները, որոնք կօրհնեն նրանց կյանքը, ում մենք ծառայում ենք։ Դա դնում է հիմքը նաև հաջորդ սերունդների՝ մեր ծոռների համար։ Ջիլը և ես դեռևս ոչ մի ծոռնիկ չունենք, սակայն շուտով նրանք կսկսեն աշխարհ գալ, և նախքան մենք կհասցնենք նկատել, նրանք կլինեն ձեր դասարաններում։

Մեր նպատակը Ս&Ի-ում պարզ է․ այն չի փոխվել։ Մենք շարունակում ենք ձգտել օրհնել այս երիտասարդներին և օգնել նրանց «հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունն ու ուսմունքները և ապավինել դրանց, արժանի լինել տաճարային օրհնություններին և պատրաստել իրենց, իրենց ընտանիքները և ուրիշներին հավերժական կյանքին՝ իրենց Երկնային Հոր հետ»։12 Քանի որ մենք աշխատում ենք այդ նպատակին հասնելու համար, մենք բաց ենք մեր ծրագրերում փոփոխությունների, մատուցման միջոցների կատարելագործման, նորարար ինստիտուտների և բարելավման այլ ջանքերի համար։ Քանի որ մենք սիրում ենք երիտասարդներին, մենք պատրաստ ենք աշխատել ջանասիրաբար, փորձել նոր բաներ և խնդրում ենք Տիրոջ առաջնորդությունն ու զորությունը մեր բոլոր ջանքերում։

Աճող սերնդի կյանքը օրհնելու ձեր ջանքերում Տերը թող օրհնի ձեզ նաև այն մարտահրավերներին հանդիպելիս, որոնք անձամբ պետք է հաղթահարեք։ Ես սիրում եմ ձեզ և վկայում եմ մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին։ Նրանք ապրում են։

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Rais A. Johnson, The Story of Rais A. Johnson, an autobiographical account.

  2. Winifred A. Johnson, audio recording, Feb. 19, 2001.

  3. Վարդապետություն և Ուխտեր 46․15

  4. Մոսիա 28.3

  5. Ալմա 26․26

  6. Տես Ալմա 26․28-29։

  7. Sheri Dew, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson (2019), 140.

  8. Dew, Insights from a Prophet’s Life, 157.

  9. Dew, Insights from a Prophet’s Life, 153.

  10. Dew, Insights from a Prophet’s Life, 158.

  11. Dew, Insights from a Prophet’s Life, 157–58.

  12. Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար (2012), x։

Տպել