Ամենամյա հեռարձակումներ
Ճշմարտությունն ուսուցանել սիրո լեզվով


Ճշմարտության ուսուցանում սիրո լեզվով

Ս&Ի 2021թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

Երեքշաբթի, 19 հունվարի, 2021թ․

Քույրեր և եղբայրներ, սա լսելու և սովորելու հրաշալի հնարավորություն էր։ Ես չգիտեմ, թե ձեզանից քանիսն են միացել այս ժողովին, բայց թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել յուրաքանչյուրիդ․ ձեզ՝ սեմինարիայի և ինստիտուտի գրեթե 56,000 կանչված ուսուցիչներիդ և ձեզ՝ ԵԿՀ-ում աշխատանքի ընդունված ավելի քան 2,200 ուսուցիչներիդ, որ պետք է ուսուցանեք այս կարևոր խմբին՝ աճող սերնդին։ Ձեր սրբագործված ծառայության և հերոսական ջանքերի շնորհիվ, մեր թանկագին երիտասարդներից և չափահաս երիտասարդներից շատերը հավատարիմ են մնում և չեն հեռանում ուխտի ճանապարհից: Ձեր տված հոգևոր դասերն ու փորձառությունները շատ կարևոր են նրանց վկայությունների կերտման գործում: Հատկապես շնորհակալություն եմ հայտնում և ծափահարում եմ չերևացող հերոսներիդ` ուսուցիչների ամուսիններին և կանանց։ Առանց հուզական, հոգևոր և ընտանեկան կայուն աջակցության այս ջանքերը հաջողություն չէին ունենա: Այսպիսով, խորին շնորհակալություն բոլորիդ՝ սրտիս և հոգուս խորքից։

Նոր տարվա մեկնարկի հետ, որը հուսով ենք լավատեսության և գուցե թեթևության շունչ է բերում իր հետ նախորդ տարվա համեմատ, լավ կլինի թարմ աչքով նայենք այն ամենին, ինչ մենք անում ենք։ Իհարկե, մենք բոլորս ուզում ենք արհեստավարժ լինել մեր աշխատանքում, բայց ամենից շատ ցանկանում ենք դրական փոփոխություն մտցնել մեր ուսանողների կյանքում:

Երբ աշխատում եք աճող սերնդի հետ, ցանկանում եք օգնել ուսանողներին հասկանալ իրենց աստվածային ծագումը, մահկանացու կյանքում իրենց նպատակը և ինչպիսին իրենք կարող են դառնալ: Ձեր մեծագույն ցանկությունն է՝ օգնել նրանց իրագործել իրենց աստվածային ներուժը: Սեմինարիաների և ինստիտուտների պաշտոնապես հայտարարված նպատակը ներառում է հետևյալը՝ օգնել ուսանողներին սովորել և ապավինել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և Քավությանը և պատրաստել նրանց տաճարի և հավերժական կյանքի քահանայության արարողություններին: Աշխատելով այդ նպատակների ուղղությամբ, դուք զինում եք ուսանողներին «հակառակորդի կրակոտ նետերի» դեմ1, ինչպես նաև ուժեղացնում նրանց՝ լինելու վերջին օրերի հավատարիմ սրբեր, ովքեր անհամբեր սպասում են Փրկիչի գալուստին: Դուք օգնում եք, որ նրանք պատրաստվեն ստանձնել ընտանիքում, Եկեղեցում և համայնքում իրենց ապագա դերը՝ որպես արդար ղեկավարներ և լավ օրինակներ:

Երբ ես խորհում էի, թե որ թեմաները կարող են օգտակար լինել այսօր, մտածեցի, թե ինչ մեծ օրհնություն է, որ սեմինարիայի ուսումնական ծրագիրը համապատասխանեցվել է Եկ, հետևիր ինձ ծրագրին, ինչպես նաև մտածեցի այն զորության մասին, որը կարող են ստանալ երիտասարդները և նրանց ընտանիքները։ Ես մտածեցի այն չափահաս երիտասարդների մասին, ովքեր ապրում են իրենց տնից հեռու, և թե ինչպե՞ս կարող է ինստիտուտում ավետարանի «տնակենտրոն» ուսումնասիրության մոտեցումը կիրառվել նրանց համար։ Ես մտածեցի, թե ինչպես կարելի է ուսուցումը նպատակահարմար դարձնել երիտասարդների և չափահաս երիտասարդների համար։ Խորհելուց հետո ես եկա այն եզրահանգման, որ փնտրելով ձեր սեփական հայտնությունը և խորհրդակցելով մյուս ուսուցիչների և ադմինիստրատորների հետ, դուք կգտնեք այդ «ինչպես»-ի պատասխանը:

Փոխարենը, ես կցանկանայի կենտրոնանալ մի քանի սկզբունքների վրա։ Սկզբունքները, որոնց մասին ուզում եմ խոսել, գտնվում են հետևյալ անվանակարգում․ «Ի՞նչ կցանկանայի ես իմանալ, երբ սեմինարիայի ուսուցիչ էի»: Վեց տարի վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցիչ ծառայելը հիանալի հնարավորություն և օրհնություն էր: Ծուխը, որտեղ ես դասավանդում էի, ընդգրկում էր ուսանողների մեծ խումբ, ովքեր հաճախում էին 10 տարբեր ավագ դպրոցներ: Նրանք ցրված էին տեղանքով, բայց միավորված էին ընկերակցությամբ: Երանի թե կարողանայի ասել, որ ես կատարյալ ուսուցիչ էի, բայց կարող եմ ասել, որ այդ տարիներին ես մի քանի բան սովորեցի, և ուզում եմ ձեզ պատմել դրանցից երկուսի մասին։

Առաջին սկզբունքը, որը ես սովորեցի՝ ուսանողներին հոգևոր «սննդով» ապահովելն է։ Այս վերջին օրերի երիտասարդներն ու չափահաս երիտասարդները ավետարանի հոգևոր «սննդի» կարիքն ունեն, որպեսզի գտնեն իրենց առջև ծառացող դժվար հարցերի պատասխանները և կարողանան դիմակայել ճնշումներին, որոնք կարող են հեռացնել նրանց ուխտի ճանապարհից: Նրանք կարող են «մարսել» այդ «սնունդը»։ Նրանք դրա կարիքն ունեն։ Մենք պետք է ժամանակ տրամադրենք ոչ միայն աղոթելու և դասի նյութերը պատրաստելու, այլև՝ ուսանողներին ճանաչելու համար, որպեսզի կարողանանք հասկանալ, թե նրանց ինչ է պետք, ապա իմանանք, թե մեր պատրաստած նյութից որ կետերի վրա կենտրոնանանք։ Մենք կարող ենք արձագանքել այս կոչին․ «Որովհետև սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել»։2 Թույլ տվեք բերել մի քանի օրինակ։

Դեռահաս տարիքում, երբ ես հաճախում էի Միացյալ Նահանգների Իսթ Քոսթ տեղանքում գտնվող սեմինարիան, ծխի անդամները ցրված էին մի մեծ աշխարհագրական տարածքում: Բացի իմ քույրերից իմ բազմամարդ ավագ դպրոցում միայն երկու աշակերտ կար, որոնք Եկեղեցու անդամ էին: Հասարակության մեջ բացասական ազդեցությունները շատ էին: Դա բուռն ու պառակտիչ իրադարձությունների ժամանակաշրջան էր․ քաղաքային անկարգություններ, որոնք սրվեցին իշխանությունների դեմ բախումներով, ռասայական բնույթի զանգվածային անկարգություններ, երկրագնդի մյուս կողմում տեղի ունեցող պատերազմներ և իմ բնակավայրում հակապատերազմական բողոքի ակցիաներ: «Ազատ սեր» կոչվող ապրելակերպը, մարիխուանայի ազատ օգտագործումը և մտքի վրա ազդող թմրանյութերը ստեղծեցին մի միջավայր, որը խրախուսում էր անհատականությունը և առանց ամոթի ցուցադրում էր բարոյական նորմերից հրաժարվելը: Քաղաքական սպանությունները և կարծիքների լայն տարաձայնությունները, թե ինչպես պետք է գործի կառավարությունը, մարդկանց բաժանում էր մրցակցային կատաղի ճամբարների: Անհանգիստ տասնամյակը վերջապես ավարտվեց դրական նոտայով, երբ առաջին մարդը վայրէջք կատարեց լուսնի վրա:3 Հնչեցված կետերից որևէ մեկը նմա՞ն է արդյոք սոցիալական այն միջավայրին, որում այսօր ապրում են մեր երիտասարդներն ու չափահաս երիտասարդները:

Իմ դեպքում, ավագ դպրոցը բացահայտումների և ընտրություններ կատարելու ժամանակաշրջան էր ավելի մեծ աշխարհում, քան իմ տունն ու ընտանիքն էր: Ես ենթարկվեցի բազմաթիվ աշխարհիկ փիլիսոփայությունների ազդեցությանը և սկսեցի կասկածի տակ դնել այն ամենը, ինչ ինձ մանուկ հասակում սովորեցրել էին իմ հավատարիմ ծնողները և Եկեղեցու ուսուցիչները: Սեմինարիայի իմ առաջին ուսուցիչը քույր Թոմանդերն էր, ալեհեր, լրջմիտ մի կին, որը երկար տարիների փորձառություն ուներ Եկեղեցում և ավետարանի մասին ամուր վկայություն։ Նա մեզ մարտահրավեր նետեց, որ այդ տարի Մորմոնի Գիրքն ամբողջությամբ կարդանք և ամեն օր պատրաստ գանք՝ քննարկելու կարդացածը։

Քույր Թոմանդերի վարդապետության խոհուն, ոգեշնչված ուսուցումը մեծապես ազդեց իմ վկայության վրա: Ես անկասկած գիտեի, որ նա գիտեր, որ Եկեղեցին ճշմարիտ էր, քանի որ նա պատրաստված էր գալիս դասերին, պարզ կերպով բացատրում էր մեր կարդացած հատվածները և վկայում էր այդ ճշմարտությունների մասին: Ակնհայտ էր, որ նա ժամանակ էր տրամադրում՝ պատրաստվելով և կիսվելով այն ամենով, ինչն, իր կարծիքով, ամենաազդեցիկը կլիներ։ Ես չեմ հիշում որևէ խաղ, երեկույթ կամ հյուրասիրություն, բայց ես հիշում եմ, որ մենք ունենում էինք հոգևոր առաջադրանքներ, հոգևորապես գոտեպնդվում էինք և հոգևոր սնունդ ստանում ամեն օր: Ամեն մի դասը չէ, որ չափազանց հետաքրքիր էր անցնում, բայց ամեն մեր օրը հաստատուն ու հուսադրող էր, երբ նա համբերությամբ և քաջալերանքով պատասխանում էր ուսանողների անկեղծ հարցերին: Նրա անմիջական հրավերն ու բարձր ակնկալիքները անչափելի փոփոխություն մտցրին իմ կյանքում: Քույր Թոմանդերը այն անձնավորությունն է, որին կցանկանամ տեսնել և շնորհակալություն հայտնել, երբ անցնեմ վարագույրի մյուս կողմը:

Այդ տարին ես համեմատում եմ մյուս տարվա հետ, երբ ավելի բարձր դասարանում էի: Սեմինարիայի ուսուցիչը զվարճալի և ընկերասեր մարդ էր, բայց հետաքրքիր է, որ ես շատ ավելի քիչ կապվածություն են զգում։ Անցնում էին շաբաթները, նա սովորական ձևով ուսուցանում էր նյութը։ Ակնհայտ էր, որ ուսանողները լուրջ չէին վերաբերվում նրան. տարիքով ավելի մեծ աղջիկները, հետևի շարքում նստած, հարդարում էին իրենց մատները, տղաները միմյանց հետ կատակներ էին անում, մյուսներն էլ, այդ թվում նաև ես, գրառումներ էինք փոխանցում այս ու այն կողմ, ինքներս մեզ զբաղեցնելու համար: Չնայած մենք համոզված էինք, որ նա ավետարանի մասին վկայություն ուներ, քանի որ վերադարձած միսիոներ էր, բայց մենք հասկացել էինք, որ վարդապետության վերաբերյալ հարցեր չպետք է տայինք, քանի որ նրա պատասխանները հաճախ մակերեսային կամ անորոշ էին և վստահ չէինք, որ նա կարող էր պատասխանել դրանց: Սեմինարիան ծառայում էր սոցիալական կարևոր նպատակի, բայց հոգևոր փորձառություն չէր:

Անշուշտ, ձեզ ծանոթ է Պողոս առաքյալի հարցը Ա Կորնթացիս գրքում․ «Որովհետև եթէ փողն էլ անորոշ ձայն տա, ո՞վ կպատրաստվի պատերազմի համար»:4 Որպես աճող սերնդի ավետարանի ուսուցիչներ, մենք պետք է «շեփորի հաստատուն ձայն տանք»: Հին կտակարանի ժամանակներում փողը կամ շեփորը շոֆար էր՝ խոյի եղջյուր, որն ուներ պարզ, հստակ ձայն: Այն օգտագործվում էր Տիրոջ ժողովրդին երկրպագության կանչելու, վրա հասնող վտանգի մասին նախազգուշացնելու, ինչպես նաև պատերազմի ժամանակ հրահանգներ արձակելու համար: Հնօրյա ճակատամարտերում պատերազմի աղմուկն ու աղաղակը քաոս էին առաջացնում: Եթե առաջնորդը չկարողանար հստակ շփվել զորքերի հետ, բանակը միանշանակ պարտություն կկրեր: Ուստի, հայտնագործվել էր «շեփորի հաստատուն ձայնը»: Յուրաքանչյուր զինվոր ուսուցանվել էր, թե ինչպես ճանաչել ձայնը, այնպես որ նույնիսկ շփոթության պահերին յուրաքանչյուրը կիմանար՝ առաջ շարժվել, թե նահանջել, հարձակվել ձախ թևի ուղղությամբ, թե՝ աջ:5

Քույր Թոմանդերն այդ շեփորն էր ինձ համար: Մենք պետք է լինենք այդ շեփորը, հավերժական ճշմարտության հաստատման այդ վստահելի ձայնը, այս արագընթաց, անընդհատ փոփոխվող արժեքների աշխարհում: Մենք պետք է մեր ուսանողներին ասենք ճշմարտությունը և օգնենք նրանց հասկանալ վարդապետություններին վերաբերող ինչո՞ւ և ի՞նչ հարցերը։ Մենք կարող ենք անել դա «մեղմությամբ ու հեզությամբ»,6 բայց պարտավոր ենք անել։ Ինչպես ասել է սեմինարիայի մի ուսուցիչ. «Մենք չենք փչում շեփորը ինչ-որ մեկի ականջի մեջ, ոչ էլ աննկատ ենք հնչեցնում դրա ուղերձը. ավելի շուտ, այն պետք է հնչի քաղցր, վստահ և հաստատուն ձայնով»:7 Դասավանդելով սեմինարիայում, ես հասկացա, որ այո՛, երիտասարդները սիրում են ուսուցողական զվարճալի միջոցառումներ և կարիք ունեն շփվելու իրենց հասակակիցների հետ, բայց նաև փափագում են իրականl պատասխաններ ստանալ ավետարանին վերաբերող իրենց հարցերին և գործնական գաղափարներ, թե ինչպես կիրառել ավետարանի սկզբունքներն իրենց կյանքում:

Երկրորդ սկզբունքը, որը ես կարևորում եմ, դա կապ հաստատելն է անկեղծ հոգատարությամբ։ Ինչպե՞ս ենք մենք կապ հաստատում մեր ուսանողների հետ՝ պատշաճ և իմաստալից ձևերով: Լեզուն, անշուշտ, կարևոր է այս հարցում: Օրինակ, եթե ես փորձեմ քեքչի լեզվով խոսել այն ուսանողների հետ, ովքեր միայն տագալերեն են հասկանում, ինձ չի հաջողվի հասկանալի կերպով փոխանցել նրանց այն, ինչ ուզում եմ ասել: Բարեբախտաբար, կան երկու միջազգային լեզուներ, որոնք բոլոր երիտասարդներն ու չափահաս երիտասարդները հասկանում են՝ Հոգու լեզուն և սիրո լեզուն:

Առաջինը՝ Հոգու լեզուն, ճանաչվում է բոլոր նրանց կողմից, ովքեր փնտրում են ճշմարտությունը: Ինչպես ուսուցանել է երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը. «Եկեղեցում լեզվական խոչընդոտներ չկան: Կա մի մեծ զորություն, որը գերազանցում է միայն խոսքերով փոխանցվող ուղերձների զորությունը, և դա Հոգու կողմից մեր սրտերին հաղորդվող խոսքի զորությունն … անկախ լեզվից կամ բարբառից։ Այն համապարփակ սուրհանդակ է յուրաքանչյուր սրտի համար, ներդաշնակությամբ»։8

Հոգին հաղորդակցվում է սրտից-սիրտ։ Պողոս առաքյալը հիշեցրել է Հռոմի սրբերին․ «Նույն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք»։9 Փնտրելով, լսելով և հետևելով Սուրբ Հոգու հուշումներին, մենք ոգեշնչում կստանանք Հոգու միջոցով մեր ուսանողների հետ խոսելու ձևերի վերաբերյալ` նրանց հասկանալի եղանակներով: Լավ նախապատրաստությունը, երբ օգտագործվում են ուսումնական ծրագրի ոգեշնչված հեղինակների կողմից առաջարկվող դասի նյութերը, օգնում է մեզ խարսխված մնալ հիմնական վարդապետության մեջ, որը մենք գիտենք, որ ունի սրտերն ու կյանքը փոխելու բացարձակ զորություն: Ամենակարևորը անձնական հայտնություն փնտրելն է, թե ինչով կիսվել և ինչպես կիսվել նրանով, ինչ պատրաստել եք։ Հոգու լեզուն կհաղորդի շատ ավելին, քան դուք կարող եք ասել:

Մյուս լեզուն, որը կօգնի ձեզ կապ հաստատել ուսանողների հետ՝ սիրո լեզուն է: Սերը, քանի որ այն նույնպես աստվածային ծագում ունի, նույնպես խոսում է սրտից-սիրտ: Հովհաննես Առաքյալը՝ Փրկիչի ականատեսը, ասել է այս պարզ ճշմարտությունը. «Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ»:10 Նույնը գործում է մարդկանց միջև փոխհարաբերություններում: Դուք լսած կլինեք այս ասացվածքը․ «մարդկանց համար միևնույնն է, թե դուք որքան բան գիտեք, քանի դեռ նրանք չգիտեն, որ ձեզ համար կարևոր են»:11 Որպես ուսուցիչներ, մեր երկարաժամկետ ազդեցությունը անմիջականորեն կներգործվի Քրիստոսանման սիրով, որը մենք զգում ենք մեր ուսանողների հանդեպ:

Դուք հավանաբար ծանոթ եք «սիրո լեզուներ» հասկացությանը:12 Սրանք սերը արտահայտելու եղանակներ են, որոնք հասկանալի և ընդունելի են մարդկանց կողմից` կախված նրանց անհատականությունից և անցյալի փորձից: Որոշ մարդիկ ավելի հեշտությամբ են արձագանքում սիրո լեզուներից մի տեսակին, քան մյուսներին, սակայն բոլոր ուսանողները կճանաչեն ձեր իսկական հոգատարությունը երեք եղանակներից առնվազն մեկով։ Այսօր ես կխոսեմ այդ եղանակների մասին:

Սիրո լեզվի տեսակներից մեկն է հավանության խոսքերը։ Սրանք արտահայտություններ են, որոնք քաջալերում և գոտեպնդում են, ինչպես օրինակ՝ «դու կարո՛ղ ես դա անել», «դու իսկապես առաջադիմում ես» կամ «ես հպարտ եմ քեզնով, որ ջանասիրաբար աշխատում ես»: Այս բառերը ուսանողին հուշում են, որ նա գնահատված է և ընդունակ է։ Վարդապետություն և Ուխտերում Ջորջ Միլլերին ուղղված Փրկիչի մեղմ հավանությունը այս տեսակի սիրո լեզվի հրաշալի օրինակ է։ Նկարագրելով Ջորջ Միլլերին որպես «նենգությունից զերծ» մարդ, Հիսուս Քրիստոսը հավելել է, որ «նրան կարելի է վստահել իր սրտի շիտակության համար. և այն սիրո համար, որը նա տածում է իմ վկայության հանդեպ, ես՝ Տերս, սիրում եմ նրան»:13 Շատերս չէինք հիշի այս վաղ շրջանի նորադարձի անունը, բայց ես կարող եմ պատկերացնել, թե հավանության այդ խոսքերն ինչպես են ամրապնդել Ջորջի վկայությունը վերականգնված ավետարանի մասին, ինչպես նաև նրա սերը Փրկիչի հանդեպ:

Ամենահզոր բառերից են՝ «շնորհակալություն»-ը և գնահատանքի այլ արտահայտությունները: Որպես երիտասարդների կամ չափահաս երիտասարդների նրբանկատ և սիրող ուսուցիչ, դուք կարող եք նկատել պարզ բաներ, որ ուսանողն անում է ձեր կամ դասարանի մյուս անդամների համար, կամ կարող եք լսել դպրոցում և համայնքում նրա կատարած լավ արարքների մասին, և արտահայտել ձեր գնահատանքը: Եթե ուսանողի ծնողին գրություն ուղարկեք, թե ինչ դրական բաներ եք նկատել իրենց դեռահաս որդու կամ դստեր ուսման և վարքի մեջ, դա նույնպես կմեծացնի ուսանողի պատասխանատվության և ինքնավստահության զգացումը: Հավանության մեկնաբանությունների բոլոր այս տեսակները կառուցում և ամրապնդում են հարաբերությունները՝ մեծացնելով անկեղծ հոգատարության զգացումը ուսուցչի և աշակերտի միջև, ինչը, իր հերթին, ուժեղացնում է Հոգու ազդեցությունը նրանց կյանքում:

Սիրո լեզվի մեկ այլ տեսակ է ծառայության գործերը։ Դասին նախապատրաստվելիս ամեն օր հոգևորապես վեհացնող և լուսավորող նյութերից օգտվելը ծառայության և սիրո մեծ գործ է: Ժամանակի և ջանքերի ձեր նվիրաբերումը միշտ չէ, որ երիտասարդները նկատում են ամեն օր, բայց ժամանակի հետ նրանց հոգևոր զգայունությունը կբարձրանա և նրանք «[ձեզ] երանի» կտան,14 ինչպես ես՝ իմ Քույր Թոմանդերին:

Թույլ տվեք կիսվել, թե ինչպես են երկու ուսուցիչներ ցույց տալիս իրենց սերը ծառայության միջոցով: Զիմբաբվեում սեմինարիայի մի ուսուցիչ կանչվեց համավարակի բռնկումից անմիջապես առաջ: Ուսանողները ոգևորված էին, որ ամեն օր նախքան դպրոցի դասերը հանդիպելու էին, և նոր էին ընտելացել ժամանակացույցին, երբ նրանց այլևս թույլ չտվեցին հավաքվել: Ուսուցիչը երկընտրանքի առաջ էր. աշակերտներից շատերը տանը ինտերնետ չունեին, ուստի, առցանց դասը հնարավոր չէր: Ապա, նպատակ ունենալով, որ իր ուսանողներն ամեն օր հոգևոր սնունդ ստանան, ուսուցիչը սկսեց սուրբ գրությունների, մտածված հարցերի, մեմերի և տեսանյութերի օգնությամբ դասեր ստեղծել, և դրանք ամեն օր ուղարկել ուսանողներին՝ նրանց հասանելի WhatsApp սոցիալական հարթակի միջոցով: Նրա ուսանողները սնուցվում են «Աստծո բարի խոսքով»,15 նույնիսկ սոցիալական հեռավորության այս պայմաններում։16 Ուսանողները հասկանում և գնահատում են ծառայության այս գործերը՝ որպես ուսուցչի սիրո արտահայտություն: Նրանք պատասխանում են իրենց սեփական հոգևոր տպավորություններով և անհամբեր սպասում են սուրբ գրությունների հիման վրա հոգևոր առաջնորդության և վեհացման իրենց ամենօրյա չափաբաժնին:

Նորվեգիայից մի ուսուցիչ հակառակ խնդիր ունի: Նրա դասերը միայն առցանց են, քանի որ իր ուսանողները երկրի տարբեր ծայրերից են։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որտեղ է նա ճանապարհորդում աշխարհում կամ ժամը քանիսն է իր գտնվելու վայրում, նա պատրաստ է ուսուցանել վաղ առավոտյան դասին միացող ուսանողներին սիրով և անկեղծ հետաքրքրությամբ: Չնայած ուսուցչի և ուսանողների միջև եղած աշխարհագրական հեռավորությանը և դեմառդեմ հազվադեպ տեսնվելու փաստին, նա որոշակի գիտելիքներ ունի յուրաքանչյուր ուսանողի անհատականության և հետաքրքրությունների մասին: Անկախ այն բանից՝ նա տեսնում է ուսանողների դեմքերը տեսախցիկով, թե՝ ոչ, նա ողջունում է նրանց և խնդրում արձագանքել: Նա ապահովում է անվտանգ ջերմ մթնոլորտ, որտեղ ուսանողները կարող են հարցեր տալ առանց վախենալու, որ ոչ անբավարար կհնչեն: Ուսուցիչը նրանց տալիս է հարուստ հոգևոր սնունդ, համեմված հաճախակի հնարավորություններով` լսելու ավետարանի սկզբունքների մասին նրա վկայությունը, ինչպես նաև հրավիրում է նրանց կիսվել իրենց սովորած հոգևոր դասերով։17 Ձեր նման, այս ուսուցիչները խոսում են սիրո լեզվով՝ իրենց նվիրված ծառայության գործերի միջոցով:

Սիրո վերջին լեզուն, որի մասին կխոսեմ` որակյալ ժամ ապահովելն է։ Դասաժամը հնարավորինս արժեքավոր դարձնելը՝ կենտրոնացած հոգևոր փորձառությունների վրա, պարգև է, որը շարունակաբար շնորհվում է։ Փոխանակ ժամանակ ծախսելու խաղերի վրա, որոնք զուտ սոցիալական են, կամ նախապատրաստման կարևոր ժամանակը տրամադրել օժանդակ նյութ պատրաստելուն, որը դասից հետո կմնա հատակին, ձեր ջանքերը կենտրոնացնելով ուսանողներին ներգրավելու վրա, սովորելու, թե ինչպես ճանաչել Հոգին և կիրառել ավետարանն իրենց կյանքում, կտա լավագույն արդյունքները։ Երբ պատասխանում եք հարցերին իմաստալից, մտածված կերպով, ձեր ջանքերը միանշանակ սեր են փոխանցում: Ուսանողների մասնակցությունը գնահատելով՝ ուշադիր լսելով նրանց մեկնաբանություններն ու հարցերը և հաստատող մեկնաբանությամբ պատասխանելով, կօգնեք ուսանողներին իմանալ, որ դուք մտածում եք նրանց հուզող հարցերի և կարիքների մասին, այլ ոչ թե կենտրոնացած եք նրա վրա, թե ինչպես մատուցել նյութը, որը դուք պետք է մատուցեք այդ օրը։ Պատրաստ լինելով շեղվել թեմայից՝ պատասխանելու ոչ ստանդարտ հարցին կամ կրկնել պարզ պատասխանը, այլ կերպ ձևակերպելով, որպեսզի ի վերջո հասկանալի լինի, խոսում է ձեր անկեղծ ցանկության մասին՝ նպաստել նրանց հոգևոր և անձնական առաջընթացին, այլ կերպ ասած, դա ցույց է տալիս ձեր քրիստոսանման սերը։

Մյուս կողմից, որպես սեմինարիայի ուսուցիչ, ամենամեծ օրհնություններից մեկն ինձ համար այն էր, որ կարողացա ուսումնասիրել և ավելի շատ սովորել ավետարանի մասին Եկեղեցու կրթական համակարգի տրամադրած հրաշալի նյութերից: Սակայն այդ ուսումնասիրության նպատակն էր լիարժեք պատրաստ լինել ուսանողներին տալու այն, ինչ նրանց հարկավոր էր, այլ ոչ թե խանդավառությամբ ներկայացնել իմ սեփական բացահայտումները։ Դուք օրհնվել եք և կշարունակվեք օրհնվել սեմինարիայում և ինստիտուտում ավետարանը սովորելու և ուսուցանելու ձեր հնարավորությամբ, բայց ձեր ուսանողները նույնիսկ ավելի շատ կօրհնվեն ձեր ուշադրությամբ, որը կենտրոնացած կլինի նրանց ուսման վրա, ոչ թե՝ ձեր:

Ես ձեր նման՝ վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցիչներից մեկն եմ, և հասկանում եմ, թե ինչ դժվար է համատեղել ընտանիքի կարիքները, աշխատանքը կամ համայնքային պարտավորությունները: Ես հասկանում եմ, թե ինչ դժվար է ժամանակ գտնել դասերին նախապատրաստվելու համար, քնելու համար, և՝ մնացած բոլոր գործերի։ Ես վկայում եմ, որ Տերը կօգնի ձեզ, երբ խնդրեք, փնտրեք և թակեք: Երբ աղոթեք, ուսումնասիրեք և գործեք ձեր ստացած հուշումների համաձայն, դուք կկարողանաք ձեր թանկագին ուսանողներին տալ ավետարանի այն կորիզը՝ հոգևոր կենսամիջոցը, որի կարիքը նրանք ունեն, որպեսզի դառնան իրենց երազած ղեկավարները, հայրերն ու մայրերը, և պետք է դառնան այդպիսիք այս վերջին օրերում։ Դուք կկարողանաք հաղորդել ճշմարտությունը Հոգու և սիրո լեզուների միջոցով: Դուք կկարողանաք կապ հաստատել անկեղծ հոգատարությամբ՝ ցույց տալով նրանց հանդեպ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը ձեր քաջալերող խոսքերի, ծառայության գործերի և որակյալ ժամ ապահովելու միջոցով, որը դուք ծախսում եք լսելով և պատասխանելով նրանց հուզող հարցերին։

Թող այնպես լինի, որ դուք շարունակեք ուսուցանել ճշմարտությունը և սեր ցուցաբերել այն ձևերով, որոնք Հիսուս Քրիստոսի ավետարանի վերաբերյալ վկայություններ կկերտեն աճող սերնդի մոտ: Թող որ դուք ձգտեք պատրաստել նրանց, որ հասնեն իրենց աստվածային ներուժին, հավաքելով Իսրայելն այս վերջին օրը։ Սա է իմ ջերմեռանդ աղոթքն ու հրավերը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Տպել