12ՔՐԵՅՎԵՆ-1
Առաջին նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո
6 դեկտեմբերի 2020 թ․
Բարուրել և երկնային ողջագուրանք
Քույր Բեքի Քրեյվեն
Երկրորդ խորհրդական, Երիտասարդ կանանց գերագույն նախագահություն
Սուրբ ծննդյան իմ առաջին սիրելի հիշողությունները տեղի ունեցան, երբ ես վեց տարեկան էի։ Սուրբ ծննդյան նախօրյակին ես քնած էի մահճակալի վերին հարկում, որտեղ ես և փոքրիկ քույրիկս էինք քնում մեր տանը՝ Գերմանիայի Բեռլին քաղաքում: Ես բավականին հուզված էի գալիք Սուրբ ծննդյան առավոտվա առթիվ, այնքան հուզված, որ չպետք է որ շատ խորը քնած լինեի, որովհետև գիշերվա ընթացքում ինչ-որ մի պահ ես արթնացա զանգերի զնգոցից: Հետո լսեցի, թե ինչպես է դանդաղ բացվում մեր սենյակի դուռը: Եվ երբ լույսը մյուս սենյակից ընկավ դեմքիս, ես արագ նստեցի և նայեցի դեպի դուռը: Այն ինչ տեսա անհավատալի էր: Դռան շեմին կանգնած էր Ձմեռ պապը: Ես չեմ կատակում, այդ նա էր: Նա գոչեց «հո՜, հո՜, հո՜», իսկ հետո հարցրեց, թե արդյոք կկամենայի հետևել իրեն դեպի հյուրասենյակ` տեսնելու լույսերով զարդարված տոնածառը: Ես ապշահար էի և բոլորովին կորցրել էի խոսելու ունակությունը, բայց արագ ներքև իջա մահճակալիս աստիճաններով և հետևեցի նրան դեպի դիմացի սենյակը, որտեղ տոնածառի կողքին կանգնած էին մայրիկս և իմ մեծ եղբայրը: Բայց, երբ սենյակում նայեցի շուրջս, ես չնկատեցի հայրիկիս․ ինչպե՞ս նա կարող էր բաց թողնել այս իրադարձությունը: Մայրիկս ասաց, որ նա աղբը տարավ թափի, բայց միթե այդքան երկար ժամանակ էր դրա համար պահանջվում: Մինչև այսօր ես վատ եմ զգում, որ նա երբեք հնարավորություն չունեցավ հանդիպելու Ձմեռ պապին: Ձմեռ պապը հարցրեց, թե արդյոք խելոք աղջիկ էի եղել և ես ուրախ ասացի, որ խելոք էի եղել: Հետո, երբ համոզվեցի, որ նա փորձել էր իր համար պատրաստած մեր թխվածքաբլիթները և կաթը, ես նորից պառկեցի քնելու և մի քանի ժամ անց արթնացա Սուրբ ծննդյան ուրախ առավոտյան:
Ամուսնուս պապը` Հիթոն Լանթը, երեխա ժամանակ Սուրբ ծննդյան մի առանձնահատուկ առավոտ էր անցկացրել՝ ապրելով Մեքսիկայի գաղութներում 1800-ականների վերջում: Նա իր խոսքի մեջ պատմում է այս պատմվածքը. «Սուրբ ծնունդը եկավ և մենք ախոռի տակի անասնանոցում ոչխարներ ունեինք, որտեղ տաք էր, որովհետև այդ ժամանակ գետինը ծածկված էր ձյունով: Այդ Սուրբ ծննդյան վաղ առավոտյան գնացի տեսնելու, թե իմ ոչխարներն ինչպես էին: Ես գոմից լսեցի շատ ցածր մայոց: Ներս մտա ու տեսա, որ Նելլին երկու փոքրիկ գառնուկներ էր ծնել` երկվորյակ գառնուկներ: Ես ամբողջ ուժով վազեցի տուն, և ձեռքերս շփելով ասացի մայրիկիս. «Իմ Սուրբ ծննդյան նվերն ամենալավն է. Նելլին երկու փոքրիկ գառնուկ է ունեցել»: Բոլոր երեխաները թողնելով իրենց նարինջներն ու մյուս բաները սեղանին, վազեցին դեպի ախոռը, տեսնելու Նելլիի ծնած այդ փոքրիկ գառնուկներին: Դա մեծագույն հրաշքն էր, որ մենք երբևէ ստացել էինք Սուրբ ծննդին»:1 Զարմանալի է, որ հաջորդ տարի և հաջորդող տարիներին, Հիթոնի ոչխարները նոր գառնուկներ էին ծնում Սուրբ ծննդյան առավոտյան:
Երբ առաջին անգամ լսեցի այս պատմությունը, սիրտս և միտքս անմիջապես ուղղվեցին մեկ այլ Գառին, ով ծնվեց հենց առաջին Սուրբ ծննդյան օրը․ Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Գառին: Ճիշտ ինչպես Հիթոնը վազեց տեսնելու իր նոր գառներին, ես պատկերացնում եմ այն հովիվներին, ովքեր շտապեցին տեսնելու նորածին Աստծո Որդուն: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչի նրանք ականատես եղան այդ համեստ և սուրբ վայրում: Ես պատկերացնում եմ հոգատար Հովսեփին, ով խնամում էր իր կնոջը` Մարիամին, երբ նրանք խորհում էին խոստացված Մեսիայի ծննդյան մասին: Ինձ համար հատկապես հուզիչ է իր փոքրիկ մանկիկին բարուրաշորերով փաթաթելու Մարիամի պատմությունը:
Մեր ընտանիքում վերջերս դիմավորեցինք մի նոր թոռնուհու ծնունդը: Ես մի օր դիտեցի, թե ինչպես էր մայրը նրան փաթաթում փափուկ, տաք բարուրաշորի մեջ և նրան իրեն մոտիկ պահում: Բարուրել պարզապես նշանակում է ամուր փաթաթել: Բարուրաշորերը և ծածկոցներն օգտագործվել են ողջ պատմության ընթացքում՝ հանգստացնելու, մեղմելու ու հանդարտեցնելու անհանգիստ մանկիկին: Երբ նայում էի մեր հարսին իր նորածնին բարուրելիս, մտածում էի ուրիշների մասին, ովքեր գուցե «բարուրելու» կարիք ունեին` նույնիսկ հեռավար: Բարի խոսքը, լսող ականջը կամ հասկացող սիրտը կարող է հանգստացնել և մեղմել մեկ ուրիշի անհանգիստ հոգին:
Գրեթե երեք տարի առաջ մեր փեսան մի լուրջ բժշկական խնդիր ունեցավ: Պատասխաններ գտնելու համար նա կատարեց բազմաթիվ ստուգումներ և հետազոտություններ, որոնց արդյունքում, ի վերջո, պարզվեց, որ սրտի վիրահատության անհրաժեշտություն է առաջացել: Երբ մեր փեսային տարան վիրահատարան, մեր դուստրը մի հաղորդագրություն ուղարկեց իր սկեսուրին և սկեսրայրին՝ նրանց հաղորդելու իրենց որդու մասին այդ լուրը: Հեռու մեկ այլ երկրից, որտեղ նրանք ծառայում էին միսիայում, նրա սկեսուրը պատասխանեց այս մխիթարող խոսքերով. «Ուղարկում եմ ձեզ երկնային ողջագուրանքներ»:
Մի քանի վայրկյան անց մի բուժքույր անցավ նրա կողքով, բայց հետո կանգ առավ: Նա նայեց մեր դստեր արցունքով լի աչքերին և հարցրեց, թե արդյոք չէ՞ր ցանկանա ծածկոց, բայց նա հրաժարվեց, ասելով որ ամեն ինչ կարգին է: Բուժքույրը հեռացավ, բայց անմիջապես վերադարձավ՝ բերելով մի տաք ծածկոց: Նա ամուր փաթաթեց դրանով իմ դստերը և ասաց նրան. «Ես զգում եմ, որ դուք երկնային ողջագուրանքի կարիք ունեք»:
Աստծո Գառը, ով հայտնի է նաև որպես Բարի Հովիվ, ճանաչում է Իր ամբողջ հոտին: Մեր կարիքի պահերին Նա հաճախ ուղարկում է երկրային հրեշտակների, ինչպես կարեկից բուժքրոջն ուղարկեց մեր դստեր մոտ՝ փաթաթելու և օղակելու մեզ Իր սիրո բազուկներում:2 Նա Երկիր եկավ՝ բերելով խաղաղություն և հաճություն բոլոր մարդկանց համար:3 Նա մխիթարում է նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության և սգում է նրանց հետ, ովքեր սգում են:4
Երբ մտածում եմ այն բազմաթիվ եղանակների մասին, որոնցով Տերը սիրում և հոգ է տանում մեզանից յուրաքանչյուրի համար, ես ցանկանում եմ ավելին անել, որպեսզի այդ սիրով կիսվեմ ուրիշների հետ: Ես նաև ցանկանում եմ ավելի լավ ճանաչել երկնային ողջագուրանքներն ու բարուրումները, որոնք ես ստացել եմ, բայց չեմ շտապել ընդունել դրանք։
Մի աշխարհում, որն այնքան մեծ կարիք ունի խաղաղության, մեր մեղմ խոսքերը, մեր կարեկցանքի և բարի գործերը կարող են լինել՝ մեկ ուրիշին տաք, բարուրաշորերի ծածկոցով փաթաթելու միջոցներ: Ես հասկացել եմ, որ որքան ավելի շատ ենք գործում ուրիշներին ծառայելու հուշումների համաձայն, այնքան ավելի շատ երկնային ծածկոցներ է Տերը տալիս մեզ, որպեսզի կիսվենք դրանցով: Ի՞նչ հուշումներ եք դուք ստացել: Ո՞ւմ եք դուք ճանաչում, ով երկնային ողջագուրանքի կարիք ունի: Մեր անձնական կամ հեռավար հպումը կարող է առաջացնել այդ փոփոխությունը մեր սիրելիներից մեկի կյանքում, կամ նույնիսկ՝ անծանոթի կյանքում:
Ես աղոթում եմ, որ մեր Փրկիչի ծնունդը տոնելիս, մենք ոչ միայն զգանք Նրա սերը, կարեկցանքը և խաղաղությունը, այլ որ մենք կիսվենք այդ օրհնություններով ուրիշների հետ: Երբ խորհում եմ մսուրում գտնվող Աստծո Գառի պարգևի, բարուրված մանկիկի մասին, ես կրկնում եմ փոքրիկ Հիթոնի խոսքերը: Նա է «մեծագույն հրաշքը, որ մենք երբևէ ստացել ենք կամ [երբևէ կստանանք] Սուրբ ծննդին»:5
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։