Երկնային ընծաներ
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
6 դեկտեմբերի 2020 թ․
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, հրաշալի երեկո էր: Մեր հոգիները ոգևորություն ապրեցին գեղեցիկ երաժշտության և ելույթների շնորհիվ: Քույր Քրեյվենը փափկացրեց մեր սրտերը երկնային գրկախառնությունների և հարմարավետության ծածկոցների մասին իր խոհերով: Երեց Նիլսոնը հուզեց մեզ, երբ պատմեց իր հոր կյանքը, ում զինվորական պարտքը երեք տարի անընդմեջ զրկեց նրան Սուրբ ծննդյան տոներից: Երեց Հոլլանդը ոգեշնչեց մեզ, մինչ ուսուցանում էր աշխարհի Փրկիչի կյանքի մասին:
Կարո՞ղ եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել ձեր արձագանքի համար՝ ի պատասխան իմ վերջին հրավերի. սոցցանցերը ողողել մեր բազմաթիվ օրհնությունների համար երախտագիտության արտահայտություններով: Միլիոնավոր արձագանքներ եղան: Եվ ես հատկապես երախտապարտ եմ, որ դուք շարունակում եք ամեն օր աղոթել մեր Երկնային Հորը՝ շնորհակալություն հայտնելով Նրան Իր առաջնորդության, պաշտպանության, ոգեշնչման և ամենից շատ՝ Իր Սիրելի Որդի Հիսուս Քրիստոսի պարգևի համար:
Սուրբ ծնունդը հրաշալի հիշողություններ է արթնացնում: Ընդամենը մեկ տարի առաջ ես և Ուենդին հնարավորություն ունեցանք տոները նշել մի պաշտելի փոքրիկ աղջկա՝ Քլեր Քրոսբիի հետ, որը երգում էր սիրված Սուրբ ծննդյան երգեր: Կարո՞ղ ենք դիտել «Լուսավորիր աշխարհը» նախաձեռնության համար արված մեր ձայնագրության մի մասը:1
Ինչպես Երեց Հոլլանդը հիշեցրեց մեզ, իրոք, ավելի քան երկու հազարամյակ առաջ այդ օրհնված գիշերը սուրբ դարձավ այն Մեկի ծնունդով, ով կանխորոշված էր՝ խաղաղություն բերելու այս երկրին և բարի կամք ներշնչելու մարդկանց մեջ:2 Հիսուս Քրիստոսը ծնվել է` ողջ մարդկության անցյալը, ներկան և ապագան օրհնելու համար:
Նույնիսկ, երբ մենք երգում ենք «Լուռ գիշեր» երգը, հասկանում ենք, որ Բեթլեհեմի այդ մանուկի կյանքը այնտեղ չի սկսվել և ոչ էլ ավարտվել է Գողգոթայում: Նախաերկրային թագավորությունում Հիսուսը իր Հոր կողմից օծվեց որպես Մեսիա, Քրիստոս՝ ամբողջ մարդկության Փրկիչ ու Քավիչ: Նա նախասահմանված էր քավելու մեր մեղքերը մեր փոխարեն: «Նա վիրավորվեց մեր մեղքերի համար և հալածվեց մեր անօրինությունների համար»:3 Նա եկավ, որ անմահությունը դարձնի իրականություն և հավերժական կյանքը՝ հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կապրեն:4
Դա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը հարություն կառնի, ներառյալ ձեր սիրելիները, ովքեր հեռացել են այս խառնաշփոթ տարվա ընթացքում, և ովքեր այժմ ապրում են վարագույրի մյուս կողմում: Դա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է շարունակել առաջադիմել: Դա նշանակում է, որ մենք կարող ենք հույս ունենալ, որ ավելի լավ բաներ տեղի կունենան մեր կյանքում:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու Տերը նախընտրեց ծնվել այնտեղ, որտեղ Նա էր: Նա կարող էր ծնվել երկրի ցանկացած վայրում: Այնուամենայնիվ, նա ընտրեց հենց այն երկիրը, որը Նա սրբացրեց:
Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում: Եբրայերեն bet lehem բառը նշանակում է «հացի տուն»: Որքան տեղին էր, որ Նա՝ «կյանքի հացը», 5պետք է գար «հացի տնից»:
Նրա ծնունդը տեղի ունեցավ համեստ պայմաններում՝ կենդանիների մեջ: Այնտեղ «Աստծո Գառը»6 ծնվեց Զատիկի տոնին՝ Զատիկի զոհաբերության համար պատրաստվող կենդանիների մեջ: Եվ մի օր, Նա կլիներ «մի ոչխար որ մորթուելու է տարվում»:7 Նա և՛ Գառն էր, և՛ Հովիվը:
Նրան կոչում էին «բարի հովիվ», ում ծնունդի ժամանակ8 հովիվները առաջինը ստացան Նրա սուրբ ծնունդի ավետիսը:9
Նրա ծնունդի ժամանակ, ում կոչեցին «առաւօտեան պայծառ աստղ»,10 նոր աստղ հայտնվեց երկնքում:11
Նրա ծնունդի ժամանակ, Ով Իրեն կոչեց «աշխարհքի լոյսը»,12 խավարն անհետացավ ամբողջ աշխարհից՝ ի նշան Նրա սուրբ ծնունդի:13
Հիսուսը մկրտվեց երկրի վրա ծովի մակերևույթից ամենացածր քաղցրահամ ջրում՝ խորհրդանշելով այն խորությունները, ուր Նա կգնար՝ մեզ փրկելու համար, և որտեղից Նա վեր կբարձրանար ամեն ինչից՝ կրկին մեզ փրկելու համար:14 Իր օրինակով Նա սովորեցրեց, որ մենք նույնպես կարող ենք բարձրանալ մեր անհատական մարտահրավերների խորքերից՝ մեր տխրությունից, թուլությունից և տագնապներից` հասնելով մեր փառահեղ ներուժի և աստվածային ճակատագրի բարձունքներին: Այս ամենը հնարավոր է Նրա ողորմության և շնորհի շնորհիվ:
Չոր և փոշոտ անապատում Փրկիչը դասեր տվեց, որոնք կարող էին ամբողջությամբ գնահատել միայն նրանք, ովքեր գիտեին, թե ինչ է նշանակում տոչորվել ծարավից:
Ջրհորի մոտ գտնվող կնոջը Հիսուսը սովորեցրեց.
«Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կծարաւի.
Բայց ով որ խմէ այն ջրիցը, որ ես կտամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ: Այլ այն ջուրը, որ ես կտամ նորան, աղբիւր կլինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կբղխէ»:15
Այս սուրբ գրությունն ինձ հիշեցնում է մի քնքուշ փորձառություն, որը ես ունեցել եմ Երեց Մարկ Ե. Պետերսենի հետ:16 Այն ժամանակ նա Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, և մինչ այդ քվորումին կանչվելը, ես արտոնություն ունեցա ուղեկցել նրան դեպի Սուրբ Երկիր, որը նրա մահկանացու կյանքի վերջին ճամփորդությունն էր:
Երեց Պետերսենը տառապում էր քաղցկեղից: Նրա համար երկար ու ցավալի այդ գիշերվա ընթացքում ես ամեն կերպ փորձեցի սփոփել նրան: Ես տեսա, որ նա համարյա չէր կարողանում է ուտել և խմել: Հաջորդ օրը նա պետք է մեծ ելույթով հանդես գար:
Առավոտը եկավ: Երեց Պետերսենը քաջաբար գնաց Գալիլեայի ծովի հյուսիսային ափը, որտեղ մի մեծ համայնք էր սպասում նրան: Նա նախընտրեց ուսուցանել Փրկիչի լեռան քարոզից: Երբ Երեց Պետերսենը արտասանեց հետևյալ հատվածը՝ «Երանի նորանց, որ սոված եւ ծարաւ են արդարութեան»,17 նա արտասվեց: Նա մի կողմ դրեց գրառումները, վեր նայեց և ասաց. «Գիտե՞ք ինչ է իրականում քաղց և ծարավ զգալը»: Ես գիտեմ, որ նա իրոք գիտեր: Այնուհետև նա ուսուցանեց. «Երբ կարող ես իսկապես սովել և ծարավել արդարության համար, այդ դեպքում կարող ես ավելի Քրիստոսանման դառնալ»: Երեց Պետերսենը դրա կենդանի օրինակն էր։ Դրանից կարճ ժամանակ անց նա կնքեց իր մահկանացուն:18
Երբ ես խորհում եմ արդարության սովի ու ծարավի մասին, ես հիշում եմ այս հարգարժան առաքյալին, ով իր վերջին քարոզներից մեկում ուսուցանեց, թե իրականում ինչ է նշանակում փնտրել Տեր Հիսուս Քրիստոսին, արդարության սով և ծարավ զգալ և ավելի նմանվել Նրան:
Այս տարի ես և քույր Նելսոնը շուտ սկսեցինք աշխատել Սուրբ ծննդյան պատրաստությունների վրա, որոնցով արտահայտում ենք մեր սերը մեր ընտանիքի հանդեպ: Նոյեմբերի սկզբին Ուենդին հայտարարեց, որ մենք պատրաստ ենք Սուրբ ծննդյան տոներին: Իմ ակնթարթային պատասխանն էր. «ՕՀ, լավ։ Այժմ կարող ենք կենտրոնանալ Փրկիչի վրա»։
Այս աննախադեպ տարվա ընթացքում, երբ աշխարհում գրեթե յուրաքանչյուր մարդ տուժել է համաշխարհային համավարակի հետևանքներից, այս Ծննդյան տոներին ավելի կարևոր բան չկա անելու, քան մեր ուշադրությունը կենտրոնացնել Փրկիչի և այն պարգևի վրա, թե իրականում ինչ է նշանակում նրա կյանքը մեզանից յուրաքանչյուրի համար:
Մեր սիրելի Երկնային Հայրը «այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի այլ յաւիտենական կեանքն ունենայ»:19
Աստծո Որդին այն ժամանակ մեզ խոստացավ, որ «ով ապրում է և հավատում է ինձ, երբեք չի մեռնի»: 20 Ինչպիսի՜ աննկարագրելի, անհամեմատելի պարգևներ Հոր և Որդու կողմից:
Ես շնորհակալ եմ Աստծուն Իր Սիրելի Որդու պարգևի համար: Եվ ես շնորհակալություն եմ հայտնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ իր անզուգական զոհաբերության և առաքելության համար: Իր առաջին գալուստի ժամանակ Հիսուսը գրեթե գաղտնի եկավ: Բայց Նրա Երկրորդ Գալուստի ժամանակ «պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն»:21 Հետո Նա կթագավորի որպես «տէրերի Տէր, եւ թագաւորների Թագաւոր»։22
Այժմ, որպես Փրկիչի լիազոր ծառա, ես կցանկանայի օրհնել ձեզանից յուրաքանչյուրին, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր: Թող որ դուք և ձեր ընտանիքները օրհնվեն խաղաղությամբ, Տիրոջ ձայնը լսելու և հայտնություն ստանալու աճող ունակությամբ, որպեսզի զգաք, թե մեր Հայրն ու Նրա Որդին որքան շատ են սիրում ձեզ, հոգ են տանում ձեր մասին և պատրաստ են առաջնորդել բոլոր նրանց, ովքեր փնտրում են Իրենց: Ես միացնում եմ իմ բառերը Մորոնիի խոսքերին և «հանձնարար[ում եմ] ձեզ փնտրել այս Հիսուսին, որի մասին գրել են մարգարեներն ու առաքյալները, որպեսզի շնորհը Հայր Աստծո և նաև Տեր Հիսուս Քրիստոսի, և Սուրբ Հոգու, որը վկայում է նրանց մասին, լինի և մնա ձեր մեջ հավիտյան»։23 Այս ամենի համար ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: