Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
13holland


12:31

Գիշերվա երազներ

2020 թվականի Առաջին նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո

6 դեկտեմբերի 2020 թ․, կիրակի

Մայրամուտն այնքան խաղաղ էր, որքան բնությունը կարող էր թույլ տալ վաղ գարնան գիշերամուտին: Երկինքը բյուրեղի պես մաքուր էր, և աստղերը վառվում էին նախ՝ տասնյակներով, ապա հարյուրներով, և, ի վերջո, հազարներով։ Հովիվները դաշտում փնտրում էին մի տեղ, որտեղ կարող էին հանգստանալ ցերեկվա տապից և թոթափել ազնիվ աշխատանքի հոգնածությունը։ Հովվերգական այդ տեսարանում միակ արտասովոր, սակայն ինչ-որ առումով զարմանալիորեն գեղեցիկ բաղադրիչը գյուղին մոտիկ գտնվող սարալանջի ախոռն էր, որի ներսում երկու մարդկային կերպարներ փաթաթված էին մսուրում պառկած նորածնին, և միայն մի քանի տնային կենդանիներ էին ականատես լինում այդ հրաշքին։

Այդ երեք մարդկանցից, ովքեր Բեթլեհեմի մարդաշատ քաղաքում ոչ մի ընկեր կամ հյուրընկալ չէին գտել, առաջինը Մարիամ անունով մի գեղեցիկ և երիտասարդ կույս մայր էր (հավանաբար դեռահասության վաղ կամ միջին տարիքում, եթե ուժի մեջ էին այդ ժամանակվա ավանդույթները), ում քաջությունն ու աչքի ընկնող հավատը նույնքան զարմանալի են, որքան սուրբ գրությունում երբևէ գրված ցանկացած բան: Երկրորդը՝ Հովսեփ անունով նրա ամուսինն էր, ով մեծ էր իր երիտասարդ կնոջից, սակայն պետք է որ երկրի ամենաարժանավոր տղամարդը լիներ, ով կմեծացներ մի նորածնի, որը ոչ թե Հովսեփի կենսաբանական որդին էր, այլ մեկը, ով ժամանակի ընթացքում կդառնար Հովսեփի հոգևոր հայրը: Երրորդը՝ ամենավերջինը և ամենագեղեցիկը բոլորից՝ Հիսուս անունով մանուկն էր, ով շորերում փաթաթված պառկած էր ամենամաքուր չոր խոտի վրա, որը կարողացել էր հավաքել մտահոգ հայրը։

Մի հեգնանք, որ հերքում էր այս լուռ և չհրապարակված տեսարանը, այն փաստն էր, որ երբեք չէր ծնվել որևէ մանուկ, ում մասին արդեն այդքան շատ բան հայտնի լիներ, ում մասին այդքան շատ բան արդեն գրված լիներ, և ումից այդքան շատ ակնկալիքներ ունենային։ Իսկապես, գիտելիքն այն մասին, թե ով էր Նա և որն էր Նրա դերը, սկիզբ է առել երկնքի թագավորություններում՝ նախքան որևէ մեկի ծնունդը։ Որպես Հոր Առաջնեկ1 հոգևոր աշխարհում, Նա այնտեղ նշանակվեց աշխարհի Փրկիչ,2 նախասահմանված լինելով դառնալու «գառը, որը աշխարհքի սկզբից հետե մորթված է»:3 Բայց հետագայում՝ դեռ իր ծնվելուց առաջ, Նա եղավ Հին Կտակարանի մեծ Եհովան՝ օգնելով Նոյին փրկել իր ընտանիքը ջրհեղեղի ժամանակ4 և օգնելով Հովսեփին փրկել իր ընտանիքը սովի ժամանակ:5 Նա հեղինակավոր Եհովան էր, ում անվանում էին․ «Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան»։6 Ողորմության մեծ ծրագրում Նա Ալֆան և Օմեգան էր7, ով ի վերջո, «աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում»:8

Որպեսզի իրականացներ դա, Նա բոլորովին մենակ ոտքով կճզմեր փրկագնման գինու հնձանը, առանց մահկանացու զուգընկերոջ, որը կօգներ Նրան, և առանց երկնային զուգընկերոջ, ով կարող էր անել դա: Կրելով մահկանացու կյանքի բոլոր մեղքերն ու վշտերը, Նա փրկության աննկարագրելի պարգևը շնորհեց ողջ մարդկային ընտանիքին՝ Ադամից սկսած մինչև աշխարհի վերջին մարդը: Կյանքի Իր ճամփորդության ընթացքում Նա կլինի «[մեր] հոգիների հովիվն ու եպիսկոպոսը»,9 «մեր դավանության Քահանայապետը»,10 ազատ հորդող «ակունքն ամեն արդարության»։11 Այս բոլոր մահկանացու պարտականություններն ու պահանջները դեռ պետք է կատարվեին: Բայց ոչ այս գիշեր։ Ոչ այս գիշեր։ Այստեղ Նա պարզապես մի մանուկ էր՝ Իրեն սիրող մոր գրկում, որի մասին հոգ էր տանում քնքուշ և ուժեղ հայրը:

Շուտով այդ հովիվները եկան՝ խորհրդանշելով աշխարհիկ զբաղմունքներից ամենացածրը, ամենաաղքատ մարդկանց ու նրանց գործերը: Ավելի ուշ, թագավորներ և մոգեր եկան արևելքից՝ խորհրդանշելով աշխարհիկ ձեռքբերումներից ամենավսեմը, ամենահարուստ մարդկանց ու նրանց գործերը: Բոլորից վեր՝ բառացիորեն գերազանցելով բոլորին, հրեշտակները եկան և երգեցին «փառք Աստուծոյ բարձունքումը»․12 այս երկնային զորքի իսկական բազմությունը գովաբանեց փոքրիկին, ով վերջապես եկել էր երկիր: Իրականում, հրեշտակները դարեր շարունակ նշել էին այդ մսուրի ուղին: Բոլորովին վերջերս մի հրեշտակ հայտնվեց Մարիամին և բերեց այն փառահեղ ավետիսը, թե նա ինչ դերի համար է ընտրվել, և ով պետք է դառնար:13 Մի հրեշտակ հայտնվեց Հովսեփին և քաջություն տվեց նրան ամուսնանալ այդ երիտասարդ կնոջ հետ, ով խորհրդավոր կերպով երեխայի էր սպասում․ տվեց մի պատվիրան, որին նա որոշեց անմիջապես և հավատարմորեն հնազանդվել:14 Ծննդաբերությունից հետո հրեշտակը պատվիրեց երիտասարդ զույգին փախչել նրանից, ինչը կդառնար անմեղ երեխաների (այդ փոքրիկ երեխաները, ովքեր Նոր Կտակարանի քրիստոնյա նահատակներից առաջինն էին) սպանությունը Հերովդեսի կողմից։ Եվ այդ նույն հրեշտակն ասաց այդ զույգին, թե երբ կարող են վերադառնալ Եգիպտոսից և բնակություն հաստատել հեռավոր Նազարեթում և ոչ թե Բեթլեհեմում կամ Երուսաղեմում։15 Ակնհայտ է, որ երկնքում գտնվող հրեշտակները շատ ավելին գիտեին, քան մահկանացուները երկրի վրա, թե ինչ է նշանակում այս ծնունդը և որն է այս երեխայի առաքելությունը, որն էր «վեր առնել մեր ցավերը և [կրել] մեր վշտերը, վիրավորում ստանա մեր մեղքերի համար և հարվածներ կրի մեր անօրինությունների համար, որպեսզի մաքրվի, որ մեր խաղաղության պատիժը Իր վրա լինի, և որ նրա վերքերով մենք բժշկվենք»։16

Ինձ համար նշանակալից է, որ այդ ամենը տեղի ունեցավ գիշերը. մեր կյանքի այն ժամանակահատվածում, երբ մկանները հանգստանում են և հոգնածությունը թոթափվում է, երբ աղոթքները ասվում են, հայտնությունները սպասվում են, իսկ աստվածային էակները, ամենայն հավանականությամբ, մոտ են գտնվում: Եվ տարին մեկ անգամ, գիշերն այն ժամանակն է, երբ երեխաները դժկամությամբ են փակում իրենց աչքերը՝ իրենց ներսում վառվող այն ուրախության ակնկալիքով, որ հաջորդ օրը կլինի Սուրբ ծնունդը: Այո, որքան էլ դժվար լինի մեր օրը, գիշերվա մեր երազները կարող են հարթել ամեն ինչ: Ինչպես մի անգամ գրել է երեց Փարլի Պ. Պրատը․

«Աստված հայտնել է շատ կարևոր հրահանգներ … երազների միջոցով: … [Այդ ժամանակ] նյարդերը [հանգիստ] են, և ամբողջ մահկանացու մարդիկ ընկած են հանգիստ [նիրհի մեջ, իսկ] հոգևոր օրգանները… խոսում են Աստծո,… հրեշտակների և արդար մարդկանց հոգիների հետ, որոնք կատարյալ են դարձել»։17

Եվ ահա, այդ սարսռազդու զարմանալի գիշերն էր, որ «բոլոր տարիների հույսերն ու մտավախություններն»18 իրականացան Բեթլեհեմի երազներում։

Այդ գիշեր Հուդայի երկնքում

Խորհրդավոր աստղը լուսավորվեց,

Կույրը խարխափում էր իր քնի մեջ,

Եվ երազում տեսավ, որ կարող է տեսնել։

Այդ գիշեր, երբ հովիվները լսեցին

Հրեշտակների զորքի երգը մոտիկից,

Խուլը փոխեց դիրքը իր քնի մեջ,

Եվ երազում տեսավ, որ կարող է լսել։

Այդ գիշեր կենդանիների ախոռում,

Երբ քնած էին երեխան և մայրը [անխոս],

Մի խեղված մարդ վերականգնեց վերջույթները,

Եվ երազում տեսավ, որ [կարող է քայլել]։

Այդ գիշեր, երբ նորածին մանկան կողքին

Քնքուշ Մարիամը կռացավ,

Վանող բորոտը ժպտաց քնի մեջ,

Եվ երազում տեսավ, որ մաքրվել է։

Այդ գիշեր, երբ մոր կրծքին

Փոքրիկ թագավորն ապահովության մեջ էր,

Անբարոյականը քնեց երջանիկ քնով,

Եվ երազում տեսավ, որ ինքը մաքուր է։

Այդ գիշեր, երբ մսուրում պառկած էր

Այն Սրբագործվածը, որը եկել էր փրկելու,

Մի մարդ շարժվեց մահվան մահճում,

Եվ երազում տեսավ, որ գերեզմանն անհետացել է։19

Որպես Սուրբ ծննդյան ընծա, ես ձեզ նվիրում եմ Բեթլեհեմի երազները։ Եվ ես անում եմ դա այն երեխայի անունով, ով իրականացնում է այդ բոլոր երազները, այդ նույն՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: