12NIELSON-0
Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո
6 դեկտեմբերի 2020 թ․
Խաղաղության Իշխանը
(Եսայիա 9․6)։
Երեց Բրենթ Հ. Նիլսոն
Յոթանասունի Նախագահությունից
Ինչ-որ ժամանակ, այստեղից շատ հեռու մեկ այլ վայրում, հայրս՝ Նորման Նիլսոնը, շատ երիտասարդ տարիքում Երկրորդ համաշխարհային պատերազմում անցկացրած իր չորս տարիներից երկրորդ տարին անընդմեջ կռվում էր Խաղաղ օվկիանոսի ռազմաբեմում: Իր վրանի առաջ պատկերված նկարում նա հակաօդային ուժերի մասնագետ էր և ապրում էր Պապուա Նոր Գվինեայի ջունգլիներում։ 1943 թվականի Սուրբ ծննդյան օրը նա այս նամակը գրեց իր այրի մորը. «Ինչպես կհասկանաս ամսաթվից այսօր Սուրբ ծնունդ է: Ես արթնացա առավոտյան ժամը 7։00-ին, նախաճաշեցի և այնուհետև աշխատեցի մինչև ցերեկվա 3:00-ը, ապա իջա գետակի մոտ՝ հագուստս լվանալու և լողանալու համար: Այսօր երեկոյան ընթրիքին մենք կերանք մի փոքր կտոր հնդկահավ, մի քիչ քաղցր կարտոֆիլ, եգիպտացորեն, թանձրուկ և չամիչով կարկանդակ: Ես շատ կցանկանայի տանը լինել՝ քո և ընտանիքի հետ, ոտքերս մեկնել սեղանի տակ և նորից ուտել այն կերակուրները, որ սովորաբար ուտում էինք, երբ մի քանի տարի առաջ միասին էինք: Մենք հիասթափված ենք, որ մեր Սուրբ ծննդյան կապոցները չեն հասել ծննդյան տոներից առաջ: Մեզանից շատերը Սուրբ ծննդյան տոներին ոչինչ չեն ստացել: Ես հիշում եմ, որ դու ինձ բազմիցս ասում էիր, որ մարդը չի գնահատում ունեցածը, մինչև չի կորցնում է այն»:
Անցյալ տարի կինս՝ Մարսիան և քույրս՝ Սյուզանը, գրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայրիկիս չորս տարվա ծառայության պատմությունը: Նրանք հավաքեցին բոլոր նամակները, որոնք նա գրել էր իր մորը: Պետք է ասեմ, որ երբ կարդացի այս մռայլ Սուրբ ծննդյան նամակը, ես մի փոքր թերահավատորեն վերաբերվեցի դրան: Չնայած դա կարող է անիմաստ թվալ, քանի որ նա իմ հայրն էր, որին ես սիրում եմ, ես ուզում էի ինչ-որ կերպ փոխել այդ Սուրբ ծննդյան օրվա իրադարձությունները: Ես իմ հոգում աղաղակեցի․ «Որքա՞ն տառապանքների կարող է դիմանալ Այդահոյից այս երիտասարդը»: Նրա հայրը մահացավ սրտի կաթվածից, երբ հայրս ընդամենը 12 տարեկան էր։ Նրան դաստիարակեց մայրը, ապա նա զորակոչվեց բանակ, իսկ հիմա ապրում էր ջունգլիներում` սարսափելի պատերազմի ընթացքում: Կարո՞ղ էր նա գոնե նվեր ստանալ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Երբ ես խորհում էի նրա իրավիճակի շուրջ, զգացի, որ Հոգին խոսում է ինձ հետ․ «Բրենթ դու գիտես, թե այս պատմությունն ինչով է ավարտվում։ Քո հայրը, ի վերջո, ստացավ ամենակարևոր նվերը և շարունակեց հավատով լի կյանք ապրել՝ նշելով Սուրբ ծննդյան տոները որպես տարվա իր ամենասիրելի ժամանակահատված»:
Շարունակելով ընթերցել հայրիկիս պատմությունը՝ ես գտա նրա վերջին նամակներից մեկը, որն ուղարկել էր իր մորը 1945-ի փետրվարին: Չորս տարի շարունակ գեներալ Դուգլաս ՄաքԱրթուրի ղեկավարությամբ, նա կռվել էր Ավստրալիայի Դարվինում, Պապուա Նոր Գվինեայում, Ֆիլիպինների Լեյտե ծոցում և, ի վերջո, Մանիլայում, որտեղ նա ավարտեց իր զինվորական ծառայությունը և վերադարձավ տուն: Պատերազմում ծառայելու ժամանակի մեծ մասը նա չի մասնակցել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ժողովներին, բայց ծառայության ավարտին ժամանելով Ֆիլիպիններ, նա կարողացել էր Եկեղեցու հավաքատեղի գտնել։ Այդ ժողովին մասնակցելուց հետո նա իր մայրիկին գրել է այս հետաքրքիր նամակը. «Երեկ ես գնացել էի եկեղեցի, բայց շատ չէի մտածում ելույթի մասին: Մայրի՛կ, շատ բաներ, որոնք ժամանակին այդքան կարևոր էին, ինձ համար շատ աննշան են թվում այժմ։ Ես նկատի չունեմ իմ հավատն առ Աստված, որը հավանաբար ավելի քան ուժեղ է, բայց ես Աստծուն նայում եմ որպես մի մարդու, ով ավելի շուտ սիրող և հասկացող է, քան մեկը [ով] միշտ կանգնած է գլխավերևում, որպեսզի պատժի մեզ մեր թույլ տված ամեն սխալի համար»:
Հոգին ինձ սովորեցրեց, որ ծայրաստիճան դժվարին պահերին, մասնակցելով սարսափելի պատերազմի, որտեղ շատ զինվորներ, բուժքույրեր, նավաստիներ, օդաչուներ և երկու կողմերի անմեղ քաղաքացիական անձինք կորցրին իրենց կյանքը, հայրս գտավ այդ նվերը. նա գտավ Սուրբ ծնունդի իրական ոգին։ Նա իմացավ, որ ուներ սիրող Երկնային Հայր, ով հասկանում և հոգ էր տանում իր մասին։ Կյանքի ամենակարևոր դասը, որ նա քաղեց, հետևյալն էր․ «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի այլ յաւիտենական կեանքն ունենայ»:1 Կյանքի իր դժվարին պահերին մեծապես փորձվելով՝ հայրս գտավ սիրող ու բարի Երկնային Հորը: Այն, ինչ հայրս գտավ, նրան խաղաղություն, ուրախություն և երջանկություն շնորհեց՝ խառնաշփոթ, ցավով ու տառապանքներով լի աշխարհում: Հետևում թողնելով պատերազմը՝ նա իր հետ տուն բերեց այդ նվերը։
Համոզված չեմ, որ կարող էի վերապրել այդ երեք Սուրբ ծննդյան տոների ընթացքում հայրիկիս առջև ծառացած դժվարությունները տնից հեռու, բայց գիտեմ, որ նրա քաղած դասը և իմ քաղած դասն այն է, որ մեր Երկնային Հոր կողմից տրված Սուրբ ծննդյան ճշմարիտ նվերը Փրկիչ Հիսուս Քրիստոսն է: Այս Սուրբ ծննդյան տոներին համաշխարհային իրավիճակից ելնելով, մեզանից ոմանք հայտնվել են ընտանիքից հեռու կամ մեկուսացվել են նրանցից, նույնիսկ, եթե ապրում են մոտակայքում: Մեզանից ոմանք գուցե այս տարի նույն զգացումներն ապրեն, ինչպես հայրս էր ունեցել 1943-ի Սուրբ ծննդյան օրը: Գուցե մենք նույնիսկ զարմանանք, թե ինչու ոչ մի նվեր չենք ստացել կամ ոչ-ոք չի այցելել մեզ։ Բայց եթե մենք նայենք վերև, նայենք Աստծուն և ապրենք, մենք կբացահայտենք, որ Հիսուս Քրիստոսն ամենամեծ նվերն է: Բացելով այդ նվերը, մենք ստանում ենք հիանալի, խաղաղ կյանքի բանալին:
Նոր Կտակարանի Մարկոսի 4-րդ գլխում Փրկիչի աշակերտները տագնապալի փորձառություն ունեցան: Փրկիչի հետ միասին նրանք նավի վրա էին Գալիլեայի ծովում, երբ մի հսկայական փոթորիկ սկսվեց: Աշակերտները վախեցան, և Փրկիչը նրանց հետ խոսեց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք: Ինչպէ՞ս հաւատք չունիք»:2 Ձայնային հրամանով Փրկիչը ստիպեց, որ քամիներն ու ալիքները դադարեն: Աշակերտներն այնուհետև տվեցին այս խորիմաստ հարցը, որի շուրջ ես խնդրում եմ ձեզ խորհել այս Սուրբ ծննդյան օրերին. «Սա ո՞վ է արդեօք. Որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սորան»։3 Կփորձեմ պատասխանել այս հարցին: Հիսուս Քրիստոսը «Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստուած, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան է»։4 «[Նրանով], նրա միջոցով, և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են»։5 Նա մեր Փրկիչն է և մեր Քավիչը. Նա Հոր Անդրանիկն է:
Եսայիա մարգարեն Փրկիչին հետևյալ ձևով է նկարագրում․ «Մի՞թե չգիտես, կամ չե՞ս լսել, որ յավիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. նա չի յօգնիլ, եւ չի վաստակիլ։․․․ Տիրոջն ապավինողները կնորոգվին ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակիլ, կգնան և չեն հոգնիլ»:6
Այդ ամենի շնորհիվ Փրկիչն այս Սուրբ ծննդյան տոներին և միշտ բոլորիս հրավիրում է․ «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ ․․․ Որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»:7 Մեզ ուղղված Նրա հրավերն է՝ «եկեք»։
Իմ հույսն այս Սուրբ ծննդյան օրերին այն է, որ անկախ մեր հանգամանքներից, անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, և անկախ նրանից, թե ինչպես ենք մեկուսացվել ընտանիքից կամ ընկերներից, մենք կհիշենք, որ Նա՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսը, պարգևն է. որ երբ մենք գանք դեպի Նա, Նա մեր բեռները կթեթևացնի, և մենք կարողանանք ճանաչել Նրան, ինչպես հայրս ճանաչեց՝ սարսափելի պատերազմի ընթացքում: Փրկիչն ասել է. «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ։ Ձեր սիրտը չխռովի, եւ չվախենայ»։8 Երբ մենք վստահենք Նրան, մենք խաղաղություն ու երջանկություն կգտնենք, անկախ մեր ներկա հանգամանքներից:
Շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ ծնունդը և աղոթում եմ, որ այս տարի հոգնած աշխարհն ուրախանա, դուք ստանաք և ընդունեք այն նվերը, որը սիրող Հայրը տվեց մեզ, երբ թույլ տվեց Իր Միածին Որդու զոհաբերությունը: Ես բերում եմ իմ անձնական վկայությունը սիրող Երկնային Հոր և Նրա կատարյալ Որդու՝ Խաղաղության իշխանի մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։