Ամենամյա հեռարձակումներ
Նրա ներկայացուցիչները


Նրա ներկայացուցիչները

2022 թվականի Ս&Ի ամենամյա ուսուցման հեռարձակում նախագահ Բալլարդի հետ

Ուրբաթ, 21 հունվարի 2022 թ․

Մի անգամ օդանավակայանի հերթում ես կանգնած էի մի հրեա ռաբբիից առաջ: Նրա դիմացը կանգնած էր մեքսիկական անձնագիր ունեցող մի տղամարդ, ով ճամփորդում էր իր երիտասարդ դստեր հետ։ Իսկ մեքսիկացուց առաջ մի ամերիկացի էր՝ իր սիրելի սպորտային թիմերը ներկայացնող մարզաշապիկով և գլխարկով։ Ես սկսեցի մտածել, թե այս երեք անհատներից ո՞ր մեկի հետ ես ավելի շատ նմանություններ ունեմ։ Սկզբում մտածեցի՝ գուցե ամերիկացու։ Մենք, հավանաբար, շատ նման փորձառություններ ենք ունեցել մեծանալիս, և գուցե երկուսս էլ չափազանց շատ ժամանակ ենք ծախսում՝ մտածելով մեր սիրելի թիմերի մասին: Հետո ես դիտարկեցի հերթում կանգնած երկրորդ մարդուն։ Մեքսիկայի հանդեպ իմ սիրուց ելնելով` հավանականությունը մեծ էր, որ մենք կարող էինք սիրել նույն սնունդը և նույն մարիաչի երաժշտական խմբերը։ Բացի այդ, ես նմանություն էի նկատում, երբ հետևում էի, թե նա ինչպես է շփվում իր դստեր հետ, և մտածում էի, որ ես էլ վեց դուստրերի հայր եմ: Վերջում, ես մտածեցի ռաբբիի մասին: Հերթում մեզ տեսնող մարդկանց մտքով անգամ չէր անցնի, որ մենք կարող էինք շատ նմանություններ ունենալ: Բայց ինձ և նրան միացնում էր մեր կյանքն Աստծո ծառայությանը նվիրելու, Նրա խոսքը սովորելու և ուսուցանելու, և Նրա պատվիրաններին հնազանդվելու ընդհանուր ցանկությունը:

Մտորելով այս հարցի շուրջ՝ արդեն ինքնաթիռի մեջ ես մի թուղթ հանեցի և սկսեցի գրել: Սկսեցի այսպես՝ «Ես …», հետո գրեցի այն ամենն, ինչ մտքովս անցում էր: Ես Աստծո զավակն եմ, Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ, ամուսին եմ: Ես գրեցի իմ բնավորության գծերի, կապերի, Եկեղեցու կոչումների և աշխատանքային հանձնարարությունների մասին: Ներառեցի նաև նախասիրություններս՝ «Ես Մոթոուն երաժշտության և ռակլետ պանրի սիրահար եմ»: Մինչ կավարտեի, գրեցի «ո՞վ եմ ես» հարցի մոտ 300 պատասխան։ Այնուհետև ես իմ պատասխանները դասավորեցի ըստ այն կարգի, թե իմ կյանքի կենտրոնացումը և առաջնահերթությունները որոշելու համար որոնք են ամենակարևորները: Օրինակ՝ ես և՛ պապիկ եմ, և՛ չկայացած գոլֆ խաղացող: Պապիկ լինելը իմ ցուցակի վերևում է, իսկ գոլֆի հանդեպ իմ սերը գտնվում է ցուցակի վերջում: Դա ինձ հիշեցնում է, թե որտեղ պետք է ծախսեմ իմ ժամանակն ու եռանդը, և որը նախընտրեմ, եթե ընտրության առաջ կանգնեմ։

Որոշ ժամանակ անց ես ավելի լավ հասկացա, թե ինչու էր այս փորձառությունն ինձ համար այդքան կարևոր, երբ կարդացի նախագահ Հենրի Բ. Այրինգի խոսքերը. «Այն, թե ինչպես կպատասխանես «ո՞վ եմ ես» հարցին, կորոշի գրեթե ամեն ինչ»: 1

Վերջերս ես խորհում էի այս հարցի շուրջ և մտածում մեր ուսանողների մասին: Ես հանեցի ևս մի թերթիկ և այս անգամ սկսեցի գրել այս պարզ բառերով՝ «Մեր ուսանողները …»։

Ես հավատում եմ, որ մեր ուսանողներն այնպիսին են, ինչպիսին նկարագրել են մարգարեները: Նրանք երկնային ծնողների սիրելի զավակներն են, ովքեր որոշել են հետևել Հոր ծրագրին և հաղթել են հակառակորդին՝ Աստծո Գառի հանդեպ իրենց հավատքով և իրենց վկայության զորությամբ: 2 Տերը նրանց պահել էր, ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ասել, որպեսզի երկիր գան «հենց այս ժամանակ՝ աշխարհի պատմության ամենակարևոր ժամանակաշրջանում»: 3 Նա ընտրեց նրանց, որ պատրաստեն այս աշխարհի մարդկանց Փրկչի հազարամյա թագավորմանը։ 4 Նրանք Իսրայելի հույսն են, խոստումի օրվա զավակները [Hope of Israel, Hymns, no. 259]։ 5

Նրանք «հոգևոր բաների քաղց են զգում, … փափագում են սովորել ավետարանը, և ուզում են ստանալ այն մաքուր վիճակում՝ առանց խառնուրդների: … Նրանք կասկածողներ չեն, այլ ճշմարտության պրպտողներ, փնտրողներ: …

[Նրանք] փափագում են … հավատք… [և] ցանկանում են, որ ինքնուրույն կարողանան այն գործադրել»: 6

Ճիշտ է նաև, որ ոմանք մոռացել են իրենց ինքնությունը՝ որպես Աստծո զավակներ, կամ չափազանց շատ են կենտրոնացել ժամանակավոր, երկրորդական հատկանիշների վրա: «Սատանան ինքնության մեծ գողն է։ Նրա խաբեությունների պատճառով ոմանց շփոթել և շեղել է այս ալեկոծ ու փոփոխական աշխարհը, որը ծաղրում է հավատքն ու առաքինությունը, և որտեղ տեղեկատվությունն ամենուր է, իսկ իմաստությունը՝ հազվադեպ է հանդիպում։ Մարգարեացված օրն այսպիսին է՝ մարդիկ «ամեն ժամանակ սովորում են, եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ» 7 , աշխարհը՝ որը «չարը բարի [է] կոչում, իսկ բարին՝ չար» 8 , որտեղ շատերը «քայլ[ում] են կրակի լույսով և կայծերով, որոնք [իրենք] են վառել» 9 , մերժելով աշխարհի Լույսը։ 10

Այնուամենայնիվ, մենք մի բան ևս գիտենք մեր երիտասարդության և չափահաս երիտասարդների մասին: Փրկիչն ասել է․

«Դուք եք մարգարեների զավակները. և դուք Իսրայելի տնից եք. և դուք այն ուխտից եք, որ Հայրն արել էր ձեր հայրերի հետ՝ ասելով Աբրահամին. Եվ քո սերնդով երկրի բոլոր ցեղերը կօրհնվեն:

Հայրը նախ ինձ բարձրացնելով ձեզ համար և ուղարկելով՝ օրհնելու ձեզ, հեռու շրջելով ձեզանից ամեն մեկին իր անօրինություններից. և դա՝ որովհետև դուք ուխտի զավակներն եք»։ 11

Տերը խոստացել է, որ կհասնի նրանց օգնության՝ ոչ թե փրկելու նրանց իրենց մեղքերի մեջ, այլ փրկելու նրանց իրենց մեղքերից: 12 Այդ իսկ պատճառով ժամանակի հրամայականն է, որ մենք օգնենք մեր ուսանողներին ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և ճիշտ հասկանալ Հոր հավերժական ծրագիրն ու Փրկիչի ճշմարիտ վարդապետությունը։ Նրանք պետք է իմանան, թե ովքեր են իրենք, ինչ է Տերը կամենում, որ իրենք անեն 11 , և ինչպես անեն։

Ես գիտեմ, որ որպեսզի օգնենք մեր ուսանողներին իմանալ այս բաները, մենք ինքներս պետք է իմանանք, թե ովքեր ենք մենք՝ որպես մարդիկ, ովքեր ուսուցանում են, ծառայում և աջակցում են սեմինարիաներին և ինստիտուտներին: Այս միտքը ստիպեց ինձ կազմել երրորդ ու վերջնական ցուցակը։ Ես վերցրի ևս մի թերթիկ և էջ առ էջ գրեցի այն բնութագրերն ու հատկանիշները, որոնք գնահատում եմ և որոնցով հիանում եմ բոլորիդ մեջ: Գրելիս ես հայտնաբերեցի, որ վերադառնում եմ մի կարևոր մտքի։ Ես կարծում եմ՝ «ո՞վ ենք մենք» հարցի ամենակարևոր պատասխանն այն է, որ մեզ խնդրել են լինել Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչները: 14

Մեր հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին ճանաչել Հիսուս Քրիստոսին և ապավինել Նրան ու Նրա քավիչ զոհաբերությանը: Մենք նայում ենք Նրան որպես մեր օրինակի և ապավինում ենք Նրա շնորհին՝ Նրա կամքը կատարելու համար: Չնայած անձնական մարտահրավերներին և անհաջողություններին, մենք ապրում ենք հույսով և լավատեսությամբ: Քանի որ մենք անընդհատ ապաշխարում ենք, մենք ճաշակել ենք Նրա սերն ու ողորմությունը, և այդ ողորմությունը տարածում ենք այն մարդկանց վրա, ում ուսուցանում ենք փոխված ու երախտապարտ սրտով: Մենք հաճախ ենք խոսում Նրա մասին, վկայում Նրա մասին, հրճվում Նրա բարությամբ ու մեծությամբ, և օգնում մյուսներին իմանալ, «թե նրանք ինչ աղբյուրի կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»։ 15 Ամեն օր մենք ձգտում ենք լինել Նրա ներկայացուցիչները:

Որպես երիտասարդ միսիոներ, ես իմացա այս գաղափարի կարևորությունը, երբ ես և իմ զուգընկերը թակում էինք մարդկանց դռները: Մի տան մոտ ես ասացի. «Բարև Ձեզ, մենք Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչներն ենք»: Մինչ ես կհասցնեի շարունակել, տղամարդն ընդհատեց ինձ, ասելով՝ «Ո՛չ, դուք այդպիսին չեք»: Դուք նույնիսկ չգիտեք, թե դա ինչ է նշանակում»: Նա բացատրեց, որ ներկայացուցիչը նա է, ով մեկ ուրիշի փոխարեն ասում ու անում է այն, ինչ այդ մարդը կասեր և կաներ, եթե անձամբ այդտեղ լիներ։ Նա ավարտեց խոսքն այսպես․ «Եթե դուք Նրա ներկայացուցիչներն եք, ապա պիտի ինձ ասեք այն, ինչ Նա կասեր ինձ, եթե անձամբ այստեղ լիներ»: Ես ուշադիր լսեցի այդ մարդուն, ապա համաձայնեցի, որ ներկայացուցչի մասին նրա պատկերացումը ճիշտ է: Ես շնորհակալություն հայտնեցի նրան և հարցրի՝ արդյոք այդ հասկացողությամբ կարող եմ նորից սկսել խոսքս: Այնուհետև ես ասացի. «Բարի լույս: Սա Երեց Արանդան է, իսկ ես Երեց Վեբն եմ: Մենք Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչներն ենք և եկել ենք ձեզ հետ կիսվելու Նրա ուղերձով»:

Մենք օժտված ենք սրբազան վստահությամբ։ Երբ մենք աղոթում ենք կամ փակում մեր ուսուցումը և վկայությունները Նրա անունով, մենք պնդում ենք, որ այն, ինչ ասացինք, ներկայացնում է Նրա միտքն ու կամքը: Այդ վստահությանը հավատարիմ լինելով՝ մենք պետք է սիրենք և պատկերացում ունենանք Նրա ավետարանի մասին և պատրաստ լինենք ամեն գնով իմանալ մեզ տրված սուրբ գրություններն ու վարդապետությունը։ Քանի որ մենք հասկանում ենք, որ Աստծո խոսքն ունի ավելի «զորավոր ազդեցություն», քան որևէ այլ բան 16 , և որ այն իսկապես ունի կյանքի հարցերի պատասխանները, ուստի, սուրբ գրությունները մեր ուսանողների հետ կիսվելու հիմնական աղբյուրն են: Շարունակելով նորացնել մեր ուսուցման մեթոդները՝ ավելի շատ ուսանողների հետ կապ հաստատելու համար, մենք չպետք է նորամուծության արդյունքում հեռանանք սուրբ գրություններում խորապես արմատավորված լինելուց:

Ոչ պակաս կարևոր է, որ մեր մտքերն ու սրտերը կապենք Տիրոջ ընտրյալ ծառաների հետ՝ մասնավորապես Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների քվորումի ներկայիս անդամների, երբեք վատ չզգանք նրանց ուսմունքների համար, չբացատրենք դրանք աղավաղված ձևով կամ հակադրենք մեր սեփական «փիլիսոփայությանը, անկախ նրանից, թե որ աղբյուրից են, որքանով են հաճելի կամ խելամիտ թվում…»։ 17 Այսքան գայթակղիչ ձայներ և սոցիալական օրակարգեր ունեցող աշխարհում մի անհավանական օրհնություն է՝ իմանալ Աստծո միտքը Նրա կենդանի մարգարեի միջոցով: Եթե Տիրոջ և Նրա մարգարեի հետ մի գծի վրա բերենք մեր ուսմունքը, հավատարմությունն ու առաջնահերթությունները, ապա հաստատուն հիմքի վրա կլինենք, և ճշմարիտ որթի ճյուղերի նման մենք շատ պտուղներ տալու զորություն կունենանք: 18

Երբեմն ճշմարտության ուսուցումն ու սիրո արտահայտումը կարող են հակասական թվալ։ Պատճառն այն է, որ երկուսի համար էլ կեղծիքներ կան, որոնք կարող են մեզ շփոթեցնել: Դուք կարող եք այնպիսի զգացում ունենալ, որ առաջնագծում եք, փորձում եք պատասխանել դժվար ու բարդ հարցերին, և եթե ասեք ճշմարտությունը, ինչ-որ մեկը կարող է վիրավորվել ու վատ զգալ իրեն։ Սիրով և օգտակար ձևով արձագանքելու համար մենք պետք է գործադրենք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը, որ Նա ղեկավարում է Իր Եկեղեցին այն մարդկանց միջոցով, ում կարգել է որպես առաջնորդներ: Մենք պետք է աղոթենք օգնության համար և խրախուսենք մեր ուսանողներին իրենց հարցերով ու կասկածներով դիմել Երկնային Հորը: Հիսուս Քրիստոսը լույս է նրանց համար, ովքեր շփոթության և խավարի մեջ են: Նա հնազանդություն սովորեցնող կատարյալ օրինակ է, մինչդեռ Նա Գաղաադի բալասան է նրանց համար, ովքեր տառապում են իրենց իսկ սխալների հետևանքներից: Նա կատարյալ օրինակ է մեզ համար, որպեսզի մենք՝ որպես ուսուցիչներ, ձգտենք սիրով սովորեցնել ճշմարտությունը:

Պատճառներից մեկը, թե ինչու է այդքան կարևոր, որ մենք արտացոլենք Փրկիչի սերը 19 , հակառակությունն է, որի հետ բախվում են մեր ուսանողները։ Վերջին օրերի սրբերի երիտասարդների վերջերս կատարած երկարատև ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր պայքարում են հավատքը պահելու և Եկեղեցում ակտիվ մնալու համար, սովորաբար բախվում են երեք որոշակի մարտահրավերներից մեկի կամ մի քանիսի հետ.

  • Նրանց քննադատում են իրենց հանգամանքների փոփոխության պատճառով, ինչպես օրինակ՝ ծնողների ամուսնալուծության կամ Եկեղեցին լքող ընտանիքի անդամի պատճառով:

  • Նրանք մեղքի և հուսահատության զգացում են ունենում իրենց թույլ տված սխալների պատճառով:

  • Կամ նրանք չեն կարծում, որ հոգևոր փորձառություններ են ունեցել: 20

Երբ ձգտենք սիրել այնպես, ինչպես Փրկիչն էր սիրում, մենք կկարողանանք օգնել մեր ուսանողներին կողմնորոշվել այս իրավիճակներից յուրաքանչյուրում:

Ինչպե՞ս կօգնեք երիտասարդ մի անձի, ում քննադատել են։ 21 Նախ պետք է հասկանանք, որ հարաբերությունների և հանգամանքների զգալի փոփոխությունները կարող են ինքնության ճգնաժամ առաջացնել՝ ստիպելով մեր ուսանողներին հարցականի տակ դնել, թե ովքեր են իրենք և որքանով են ընդունելի։ Այդպիսի պահերին դուք կարող եք օգնել նրանց, որ հիշեն իրենց անփոփոխ փոխհարաբերությունն իրենց Երկնային Հոր հետ: Ես գիտեմ մի երիտասարդ կնոջ, ով իր ինքնագնահատականը կառուցել էր իր հանգամանքների և իր մասին ուրիշների կարծիքի վրա: Նա շատ շփոթված էր՝ կորցրել էր իր եսը: Ուստի սկսեց աղոթել օգնության համար։ Մի օր նա հստակ զգացողություն ունեցավ, որ եթե ուզում է իմանալ, թե ով է ինքը, նախ պետք է ճանաչի Երկնային Հորը և Փրկիչին: Այս միտքը նրան մղեց որոնումների: Նա սկսեց ուսումնասիրել սուրբ գրությունները, աղոթել և ծառայել՝ կենտրոնանալով Աստծուն ճանաչելու վրա: Ժամանակի ընթացքում Տերը սկսեց բացահայտել Իրեն նրա համար: Եվ այդ աղջիկը զգաց Նրա սերը, մխիթարությունը և հասկացողությունը: Երբ նա սկսեց ճանաչել Երկնային Հորը, ճանաչեց ինքն իրեն և հասկացավ իր հարաբերությունները Նրա հետ: Որպես Աստծո զավակ, նա իմացավ իր աստվածային ինքնության և արժեքի մասին: Այս գիտելիքը նրան լցրեց լույսով և ուրախությամբ:

Ձեր ուսանողներին, ովքեր բախվում են մարտահրավերների, կարող եք օգնել իմանալ, որ իրենք սիրված են Երկնային Հոր կողմից: Դուք կարող եք ցույց տալ ձեր սերը նրանց հանդեպ՝ տրամադրելով ձեր ժամանակը, ցուցաբերելով կարեկցանք և ցուցադրելով լսելու պատրաստակամություն։ Դուք կարող եք խնդրել Երկնային Հորը, որ օգնի ձեզ տեսնել նրանց՝ որպես անհատներ և հասկանալ նրանց յուրահատուկ մարտահրավերները, հնարավորություններն ու կարիքները: Երբ նրանք հարցեր ունեն կամ դժվարանում են վկայություններ ունենալ, դուք կարող եք օգնել նրանց ապահով զգալ և իմանալ, որ կարող են դիմել ձեզ և Տիրոջը:

Ինչպե՞ս ենք մենք օգնում նրանց, ովքեր իրենց սխալների պատճառով տանջվում են մեղքի զգացումից և հուսահատությունից։ Փրկիչի նման մենք ևս չենք հրաժարվում նրանցից: Մենք հարգում ենք նրանց պայքարը, երբ շարունակում են անել այն, ինչ ճիշտ է այս դժվար աշխարհում: Մենք նրանց սովորեցնում ենք, որ արժանավորությունը չի ենթադրում անթերիություն: 22 Մենք օգնում ենք նրանց մնալ ուխտի ուղու վրա՝ վկայելով ապաշխարության ուրախության մասին, օգնելով նրանց իմանալ, որ դա առանցքային է Երկնային Հոր ծրագրում: Մենք օգնում ենք նրանց իմանալ, որ Աստված սիրում է իրենց և պատրաստ է օգնել։

Ես սիրում եմ Մովսես 4-րդ գլխում ուսուցանված դասը, որը մենք ուսումնասիրել ենք անցյալ շաբաթ: Երբ Ադամն ու Եվան օրինազանցեցին, նրանց աչքերը բացվեցին, և նրանք հասկացան, որ մերկ են: Մերկությունը ծածկելու նրանց առաջին փորձը թզենու տերևները կարելն էր։ Երբ նրանք լսեցին Տիրոջ ձայնը պարտեզում, որոշեցին «թաքնվել Տեր Աստծո ներկայությունից ծառերի մեջ» (Մովսես 4․14): Հետաքրքիր է նկատել, թե ով էր նրանց ասել, որ թաքնվեին Աստծուց: Այժմ, ես չեմ ուզում դրան անդրադառնալ, բայց ինչպե՞ս էր դա պատահելու։ Դուք կպատկերացնե՞ք, որ մեր Երկնային Հայրը ճանապարհ անցնի անթիվ արարչագործությունների միջով, գտնի այս արեգակնային համակարգը, այս մոլորակը և այգին, և չկարողանա գտնել Ադամին ու Եվային ծառերի մեջ։ Այդ պահին Տերը նրանց հարցրեց. «Ո՞ւր ես գնում»։ Մովսես 4.15: Կամ Հին Կտակարանից՝ «Ո՞ւր ես դու»։ (Ծննդոց 3․9) Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր էր, որ Նա իրոք չիմանար։ Այսպիսով, ինչո՞ւ է Նա հարցնում: Միգուցե դա ակնարկ էր՝ որ հիմա, երբ օրինազանցություն եք արել, ո՞ւր պիտի գնաք: Կթաքնվե՞ք ինձնից, թե՞ կգաք ինձ մոտ և թույլ կտաք ծածկել ձեզ։ Քավություն բառն իր բնագիր եբրայերենում kippur է, ինչը նշանակում է «ծածկել»։ 23 Մեր Երկնային Հայրը մեր մեղքերը ծածկելու շատ ավելի լավ միջոց ունի, քան թզենու տերևներն ու ծառերն են։ Բայց հակառակորդը ստեր է շշնջում, որպեսզի մենք ցանկանանք թաքնվել Աստծուց: Նա ձգտում է համոզել, որ Աստված չի սիրում մեզ, և Նա չի ների մեզ, քանի որ մենք պետք է իմանայինք, որ սխալ էինք գործում, կամ քանի որ մեր մեղքերը չափազանց լուրջ են:

Մի անգամ ես հրավիրեցի մի երիտասարդ կնոջ տաճար գնալ երիտասարդների խմբի հետ: Նա պատասխանեց, որ ինքն արժանի չէ տաճար գնալ: Ես ասացի նրան, որ մենք պարզապես շրջելու ենք բակում, և ես կցանկանայի, որ ինքն էլ գար մեզ հետ։ Նա արձագանքեց․ «Ոչ հիմա։ Ես չեմ ուզում, որ Աստված հիմա ինձ տեսնի»: Երբ մենք սխալներ ենք գործում, մենք հաճախ չենք ուզում աղոթել, կարդալ սուրբ գրությունները կամ գնալ եկեղեցի: Միգուցե մենք հույս ունենք, որ Աստված մեզ չի նկատի:

Խնդրում եմ օգնեք ձեր ուսանողներին իմանալ, որ երբ նրանք սխալվում են, կարող են ներում և խաղաղություն գտնել՝ գնալով ողորմած Երկնային Հոր սիրառատ և բաց գիրկը, ով ճանապարհ է պատրաստել մեզ ծածկելու համար: Նա պատրաստել է մեր փրկագնման ճանապարհը:

Ինչպե՞ս եք օգնում ուսանողին, ով այն կարծիքին է, որ չունի հոգևոր փորձառություններ: Երբեմն մեր երիտասարդները լսում են հրաշք թվացող պատմություններ և չեն գիտակցում, որ Սուրբ Հոգին իրենց հետ նույնպես խոսում է տարբեր պարզ եղանակներով, օրինակ, երբ նրանք ոգեշնչված հարց են ունենում, կամ երբ մտածում են հատվածներ նշել սուրբ գրություններում։ Եկեք օգնենք նրանց իմանալ, թե Տերն ինչպես է անհատապես հաղորդակցվում նրանց հետ և չասենք, թե Տերը նրանց հետ կարող է խոսել միայն այն ձևով, ինչպես որ մեզ հետ է խոսում: Եկեք զգույշ լինենք և չասենք մեր ուսանողներին, թե նրանք երբ են զգում Սուրբ Հոգին: Եվ եթե մենք, որպես ուսուցիչներ, զգում ենք Հոգին, չի նշանակում, որ ուսանողներից յուրաքանչյուրը անպայման նույն բանն է զգում այդ պահին։ Լավ կլինի հասկանալ, որ նրանք, ովքեր ունեն անհանգստություն և ընկճախտ, կարող են զգալ, որ դժվար է ունենալ այդ փորձառությունները: Բայց Տերը չի սահմանափակում հոգեկան հիվանդություններ ունեցողներին։ Նա գիտի այդ մարդկանց, հասկանում է նրանց և կարող է ուղիներ գտնել՝ Իր սերն ու առաջնորդությունը նրանց հաղորդելու համար: Մենք կարող ենք մի քանի բան անել այդ ուղղությամբ և դրանով ավելի շատ կօգնենք նրանց, քան, եթե նրանք սովորեն ստանալ և գործել՝ համաձայն անձնական հայտնության:

Վերջերս ինձ պատմեցին մի երիտասարդի մասին, ով սովորել է արևելյան Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարաններից մեկում: Նա սովորել էր բարդ տրամաբանության հոսքի դասարանում։ Քանի որ երիտասարդն ուզում էր լավ սովորել՝ որոշել էր կրկնուսույց վարձել: Ուստի վարձել էր մի մարդու, ով դասախոսի օգնական էր եղել և նույնիսկ դասավանդել էր նույն համալսարանի այդ նույն դասարանում։ Կրկնուսույցը շատ օգնեց նրան, բայց երիտասարդը դեռևս նյարդայնանում էր ավարտական քննության պատճառով։ Դասախոսն ասել էր ուսանողներին, որ ստուգարքը չափազանց դժվար էր լինելու, ուստի ինքը թույլ կտար նրանց բերել մեկական թերթիկ, որի վրա տեղավորված կլիներ այն ամենը, ինչը, նրանց կարծիքով կարող էր պետք գալ ստուգարքի ժամանակ: Ուսանողները սկսեցին պատրաստվել՝ խոշորացույցի օգնությամբ, հնարավորինս մանր տառերով գրելով այն բաները, որոնք կարող էին անհրաժեշտ լինել ավարտականի ժամանակ: Եկավ ավարտականի օրը և երիտասարդը մտավ դասարան։ Նրա հետ էր կրկնուսույցը։ Դասախոսը հարցրեց, թե նրանք ինչո՞ւ են երկուսով։ Երիտասարդը մի դատարկ թուղթ հանեց և դրեց հատակին։ Ապա կրկնուսույցը կանգնեց այդ թղթի վրա: Երիտասարդն ասաց. «Դուք ասել էիք, որ ես կարող եմ այս թղթի վրա տեղավորել ինչ ուզում եմ: Դե ուրեմն, ուզում եմ տեղավորել իմ կրկնուսույցին»։ Երիտասարդին թույլ տվեցին հանձնել ստուգարքը, որի ընթացքում կրկնուսույցը հուշում էր նրան պատասխանները։

Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ, որոնց տրվել է Սուրբ Հոգու պարգևը, մենք ինչո՞ւ պետք է որևէ փորձության միջով անցնենք առանց մեզ հասանելի օգնության: Շնորհակալ եմ, որ ձգտում եք արժանի լինել Սուրբ Հոգուն ձեր կյանքի բոլոր ասպարեզներում և փնտրել Նրա ազդեցությունն այն ամենում, ինչ անում եք:

Ես աղոթում եմ, որ մեր երիտասարդությունը և չափահաս երիտասարդները ճանաչեն մեր Երկնային Հորը, և իմանալով, թե ով է Նա, իմանան, թե իրենք ով են։ Նրա ներելու զորության շնորհիվ երիտասարդները կարող են մաքրվել: Նրա բժշկելու զորության շնորհիվ նրանք կարող են ամբողջանալ: Եվ Նրա մաքրագործող զորությամբ նրանք կնմանվեն Աստծուն: Որպես Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչներ, ովքեր ուսուցանում են Նրա վարդապետությունը և տարածում Նրա սերը, դուք կկարողանաք օգնել երիտասարդներին ճանաչել իրենց հավերժական ինքնությունը: Դա չի նշանակում, որ դուք միշտ կատարյալ կլինեք։ Պարտադիր չէ, որ դուք այդպիսին լինեք։ Երբ դուք ջանաք ուսուցանել վերականգնված ավետարանը՝ կենտրոնանալով Հիսուս Քրիստոսի վրա, կենտրոնալով ձեր ուսանողների վրա և արմատավորվելով Աստծո խոսքի մեջ, Սուրբ Հոգին կյանքի կկոչի և կտա իմաստավորում և վկայություն դրա ճշմարտացիության մասին: Ես վկայում եմ, որ դուք, ձեր ընտանիքները և ձեր ուսանողները խոստումի զավակներ եք, Իսրայելի հույսը և Աստծո սիրելիները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Henry B. Eyring, “A Steady, Upward Course” (Brigham Young University–Idaho devotional, Sept. 18, 2001), 8, byui.edu.

  2. Տես Հայտնություն 12․11։

  3. Russell M. Nelson and Wendy W. Nelson, “Hope of Israel” (worldwide youth devotional, June 3, 2018), supplement to the New Era and Ensign, 12, ChurchofJesusChrist.org.

  4. (Ռասսել Մ․ Նելսոն, «Կանգնեք որպես իսկական հազարամյակցիներ», Ensign, հոկտեմբեր 2016, 24)

  5. Russell M. Nelson, “Hope of Israel,” ChurchofJesusChrist.org.

  6. J. Reuben Clark Jr., The Charted Course of the Church in Education , rev. ed. (1994; address to Church Educational System religious educators, Aug. 8, 1938), ChurchofJesusChrist.org.

  7. Բ Տիմոթեոս 3․7։

  8. 2 Նեփի 15.20:

  9. 2 Նեփի 7.11:

  10. Տես Վարդապետություն և Ուխտեր 95․6:

  11. 3 Նեփի 20․25-26:

  12. Տես Ալմա 11․37, 40:

  13. Սա Մովսես 1 գլխում ուսուցանվող գաղափարներից է, որտեղ Տերը հայտնում է Մովսեսին՝ «Ես եմ Ամենազոր Տեր Աստվածը» (հատված 3), «Դու իմ որդին ես» (հատված 4), «Ես աշխատանք ունեմ քեզ համար» հատված 6

  14. Նախագահ Բոյդ Ք․ Փաքերն ասել է․ «Երբ մենք սկսում ենք վերլուծել ինքներս մեզ և ձգտում ենք կատարելագործել մեզ որպես ուսուցիչներ, ի՞նչ ավելի լավ օրինակ կարող ենք գտնել … քան վերլուծել մեր գաղափարները, նպատակներն ու մեթոդները, և համեմատել դրանք Հիսուս Քրիստոսի գաղափարների, նպատակների և մեթոդների հետ»։ (Teach Ye Diligently [1991], 22–22). Ավելի ուշ նա հավելել է․ «Ես համոզված եմ, որ այնքանով, որքանով դուք գործում եք ձեր պարտավորվածության ու ստանձնած պատասխանատվության համաձայն, Քրիստոսի պատկերը կփորագրվի ձեր դեմքին: Եվ բոլոր գործնական նպատակների համար, այդ դասարանում, այդ ժամանակ, և այդ արտահայտությամբ ու այդ ոգեշնչմամբ, դուք Նա եք և Նա դուք եք» (“The Ideal Teacher” [address to seminary and institute faculty, June 28, 1962])։

  15. 2 Նեփի 25.26:

  16. Ալմա 31․5։

  17. J. Reuben Clark Jr., The Charted Course of the Church in Education , ChurchofJesusChrist.org.

  18. Տես Հովհաննես 15․1-5։

  19. Տես 3 Նեփի 18․24, Մորոնի 7․48, Հովհաննես 13․35։

  20. Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ երբ երիտասարդները հոգևորապես աճում են, դա տեղի է ունենում, երբ նրանք ավելի են մոտենում Երկնային Հորը, ունենում են հոգևոր նպատակ, որին փորձում են հասնել, կամ գիտակցում են, որ ինչ-որ բանի կարիք ունեն, և հավատում են, որ Եկեղեցին և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կօգնեն այդ կարիքը բավարարելու հարցում։

  21. To better understand how to create belonging, I recommend a talk by Phillip D. Rash called “Looking to the Margins: Creating Belonging” at speeches.byu.edu.

  22. Տես Բրեդլի Ռ․ Վիլկոքս, «Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն», Լիահոնա, նոյեմբեր 2021, 61-67։

  23. «‘K-P-R’ {כ-פ-ר} կամ ‘Yom Kippur’ բառի բնօրինակ եբրայերեն արմատը նշանակում է «ծածկել» և կարելի է գտնել «Ուխտի տապանակի» «Ողորմության աթոռի» բնօրինակ եբրայերեն անվամբ, որը եբրայերեն Աստվածաշնչում կոչվում է ‘Kaporet’ {כפורת} («ծածկել»)։ «Ծածկելու» հասկացությունը աստվածաշնչյան եբրայերենում կարելի է նաև վերացական ձևով հասկանալ որպես «ծածկել մեղքերը», այսինքն՝ «շնորհել քավություն»։ Ավելի հստակ՝ հրեական օրացույցի ամենասուրբ օրվա անգլերեն անվանումն է՝ «Քավության օր» (‘Yom Kippur’)” (“What Is the Deeper Hebrew Meaning of ‘Yom Kippur’?,” hebrewversity.com։

Տպել