Ամենամյա հեռարձակումներ
Սեմինարիան օրհնել է իմ կյանքը


Սեմինարիան օրհնել է իմ կյանքը

Ս&Ի 2022 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում նախագահ Բալլարդի հետ

Ուրբաթ, 21 հունվարի 2022 թ․

Բարի լո՛ւյս։ Անշուշտ, դուք այս առավոտ լավ ուսուցանվեցիք, և ես հաստատում եմ այն ամենը, ինչ դուք լսեցիք մինչ այժմ և աղոթում եմ, որ Տերն օգնի ինձ լրացնել այս հրաշալի ուսուցմանը, որը մենք անցկացնում ենք ձեզ հետ, ովքեր այդքան մեծ պատասխանատվություն ունեն: Հաճելի է ձեզ հետ գտնվել այստեղ։ Ուզում եմ իմ սերը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին և հուսով եմ, որ դուք էլ այդ սերը կփոխանցեք ձեր ընտանիքի անդամներին: Առաջին Նախագահության անդամները և Տասներկու Առաքյալների Քվորումը իր սերն է փոխանցում ձեզ։ Մենք երախտապարտ ենք Հիսուս Քրիստոսի ավետարանը ուսուցանելու ձեր արտասովոր և հավատարիմ ջանքերի համար, որոնք կօրհնեն Եկեղեցու մեր երիտասարդ անդամների կյանքը և կամրապնդեն վկայությունները:

Ցանկանում եմ սկսել՝ պատմելով ձեզ, թե սեմինարիան ինչպես է օրհնել իմ կյանքը: Այն արմատավորել է ավետարանի վկայության սերմերը և օգնել է ինձ պատրաստվել իմ միսիայի և ղեկավարման հնարավորություններին:

Ինչպես գիտեք, ես մարգարե Ջոզեֆ Սմիթի ավագ եղբայր Հայրում Սմիթի ժառանգն եմ։ Մայրս նույնպես Սմիթ է և ես նաև Եկեղեցու վեցերորդ նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի ժառանգն եմ: Ես նաև երկու առաքյալների՝ մորս կողմից երեց Հայրում Մակ Սմիթի և հորս կողմից երեց Մելվին Ջ. Բալլարդի թոռն եմ:

Գուցե դուք մտածեք, որ ունենալով այսպիսի նախահայրեր, դեռահաս տարիքում ես պետք է շատ լավ իմանայի ավետարանը։ Սակայն դա այդպես չէր։ Թույլ տվեք մի փոքր ավելին պատմել իմ ծնողների և իմ կյանքի այն ժամանակահատվածի մասին, որը նախորդել է իմ միսիոներական ծառայությանը:

Հայրս ուներ մեքենաների իր սեփական միջնորդական կազմակերպությունը: 1929 թվականին, երբ ես ընդամենը 10 ամսական էի, սկսվեց Մեծ ճգնաժամը։ Ճգնաժամի հետևանքով առաջացած տնտեսական մարտահրավերները անհաջող շրջադարձ հանդիսացան ծնողներիս և մեր ընտանիքի համար և հատկապես հորս համար։ Այդ դժվարին ժամանակաշրջանում նա այնքան զբաղված էր ընտանիքն ապահովելու խնդրով, որ դադարեց ակտիվ լինել Եկեղեցում:

Ավելի ուշ, երբ ես մեծ էի, և մեր ֆինանսական վիճակը կայունացավ, հայրս սեփականություն գնեց Սոլթ Լեյք Սիթիից արևելք գտնվող լեռներում: Կիրակի օրերին նա ժամանակ էր հատկացնում տնակի կառուցմանը, և մենք բոլորս աշխատում էինք նրա հետ: Մենք ընտանիքով չէինք հաճախում Եկեղեցու ժողովներին:

Եկեղեցու միջոցառումներից ծնողներիս հեռանալը չխանգարեց, որ ես իմ լավ ընկերների հետ հաճախեմ երկրպագության ծառայություններին, ինչը ես անում էի, երբ մեր ընտանիքը տանն էր, կամ աղոթում էի թանկագին մորս հետ: Այնուամենայնիվ, ես չէի հաճախում սեմինարիա:

Երբ ավագ դպրոցի նախավերջին դասարանում էի, իմ ընկեր Նեդրա Մորթենսենը հարցրեց ինձ, թե ինչու չեմ հաճախում վաղ առավոտյան սեմինարիա: Հաջորդ օրը և այդ ժամանակից ի վեր ես ամեն օր մասնակցում էի սեմինարիայի դասերին: Վաղ առավոտյան սեմինարիան սկսվում էր առավոտյան 6:30-ին: Ավագ դպրոցի համար դա շուտ էր՝ առնվազն ինձ համար շուտ էր։ Հիշում եմ, թե ինչպես էի ձմռան այդ ցուրտ, ձյունառատ առավոտներին գնում սեմինարիա: Ավարտական դասարան փոխադրվելուց հետո ես ընտրվեցի East High School-ի սեմինարիայի նախագահ։

Սեմինարիա հաճախելը այն քայլերից մեկն էր, որն ինձ ճիշտ ուղու վրա դրեց իմ կյանքում։ Սեմինարիայում ես զգացմունքային ոգեշնչում ստացա և վկայության սերմերը արմատավորվեցին են իմ հոգում։ Ես չեմ հիշում այն ամենը, ինչ ուսուցանում էին, բայց հիշում եմ, թե ինչ էի զգում, երբ այնտեղ էի: Հիշում եմ նաև այն զգացումը, որ ես, կարծես, յուրայինների մեջ էի։

Ես երախտապարտ եմ իմ սեմինարիայի ուսուցիչներին, ովքեր, ինչպես ձեզնից յուրաքանչյուրը, այդքան շատ ժամանակ էին հատկացնում Հոգին հրավիրող իմաստալի դասեր պատրաստելու համար:

Ես նաև շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներին, ովքեր ուսուցանել են իմ զավակներին։ Տարիներ շարունակ մենք ընտանիքով ուսումնասիրում էինք ավետարանը, բայց այն օժանդակ ուսուցումը, որը նրանք ստացան սեմինարիայում, օրհնեց նրանց կյանքը, և շարունակում է օրհնել նրանց: Ես նաև շնորհակալ եմ այն ուսուցիչներին, ովքեր ուսուցանել են և ուսուցանում են իմ թոռներին ու ծոռներին․ ի դեպ հենց նոր ծնվեց մեր 100-րդ ծոռը։ Ամբողջ Եկեղեցու բոլոր ծնողների և տատիկների ու պապիկների անունից ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն զոհաբերությունների համար, որ դուք կատարում եք՝ նախապատրաստելով, ուսուցանելով, սիրելով և հրավիրելով Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրին գալ Իր Որդու՝ Տեր Հիսուս Քրիստոսի մոտ:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, դուք կարևոր եք Տիրոջ համար և Նրա ծրագրի համար: Ձեզանից յուրաքանչյուրն իր դերն ունի այս թանկագին երիտասարդների սրտերը փոխելու գործում: Ձեր աշխատանքն ու ջանքերը չափազանց կարևոր են աճող սերնդին զորացնելու և Աստծո արքայության կառուցման համար: Խնդրում եմ իմացեք, որ մենք անչափ երախտապարտ ենք ծառայելու ձեր պատրաստակամության և ձեր հավատարիմ ջանքերի համար, որոնց միջոցով ուսուցանում և ղեկավարում եք Սեմինարիայի և ինստիտուտի ծրագրերն ամբողջ աշխարհում:

Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում երեց Հոլլանդին և գործադիր հանձնախմբին, երեց Քլարկ Գիլբերթին՝ որպես հանձնակատարի, և եղբայր Չադ Վեբին՝ որպես կառավարչի։ Եվ բաժնի բոլոր ղեկավարներին, աշխատակազմի անդամներին և բոլոր ուսուցիչներին: Մեն սիրում ենք ձեզ, երախտապարտ ենք ձեզ և շնորհակալ ենք կրոնական կրթության մեջ ձեր նվիրական ջանքերի համար։

Ինչպես նշեցի ավելի վաղ, սեմինարիա հաճախելն օգնեց ինձ վկայություն ձեռք բերել և առաջ շարժվել ուխտի ճանապարհով: Դրա շնորհիվ ես կարողացա օգնել ծնողներիս դառնալ ակտիվ: Ես ծառայեցի միսիայում, որը հավանաբար տեղի չէր ունենա, եթե չլինեին լավ ընկերները, որոնց հետ ես պատահաբար ծանոթացա սեմինարիայում, և ովքեր առաջարկեցին, որ ես նույնպես պետք է ծառայեմ միսիայում:

Երբ միսիա գնալուց առաջ ես ելույթ ունեցա հաղորդության ժողովին, հայրս ներկա էր, քանի որ ուզում էր լսել իմ ելույթը: Որքան հիշում եմ, դա իմ կյանքում առաջին անգամն էր, որ հայրս ինձ հետ եկեղեցի էր հաճախում: Երբ տուն վերադարձա միսիայից, ծնողներիս հետ խոսեցի մեր Եկեղեցու ժողովներին հաճախելու կարևորության մասին: Ծնողներս որոշեցին վերադառնալ և ակտիվ դառնալ Եկեղեցում, և նրանք ընդունեցին տարբեր կոչումներ ու հանձնարարություններ իրենց ողջ կյանքի ընթացքում:

Վերջերս Եկեղեցին որոշ վերլուծություններ կատարեց Յուտայում ապրող երիտասարդների վերաբերյալ: Միացյալ ցուցանիշներից մեկը, որի դեպքում «հավանականությունը մեծ» կլիներ, որ հինգ տարի անց երիտասարդները կմասնակցեն Եկեղեցու միջոցառումներին, այն պայմանն էր, որ նրանք հաճախեին սեմինարիա և ունենային տաճարային երաշխավորագիր: 1

Եկեղեցու Հարաբերությունների հետազոտման բաժինը նաև ուսումնասիրել է սեմինարիայի, ինստիտուտի և Եկեղեցու քոլեջների ազդեցությունը: Նրանց ուսումնասիրությունը ապացուցեց, որ սեմինարիան առաջատար ազդեցություն է թողել Եկեղեցու երկարամյա գործունեության, վկայության, պատկանելության զգացումների, Հոգին զգալու, անձնական նվիրվածության և ընտանեկան նվիրվածության վրա: 2

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, դուք մեծ դրական ազդեցություն եք թողնում: Նվիրվածության հզոր ոգի է ճառագում ձեզնից՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ: Շնորհակալ եմ, որ կրում եք այդ ոգին ձեր ողջ կյանքում և այդ ոգով կիսվում եք ձեր դասարանի անդամների հետ։ Շնորհակալ եմ, որ փոխում եք մեր երիտասարդների և չափահաս երիտասարդների սրտերը։

Երբ մտածում եմ նրանց սրտերը փոխելու և ուսուցանելու մեր պատասխանատվության մասին, հիշում եմ մի փորձառություն, որն ունեցել եմ Սոլթ Լեյքի Տաճարում շատ տարիներ առաջ: Սոլթ Լեյքի Տաճարի չորրորդ հարկում կայացած վկայության ժողովի ժամանակ նախագահ Գորդոն Բ. Հինքլին վկայեց մարդկանց կողմից ավետարանի սկզբունքները կիրառելու և նրան խարսխված մնալու կարևորության մասին: Նա ասաց, որ ավետարանի սկզբունքները կիրառելու համար մարդիկ ոչ միայն մտավոր դարձի կարիք ունեն. նրանց անհրաժեշտ է նաև հոգևոր դարձ։ Նա ասաց, որ մենք պետք է կարողանանք ավետարանի նկատմամբ մեր երախտագիտության զգացումը մեր մտքից փոխանցել մեր սրտերը: Շնորհակալություն, որ օգնում եք ձեր ուսանողներին այդ հարցում։

2015 թվականի հունիսի 25-ին Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ դառնալուց մի քանի շաբաթ առաջ Ռասսել Մ. Նելսոնը, ով այդ ժամանակ ծառայում էր որպես Միսիոներական Գործադիր խորհրդի նախագահ, ելույթ ունեցավ 2015 թվականի միսիայի ղեկավարների սեմինարին: Նա ուսուցանեց այն մասին, որ միսիոներները դառնում են Տիրոջ նամակները: Նա ասաց. «Մենք՝ որպես Տիրոջ գործակալներ, արտոնություն ունենք քարոզելու Նրա ավետարանը: Պողոս Առաքյալը ուսուցանեց մի զարմանալի սկզբունք։ Նա հայտարարեց, որ յուրաքանչյուր գործակալ, յուրաքանչյուր աշակերտ, այո՛, յուրաքանչյուր միսիոներ կարող է դառնալ կենդանի «Քրիստոսի թուղթն … գրուած՝ ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստուծոյ Հոգովը. [փորագրված] սրտի մարմնեղէն տախտակների վերայ» [Բ Կորնթացիս 3․3]»։ 3 Ես վկայում եմ, որ ավետարանը կփոխի սեմինարիա հաճախող յուրաքանչյուր ուսանողի․ ավետարանը կգրվի նրանց սրտի մարմնեղեն տախտակների վրա:

Շնորհակալություն ձեր անձնական պատրաստության համար, որի շնորհիվ լավ եք ուսուցանում Հիսուս Քրիստոսի ավետարանը, որպեսզի Հոգին կարողանա փոխել մեր Երկնային Հոր զավակների սրտերը:

Այսօրվա հակասական աշխարհում այս երիտասարդներն ունեն ուրախության և խաղաղության կարիք, որն առաջարկում է Փրկիչ Հիսուս Քրիստոսը՝ Իր ավետարանի միջոցով: Իրենց սրտերում նրանք պետք է զգան այն սերը, որը մեր Փրկիչը տածում է նրանցից յուրաքանչյուրի հանդեպ:

Թույլ տվեք խոսել ապագա ղեկավարներ պատրաստելու մասին: Դուք գիտեք, որ այսօրվա երիտասարդներն ու չափահաս երիտասարդները մեր ապագա ղեկավարներն են: Նրանք կղեկավարեն կամ արդեն ղեկավարում են իրենց ընտանիքները: Նրանք ազդեցություն կունենան իրենց հարևանների և համայնքների վրա: Բոլորը կլինեն ղեկավարներ, երբ նրանք ուսուցանեն՝ Եկեղեցում, տանը, դպրոցում կամ համայնքում: Ոմանք կծառայեն Երեխաների միության, Երիտասարդ կանանց կազմակերպություններում կամ նույնիսկ նախագահություններում: Ոմանք կծառայեն եպիսկոպոսություններում, որպես ցցի նախագահ կամ միսիայի ղեկավարներ: Ոմանք կղեկավարեն համաշխարհային Եկեղեցին 20-30 տարի անց: Դուք ուսուցանում եք երիտասարդների ապագա ճակատագրի համար, որն այս պահին չգիտեք կամ չեք հասկանում: Հնարավոր է, որ ձեր դասարաններից մեկում լինի Տասներկու Առաքյալների Քվորումի ապագա անդամը: Դուք դա չգիտեք, բայց թող Տերը օրհնի ձեզ, որ ուսուցանեք այնպես, կարծես թե դուք դա գիտեք:

Եկեղեցու լավ ղեկավարներ լինելու համար նախ մեր երիտասարդները պետք է լավ ղեկավարներ լինեն իրենց ընտանիքներում: Ուսուցանեք նրանց, հատկապես երիտասարդ տղամարդկանց, որ «ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ, միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով. բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց կեղծավորության ու առանց նենգության»: 4

Խնդրում եմ, որ որպես ուսուցիչներ կենտրոնանաք և օգտակար լինեք նրանց կյանքում, ում ուսուցանում եք: Դուք նրանց չեք պատրաստում պարզապես միսիոներական ծառայության կամ քոլեջ գնալու համար: Դուք նրանց պատրաստում եք, որ դառնան լավ ծնողներ։ Դուք նրանց պատրաստում եք, որ դառնան Եկեղեցու լավ անդամներ և ղեկավարներ։ Դուք նրանց պատրաստում եք, որ հաջողակ լինեն իրենց բոլոր գործերում։ Երբ նայեք ձեր ուսանողներին, պատկերացրեք, թե նրանք ինչ են անելու 5, 10 կամ 20 տարի հետո, ապա ոգեշնչում փնտրեք երկնքից՝ իմանալու համար, թե ինչպես կարող եք օգնել նրանց պատրաստվել դրան:

Տվեք նրանց ղեկավարելու հնարավորություն: Ինչպես նշեցի ավելի վաղ, ավարտական դասարանում ես եղել եմ East High School-ի սեմինարիայի նախագահ։ Ուսուցիչներս ռիսկի դիմեցին՝ թույլ տալով, որ ես լինեմ նախագահ: Ես սկսեցի սեմինարիա հաճախել նախավերջին դասարանում։ Ես սեմինարիայի այն ուսանողը չէի, ով երկար տարիներ հաճախելու փորձառություն ուներ: Հուսով եմ, որ դուք ուշադիր կլինեք ներուժ ունեցող երիտասարդ կնոջ կամ երիտասարդի հանդեպ և հնարավորություն կտաք նրան: Օգնեք, որ ուսանողները մի փոքր ճիգեր գործադրեն։ Պարզապես ինքնուրույն մի թողեք նրանց և ակնկալեք, որ նրանք կղեկավարեն: Փոխարենը՝ ուսուցանեք նրանց, թե ինչպես ղեկավարել, ապա թույլ տվեք, որ նրանք ղեկավարեն, իսկ հետո շարունակեք ուսուցանել նրանց ավելի լավ անել դա։

Օրինակ, երբ նոր Բարձրագույն Իշխանություն Յոթանասունականներ են կանչվում, մենք հրահանգավորման և ուսուցման հնարավորություններ ենք տալիս նրանց, նախքան նրանք կանցնեն իրենց աշխարհիկ առանձին հանձնարարություններին: Մենք նրանց հետ հանձնարարություններ ենք կատարում։ Այս մարդիկ Եկեղեցու ղեկավարման նշանակալի փորձ ունեցող տղամարդիկ են․ այնուամենայնիվ, մենք շարունակում ենք ուսուցանել նրանց, նախքան նրանց ինքնուրույն գործելու հնարավորություն կտանք: Տարվա ընթացքում մի քանի անգամ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները մասնակցում են Յոթանասունի ժողովներին՝ տալով հրահանգներ, որոնք օգնում են նրանց ամրացնել իրենց վկայությունները և լինել ավելի արդյունավետ ղեկավարներ: Ես նույնիսկ կավելացնեմ, որ մենք առիթ ենք ունենում ուսուցանելու միմյանց Տասներկուսի Քվորումում, ճանապարհորդելու միմյանց հետ և սովորելու միմյանցից: Երևի մտածում եք, որ երբ մենք երկար ժամանակ մեր ծառայության մեջ ենք, մենք կիմանանք այդ ամենը: Ո՛չ, աշխարհը փոխվում է և մարդկանց կարիքները տարբեր են, հատկապես՝ աշխարհի տարբեր վայրերում: Այսպիսով, մենք՝ որպես Տասներկուսի Քվորումի անդամներ, անհամբեր սպասում և ակնկալում ենք ուսուցանել միմյանց, թե որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներ ինչպես ավելի լավ կատարենք մեր պարտականությունը:

Ես ձեզ խնդրում եմ օգնել մեր ապագա ղեկավարներին։ Շատերը ցանկանում են սովորել ձեր ղեկավարման փորձից: Որպես սեմինարիայի և ինստիտուտի ուսանողներ նրանց հետ անցկացրած ձեր ժամանակը կարճ է, սակայն բաց չթողնեք այն պահերը, երբ դուք կարող եք ազդեցություն թողնել յուրաքանչյուրի վրա:

Թույլ տվեք նշել հարցերին ճշգրիտ արձագանքելու անհրաժեշտությունը։ Մենք բոլորս գիտենք, որ հարցերը սովորելու հրաշալի միջոց են ուսանողների համար։ Հարցերի մեծամասնությունը ցույց է տալիս սովորելու ցանկություն: Խնդրում եմ, որ խրախուսեք ուսանողներին հարցեր տալ, ապա օգնեք նրանց սովորել, թե ինչպես գտնել պատասխաններ՝ ուսումնասիրության և աղոթքի միջոցով: Ավետարանը տալիս է կյանքի շատ հարցերի պատասխանները: Այնուամենայնիվ, կլինեն այնպիսի հարցեր, որոնց չի հաջողվի պատասխանել, քանի որ պատշաճ պատասխանի համար մենք չունենք անհրաժեշտ տեղեկատվությունը: Այդ իրավիճակներում ենթադրություններ մի արեք։ Նորմալ է, եթե ասում ենք՝ «չգիտեմ» կամ «չգիտենք»։ Մենք միշտ ապահով և պաշտպանված կլինենք, երբ ուսուցանենք ճշմարտությունը, երբ սովորեցնենք այն, ինչ գիտենք: Մի շեղվեք ճշմարտությունից և ենթադրություններ մի կառուցեք այն ամենի շուրջ, ինչը մենք դեռ չենք հասկանում: Շատ դեպքերում դուք կարող եք տրամադրել որևէ հատվածի կամ ավետարանի վարդապետության, Եկեղեցու պատմության կամ հասկանալի այլ թեմաների վերաբերյալ անկեղծ, մտածված և ճշգրիտ մեկնաբանություններ: Ես խրախուսում եմ ձեզ չշեղվել ձեզ տրված ուսումնական ծրագրից և օգտվել հեղինակավոր աղբյուրներից:

Մի բարդացրեք։ Ես այնքան եմ օգտագործել այդ արտահայտությունն իմ ամբողջ կյանքի ընթացքում, որ երեխաներս այդ արտահայտությունը գրեցին տապանաքարին, որտեղ պառկած է սիրելի կինս՝ Բարբարան, և մի օր ես կպառկեմ նրա կողքին: Եվ այդ տապանաքարին գրված է «Մի բարդացրեք»։ Երբ ես մահանամ, հուսով եմ, որ բոլորը կհասկանան, որ դա մի բան էր, որն իմ կարծիքով կարևոր էր: Ավետարանը մի բարդացրեք։ Դա պարզ ու գեղեցիկ է և հստակ ու հիանալի է: Երբ դուք ուսուցանում եք ավետարանը, մի բարդացրեք այն, և հաճախ վկայեք մեր Փրկիչ՝ Տեր Հիսուս Քրիստոսի ծառայության և աստվածային առաքելության մասին:

Հիշեք, որ Նեփին հրճվում էր պարզությամբ: 5 Նա ուսուցանեց, որ «մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»։ 6 Ես վկայում եմ, որ երբ դուք ուսուցանեք, քարոզեք և վկայեք Քրիստոսի մասին, ձեր ուսանողները կզգան ձեր վկայությունը և կուրախանան Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի բարությամբ:

Ես երեց Մելվին Ջ. Բալլարդի թոռն եմ։ Նա առաքյալ է ծառայել 20 տարի։ Ես 11 տարեկան էի, երբ նա մահացավ: Երբ ես բավականաչափ հասունացա՝ գիտակցեցի, որ պապիկիս Առաքյալ ծառայելու ժամանակ շատերն են լսել նրան քարոզչելիս, լսել նրան ուսուցանելիս: Ես անընդհատ հարցնում էի տարբեր մարդկանց տարբեր վայրերում, ամբողջ աշխարհում, ովքեր լսել էին, թե ինչպես է նա ուսուցանում և քարոզում ավետարանը: Եվ գրեթե միշտ նույն պատասխան էի ստանում. «Ես հստակ չեմ հիշում, թե ինչ է նա ասել», - ասում էին մարդիկ, - «բայց ես երբեք, երբեք չեմ մոռանա, թե ինչ զգացի»: Թող նրանք, ում ուսուցանում ենք, չհիշեն մեր խոսքերը, բայց թող երբեք չմոռանան, թե ինչ են զգում, երբ մենք սովորեցնում ենք Հիսուս Քրիստոսի պարզ ու գեղեցիկ վարդապետությունները:

Ես խոսեցի այն մասին, թե որքան կարևոր են ուսուցչի և կառավարչի մեր պարտականությունները։ Այդ պարտականությունները կարևոր են և անհրաժեշտ: Այնուամենայնիվ, սեփական ընտանիքում ձեր պարտականություններն ավելի մեծ են։ Մենք այստեղ ենք՝ այս երկրի վրա, որպեսզի դառնանք մեր մեծ ընտանիքների մի մասը՝ այդ ընտանիքներում մեր սեփական մասը ստեղծելու և ձևավորելու ունակությամբ: Մեր ընտանեկան հանգամանքները տարբեր են: Ինչպիսին էլ որ լինեն ձեր հանգամանքները, խնդրում եմ, սնուցեք և ամրապնդեք այդ ընտանեկան հարաբերությունները: Նրանք, ովքեր ամուսնացած են, ժամանակ անցկացրեք ձեր ամուսնու կամ կնոջ հետ: Խորհուրդ հարցրեք ձեր ամուսնուց կամ կնոջից և հետևեք դրան: Ես ավելի լավ հայր, ամուսին և Եկեղեցու ղեկավար էի իմ սիրելի կնոջ՝ Բարբարայի բարի, սիրառատ խորհուրդների շնորհիվ: Նրանք, ովքեր ամուսնացած չեն, խորհուրդ հարցրեք ձեր ծնողներից, ընտանիքի մյուս անդամներից կամ այն մարդուց, ում վստահում եք: Մենք բոլորս պետք է կառուցենք մեր ընտանեկան հարաբերությունները, քանի որ դրանք կշարունակվեն այս կյանքից հետո: Այս ծրագրում ձեր պարտականությունները կամ ուսուցչի կոչումը կավարտվի, բայց ձեր ընտանեկան հարաբերությունները հավերժ են:

Իմ սիրով ասված ելույթի ավարտին ես մտածում եմ այն ուրախության մասին, որ ձեզ հետ միասին այս կարևոր և փառահեղ աշխատանքի մի մասն եմ կազմում: Ես զգում եմ նույն ուրախությունը, ինչ զգաց Ամմոնը, երբ ասաց իր եղբայրներին և գործընկերներին․

«Ինչպիսի մեծ պատճառ ունենք մենք ցնծալու:…

Մենք Աստծո ձեռքում գործիքներ դարձվեցինք՝ իրականացնելու այս մեծ աշխատանքը:…

Օրհնվա՛ծ լինի անունը մեր Աստծո. եկե՛ք գովք երգենք նրան, այո, եկե՛ք գոհություն հայտնենք նրա սուրբ անվանը, քանզի նա արդարություն է գործում հավիտյան: …

Իմ ուրախությունը լիակատար է, այո, իմ սիրտը մինչև պռունկը լցված է ուրախությամբ, և ես կցնծամ իմ Աստծով»: 7

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր և ընկերակից ուսուցիչներ, և ես ասում եմ ընկերակից ուսուցիչներ, որովհետև Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների հիմնական պարտականությունը ուսուցանելն է: Ես վկայում եմ, որ լինելով Երկնային Հոր զավակները, մենք կարող ենք զգալ ավետարանի ուրախությունն ու խաղաղությունը, երբ ապրենք դրանով և ուսուցանենք այն, երբ հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին և քայլենք ճշմարտությամբ:

Հիսուս Քրիստոսի կյանքը, սպասավորությունը և ավետարանը շնորհում են այդ ուրախությունը: Նոր Կտակարանում Հիսուսն ասել է Իր աշակերտներին․ «Բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի»։ 8

Լեքի մարգարեն ճաշակեց ավետարանի պտղի ուրախությունը և ցանկացավ, որ իր ընտանիքը նույնպես ճաշակի այն: Նա ասաց․ «Եվ, երբ ես ճաշակեցի դրա պտղից, այն լցրեց իմ հոգին չափազանց մեծ ուրախությամբ. ուստի, ես սկսեցի փափագել, որ իմ ընտանիքն էլ ճաշակի դրանից. քանի որ գիտեի, որ այն բաղձալի է բոլոր մյուս պտուղներից ավելի»։ 9

Համոզված եմ, որ մենք զգում ենք նույնը, ինչ Հովհաննես առաքյալն էր զգում, երբ ասում էր․ «Սորանից աւելի մեծ ուրախութիւն չունիմ, որ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեան մէջ են գնում»։ 10

Հիասթափությունների, տարաձայնությունների, դժգոհության, խտրականության, անհարգալից վերաբերմունքի, հուսալքության և նեղությունների պատճառով այսօրվա աշխարհն անհանգիստ է։ Հիսուս Քրիստոսի ավետարանը կարող է մեզ օգնել այս դժվարին ժամանակներում: Լեքի մարգարեն ուսուցանել է Տիրոջ կողմից հայտնի դարձված մի պարզ սկզբունք: Նա ասել է. «Մարդիկ [և կանայք] կան, որպեսզի ունենան ուրախություն»։ 11

Տիրոջ անունով և սուրբ առաքելությամբ և միջոցով ես խնդրում եմ Տիրոջ օրհնությունը ձեզանից յուրաքանչյուրի համար, որ ուրախություն գտնեք ձեր ընտանիքներում, ուրախություն գտնեք ավետարանում և ուրախություն գտնեք՝ Եկեղեցու սեմինարիայի և ինստիտուտի այս հրաշալի ծրագրում ստանձնած ուսուցչի և կառավարչի ձեր պարտականություններում: Կրկին իմ սերն եմ հայտնում ձեզանից յուրաքանչյուրին և ձեր ուսանողներին:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, և սա Նրա Եկեղեցին է և սա Նրա ավետարանն է: Թող Տերը օրհնի ձեզ, իմ սիրելի ընկերակից ուսուցիչներ, որ մենք ամբողջ սրտով փոխենք ոչ միայն մտքերը, այլ մեր Հոր ավելի շատ զավակների սրտերը, ովքեր պետք է իմանան, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Նա բարձրացրել է մարգարե, նույնիսկ Ջոզեֆին, և վերականգնել է հավիտենական ավետարանի լրիվությունը, և որ այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս կյանքում խաղաղություն և ուրախություն գտնելու համար, կրկին հայտնությամբ տրվել է և գտնվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի անունից ես օրհնում եմ ձեզ և ձեր ընտանիքներին: Եվ սա անում եմ խոնարհաբար՝ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Տպել