Ամենամյա հեռարձակումներ
Հիսուս Քրիստոսի ավետարանը զարմանալի է


Հիսուս Քրիստոսի ավետարանը զարմանալի է

Ս&Ի 2022 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում Նախագահ Բալլարդի հետ

Ուրբաթ, 21 hունվար, 2022 թ․

Նախաբան

Թույլ տվեք սկսել` արտահայտելով իմ երախտագիտությունն այն ամենի համար, ինչ դուք անում եք, որպեսզի օգնեք ամբողջ Եկեղեցու երիտասարդությանը և չափահաս երիտասարդներին կատարելագործվել: Եկեղեցու ապագան բառացիորեն գտնվում է ձեր դասարաններում, և ինձ ոգեշնչում է այն եղանակը, որով դուք ծառայում և հոգ եք տանում ձեր ուսանողների մասին: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուս Քրիստոսի ավետարանը զարմանալի է:

Այսօր ես կկամենայի խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք ավելի արդյունավետ ուսուցանել հավատքի, վկայության և Հիսուս Քրիստոսի ավետարանի զարմանալի էության մասին:

Իմ թեման ներկայացնելու համար ես կնկարագրեմ արվեստի մի գործ, որով ես երկար ժամանակ հիանում էի, բայց երբեմն նույնիսկ սովորական էի համարում: Տարիներ առաջ իմ ընկերը, ով դոցենտ էր Բոստոնի կերպարվեստի թանգարանում, ինձ խորհուրդ տվեց։ Նա առաջարկեց, որ երբ տանը ցուցադրում ենք արվեստի որևէ գործ, կարևոր է ժամանակ առ ժամանակ տեղափոխել այն, որպեսզի խուսափենք դրա ներկայության հանդեպ «կուրանալուց»: Ես ու կինս երկար ժամանակ հիացել ենք Կարավաջոյի ստեղծագործությունով, որը կոչվում է «Սուրբ Մատթեոսի կանչը»: Քանի որ մի քանի տարի շարունակ մեր տանը այդ նկարը կախված էր նույն տեղում, ես հազվադեպ էի կանգ առնում՝ հիանալու դրա վսեմությամբ: Այս աշնանը ես այդ նկարը տարա Եկեղեցու գլխամասային գրասենյակի իմ սենյակը: Ինչևէ, տեսնելով այն նոր տեղում, ես կանգ առա՝ կրկին խորհելու դրա զարմանալի ձևավորման և հոգևոր նշանակության մասին: Ղուկասի գրքում մենք կարդում ենք Մատթեոսի մասին, որտեղ ասվում է. «Եվ նորանից յետոյ Հիսուսը դուրս գնաց եւ մի մաքսաւոր տեսաւ`անունը Ղեւի, մաքս առնելու տեղը նստած, եւ նորան ասեց. Իմ ետեւից եկ: Եւ նա ամեն բան թողեց, վերկացաւ, գնաց նորա ետեւից»: 1 Հետաքրքիր է, որ Կարավաջոն պատկերում է հենց այն պահը, երբ Քրիստոսը հղում է կոչը, բայց նախքան Մատթեոսը կնայեր Փրկիչի հայացքին: Դուք կարող եք տեսնել Քրիստոսի մեկնած ձեռքը և ողջ սենյակում տարածվող լույսը, որն իջնում է դեպի Մատթեոսը, ով սեղանի վերջում է՝ ձեռքերը դեռ իր փողի վրա դրած: Կարավաջոն պատկերել է Մատթեոսին հենց այն պահին, երբ նա որոշում ընդունեց թողնել ամեն բան և հետևել Հիսուս Քրիստոսին: Ամեն անգամ, երբ կանգ եմ առնում նայելու այդ նկարին, ես զարմանում եմ դրա ուղերձից:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուս Քրիստոսի ավետարանը զարմանալի է: Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդյան, կյանքի, ծառայության, Քավության և հարության պատմությունը ամենահիասքանչ պատմությունն է, որ երբևէ պատմվել է: Եվ այնուամենայնիվ, այս վտանգավոր ժամանակներում 2 մենք կարող ենք արագ անցնել այս զարամանալի ուղերձի կողքով, նույնիսկ, երբ ձգտում ենք օգնել այն մարդկանց, ովքեր մաքառումների մեջ են: Ինչպես Նախագահ Նելսոնն է վերջերս ուսուցանել. «Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, սրանք վերջին օրերն են: Եթե ես և դուք ցանկանում ենք դիմակայել գալիք վտանգներին և ճնշումներին, անչափ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը ամուր հոգևոր հիմք ունենա, որը կառուցված է մեր Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի վեմի վրա։ 3

Անդրադառնանք հավատքի վերաբերյալ ուսանողների հարցերին

Այսօր մեր ուսանողներից շատերը բախվում են հավատքին առնչվող մարտահրավերների, որոնք ստիպում են նրանց կասկածի ենթարկել վերականգնված ավետարանը, Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը և նույնիսկ՝ Աստծո ներկայությունն իրենց կյանքում: Ավետարանի հանդեպ թշնամական բովանդակությամբ թվայնացված պատմություններն ավելանում են: Այդ աղբյուրները հավատքի բոլոր մաքառումների պատճառը չեն, բայց դրանք կարող են շատացնել գոյություն ունեցող հարցերը և ներկայացնել նորերը: Թույլ տվեք կիսվել երեք անհատների պատմություններով, որոնց արձագանքը կարող եք տեսնել ձեր ուսանողների կյանքում:

Ստեֆանի. Ստեֆանին մեծացել է Եկեղեցում, բայց միշտ իրեն մերժված էր զգում իր ծխի և ընկերական համայնքի կողմից՝ իր ծնողների ամուսնական խնդիրների պատճառով: Ժամանակի ընթացքում դա հանգեցրեց չարության, որը նա ինչ-որ տեղ կապում էր հենց Եկեղեցու հետ: Ստեֆանին սկսեց ակտիվորեն փնտրել Եկեղեցուն հակասող աղբյուրներ՝ կենտրոնանալով Ջոզեֆ Սմիթի քննադատությունների վրա, բայց անտեսելով որևէ ապացույց նրա մարգարեական դերի վերաբերյալ: Ստեֆանին այժմ օգտագործում է սոցիալական ցանցերը՝ հարձակվելով այն ամենի վրա, ինչը համարում է իր ընկերների մոլորված ու ժամանակավրեպ համոզմունքները: Սա միայն ուժեղացրել է նրա զայրույթը, և այժմ նա ավելի հակված է ընդունել ցանկացած գործ կամ խումբ, որը թշնամական վերաբերմունք ունի Եկեղեցու հանդեպ:

Դեյվիդ. Դեյվիդի հարցերը նույն կերպ ուղղված են Եկեղեցու պատմությանը, բայց նրա իրավիճակը բոլորովին այլ է: Նա շատ հավատարիմ անդամ էր, բայց իր միսիայից հետո սկսել էր հարցեր տալ այն թեմաների վերաբերյալ, որոնց մասին լիովին տեղյակ չէր մինչև իր միսիան: Այդ հարցերը նրան տարան դեպի Եկեղեցու դեմ ուղղված աղբյուրներ, և նա շփոթության մեջ ընկավ իր սեփական վկայությանը և համոզմունքներին վերաբերող հարցերում: Չնայած բազմաթիվ նախկին փորձառություններին, երբ նա ստացել էր ավետարանի ճշմարտացիության վերաբերյալ վկայություն, Դեյվը դադարեց ուսումնասիրել ապրող մարգարեների խոսքերը և դադարեց կարդալ Մորմոնի Գիրքը: Դեյվիդը սկսեց իր հոգևոր հարցմանն առնչվող այլ սկզբնաղբյուրներից ներգործվել: Նա թշնամական վերաբերմունք չուներ Եկեղեցու հանդեպ, բայց նա շփոթված էր և նույնիսկ՝ տարակուսած, որը հանգեցրեց ինստիտուտի և կիրակնօրյա երկրպագության մասնակցության նվազեցմանը:

Քոննի. Քոննին չուներ Ստեֆանիի թշնամությունը, ոչ էլ Դեյվիդի նման տարակուսած էր: Նա պարզապես պայքարում էր կյանքի մի շարք մարտահրավերների դեմ. նրա ծնողները վերջերս էին ամուսնալուծվել և նրանց տանը խոսքային ու զգացմունքային բռնության մշտական դրսևորում կար: Այս հոգեբանական տրավմայի հետևանքով նա սփոփանքի որոնումների մեջ էր: Սակայն Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով ամոքում փնտրելու փոխարեն Քոննին դիմեց աշխարհիկ կազմակերպություններին` կարեկցանքի և հասկացողության համար, որը նա այնքան հուսահատորեն փնտրում էր: Նա իրեն համեմատում էր ուրիշների հետ, ովքեր մաքառում էին մտավոր առողջության մարտահրավերների, ԼԳԲՏՀ խնդիրների և հիասթափության ու կասկածի հետ առնչվող ցանկացած մարդու հետ: Քոննին սփոփանք գտավ այդ կազմակերպություններում, բայց նա նաև նոր հարցեր գտավ: Նա և նրա ընկերները հաճախ մեղադրում էին Եկեղեցուն իրենց անձնական մաքառումների համար` հուսալով, որ եթե իրենք պարզապես անտեսեին Աստծո օրենքները, նրանց ցավը ինչ որ ձևով կփարատվեր: 4 Նա ոչ միայն դադարեց Եկեղեցի և ինստիտուտ հաճախել, այլ նաև սկսեց հետամուտ լինել մի շարք վարքագծերի, որոնք հույս ուներ կթմրեցնեին նրա ցավը և կստիպեին նրան խուսափել փոխվելու և ուրիշներին ներելու դժվարին ուղուց:

Այս ուսանողներից յուրաքանչյուրը բախվում է հավատքի ճգնաժամի հետ: Բայց այդ ճգնաժամի բնույթը տարբեր է` նրանցից յուրաքանչյուրի համար: Մեկը դառնացած է և բացահայտ ապստամբության մեջ է, մյուսը պարզապես շփոթված է և ենթարկվում է դրսի ձայների ներգործությանը, իսկ երրորդը հայտնվել է ցավի թակարդում և փորձում է թաքնվել նրանից, ինչը դժվարին ուղի է համարում Եկեղեցում: Նրանք նաև ներկայացնում են Z սերնդի (կամ Gen Z ) ուսանողների մի խումբ, ովքեր անվստահություն են դրսևորում պաշտոնական հաստատությունների հանդեպ, եկեղեցում նրանց հաճախելիությունը նվազում է և, առաջին հերթին, ունեն բարոյականության հարաբերականության զգացում, որն ապացուցում է, որ չկա ճշտի և սխալի պաշտոնական չափանիշ: Վերջերս Բարնա խմբի մի ուսումնասիրություն նկարագրել է. «Բարոյական հարաբերականությունը ոչ միայն ներթափանցել է Gen Z-ի աշխարհայացքի մեջ. դա հիմա մեծամասնության կարծիքն է»: 5

Որպես ավետարանի ուսուցիչներ, մենք պետք է ուղիներ գտնենք՝ օգնելու Ստեֆանիի, Դեյվիդի և Քոննիի նման ուսանողներին: Նրանց հարցերն ու մտահոգություններն իրական են և չպետք է անտեսվեն: Մենք պետք է կարեկցանքով և գթությամբ մոտենանք նրանց մտահոգություններին՝ թույլ տալով, որ նրանք հարցեր տան ապահով և ուսուցող միջավայրում: Մենք պետք է զարգացնենք նաև նրանց մտահոգություններն ըմբռնելու և դրանց արձագանքելու մեր ունակությունը: Կրոնի սեմինարիաների ու ինստիտուտների (Ս&Ի) Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ նյութում նշվում է. «Երբեմն մենք կարող ենք հայտնաբերել նոր տեղեկություններ կամ հարցեր ունենալ Եկեղեցու վարդապետության, գործելակերպի կամ պատմության վերաբերյալ, որոնք, կարծես, դժվար է հասկանալ: Հարցեր տալը և պատասխաններ փնտրելը ճշմարտությունը սովորելու մեր ջանքերի կարևոր մասն են»։ 6 Այս Ս&Ի աղբյուրը գաղափարներ է տալիս այն մասին, թե ինչպես արձագանքել մեր ուսանողների հավատքի հարցերին, ուսուցանելով նրանց՝ 1) գործել հավատքով, 2) քննել հասկացությունները հավերժության հեռանկարով, և 3) օգտվել վստահելի աղբյուրներից: Նմանապես, BYU Studies -ը վերջերս հրապարակեց Ուսուցչի խնդրանքըվերնագրով լրացուցիչ նյութ, որտեղ հեղինակը կրոնի ուսուցիչներին խրախուսում է ուսուցանել մեր նյութերի նրբություններն ու կարևորությունը, խուսափել մեր պատմությունների չափից դուրս պարզեցումից և պատրաստ լինել հաստատելու մտահոգությունները, որոնք շատերն ունեն: 7 Էրիկ և Սառա դ’Էվընիները «կրկնադարձի» վերաբերյալ իրենց վերջին հետազոտության մեջ նույնպես խրախուսում են մեզ օգնել մարդկանց կողմնորոշվել կրոնական մտահոգություններում այնպիսի եղանակներով, որպեսզի դրանք չհեռացնեն նրանց` Աստծո հետ իրենց փոխհարաբերությունից: 8 Իհարկե Եկեղեցին ինքն է ստեղծել մի շարք Ավետարանական թեմաներ, որոնք կարող են օգտագործվել որպես նյութեր, որոնք կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ և լուծել պատմական ու վարդապետական հարցերը, որոնք ծագում են բազմաթիվ ուսանողների մոտ: Ընդունեք, անդրադարձեք, բայց շատ ժամանակ մի ծախսեք այդ երկրորդական հարցերի քննարկման վրա

Ընդունեք, անդրադարձեք, բայց շատ ժամանակ մի ծախսեք դասի թեմային անմիջականորեն չառնչվող հարցերի քննարկման վրա

Ես ցանկանում եմ, որ կրոնի բոլոր ուսուցիչների համար պարզ լինի, որ գովելի շատ բան կա այն նյութերում, որոնք ստեղծվել են` օգնելու մեր ուսանողներին հաղթահարել հավատքի ճգնաժամը և լուծել ավետարանի վերաբերյալ իրենց հարցերը: Փաստորեն, ես վստահ չեմ, որ մենք կարող ենք ավետարանի արդյունավետ ուսուցիչներ լինել այսօրվա միջավայրում, եթե տեղյակ չլինենք հավատքի այն մարտահրավերներին, որոնց բախվում են բազմաթիվ ուսանողներ: Մենք պետք է ավելի շատ օգտագործենք այս նյութերը, որպեսզի օգնենք ուսանողներին կողմնորոշվել իրենց հարցերում:

Բայց օգնելով ուսանողներին լուծել իրենց մտահոգությունները, մենք պետք է նաև զգույշ լինենք, որպեսզի այնքան չկենտրոնանանք հավատքին վերաբերող նրանց յուրահատուկ հարցերի վրա, որ բաց թողնենք նրանց ուսուցանելու հնարավորությունը, թե իրականում որքան իսկապես զարմանալի է Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ինչպես Եղբայր Չադ Հ. Վեբն է բացատրել ինձ. «Դա նման է նրան, որ փորձենք մարդկանց օգնել դուրս գալ խավարի մշուշներից` կենտրոնանալով խավարի վրա»: Մենք չպետք է անտեսենք խավարի առկայությունը, ոչ էլ այն պահենք մեր ուշադրության կենտրոնում: Երեց Լորենս Ի. Քորբրիջը այսպես է բնորոշել դա. թույլ տալ, որ երկրորդական հարցերը փոխարինեն առաջնային հարցերին: ԲՅՀ-ի հոգևոր մի հավաքույթում Երեց Քորբրիջը նշել է.

«Երկրորդական հարցերն անվերջ են: Դրանք ներառում են հարցեր Եկեղեցու պատմության, բազմակի ամուսնության, աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց և քահանայության, կանանց և քահանայության վերաբերյալ, ինչպես նաև Մորմոնի Գրքի, Թանկագին Մարգարիտի թարգմանության, ԴՆԹ-ի և Մորմոնի Գրքի, միասեռ ամուսնության, Առաջին տեսիլքի այլ տարբերակների և շատ այլ բաների վերաբերյալ։

Եթե դուք պատասխանում եք հիմնական հարցերին, երկրորդական հարցերը ևս ստանում են պատասխան, կամ կորցնում են կարևորությունը, և դուք կարող եք գործ ունենալ այն բաների հետ, որոնք հասկանում եք, և այն բաների հետ, որ չեք հասկանում, նաև գործ կունենաք նրա հետ, ինչի հետ համաձայն եք, և ինչի հետ համաձայն չեք՝ առանց հավատքից հրաժարվելու»: 9

Այսպիսով՝ այո, լսեք ձեր ուսանողների մտահոգությունները, ապահով միջավայր ստեղծեք նրանց համար, որ հարցեր տան և օգտվեն վստահելի աղբյուրներից: Բայց այդ ընթացքում մի մոռացեք Հիսուս Քրիստոսի ավետարանի զարմանալի էությունը: Ինչպես Կարավաջոյի գլուխգործոցի իմ պատմության դեպքում, բաց մի՛ թողեք այն զարմանալի էությունը, ինչն անմիջապես ձեր առջև է: Այդ մասին մտածելու մեկ այլ միջոց է դիտարկել տեսողական խանգարումը, որը կոչվում է մակուլյար դեգեներացիա, որն արդյունավետորեն արգելափակում է ողջ տեսողությունը, բացի ծայրամասային տեսողությունից: Անհատները, ովքեր ունեն այս հիվանդությունը, ի վերջո ծայրամասում տեսածի մեկնաբանություններով «լրացնում են» այն, ինչը չեն կարող տեսնել հենց իրենց առջև: Թույլ մի տվեք ձեր ուսանողների ծայրամասային տեսողությունը աղավաղի ավետարանի ապշեցուցիչ էության վերաբերյալ նրանց պատկերացումը, որը կարող է և պետք է լինի հենց իրենց առջևում: Ինչպես նախագահ Օուքսն է ուսուցանել. «Քանի դեռ մենք խարսխված չենք մեր այս [կենտրոնական] հիմքերին և հասկացություններին՝ որպես ճշմարտություններ, մենք չենք կարող վստահ լինել, որ մեր եզրակացությունները ճշմարիտ են»: 10 Օրինակ՝ նույնիսկ «Ինստիտուտի նորացման» մեր ոգեշնչված ջանքերը կձախողվեն, եթե մենք բաց թողնենք այս կենտրոնական կիզակետը: Մենք խրախուսել ենք ձեզ մեծացնել ձեր ուսուցման համապատասխանությունը, հասանելիությունը և մասնակցությունը: Բայց վտանգ կա, որ այս ազնիվ ջանքերը կդառնան «երկրորդական հարցեր», եթե չկարողանան ներառել դեպի Հիսուս Քրիստոսը դարձի գալու հիմնական սկզբունքը: Փրկիչի վրա կառուցված հոգևոր հիմքը միակ ճանապարհն է, որով նրանք, ի վերջո, կհաղթահարեն այս վերջին օրերի վտանգներն ու ճնշումները: 11

Հիսուս Քրիստոսի ավետարանը զարմանալի է

Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը զարմանալիէ: Այս հասկացության հիշատակումը ես առաջին անգամ լսեցի երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդից, երբ նա կրոնի մի խումբ ուսուցիչների հետ խոսում էր Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու նրանց սուրբ պարտականության մասին: Ավետարանի զարմանահրաշ էությունը վերաբերում էր հենց Իրեն` Փրկիչին, երբ նա ժողովարանում ուսուցանում էր նրանց, ովքեր չէին հավատում. «Եւ որովհետեւ շաբաթ էր սկսեց ժողովարանի մէջ սովորեցնել եւ շատերը լսելով զարմանում էին, եւ ասում. Սորան ո՞րտեղից է այս բաները»: 12 Լեռան քարոզի վերջում մենք իմանում ենք, որ «երբոր Յիսուսը այս խոսքերը վերջացրեց, ժողովուրդները զարմանում էին նորա վարդապետութեան վերայ»: 13 Լամոնին Մորմոնի Գրքում «անչափ զարմացավ» Ամմոնի հավատարմությամբ: 14 Այս և շատ ուրիշ օրինակներում զարմանալ բառն օգտագործվում է այն մարդկանց վերաբերյալ, ովքեր մաքառում են հավատքի հետ, բայց ի վերջո, գիտակցում են ավետարանի զորությունն ու հրաշքը: Մենք տեսնում ենք դա Հելամանի գրքում, երբ մարդիկ « չափից դուրս ապշեցին, այնպես որ ընկան գետնին, քանզի նրանք չէին հավատացել այն խոսքերին, որ Նեփին ասել էր»: 15 Թվում է, այդ զարմանքը գալիս է, երբ անհավատությունը առերեսվում է Հիսուս Քրիստոսի ավետարանի հրաշագործ էության և ուսմունքի հետ: Սա ճշմարիտ է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են կասկածի դեմ, և դա ճշմարիտ կլինի Ստեֆանիի, Դեյվիդի և Քոննիի համար, ում մասին ես նշեցի ավելի վաղ: Նրանք կհաղթահարեն դառնությունը, շփոթմունքն ու ցավը միայն այն դեպքում, երբ նրանք բերվեն դեպի Քրիստոսի ապշեցուցիչ էությունը:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, խնդրում ենք լսեք և սիրեք ու կարեկցեք նրանց, ովքեր մաքառում են հավատքի հետ կապված հարցերի դեմ: Արեք դա սիրալիր ձևով, որն ապահով միջավայր կստեղծի բոլոր սովորողների համար՝ մատնանշելով նրանց վստահելի նյութեր և օգնելով նրանց փարատել իրենց մտահոգությունները: Բայց եկեք տեսադաշտից բաց չթողնենք Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական հարցերի պատասխանները:

Թող որ մենք «պտտենք նկարները» մեր կյանքում այնպես, որ մեր ուսանողները կանգ առնեն և իսկապես խորհեն Փրկիչի իսկապես ապշեցուցիչ էության մասին, որը հենց իրենց առջև է: Իհարկե կան մարտահրավերներ, որոնք մեր մահկանացու կյանքի մասն են կազմում: Բայց եկեք օգնենք մեր երիտասարդներին ճանաչել այն անհամար ուղիները, որոնցով Հիսուս Քրիստոսը հիմնովին փոխում է Աստծո զավակների կյանքի հետագիծը:

Օրինակ՝ ես զարմացած եմ, թե Բոստոնի իմ երիտասարդներն ինչպես ընդունեցին Հիսուս Քրիստոսի ավետարանը, և ինչպես դա նրանց տարավ միսիա, ուղեկցեց նրանց դեպի քոլեջ, տաճարային ամուսնություն, իսկ այժմ՝ որպես ծնողներ և առաջնորդներ Եկեղեցում։ Գրեթե անհնարին է պատկերացնել, թե ինչ պատահեց նրանց կյանքում, երբ հաշվի առնենք, թե որտեղից սկսեցին նրանք: Ես նստում եմ զարմացած, երբ մտածում եմ մի երիտասարդ հոր մասին Սան Անտոնիոյից, ում Քույր Գիլբերտը և ես հանդիպեցինք վերջերս: Նա վախենում էր, որ երբեք չէր կարող համապատասխանել ավետարանի ակնկալիքներին: Եվ ի վերջո գիտակցեց, որ մեզանից ոչ ոք կատարյալ չէ, և միայն Հիսուս Քրիստոսի միջոցով է, որ մենք կարող ենք դառնալ ավելի լավը որպես անհատներ: Սա եղբայր Լյուիս Վարգասն է` իր կնոջ` Անդրեայի և իրենց դուստր Սոֆիայի հետ այն գիշեր, երբ նա պարտավորվեց մկրտվել՝ միսիոներների հետ հինգ տարի հանդիպելուց հետո: Ես ապշեցի` տեսնելով նրա փոխվելը և նրա հավատքն առ Քրիստոս: Ես նմանապես ապշեցի, երբ տեսա իմ ընկեր Ջոն Ռասին, ով դուրս մնաց Եկեղեցուց 30 տարի, չնայած իր կնոջ և երեխաների հավատարիմ օրինակներին: Խոնարհության մի պահի ժամանակ, որը կապված էր ընտանեկան ճգնաժամի հետ, եղբայր Ռասը օրհնություն խնդրեց և պարտավորվեց հանդիպել քույր միսիոներների հետ: Այդ որոշումը նրան տարավ դեպի մկրտություն` իր որդու և իր դստեր մկրտությունը, դնելով նրանց ուխտի արահետի վրա: Իմ անձնական կյանքում ես հաճախ եմ զարմանում, որ Տերը ոչ միայն հաստատում է իմ վկայությունը, այլև պատասխանում է իմ աղոթքներին նրանց համար, ում ծառայում եմ իմ նշանակման համաձայն, և նրանց ում սպասավորում եմ, ներառյալ իմ սեփական երեխաների կարիքները:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուս Քրիստոսի ավետարանը զարմանալի է: Փրկիչը փոխում է Աստծո զավակների կյանքը տևական ու հզոր ձևերով: Նա հրավիրում է մեզ փոխվել և դառնալ ավելի լավը, ծառայել ուրիշներին և դառնալ ավելի լավ մարդ, քան մենք երբևէ կարող էինք ինքնուրույն դառնալ: Եկեք ուսուցանենք այն եղանակներով, որոնք ցույց են տալիս մեր ուսանողներին, թե իրականում որքան զարմանալի է Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ղուկաս 5.27-28:

  2. Sես Բ Տիմոթեոս 3.1: Տես նաև Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությունը. «Այս վտանգավոր ժամանակներում, որոնց մասին մարգարեացել է Պողոս առաքյալը, սատանան այլևս չի էլ փորձում թաքցնել իր հարձակումները Աստծո ծրագրի վրա: Համարձակություն ստացած չարն ահագնանում է: Հետևաբար, հոգևոր գոյատևման միակ միջոցն է՝ վճռել թույլ տալ, որ Աստված տնօրինի մեր կյանքը, սովորել լսել Նրա ձայնը և օգտագործել մեր եռանդը` օգնելով Իսրայելի հավաքմանը» Russell M. Nelson, “Let God Prevail,” Liahona, Nov. 2020, 95):

  3. Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 93։

  4. 2 Նեփի 2.13-ն ուսուցանում է մեզ Աստծո օրենքի և մեր երջանկության կապը: Այն նաև սահմանում է մեծ Միջնորդի՝ Հիսուս Քրիստոսի անհրաժեշտությունը, որը կօգնի մեզ հաղթահարել օրենքի հետևանքները, ինչպես կքննարկվի ավելի ուշ այս գլխում: Հատված13-ը ուրվագծում է աշխարհի փաստարկը և պայքարող Z սերնդի շատ երիտասարդների հույսը, ովքեր ցանկանում են հավատալ, որ եթե Աստծո օրենքները վերացվեն, նրանց դժբախտությունն ու տառապանքը կվերանա: Բայց Լեքին ուսուցանում է Հակոբին այն ճշմարտությունը, որը մենք ևս պետք է ուսուցանենք մեր ուսանողներին, եթե չլինի օրենք, չի լինի երջանկություն: Այս ճշմարտությունը ուղղակիորեն հակադրվում է այսօրվա բարոյական հարաբերականության կոչին և այն համոզմունքին, որ եթե չկա ճիշտ և սխալ, ապա չկա մեղքի հետևանք: Եթե մենք իսկապես սիրում ենք մեր ուսանողներին, ովքեր մաքառում են, մենք պետք է ցույց տանք կարեկցանք, գթություն և մտահոգություն նրանց հանդեպ, բայց մենք նաև պետք է ուսուցանենք նրանց ճշմարտությունը մեղքի հետևանքների մասին և Հիսուս Քրիստոսի Քավության հրաշքի մասին: See also Russell M. Nelson, “The Love and Laws of God” (Brigham Young University devotional, Sept. 17, 2019), speeches.byu.edu. Նախագահ Նելսոնը ուսանողներին ուսուցանեց այս նույն ճշմարտությունը ԲՅՀ-ի հոգևոր հավաքի իր ելույթում: Աստծո օրենքները նախատեսված չեն, որպեսզի մեզ մերժեն մեր երջանկությունը, այլ առաջնորդեն մեզ դեպի երջանկություն: Այդ օրենքները հերքելը կամ ենթադրելը, որ դրանք իրավիճակային են, կհանգեցնի միայն հետագա տխրության և ոչ թե հարատև երջանկության:

  5. Barna Group, Gen Z Volume 2: Caring for Young Souls and Cultivating Resilience (2021), 52.

  6. Acquiring Spiritual Knowledge, Doctrinal Mastery Core Document (2018), 3.

  7. See Tyler Johnson, “A Teacher’s Plea,” BYU Studies, vol. 60, no. 2 (2021), 81–118.

  8. Տես Սառա Ջեյն Ուիվեր, «Դրվագ 57. ԲՅՀ-Այդահոյի դասախոսներ Էրիկ և Սառա դ’ Էվընիները հավատքի, վկայության և կրկնադարձի մասին», Church News, Nov. 16, 2021, thechurchnews.com.

  9. Lawrence E. Corbridge, “Stand Forever” (Brigham Young University devotional, Jan. 22, 2019), speeches.byu.edu

  10. ԴալլինՀ. Օուքս, «Նա ինչպէս որ իր սրտումը հաշիւներ անողն է» (evening with a General Authority, Feb.8, 2013), ChurchofJesusChrist.org.

  11. Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 93- 96։

  12. Մարկոս 6.2, շեշտադրումն ավելացված է:

  13. Մատթեոս 7․28, շեշտադրումն ավելացված է։

  14. Ալմա 18․2, շեշտադրումն ավելացված է։

  15. Հելաման 9․4, շեշտադրումն ավելացված է:

Տպել