Ինչպե՞ս կարող եմ հասկանալ
Երբ մենք ջերմեռանդորեն, ի սրտե, հաստատապես և անկեղծորեն ձգտենք սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը և ուսուցանել այն միմյանց, այդ ուսմունքները կարող են վերափոխել սրտերը։
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ինչպիսի՜ մեծ ուրախություն է, որ կրկին կարող ենք միասին հավաքվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս գերագույն համաժողովին՝ մեր սիրելի մարգարե Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի ղեկավարության ներքո։ Ես վկայում եմ ձեզ, որ մենք արտոնություն կունենանք լսելու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ձայնը՝ այս համաժողովի ժամանակ մեր օրերի կարիքների մասին աղոթողների, երգողների և ելույթ ունեցողների միջոցով։
Ինչպես գրված է Գործք Առաքելոց գրքում, Փիլիպպոս ավետարանիչն ուսուցանեց ավետարանը մի եթովպացի նեքինիի, որը պատասխանատու էր Եթովպիայի թագուհու բոլոր գանձերի համար։ Երուսաղեմի երկրպագությունից վերադառնալիս նա կարդաց Եսայիայի գիրքը։ Ենթարկվելով Հոգուն, Փիլիպպոսը մոտեցավ նրան և ասաց․ «Հասկանո՞ւմ ես արդեօք կարդացածդ։
«Եվ [ներքինին] հարցրեց Ի՞նչպէս կ’կարողանամ, եթէ մէկը չ’առաջնորդէ ինձ. …
«Փիլիպպոսն էլ իր բերանը բացաւ, եւ այս գրքիցը սկսած՝ Յիսուսն աւետարանեց նորան»։
Այս եթովպացի մարդու կողմից տրված հարցը հիշեցնում է, որ մենք բոլորս ունենք աստվածային պարտականություն` ուսում փնտրել և միմյանց ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Իրականում, ավետարանն ուսուցանելու և սովորելու համատեքստում, երբեմն բոլորս նման ենք եթովպացի մարդուն․ մենք հավատարիմ և ոգեշնչված ուսուցչի օգնության կարիքն ունենք, իսկ երբեմն մենք նման ենք Փիլիպպոսին․ մենք կարիք ունենք ուսուցանելու և ամրապնդելու ուրիշներին իրենց դարձի մեջ։
Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու և սովորելու մեր նպատակը պետք է լինի՝ մեծացնել Աստծո, երջանկության Նրա աստվածային ծրագրի, Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության հանդեպ հավատքը և հասնել տևական դարձի։ Նման մեծ հավատքը և դարձը կօգնեն մեզ կապել և պահել ուխտերն Աստծո հետ, դրանով իսկ ամրացնելով Հիսուսին հետևելու մեր ցանկությունը և առաջացնելով հոգևոր իրական վերափոխում մեր մեջ, այսինքն՝ վերափոխելով մեզ նոր ստեղծածի, ինչպես Պողոս Առաքյալն է ուսուցանել Կորնթացիներին ուղղված իր նամակում։ Այդ վերափոխման արդյունքում մենք կլինենք ավելի երջանիկ, ավելի արդյունավետ, կունենանք առողջ կյանք, և այն կօգնի մեզ պահպանել հավերժական հեռանկար։ Արդյո՞ք դա հենց այն չէ, ինչ տեղի ունեցավ եթովպացի ներքինիի հետ, երբ նա սովորեց Փրկիչի մասին և դարձի եկավ դեպի Նրա ավետարանը։ Սուրբ գրություններում ասվում է, որ նա «ուրախությամբ գնում էր իր ճանապարհը»։
Ավետարանը սովորելու և այն ուրիշներին ուսուցանելու պատվիրանը նոր չէ. այն անընդհատ կրկնվել է մարդկության պատմության սկզբից ի վեր։ Մի առանձին առիթով, երբ խոստումի երկիր մտնելուց առաջ Մովսեսն ու նրա ժողովուրդը Մովաբի դաշտերում էին, Տերը ներշնչեց նրան, որ իր ժողովրդին խրատի Տիրոջ կողմից ստացված կանոնները և ուխտերը սովորելու իրենց պատասխանատվության մասին և ուսուցանի դրանք իրենց սերունդներին, որոնցից շատերն անձամբ չէին տեսել Կարմիր ծովի անցումը կամ Սինայ Սարի վրա տրված հայտնությունը։
Մովսեսը խրատեց իր ժողովրդին․
«Ով Իսրայէլ, լսիր այն կանոնները եւ դատաստանները որ ես ձեզ սովորեցնում եմ որ անէք, որպէս զի ողջ մնաք, եւ մտնէք ժառանգէք այն երկիրը որ ձեր հայրերի Եհովայ Աստուածը տալիս է ձեզ։ …
… Քո որդիներին եւ որդկանցդ որդիներին սովորեցնես»։
Ապա Մովսեսն ավարտեց՝ ասելով․ «Եւ պահես նորա կանոններն ու պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քեզ համար եւ քեզանից յետոյ քո որդկանց համար բարի լինի, եւ քո օրերը երկար լինեն այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը տալիս է քեզ ամեն ժամանակի համար»։
Աստծո մարգարեներն անընդհատ ուսուցանել են, որ մենք պետք է մեր ընտանիքներին «դաստիարակենք Տիրոջ ուսմունքով և խրատով» և «լույսի ու ճշմարտության մեջ»։ Նախագահ Նելսոնը վերջերս ասել է․ «Մեր օրերի տարածված անբարոյականության և կախվածություն առաջացնող պոռնոգրաֆիայի պայմաններում ծնողներն ունեն սրբազան պատասխանատվություն, որպեսզի իրենց զավակներին ուսուցանեն իրենց կյանքում Աստծո [և Հիսուս Քրիստոսի] կարևորությունը»։
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր սիրելի մարգարեի նախազգուշացումը լրացուցիչ հիշեցում է մեր անհատական պատասխանատվության մասին՝ ձգտել սովորել և սովորեցնել մեր ընտանիքներին, որ կա Երկնային Հայր, ով սիրում է մեզ, և ով ստեղծել է երջանկության աստվածային ծրագիր Իր զավակների համար, որ Նրա Որդի Հիսուս Քրիստոսն աշխարհի Քավիչն է, և որ փրկությունը գալիս է Նրա անվան հանդեպ հավատից։ Մեր կյանքը պետք է հաստատված լինի մեր Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի վեմի վրա, որը կարող է մեզ օգնել, որպեսզի անհատապես և ընտանիքներով մեր սրտերում փորագրված ունենանք մեր հոգևոր տպավորությունները, որոնք կօգնեն մեզ համբերել հավատքով։
Հնարավոր է, դուք հիշում եք, որ Հովհաննես Մկրտիչի երկու առաքյալները հետևեցին Հիսուս Քրիստոսին, երբ լսեցին Հովհաննեսին վկայություն բերելիս, որ Հիսուսն Աստծո Գառն է՝ Մեսսիան։ Այդ բարի մարդիկ ընդունեցին «եկեք և տեսեք» Հիսուսի հրավերը և մնացին նրա հետ այդ օրը։ Նրանք եկան, որ իմանան, որ Հիսուսը Մեսիան է` Աստծո Որդին, և հետևեցին Նրան իրենց ողջ կյանքի ընթացքում։
Նմանապես, երբ մենք ընդունում ենք Փրկիչի հրավերը՝ «գալ և տեսնել», մենք պետք է ապրենք Նրանով, խորանանք սուրբ գրությունների մեջ, ուրախանանք Նրանով, սովորենք Նրա վարդապետությունը և ձգտենք ապրել այն ձևով, որով Նա է ապրել։ Միայն այդ ժամանակ մենք կճանաչենք Նրան՝ Հիսուս Քրիստոսին, ու կճանաչենք Նրա ձայնը, իմանալով, որ երբ գանք դեպի Նա և հավատանք Նրան, մենք երբեք չենք սովի կամ ծարավի։ Մենք կկարողանանք ճշմարտությունը տարբերակել բոլոր ժամանակներում, ինչպես տեղի ունեցավ այն երկու աշակերտների հետ, ովքեր մնացին Հիսուսի հետ այդ օրը։
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, դա պատահականորեն տեղի չի ունենում։ Աստվածային ամենավեհ ազդեցություններին ենթարկվելը հեշտ բան չէ։ Դա պահանջում է օգնություն խնդրել Աստծուց և սովորել, թե Հիսուս Քրիստոսի ավետարանն ինչպես դարձնել մեր կյանքի հիմնական մասը։ Եթե մենք այդպես վարվենք, ես խոստանում եմ, որ Սուրբ Հոգու ազդեցությունը կհասցնի ճշմարտությունը մեր սրտերին և մտքերին և կվկայի դրա մասին, ուսուցանելով բոլոր բաները։
Եթովպացու հարցը, թե «ինչպե՞ս կարող եմ [հասկանալ], եթե մեկը չառաջնորդի ինձ», հատուկ նշանակություն ունի մեր անհատական պատասխանատվության համատեքստում՝ կիրառության մեջ դնելավետարանի սկզբունքները, որոնք սովորել ենք մեր կյանքում։ Օրինակ, այդ եթովպացու դեպքում, նա գործեց ըստ այն ճշմարտության, որը սովորեց Փիլիպպոսից։ Նա խնդրեց, որ մկրտվի։ Նա իմացավ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին էր։
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր գործերը պետք է արտացոլեն այն, ինչ մենք սովորում և ուսուցանում ենք։ Մենք պետք է մեր հավատքը ցույց տանք մեր ապրելակերպի միջոցով։ Լավագույն ուսուցիչը պետք է լավ օրինակ ծառայի։ Ուսուցանելով ինչ-որ բան, որը մենք իսկապես կիրառում ենք, կփոխի այն մարդկանց սրտերը, որոնց մենք ուսուցանում ենք։ Եթե մենք ցանկանում ենք, որ մարդիկ՝ ընտանիքի անդամներ կամ ուրիշներ, ուրախությամբ գնահատեն սուրբ գրությունները և մեր օրերի ապրող մարգարեների ու առաքյալների ուսմունքները, նրանք պետք է տեսնեն, որ մեր հոգիները բերկրում են դրանցով։ Նմանապես, եթե մենք ցանկանում ենք, որ նրանք իմանան, որ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը մարգարեն, տեսանողն ու հայտնողն է մեր օրերում, նրանք պետք է տեսնեն, որ մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը և հաստատում նրան, և հասկանան, որ մենք հետևում ենք նրա ոգեշնչված ուսմունքներին։ Ինչպես ասվում է հայտնի ամերիկյան ասացվածքում․ «Գործերը խոսքերից բարձր են խոսում»։
Միգուցե ձեզանից ոմանք այս պահին հարց են տալիս. «Երեց Սոարես, ես անհատապես և ընտանիքով այդ ամենն անում և հետևում եմ այդ օրինակին, բայց ցավոք, իմ ընկերներից կամ սիրելիներից ոմանք հեռացել են Տիրոջից։ Ես ի՞նչ պիտի անեմ»։ Նրանց համար, ովքեր այժմ տխրության, տառապանքի և, նույնիսկ, գուցե ափսոսանքի զգացողություններ ունեն, խնդրում եմ հիշեք, որ նրանք լիովին կորսված չեն, քանի որ Տերը գիտե նրանց տեղը և հետևում է նրանց։ Հիշեք, որ նրանք նույնպես Նրա զավակներն են։
Դժվար է հասկանալ այն բոլոր պատճառները, թե ինչու են ոմանք ընտրել ուրիշ ճանապարհ։ Լավագույն բանը, որ այս հանգամանքներում կարող ենք անել, հետևյալն է՝ պարզապես սիրել և ընդունել նրանց, աղոթել նրանց բարօրության համար և փնտրել Տիրոջ օգնությունը՝ իմանալու համար, թե ինչ անել և ասել։ Անկեղծ ուրախացեք նրանց հաջողություններով, եղեք նրանց ընկերը և լավը փնտրեք նրանց մեջ։ Մենք երբեք չպետք է հրաժարվենք նրանցից, այլ պահենք մեր հարաբերությունները։ Երբեք մի մերժեք կամ սխալ քննադատեք նրանց։ Պարզապես սիրեք նրանց։ Անառակ որդու առակն ուսուցանում է մեզ, որ երբ զավակները հասկանում են իրենց ճշմարիտ վիճակը, նրանք հաճախ ցանկանում են տուն վերադառնալ։ Եթե դա տեղի ունենա ձեր սիրելիների հետ, լցրեք ձեր սիրտը գթությամբ, վազեք նրանց մոտ, վզովն ընկեք և համբուրեք նրանց, ինչպես անառակ որդու հայրը վարվեց։
Ի վերջո, ապրեք արժանավայել կյանքով, լավ օրինակ ծառայեք այն ամենի, ինչին հավատում եք, և ավելի մոտեցեք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Նա գիտե և հասկանում է մեր խոր վշտերն ու ցավերը և Նա կօրհնի ձեր ջանքերն ու նվիրումը ձեր սիրելիներին, եթե ոչ այս, ապա հաջորդ կյանքում։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր, միշտ հիշեք, որ հույսը ավետարանի ծրագրի կարևոր մասն է։
Եկեղեցում ծառայության երկար տարիների ընթացքում ես տեսել եմ հավատարիմ անդամների, ովքեր հետևողականորեն կիրառել են այդ սկզբունքներն իրենց կյանքում։ Դա տեսել եմ մի միայնակ մոր կյանքում, ում ես կդիմեմ «Մերի» անունով։ Ցավոք, Մերին անցավ ողբերգական ամուսնալուծության բոլոր փուլերով։ Կյանքի այդ փուլում Մերին հասկացավ, որ ընտանիքին առնչվող ամենակարևոր որոշումները կլինեն հոգևոր որոշումները։ Արդյո՞ք աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ծոմապահությունը, եկեղեցի ու տաճար հաճախելը կշարունակեն կարևոր լինել նրա համար։
Մերին միշտ հավատարիմ է եղել, և իր կյանքի այդ վճռական պահին նա որոշեց շարունակել հավատարիմ մնալ այն ամենին, ինչին նա արդեն հավատում էր, որ ճշմարիտ է։ Նա ուժ գտավ «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրի մեջ, որը շատ հրաշալի սկզբունքներից բացի ուսուցանում է, որ «ծնողների սուրբ պարտականությունն է՝ դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում» և սովորեցնել նրանց, որ միշտ պահեն Աստծո պատվիրանները։ Նա անընդհատ պատասխաններ էր փնտրում Տիրոջից և ընտանեկան տարբեր միջոցառումների ժամանակ կիսվում դրանցով իր չորս երեխաների հետ։ Նրանք հաճախ քննարկում էին ավետարանը և իրենց փորձառություններով ու վկայություններով կիսվում իրար հետ։
Չնայած իրենց վշտին, նրա երեխաները զարգացրել էին սեր Քրիստոսի ավետարանի նկատմամբ և ծառայելու ու ուրիշների հետ կիսվելու ցանկություն։ Նրանցից երեքը հավատարմորեն ծառայել են լիաժամկետ միսիա, իսկ ամենակրտսերն այժմ ծառայում է Հարավային Ամերիկայում։ Նրա ավագ դուստրը, ում ես լավ եմ ճանաչում, ով այժմ ամուսնացած է և ամուր է իր հավատքում, կիսվել է. «Ես երբեք չեմ զգացել, որ մայրս միայնակ է մեծացրել մեզ, քանի որ Տերը միշտ մեր տանն է եղել։ Երբ մայրս բերում էր Նրա մասին իր վկայությունը, մենք անհատապես դիմում էինք Նրան մեր իսկ հարցերով։ Ես շատ երախտապարտ եմ, որ նա ավետարանը կիրառելի է դարձրել մեր կյանքում։
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այս լավ մայրը կարողացավ իր տունը դարձնել հոգևոր կրթության կենտրոն։ Եթովպացու հարցի նման, Մերին բազմիցս հարցրել է ինքն իրեն․ «Ինչպե՞ս իմ երեխաները կսովորեն, եթե մայրը չառաջնորդի նրանց»։
Ավետարանի իմ սիրելի զուգընկերներ, ես վկայում եմ, որ եթե մենք ջերմեռանդորեն, ի սրտե, հաստատապես և անկեղծորեն ձգտենք սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը և ուսուցանենք այն միմյանց անկեղծ մտքով և Հոգու ազդեցությամբ, այդ ուսմունքները կարող են վերափոխել մեր սրտերը և ոգեշնչել մեզ ապրել Աստծո ճշմարտությունների համաձայն։
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է։ Նա է Քավիչը և Նա ապրում է։ Ես գիտեմ, որ Նա ղեկավարում է Իր Եկեղեցին Իր մարգարեների, տեսանողների ու հայտնողների միջոցով։ Ես նաև վկայում եմ ձեզ, որ Աստված ապրում է, որ Նա սիրում է մեզ։ Նա կամենում է, որ մենք բոլորս վերադառնանք Նրա ներկայությունը։ Նա լսում է մեր աղոթքները։ Ես բերում եմ այդ ճշմարտությունների մասին իմ վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։