Նայեք առ Հիսուս Քրիստոս
Եթե մենք նայենք առ Հիսուս Քրիստոս, Նա կօգնի մեզ ապրել մեր ուխտերով և մեծարել մեր կոչումը՝ որպես Իսրայելի երեցներ:
Երբ Հիսուսը քայլում էր Կափառնայումի մոտ գտնվող մի փողոցով` Իրեն շրջապատած մարդկանց մի մեծ ամբոխով, մի կին, ով լուրջ հիվանդություն ուներ 12 տարի շարունակ, մեկնեց ձեռքը և դիպավ Նրա հանդերձի ծայրին: Նա անմիջապես բժշկվեց:
Սուրբ գրությունները հաղորդում են, որ Հիսուսը, զգալով «որ [իրանից] [զօրութիւն] դուրս գնաց, «դարձավ ամբոխի մեջ» և նայում էր … որ տեսնէ այս բանը անողին»: «Եւ երբոր տեսաւ կինը, որ ծածուկ չմնաց, նա «եկաւ ընկաւ նորա առաջը, եւ բոլոր ճշմարտութիւնն ասեց նորան»:
Հիսուսն ասաց նրան.«Դուստր, քո հաւատքն ազատեց քեզ, գնա խաղաղութեամբ»:
Հիսուս Քրիստոսը փրկեց կնոջը: Նա բժշկվեց ֆիզիկապես, բայց երբ Հիսուսը շրջվեց տեսնելու նրան, նա հայտարարեց իր հավատքը Նրա հանդեպ, և Նա բժշկեց կնոջ սիրտը: Նա խոսեց նրա հետ սիրով, հավաստեց նրան Իր հավանությունը, և օրհնեց նրան Իր խաղաղությամբ:
Եղբայրնե՛ր, որպես սուրբ քահանյություն կրողներ, մենք ներգրավված ենք փրկության աշխատանքի մեջ։ Վերջին տարվա ընթացքում Տերը Իր աշխատանքի ղեկավարումը ուղղակիորեն դրեց Իսրայելի երեցների ուսերին: Մենք մի ոգեշնչող հանձնարարություն ունենք Տիրոջից` աշխատելով մեր քույրերի հետ, մենք պետք է սպասավորենք ավելի սուրբ ձևով, արագացնենք Իսրայելի հավաքումը վարագույրի երկու կողմում, հաստատենք մեր տները որպես հավատքի և ավետարանը սովորելու սրբավայրեր, և պատրաստենք աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:
Ինչպես բոլոր բաներում, Փրկիչը մեզ ցույց է տվել ճանապարհը. մենք պետք է նայենք և ծառայենք Հիսուս Քրիստոսին, ինչպես Նա նայեց և ծառայեց Իր Հորը: Փրկիչն այս ձևով ասաց Մարգարե Ջոզեֆին.
«Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք:
Տեսեք խոցվածքը, որ ծակեց իմ կողը, և նաև բևեռների նշանները՝ իմ ձեռքերի ու ոտքերի վրա. եղեք հավատարիմ, պահեք իմ պատվիրանները և դուք կժառանգեք երկնքի արքայությունը»:
Նախամահկանացու արքայությունում Հիսուսը խոստացավ Իր Հորը, որ Ինքը կկատարի Հոր կամքը և կլինի մեր Փրկիչն ու Քավիչը: Երբ Նրա Հայրը հարցրեց. «Ո՞ւմ ուղարկեմ»: Հիսուսը պատասխանեց.
«Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան»։
Իր ողջ մահկանացու կյանքի ընթացքում Հիսուսն ապրեց այդ խոստումով: Համեստությամբ, հեզությամբ և սիրով Նա ուսուցանեց Իր Հոր վարդապետությունը և կատարեց Իր Հոր աշխատանքը այն զորությամբ և իշխանությամբ, որ Իր Հայրը տվել էր Իրեն:
Հիսուսը տվեց Իր սիրտը Իր Հորը: Նա ասել է.
«Ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում»:
«Ես իջայ … որ ոչ թէ իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկող [Հոր]կամքը»:
Գեթսեմանի այգում` Իր հոգեվարքի մեջ Նա աղոթեց. «Ոչ թե իմ կամքը, բայց Քո կամքը լինի»:
Երբ Տերը կոչ է անում երեցներին Իսրայելում «իրեն նայել բոլոր մտորումներում» և «տեսնել վերքերը» Իր հարություն առած մարմնում, դա կոչ է՝ հեռու շրջվել մեղքից ու աշխարհից, դառնալ դեպի Նա, սիրել ու հնազանդվել Նրան: Դա կոչ է՝ ուսուցանել Իր վարդապետությունը և կատարել Իր աշխատանքը Իր ձևով: Ուստի դա կոչ է՝ ամբողջովին վստահել Իրեն, հանձնել մեր կամքը և ենթարկել մեր սիրտը Իրեն և Իր փրկագնող զորության միջոցով Իր նման դառնալ:
Եղբայրնե՛ր, եթե մենք նայենք Հիսուս Քրիստոսին, Նա կօրհնի մեզ լինել Իր երեցները Իսրայելում` խոնարհ, հեզ, հանդուրժող, լցված Նրա սիրով: Եվ մենք կբերենք Նրա ավետարանի և Նրա Եկեղեցու ուրախությունն ու օրհնությունները մեր ընտանիքներին, մեր եղբայրներին ու քույրերին վարագույրի երկու կողմում:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կոչ է արել մեզ նայել Հիսուս Քրիստոսին հենց այս ձևով. «Չկա հեշտ կամ ինքնաբերաբար ոչ մի բան` այդպիսի հզոր աշակերտներ դառնալիս: Մեր ուշադրությունը պետք է գամված լինի Փրկիչի ու Նրա ավետարանի վրա։ Մտավոր առումով հոգնեցուցիչ է՝ ձգտել նայել Նրան բոլոր մտորումներում։ Սակայն, երբ այդպես ենք վարվում, մեր կասկածներն ու վախերը ցրվում են»։
Գամելը հիանալի բառ է: Դա նշանակում է ամուր բևեռել, գրավել և ամբողջովին պահել: Մենք մեր կիզակետը գամում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա` ապրելով մեր ուխտերով:
Երբ մենք ապրում ենք մեր ուխտերով, դրանք ազդում են այն ամենի վրա, ինչ մենք ասում ենք կամ անում: Մենք ապրում ենք ուխտի կյանքով` լի ամենօրյա հասարակ հավատքի գործերով, որոնք կենտրոնացնում են մեզ Հիսուս Քրիստոսի վրա, սրտից բխող աղոթքով Նրա անունով, սնուցվելով Նրա խոսքով, դառնալով դեպի Նա` ապաշխարելով մեր մեղքերից, պահելով Նրա պատվիրանները, ճաշակելով հաղորդությունից և սուրբ պահելով Նրա Հանգստության օրը, երկրպագելով Նրա սուրբ տաճարում այնքան հաճախ, որքան կարող ենք, և գործադրելով Նրա սուրբ քահանայությունը` ծառայելու Աստծո զավակներին:
Ուխտին նվիրված լինելու այս գործողությունները բացում են մեր սրտերն ու մտքերը Փրկիչի փրկագնող զորության և Սուրբ Հոգու սրբագործող ազդեցության առջև։ Տող առ տող Փրկիչը փոխում է մեր բուն էությունը, մենք ավելի խորն ենք դարձի գալիս դեպիՆա և մեր ուխտերը կենդանանում են մեր սրտերում:
Երկնային Հորը տված մեր խոստումները դառնում են ժայռի պես ամուր պարտավորություններ, որոնք մեր խորունկցանկություններն են: Մեզ տված Երկնային Հոր խոստումները լցնում են մեզ երախտագիտությամբ և ուրախությամբ: Մեր ուխտերը դադարում են կանոններ լինել, որոնց մենք հետևում ենք, և դառնում են սիրելի սկզբունքներ, որոնք ոգեշնչում և առաջնորդում են մեզ ու գամում մեր կիզակետը Հիսուս Քրիստոսի վրա:
Նվիրվածության այդ քայլերը մատչելի են բոլորին՝ թե՛ երիտասարդներին, և թե՛ մեծահասակներին։ Դուք, երիտասարդնե՛ր, ովքեր կրում եք սուրբ Ահարոնյան Քահանայություն, այն ամենը, ինչ ասացի այս երեկո, ձեզ է վերաբերում: Ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար: Դուք սրբազան արարողություններ եք կատարում և ուխտեր կապում, որոնք մատչելի են միլիոնավոր Վերջին Օրերի Սրբերի համար ամեն շաբաթ: Երբ դուք պատրաստում եք, օրհնում կամ բաժանում հաղորդությունը, սպասավորում, մկրտում տաճարում, միջոցառման եք հրավիրում որևէ ընկերոջ, կամ փրկում ձեր քվորումի որևէ անդամի, դուք կատարում եք փրկության աշխատանք: Դուք ևս կարող եք նայել առ Քրիստոս և ապրել ձեր ուխտերով ամեն օր: Ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք անեք այդ, գալիք օրերում դուք Տիրոջ վստահված ծառաներ կլինեք և Իսրայելի հզոր երեցներ:
Ես գիտեմ, որ այս ամենը կարող է տագնապեցնող լինել: Բայց հիշեք, Փրկիչի այս խոսքերը. «Ես մինակ չեմ, որովհետեւ Հայրն ինձ հետ է»: Դա այդպես է նաև մեզ համար: Մենք միայնակ չենք: Տեր Հիսուս Քրիստոսը և մեր Երկնային Հայրը սիրում են մեզ և նրանք մեզ հետ են: Քանի որ Հիսուսը նայեց Իր Հորը և ավարտեց քավիչ մեծ զոհաբերությունը, մենք կարող ենք նայել առ Հիսուս Քրիստոս վստահությամբ, որ Նա կօգնի մեզ:
Մեզանից ոչ ոք կատարյալ չէ: Երբեմն մենք հայտնվում ենք հիմար իրավիճակներում: Մենք ցրված ենք և հուսահատ: Մենք սայթաքում ենք: Բայց եթե նայենք Հիսուս Քրիստոսին ապաշխարող սրտով, Նա մեզ կբարձրացնի, կմաքրի մեզ մեղքից, կների մեզ և կբժշկի մեր սրտերը: Նա համբերատար է և բարի, Նրա փրկագնող սերը երբեք չի վերջանում և հավերժ է : Նա կօգնի մեզ ապրել մեր ուխտերով և մեծարել մեր կոչումները՝ որպես Իսրայելի երեցներ:
Եվ Հայրը կօրհնի մեզ բոլոր բաներով, որոնք պահանջվում են Նրա նպատակներն իրականացնելու համար. «բաներ… թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, կյանքը և լույսը, Հոգին և զորությունը, առաջ ուղարկված Հոր կամքով, Հիսուս Քրիստոսի՝ նրա Որդու միջոցով»:
Երբ աստվածային լույսը և զորությունը հորդում են մեր կյանք, երեք հրաշագործ բաներ են տեղի ունենում:
Նախ, մենք կարող ենք տեսնել: Հայտնության միջոցով մենք սկսում ենք տեսնել, ինչպես Հիսուսը տեսավ կնոջ սիրտը: Երբ մենք տեսնում ենք այնպես ինչպես Հիսուսն է տեսնում, Նա օրհնում է մեզ սիրել նրանց, ում մենք ծառայում ենք Նրա սիրով: Նրա օգնությամբ, նրանք ովքեր ծառայում են, կտեսնեն Փրկիչին և կզգան Նրա սերը:
Երկրորդը, մենք ունենք քահանայության զորությունը: Մենք ունենք իշխանություն և զորություն` գործելու Հիսուս Քրիստոսի անունով, «օրհնելու, առաջնորդելու, պաշտպանելու, զորացնելու և բժշկելու մյուսներին» և բերելու հրաշքներ նրանց, ում մենք սիրում ենք և ապահով պահելու մեր ամուսնություններն ու ընտանիքները:
Երրորդը, Հիսուս Քրիստոսը գնում է մեզ հետ: Ուր մենք ենք գնում, Նա էլ է գնում: Երբ ուսուցանում ենք, Նա էլ է ուսուցանում: Երբ մխիթարում ենք, Նա էլ է մխիթարում: Երբ օրհնում ենք, Նա էլ է օրհնում:
Եղբայրնե՛ր, մի՞թե մենք պատճառ չունենք ցնծալու: Այո՛, ունենք: Մենք կրում ենք Աստծո սուրբ քահանայությունը։ Երբ նայում ենք Հիսուս Քրիստոսին, ապրում մեր ուխտերով և գամում մեր կիզակետը Նրա վրա, մենք կմիանանք մեր քույրերին և կսպասավորենք ավելի սուրբ ձևով, կհավաքենք Իսրայելը վարագույրի երկու կողմում, կամրացնենք և կկնքենք մեր ընտանիքները և կնախապատրաստենք աշխարհը Տեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Դա տեղի կունենա: Ես այդպես եմ վկայում:
Ես ավարտում եմ այս աղոթքով իմ սրտից, որ մենք բոլորս, յուրաքանչյուրս նայենք Հիսուս Քրիստոսին բոլոր մտորումներում: Չկասկածենք: Չվախենանք։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: