«Եկ, հետևիր ինձ»
Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ կանգնել դեպի մեր Երկնային Հոր տուն տանող ուխտի ճանապարհին և լինել նրանց հետ, ում մենք սիրում ենք:
Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, ես և իմ կինը՝ Վենդին, ուրախ ենք, որ ձեզ հետ ենք այս Հանգստության օրվա առավոտյան։ Շատ իրադարձություններ են տեղի ունեցել վերջին համաժողովից սկսած: Նոր տաճարներ են նվիրագործվել Կոնսեփսիոնում (Չիլի), Բարանգվիլայում (Կոլումբիա) և Հռոմում (Իտալիա): Այդ սրբազան իրադարձությունների ժամանակ մենք զգացինք Հոգու անհաղթահարելի զորությունը:
Ես շնորհավորում եմ այն կանանց ու տղամարդկանց, ովքեր վերջերս կարդացել են Մորմոնի Գիրքը և գտել են ուրախություն ու անգին գանձեր: Ես ոգեշնչված եմ տեղի ունեցած հրաշքների մասին լուրերով:
Ես հիանում եմ 11-ամյա սարկավագ պատանիներով, ովքեր այժմ արժանավոր են կիրակի օրվա հաղորդությունը բաժանելու: Նրանք տաճար են գնում մեր 11 տարեկան երիտասարդ կանանց հետ, ովքեր այժմ ջանասիրաբար սովորում և ծառայում են որպես Մեղվիկներ: Երիտասարդ տղամարդիկ և կանայք հստակ համոզումով քարոզում են ավետարանի ճշմարտությունները:
Ես հրճվում եմ այն երեխաներով ու երիտասարդներով, ովքեր օգնում են ուսուցանել ավետարանն իրենց տներում, երբ աշխատում են իրենց ծնողների հետ՝ հետևելով տնակենտրոն և Եկեղեցու կողմից հաստատված ուսումնական ծրագրին:
Մենք ստացել ենք 4-ամյա Բլեյքի այս նկարը, ով կիրակի վաղ առավոտյան վերցրել է Եկեղեցու գրքերից մեկը և բացականչել. «Ես պետք է սնուցեմ իմ հոգին»:
Բլեյք, մենք հիացած ենք քեզանով և մյուսներով, ովքեր նախընտրում են սնուցել իրենց հոգիները Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտություններով: Մենք նաև ուրախանում ենք՝ իմանալով, որ շատերն են ստանում Աստծո զորությունն իրենց կյանքում՝ երկրպագելով և ծառայելով տաճարում:
Ինչպես շատերդ գիտեք, երեք ամիս առաջ մեր ընտանիքը ապրեց բաժանման մեծ ցավ, երբ մեր դուստր Վենդին հեռացավ այս մահկանացու կյանքից: Քաղցկեղի դեմ նրա պայքարի վերջին օրերին ես հնարավորություն ունեցա նրա հետ ունենալ հայր-դուստր հրաժեշտի զրույցը:
Ես բռնեցի նրա ձեռքը և ասացի, թե որքան շատ եմ սիրում նրան, և որքան երախտապարտ եմ նրա հայրը լինելու համար: Ես ասացի. «Դու ամուսնացել ես տաճարում և հավատարմորեն պատվել ես քո ուխտերը: Դու և քո ամուսինը ունեցել եք յոթ զավակ և մեծացրել եք նրանց որպես Հիսուս Քրիստոսի նվիրյալ աշակերտներ, Եկեղեցու արդարակյաց անդամներ և պիտանի քաղաքացիներ: Եվ նրանք ընտրել են նույն արժանիքներով մարդկանց: Քո հայրը շատ, շատ հպարտ է քեզանով։ Դու մեծ ուրախություն ես պարգևել ինձ»:
Նա հանդարտ պատասխանեց. «Շնորհակալություն, Հայրի՛կ»:
Դա քնքուշ ու հուզումնալից պահ էր մեզ համար: Նրա կյանքի 67 տարիների ընթացքում մենք աշխատել ենք միասին, երգել ենք միասին և հաճախ միասին դահուկներով սահել: Բայց այդ երեկո մենք հիշեցինք այն ամենն, ինչ կարևոր էր մեզ համար, օրինակ՝ ուխտերը, արարողությունները, հնազանդությունը, հավատքը, ընտանիքը, հավատարմությունը, սերը և հավերժական կյանքը:
Ես շատ եմ կարոտում իմ դստերը: Սակայն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի շնորհիվ մենք չենք անհանգստանում նրա համար: Երբ մենք շարունակում ենք պատվել մեր ուխտերն Աստծո հետ, անհամբեր սպասում ենք, թե երբ պիտի կրկին հանդիպենք նրան: Միաժամանակ, մենք այստեղ ծառայում ենք Տիրոջը, իսկ նա ծառայում է Նրան այնտեղ՝ դրախտում:
Ես և կինս Կալիֆորնիայի Փարադայզ այցելեցինք այս տարվա սկզբին: Պատահականորեն, մեր նախատեսված այցելությունն այնտեղ տեղի ունեցավ մեր դստեր մահից 40 ժամ անց: Մենք, Երեց Քեվին Վ. Փիրսոնն ու նրա կինը՝ Ջունը, զորացանք Չիկո Կալիֆորնիա ցցի անդամների հետ հանդիպման ժամանակ: Մենք իմացանք նրանց մեծ հավատքի, ծառայության ու հրաշքների մասին, որոնք կատարվեցին, երբ նրանք կործանարար կորուստներ կրեցին Կալիֆորնիայի պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհների պատճառով:
Այնտեղ մենք երկար զրուցեցինք մի երիտասարդ ոստիկանի՝ Ջոնի հետ, ով առաջիններից մեկն էր, որ քաջաբար օգնության հասավ: Նա հիշեց անթափանց խավարը, որն իջել էր Փարադայզի վրա 2018թ. նոյեմբերի 8-ին: Կրակն ու մոխիրը պատուհասի նման արագորեն տարածվում էին քաղաքում, կործանելով մարդկանց ունեցվածքն ու սեփականությունը, իրենց ետևից թողնելով մոխիր և մերկ աղյուսե ծխնելույզներ:
15 ժամ Ջոնը վարում էր մեքենան անթափանց խավարում, որտեղ ածուխի մեծ կտորները սպառնալից արագությամբ տարածվում էին: Իր կյանքի գնով նա օգնում էր մարդկանց և ընտանիքներին հերթով թաքնվել ապահով վայրերում: Սակայն այդ լարված ծանր փորձության ընթացքում Ջոնին ամենից շատ սարսափեցնում էր իր ամենակարևոր հարցը. «Որտե՞ղ է իմ ընտանիքը»: Սոսկալի տառապանքների երկար ժամերից հետո նա վերջապես իմացավ, որ նրանք ապահով էվակուացվել էին:
Իր ընտանիքի համար ունեցած Ջոնի մտահոգության պատմությունը հուշեց ինձ այսօր խոսել նրանց հետ, ովքեր, մոտենալով իրենց մահկանացու կյանքի ավարտին, կարող են հարցնել. «Որտե՞ղ է իմ ընտանիքը»: Ապագայի այդ օրը, երբ դուք կավարտեք ձեր մահկանացու փորձաշրջանը և կմտնեք հոգիների աշխարհ, կառնչվեք այս սրտատանջ հարցին. «Որտե՞ղ է իմ ընտանիքը»:
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է դեպի տուն տանող մեր ետդարձի ճամփան։ Նա բոլորից լավ է հասկանում մեր Երկնային Հոր հավերժական առաջընթացի ծրագիրը: Ի վերջո, Նա այդ ամենի հիմնաքարն է: Նա մեր Քավիչն է, մեր Ամոքիչն ու մեր Փրկիչն է:
Այն ժամանակից ի վեր, երբ Ադամն ու Եվան դուրս քշվեցին Եդեմի պարտեզից, Հիսուս Քրիստոսն առաջարկել է Իր հզոր բազկի զորությունը, որպեսզի օգնի բոլոր նրանց, ովքեր իրենց ընտրությամբ հետևում են Իրեն: Սուրբ գրություններում բազմիցս կրկնվում է, որ չնայած մարդկանց կողմից գործած տարբեր մեղքերի, Նա դեռևս մեկնում է Իր բազուկները:
Մեզանից յուրաքանչյուրի մեջ գտնվող հոգին բնականորեն մեծ ցանկություն ունի, որ իր ընտանիքը հավերժ գոյատևի: Սիրո երգերը հավերժացնում են մի կեղծ գաղափար, որ սերն այն ամենն է, ինչի կարիքը դուք ունեք, եթե ցանկանում եք հավերժ միասին լինել: Իսկ ոմանք սխալմամբ կարծում են, որ Հիսուս Քրիստոսի Հարությունը տալիս է մի խոստում, որ բոլոր մարդիկ իրենց սիրելիների հետ կլինեն մահից հետո:
Փաստորեն, Փրկիչն Ինքը ակնհայտորեն հստակեցրել է, որ չնայած Իր Հարությունը վստահեցնում է, որ երբևէ ապրած յուրաքանչյուր մարդ իսկապես հարություն կառնի ու կապրի հավերժ, սակայն շատ ավելին է պահանջվում, եթե մենք ցանկանում ենք ունենալ վեհացման մեծ արտոնությունը: Փրկությունը անձնական հարց է, մինչդեռ վեհացումը ընտանեկան հարց է:
Լսեք այս խոսքերը, որոնք Հիսուս Քրիստոսն ասել է Իր մարգարեներին. «Բոլոր ուխտերը, պայմանագրերը, մուրհակները, պարտավորությունները, երդումները, խոստումները, կատարումները, կապերը, ընկերակցությունները կամ ակնկալիքները, որոնք չեն կապվել և հաստատվել ու կնքվել խոստումի Սուրբ Հոգով, … չունեն ազդեցություն, զորություն կամ ուժ մեռելների հարության ժամանակ և հետո. քանզի բոլոր պայմանագրերը, որոնք չեն կնքվել այդ վախճանի համար, վերջանում են մարդկանց մահվան հետ»:
Ուստի, ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի ընտանիքը հավերժ վեհացվի: Մենք արժանանում ենք այդ արտոնությանը՝ ուխտեր կապելով Աստծո հետ, պահելով այդ պատվիրանները և ստանալով անհրաժեշտ արարողություները:
Սա ճիշտ է եղել ժամանակների սկզբից ի վեր: Ադամն ու Եվան, Նոյն ու նրա կինը, Աբրահամն ու Սարան, Լեքին ու Սարիան և Հիսուս Քրիստոսի այլ նվիրված աշակերտներ աշխարհի ստեղծումից ի վեր Աստծո հետ կապել են նույն ուխտերը: Նրանք ստացել են նույն արարողությունները, որոնք մենք, որպես Աստծո վերականգնված Եկեղեցու անդամներ, ներկայումս ստանում ենք մկրտության ժամանակ և տաճարներում:
Փրկիչը հրավիրում է բոլորին հետևել Իրեն և մտնել մկրտության ջրերը, ժամանակի ընթացքում տաճարում լրացուցիչ ուխտեր կապել Աստծո հետ, ստանալ ու հավատարիմ մնալ այդ հետագա կարևոր ուխտերին: Այս ամենը պահանջվում է, եթե մենք ցանկանում ենք ընդմիշտ վեհացում ստանալ մեր ընտանիքների և Աստծո հետ:
Սիրտս տագնապում է, երբ շատ մարդիկ, ում ես սիրում եմ, հիանում և հարգում եմ, մերժում են Նրա հրավերը: Նրանք անտեսում են Հիսուս Քրիստոսի խնդրանքները, երբ Նա կանչում է. «Եկ, հետևիր ինձ»:
Ես հասկանում եմ, թե ինչու է Աստված արտասվում: Ես նույնպես արտասվում եմ այդպիսի ընկերների և ազգականների համար: Նրանք հրաշալի այրեր ու կանայք են՝ նվիրված իրենց ընտանիքին ու քաղաքացիական պարտականություններին: Նրանք շռայլորեն նվիրաբերում են իրենց ժամանակը, եռանդը և միջոցները: Եվ աշխարհն ավելի լավն է դառնում նրանց ջանքերից: Բայց նրանք նախընտրում են ուխտեր չկապել Աստծո հետ: Նրանք չեն ստացել արարողությունները, որոնք կվեհացնեն նրանց իրենց ընտանիքների հետ և ընդմիշտ միասին կկապեն իրենց:
Որքան կկամենայի այցելել և հրավիրել նրանց լրջորեն խորհել Տիրոջ արտոնող օրենքների մասին: Հետաքրքիր է, թե ես ինչ կասեի, որպեսզի նրանք հասկանային, թե որքան շատ է Փրկիչը սիրում իրենց, թե որքան եմ ես սիրում իրենց, և իմանային, թե ուխտեր պահող տղամարդիկ ու կանայք ինչպես կարող են ստանալ «ուրախության լիությունը»:
Նրանք պետք է հասկանան, որ չնայած իրենց համար ապագայում տեղ կա այն հրաշալի տղամարդկանց ու կանանց հետ, ովքեր նույնպես ընտրում են ուխտեր չկապել Աստծո հետ, սակայն դա այն տեղը չէ, որտեղ ընտանիքները կմիավորվեն և նրանց արտոնություն կտրվի ապրել ու առաջ ընթանալ միասին: Դա այն արքայությունը չէ, որտեղ նրանք կզգան անվերջ առաջընթացի ու երջանկության ուրախության լիությունը: Այդ լավագույն օրհնությունները կարող են գալ միայն, երբ վեհացված սելեստիալ արքայությունում ապրենք մեր Աստծո՝ մեր Երկնային Հոր, Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի և մեր ընտանիքի հրաշալի ու արժանավոր անդամների հետ:
Ես ոգեշնչված դիմում եմ իմ անվճռական ընկերներին.
«Երկրի վրա այս կյանքում դուք չեք հայտնվել երկրորդ տեղում գտնվող, ոչ լավագույնը ընտրելու համար: Սակայն, երբ դուք դիմադրում եք և լիովին չեք ընդունում Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, դուք ընտրում եք երկրորդը, ոչ թե առաջինը՝ լավագույնը:
Փրկիչն ասել է. «Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան»: Սակայն, երբ դուք ընտրում եք ուխտեր չկապել Աստծո հետ, դուք ընտրում եք ամենախղճուկ տանիքը ձեր գլխավերևում ողջ հավերժության համար»:
Ապա ես կխնդրեմ իմ անվճռական ընկերներին.
«Բացեք ձեր սիրտը Աստծո առաջ: Հարցրեք Նրան՝ արդյո՞ք այս բաները ճշմարիտ են: Ժամանակ հատկացրեք և ուսումնասիրեք Նրա խոսքերը: Անկեղծորեն ուսումնասիրեք: Եթե դուք իսկապես սիրում եք ձեր ընտանիքը, և եթե դուք ցանկանում եք նրանց հետ վեհացում ստանալ ողջ հավերժության համար, ապա հիմա՛ վճարեք դրա գինը՝ ուսումնասիրությամբ ու ջերմեռանդ աղոթքով, որպեսզի իմանաք այս հավերժական ճշմարտությունները, իսկ հետո ապրեք դրանցով:
Եթե դուք անգամ վստահ չեք՝ հավատու՞մ եք Աստծուն, թե՞ ոչ, սկսեք այդտեղից։ Հասկացեք, որ Աստծո հետ փորձառությունների բացակայությամբ կարող եք կասկածի տակ դնել Աստծո գոյությունը: Ուստի, սկսեք ձեր փորձառությունները Նրա հետ: Խոնարհեցրեք ինքներդ ձեզ: Աղոթեք, որ ունենաք աչքեր, որպեսզի տեսնեք Աստծո ձեռքը ձեր կյանքում և ձեզ շրջապատող աշխարհում: Խնդրեք Նրան ասել ձեզ՝ արդյո՞ք Նա իրոք այնտեղ է և ճանաչում է ձեզ: Հարցրեք Նրան՝ ինչպե՞ս է նա վերաբերվում ձեզ: Իսկ հետո լսեք»:
Իմ թանկագին ընկերներից մեկը սահմանափակել էր իր փորձառությունները Աստծո հետ: Նա փափագում էր միանալ իր մահացած կնոջը: Ուստի նա խնդրեց ինձ օգնել իրեն: Ես քաջալերեցի նրան հանդիպել մեր միսիոներների հետ, որպեսզի հասկանար Քրիստոսի վարդապետությունը և սովորեր ավետարանի ուխտերը, արարողություններն ու օրհնությունները:
Նա հանդիպեց նրանց հետ: Բայց հետո զգաց, որ դասընթացը, որ պետք է անցներ նրանց խորհրդով, շատ փոփոխություններ կպահանջեր կատարել իր կյանքում: Նա ասաց. «Այդ պատվիրաններն ու ուխտերը շատ բարդ են ինձ համար»: Հնարավոր է, ես չկարողանամ տասանորդ վճարել և ես ժամանակ չունեմ ծառայելու Եկեղեցում»: Ապա նա հարցրեց ինձ. «Երբ ես մահանամ, դու կանե՞ս անհրաժեշտ տաճարային աշխատանքը իմ և իմ կնոջ համար, որպեսզի մենք կարողանանք կրկին միասին լինել»:
Բարեբախտաբար ես այս մարդու դատավորը չեմ: Բայց ես կասկածի տակ եմ առնում փոխարինող տաճարային աշխատանքի արդյունավետությունը մի մարդու համար, ով հնարավորություն է ունեցել մկրտվել այս կյանքում, կարգվել քահանա և ստանալ տաճարային օրհնությունները այստեղ, բայց ով գիտակցաբար որոշում է կայացրել հրաժարվել այդ հնարավորությունից:
Իմ թանկագին եղբայրներ և քույրեր, Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ կանգնել դեպի մեր Երկնային Հոր տուն տանող ուխտի ճանապարհի վրա և լինել նրանց հետ, ում մենք սիրում ենք: Նա հրավիրում է մեզ. «Եկ հետևիր ինձ»:
Այժմ, որպես Նրա Եկեղեցու Նախագահ, ես խնդրում եմ նրանց, ովքեր հեռացել են Եկեղեցուց, և նրանց, ովքեր դեռ իսկապես չեն ձգտել իմանալ, որ Փրկիչի Եկեղեցին վերականգնվել է: Կատարեք հոգևոր աշխատանք, որպեսզի պարզեք դա ձեզ համար, և խնդրում եմ, արեք դա հիմա: Քիչ ժամանակ է մնացել:
Ես վկայում եմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նրա Եկեղեցին և Նրա ավետարանի լրիվությունը վերականգնվել են, որպեսզի օրհնեն մեր կյանքը այստեղ և ապագայում: Ես վկայում եմ այդ մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։