Օրհնությունները շատ են
Օրհնություններից շատերը, որոնք Աստված ցանկանում է մեզ տալ, պահանջում են գործողություն մեր կողմից՝ գործողություն, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատի վրա:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են օրհնել մեզանից յուրաքանչյուրին։ Այն հարցը, թե ինչպես հասնել և ձեռք բերել այդ օրհնությունները, դարեր շարունակ եղել են աստվածաբանական բանավեճերի ու քննարկման առարկա։ Ոմանք պնդում են, որ դրանք ամբողջովին վաստակած օրհնություններ են․ դրանք ստանում ենք միայն մեր գործերի շնորհիվ։ Մյուսները վիճում են, որ Աստված արդեն ընտրել է, թե Ինքը ում կօրհնի, և ինչպես դա կանի, և որ այդ որոշումներն անփոփոխ են։ Երկու տեսակետներն էլ սկզբունքորեն սխալ են։ Երկնքի օրհնությունները չեն վաստակում ինտենսիվ կերպով հավաքելով «բարի գործերի միավորներ», ոչ էլ անօգնական սպասում են, որ տեսնեն, թե արդյոք հաղթում են օրհնության վիճակախաղը։ Ո՛չ, ճշմարտությունը ավելի շատ նրբություններ ունի, բայց ավելի համապատասխան է սիրող Երկնային Հոր և Նրա հնարավոր ժառանգների միջև եղած փոխհարաբերությունների համար: Վերականգնված ճշմարտությունը ցույց է տալիս, որ օրհնությունները երբեք չեն վաստակում, բայց մեր կողմից հավատք ներշնչող նախնական և շարունակական գործողությունները կարևոր են։
Մինչ մենք մտածում ենք, թե ինչպես ենք օրհնություններ ստանում Աստծուց, թույլ տվեք երկնային օրհնությունները նմանեցնել փայտի մի մեծ կույտի։ Պատկերացրեք, որ կենտրոնում գտնվում են փոքր տաշեղները, որոնց վրա դրված են փոքր և միջին չափսի փայտեր։ Ապա դրված են մեծ կտոր փայտերը, իսկ վերջում՝ մեծ գերանները։ Փայտե այդ կույտը պարունակում է հսկայական քանակության վառելիք, որն օրեր շարունակ ունակ է լույս և ջերմություն արտադրել Այդ փայտե կույտի մոտ պատկերացրեք ֆոսֆորի գլխով մի լուցկու հատիկ։
Որպեսզի այդ փայտե կույտը էներգիա արտադրի, լուցկու հատիկով պետք է վառել այդ փոքր տաշեղները։ Այդ տաշեղներն արագ կվառվեն և կստիպեն ավելի մեծ կտոր փայտերին վառվել։ Երբ այրման այս ռեակցիան մեկնարկի, այն կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլոր փայտերը վառվեն կամ կրակը զրկվի թթվածնից։
Լուցկին ու տաշեղները վառելը փոքր գործողություններ են, որը թույլ տվեց, որ փայտի հնարավոր էներգիան արտադրվի։ Մինչև լուցկին չվառվի, ոչինչ տեղի չի ունենա, անկախ փայտե կույտի չափսից։ Եթե լուցկին վառվի, բայց չկիրառվի տաշեղներն այրելու համար, միայն լուցկու հատիկից արտադրված լույսն ու ջերմությունը շատ քիչ են, իսկ փայտի այրման էներգիան չի արտադրվի։ Եթե այրման ընթացքում թթվածինը չի մատակարարվում, այրման ռեակցիան կանգ է առնում։
Նմանապես, օրհնություններից շատերը, որոնք Աստված ցանկանում է մեզ տալ, պահանջում է գործողություն մեր կողմից, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատի վրա: Հավատը գործողության և զորության սկզբունք է: Սկզբում մենք գործում ենք հավատքով, ապա ստանում ենք զորություն՝ համաձայն Աստծո կամքի և ժամանակի։ Այդ հերթականությունը շատ կարևոր է։ Պահանջված գործողությունը միշտ շատ փոքր է, եթե համեմատենք այն օրհնությունների հետ, որոնք մենք, ի վերջո, ստանում ենք։
Մտածեք, թե ինչ պատահեց, երբ կիզող թռչող օձերը հարձակվեցին հնագույն իսրայելացիների վրա, երբ նրանք գտնվում էին խոստումի երկիր տանող ճանապարհին։ Թունավոր օձի խայթը ճակատագրական էր։ Սակայն խայթված մարդը կարող էր բուժվել, եթե նայեր պղնձե օձին, որը պատրաստել էր Մովսեսը և տեղադրել ձողի վրա։ Որքա՞ն եռանդ է պահանջվում որևէ բանին նայելիս։ Բոլոր նրանք, ովքեր նայեցին, ստացան երկնքի զորությունները և բժշկվեցին։ Մյուս իսրայելացիները, որոնց խայթել էին օձերը, չնայեցին պղնձե օձին և մեռան։ Գուցե նրանք չունեին հավատք նայելու համար: Գուցե նրանք չէին հավատում, որ նման պարզ արարքը կարող է առաջ բերել խոստացված բուժումը: Կամ գուցե նրանք ինքնակամ կարծրացրին իրենց սրտերը և մերժեցին Աստծո մարգարեի խորհուրդները:
Աստծուց հոսող օրհնություններն ակտիվացնելու սկզբունքը հավերժական է։ Հնագույն իսրայելացիների նման, մենք նույնպես պետք է կիրառենք Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը և օրհնվենք։ Աստված հայտնել է, որ «կա օրենք, որի վրա հիմնված են բոլոր օրհնությունները։ Եվ եթե մենք որևէ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն»: Սակայն, դուք չեք վաստակում օրհնություն, այդ հասկացությունը կեղծ է, բայց դուք պետք է վաստակեք այն։ Մեր փրկությունը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի արժանիքների և շնորհի միջոցով։ Նրա քավիչ զոհաբերության անսահմանությունը նշանակում է, որ փայտե կույտը անսահման է. դրա հետ համեմատած մեր նվազ գործողությունները գրեթե զրոյական են: Բայց դրանք զրո չեն, և դրանք աննշան չեն․ մթության մեջ վառվող լուցկին կարելի է տեսնել մղոններ հեռու գտնվելով: Իրականում, այն կարելի է տեսնել երկնքում, քանի որ հավատքի փոքր գործեր են պահանջվում, որպեսզի բռնկեն Աստծո խոստումները:
Որպեսզի Աստծուց ստանաք ցանկալի օրհնությունը, գործեք հավատքով՝ վառելով փոխաբերական լուցկին, որից կախված է այդ օրհնությունը։ Օրինակ, աղոթքի նպատակներից մեկն այն է, որ ստանանք օրհնությունները, որոնք Աստված կամենում է շնորհել միայն այն պայմանով, եթե մենք խնդրենք դրանք նրանից։ Ալման աղաղակեց ողորմության համար, և նրա ցավերը անցան․ նա այլևս տակնուվրա չէր լինում իր մեղքերի հիշողությունից։ Նրա ուրախությունը գերազանցել էր նրա ցավը, և դա նրա շնորհիվ, որ նա աղաղակեց հավատքով առ Հիսուս Քրիստոսը։ Մեր ակտիվացման անհրաժեշտ էներգիայի համար պետք է Քրիստոսի հանդեպ բավարար հավատք ունենանք, անկեղծ աղոթքով Աստծուց խնդրենք, իսկ պատասխանի համար ընդունենք Նրա կամքն ու ժամանակը:
Հաճախ, օրհնությունների համար անհրաժեշտ ակտիվացման էներգիան պահանջում է ավելին, քան պարզապես փնտրելը կամ խնդրելը. շարունակական, կրկնվող, հավատով լի գործողություններ են պահանջվում: 19-րդ դարի կեսերին Բրիգամ Յանգը հրահանգեց, որ մի խումբ Վերջին Օրերի Սրբեր հետազոտեն Արիզոնա նահանգը և բնակեցնեն այն, որը Հյուսիսային Ամերիկայի չորային շրջան էր: Արիզոնա հասնելուց հետո այդ խմբի մոտ ջուրը վերջացավ, և նրանք վախեցան, որ կմեռնեն։ Նրանք աղերսեցին Աստծուն օգնության համար։ Շուտով անձրև և ձյուն տեղաց, թույլ տալով նրանց լցնել իրենց տարաները ջրով և հագեցնել իրենց կենդանիների ծարավը։ Շնորհակալ և թարմացած, նրանք վերադարձան Սոլթ Լեյք Սիթի՝ ուրախանալով Աստծո բարությամբ։ Վերադառնալուց հետո նրանք պատմեցին իրենց արշավախմբի մանրամասները Բրիգամ Յանգին և հայտնեցին իրենց եզրակացության մասին, որ Արիզոնան բնակեցնելն անօգուտ է։
Զեկույցը լսելուց հետո Բրիգամ Յանգը հարցրեց սենյակում գտնվող մի մարդու, թե նա ինչ էր մտածում արշավախմբի և այդ հրաշքի մասին։ Այդ մարդը, Դանիել Վ․ Ջոնսը, ուղղակի պատասխանեց․ «Ես կհավաքեի ջուրը, կշարունակեի և նորից կաղոթեի»։ Եղբայր Բրիգամը ձեռքը դրեց Եղբայր Ջոնսի ուսին և ասաց․ «Սա է այն մարդը, որը պետք է պատասխանատու լինի Արիզոնայի հաջորդ ուղևորության ժամանակ»:
Բոլորս կարող ենք հիշել պահեր, երբ դժվարություններից անկախ մենք առաջ ենք շարժվել և նորից աղոթել ու ստացել օրհնությունները։ Մայքլ և Մարիան Հոլմեսների փորձառությունները լուսաբանում են այս սկզբունքները։ Մայքլը և ես միասին ծառայել ենք Տարածքային Յոթանասունականներ։ Ես միշտ հուզվում էի, երբ նա կանչվում էր աղոթելու մեր ժողովների ժամանակ, քանի որ նրա մեծ հոգևոր ուժն էապես առկա էր․ նա գիտեր, թե ինչպես զրուցել Աստծո հետ։ Ինձ դուր էր գալիս, երբ նա աղոթում էր։ Սակայն, իրենց ամուսնության սկզբում Մայքլը և Մարիան չէին աղոթում կամ հաճախում եկեղեցի։ Նրանք զբաղված էին երեք փոքր երեխաներով և շինարարական հաջողակ ընկերությունով։ Մայքլը չէր զգում, որ կրոնասեր մարդ էր։ Մի երեկո եպիսկոպոսն այցելեց նրանց տուն և խրախուսեց նրանց վերսկսել աղոթել։
Եպիսկոպոսի գնալուց հետո Մայքլը և Մարիանը որոշեցին, որ պետք է փորձեն աղոթել։ Քնելուց առաջ նրանք ծնկի իջան անկողնու մոտ և անհարմար զգալով Մայքլը սկսեց աղոթել։ Մի քանի անիմաստ բառերից հետո Մայքլը կտրուկ կանգ առավ և ասաց․ «Մարիան, ես չեմ կարող սա անել»։ Երբ նա կանգնեց և փորձեց գնալ, Մարիանը բռնեց նրա ձեռքը, ստիպեց նրան ծնկի իջնել և ասաց․ «Մայք, դու կարող ես դա անել։ Կրկին փորձիր»։ Այդպես խրախուսվելով Մայքլն ասաց մի կարճ աղոթք։
Հոլմեսները սկսեցին կանոնավոր աղոթել։ Նրանք ընդունեցին եկեղեցի հաճախելու մերձավորի հրավերը։ Երբ նրանք մտան հաղորդության սենյակ և լսեցին բացման օրհներգը, Հոգին հուշեց նրանց․ «Սա ճշմարիտ է»։ Ավելի ուշ, առանց հարցնելու և աննկատ, Մայքլն օգնեց հեռացնել աղբը հավաքատնից։ Դա անելուց հետո նա ուժեղ տպավորություն ունեցավ․ «Սա Իմ տունն է»։
Մայքլը և Մարիանն ընդունեցին Եկեղեցու կոչումները և ծառայեցին իրենց ծխում ու ցցում։ Նրանք կնքվեցին միմյանցհետ, և իրենց 3 զավակները կնքվեցին նրանց հետ։ Նրանք ունեցան ավելի շատ երեխաներ՝ ընդհանուր առմամբ 12 երեխա։ Հոլմեսները երկու անգամ ծառայեցին միսիայի նախագահ և զուգընկեր։
Առաջին անհարմար ասված աղոթքը՝ փոքր, բայց հավատով լեցուն գործողություն էր, որը բռնկեց երկնքի օրհնությունները։ Հոլմեսները հավատի բոցերը սնուցեցին եկեղեցի հաճախելով և ծառայելով։ Տարիներ շարունակ նվիրված աշակերտի նրանց օրինակը հանգեցրեց մոլեգնած հրդեհի, որը ոգեշնչում է մինչ այժմ։
Այնուամենայնիվ, կրակը պետք է սնվի թթվածնի անընդհատ պաշարից, որպեսզի փայտը վերջնականապես թողարկի իր ամբողջ ներուժը։ Ինչպես ցույց տվեցին Մայքլ և Մարիան Հոլմեսները, Քրիստոսի հանդեպ հավատքը պահանջում է շարունակական գործողություն, որպեսզի բոցը շարունակվի վառվել։ Փոքր արարքները մեծացնում են ուխտի ճանապարհով քայլելու մեր ունակությունը և բերում են այն մեծագույն օրհնությունները, որոնք Աստված կարող է առաջարկել։ Սակայն թթվածինը շարունակում է առաջանալ միայն այն ժամանակ, եթե փոխաբերական իմաստով մենք շարունակում ենք քայլեր անել։ Երբեմն մենք պետք է նետ ու աղեղ պատրաստենք, նախքան հայտնություն կստանանք այն մասին, թե որտեղ պետք է ուտելիք փնտրենք։ Երբեմն պետք է գործիքներ պատրաստենք, նախքան հայտնություն ստանանք այն մասին, թե ինչպես նավ կառուցենք։ Երբեմն, Տիրոջ մարգարեի ցուցումով, մենք պետք է փոքր բաղարջ պատրաստենք այն քիչ յուղից և ալյուրից, որոնք մենք պետք է վերցնենք չպակասող յուղի կուժից և չվերջացող ալյուրի սափորից։ Իսկ երբեմն մենք պետք է «հանգիստ լինենք և իմանանք, որ [Աստված] Աստված է» և վստահել Նրա ընտրած ժամանակին։
Երբ որևէ օրհնություն եք ստանում Աստծուց, կարող եք եզրակացնել, որ դուք գործել եք ըստ այն հավերժական օրենքի, որը կարգավորում է այդ օրհնության ստացումը։ Բայց հիշեք, որ «անդարձորեն հրամանագրված» օրենքը ժամանակից կախված չէ, որը նշանակում է, որ օրհնությունները գալիս են ըստ Աստծո ժամանակացույցի։ Նույնիսկ հնագույն մարգարեները փնտրեցին իրենց երկնային տունը «մեռան հավատքի մեջ․ առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նորանց եւ բարեւում էին եւ դաւանում»։ Եթե ցանկալի օրհնությունը դեռ չեք ստացել Աստծուց, պետք չէ մտահոգվել և մտածել, թե ուրիշ ինչ պետք է անեք։ Փոխարենը, լսեք Ջոզեֆ Սմիթի խորհուրդը «ուրախությամբ անելու ամեն բան, որ [ձեր] ուժի սահմաններում է. և հետո, … կանգնեք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու [Աստծո] բացահայտվող բազուկը»: Որոշ օրհնություններ պահված են ավելի ուշ ժամանակի համար, նույնիսկ, Աստծո ամենախիզախ զավակների համար։
Վեց ամիս առաջ, տանը կենտրոնացած, Եկեղեցուց աջակցվող ծրագիրը ներկայացվեց՝ վարդապետությունը սովորելու, հավատքը զորացնելու և անհատներին ու ընտանիքներին ամրապնդելու համար։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոստացավ, որ փոփոխությունները կարող են օգնել մեզ հոգեպես գոյատևել, մեծացնել ավետարանի մեր ուրախությունը և խորացնել մեր դարձը դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Սակայն, մեզանից է կախված այդ օրհնությունների ստացումը։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք բացել և ուսումնասիրել Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագիրը, ինչպես նաև սուրբ գրությունները և մյուս Եկ, հետևիր ինձ նյութերը։ Մենք պետք է քննարկենք դրանք մեր ընտանիքի ու ընկերների հետ և կազմակերպենք մեր հանգստության օրը, որպեսզի վառենք փոխաբերական կրակը։ Կամ կարող ենք այդ նյութերը կիտված թողնել մեր տներում՝ հնարավոր էներգիան թակարդված ներսում։
Ես ձեզ հրավիրում եմ հավատարմորեն ակտիվացնել երկնային զորությունը՝ Աստծո հատուկ օրհնությունները ստանալու համար։ Հավատք գործադրեք՝ լուցկու հատիկը վառելու և կրակը վառելու համար։ Մատակարարեք անհրաժեշտ թթվածինը, մինչ համբերատար սպասում եք Տիրոջը։ Այդ հրավերների հետ մեկտեղ, ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին առաջնորդի և ղեկավարի ձեզ, որ ձեր համար Առակաց գրքում նկարագրված «հավատարիմ մարդու» նման «օրհնությունները շատ» լինեն։ Ես վկայում եմ, որ ձեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսն ապրում են, մտահոգված են ձեր բարօրությամբ և ուրախ են օրհնելու ձեզ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: