Եռանդուն ներգրավված
Մեծ գործերն իրականացվում են և բեռը թեթևանում է «բարի գործում ջերմեռանդ ներգրավված» բազմաթիվ ձեռքերի օգնությամբ:
Երեց Փերի, կարծում եմ դուք պետք է որ լինեք ամբողջ Եկեղեցում ամենաերիտասարդ 90 տարեկանը: Դուք նկատեցիք, ինչպես նա վեր ցատկեց իր աթոռից:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ամեն անգամ, երբ վայելում եմ թարմ, հասունացած լոլիկը կամ ուտում ծառից նոր քաղված հասած հյութալի դեղձը, մտքով գնում եմ 60 տարի ետ, երբ հայրս ուներ փոքր դեղձի այգի Հալադեյում, Յուտա: Նա այնտեղ փեթակներ էր պահում, որպեսզի մեղուները փոշոտեին դեղձի ծաղիկները, որոնք ավելի ուշ աճում էին, դառնալով շատ մեծ, համեղ դեղձեր:
Հայրս սիրում էր իր նուրբ մեղուներին և հիանում էր նրանով, ինչպես են հազարավոր մեղուներ միասին աշխատում՝ դեղձի ծաղիկներից հավաքած նեկտարը փոխակերպելով քաղցր, ոսկեգույն մեղրի, որը բնության ամենասննդարար ուտելիքներից մեկն է: Իրականում, սննդի մասնագետներն ասում են մեզ, որ դա այնպիսի սնունդ է, որ ներառում է կյանքի համար անհրաժեշտ բոլոր նյութերը՝ էնզիմներ, վիտամիններ, հանքային նյութեր և ջուր:
Հայրս միշտ փորձում էր ներգրավել ինձ իր մեղվագործության մեջ, բայց ես շատ ուրախ էի, որ թողնում էի իրենց իր մեղուներին խնամելու գործը: Սակայն, դեռևս այդ օրերից ես սովորել եմ ավելին այդ բարձր կազմակերպված փեթակների մասին, որտեղ կար մոտ 60 000 մեղու:
Մեղուները պահվում են փոշոտելու, նեկտար հավաքելու և նեկտարը մեղրի վերածելու համար: Դա նրանց բացառիկ հրաշալի հատկանիշն է, որ դրվել է իրենց գենետիկական կոդում մեր Արարչի կողմից: Հաշվարկվել է, որ կես լիտր մեղր արտադրելու համար միջին չափի փեթակի 20 000–60 000 մեղուները պետք է այցելեն միլիոնավոր ծաղիկների և անցնեն այնքան ճանապարհ, որը հավասար է երկրագնդի շուրջը երկու անգամ պտտվելուն: Մի քանի շաբաթից մինչև չորս ամիս իր կարճատև կյանքի ընթացքում մեկ բանվոր մեղուն թեյի գդալի միայն մեկ տասներկուերորդական չափով մեղր է ստեղծում փեթակում:
Ճիշտ է, համեմատելով ընդհանուրի հետ, չնչին բան է թվում, սակայն յուրաքանչյուր մեղվի թեյի գդալի մեկ տասներկուերորդ չափով մեղրը կարևոր է փեթակի կյանքի համար: Մեղուները կախված են իրարից: Աշխատանքը, որ կարող էր շատ ծանր լինել մի քանի մեղուների համար, ավելի է հեշտանում, որովհետև բոլոր մեղուները բարեխղճորեն կատարում են իրենց հասանելիք մասը:
Փեթակը միշտ կարևոր խորհրդանիշ է եղել մեր Եկեղեցու պատմության մեջ: Մորմոնի Գրքում մենք սովորում ենք, որ հազարավոր տարիներ առաջ Հարեդացիները Ամերիկաներ ճամփորդելիս իրենց հետ տարան փեթակները (տես Եթեր 2.3): Բրիգամ Յանգը ընտրեց փեթակը որպես խորհրդանիշ, որպեսզի պիոներների մեջ խրախուսի և ոգեշնչի համատեղ աշխատանքը, Մեծ Սոլթ Լեյքի շրջակայքի ամայի տափաստանները վերածելու բերրի հովիտների, որ այսօր մենք ունենք: Մենք նրանց համատեղ տեսլականից և տքնաջան աշխատանքից օգտվողներն ենք:
Փեթակի խորհրդանիշը կարելի է գտնել մեր շատ տաճարների ներքին և արտաքին հարդարման մեջ: Այս ամբիոնը, որի մոտ ես կանգնած եմ, պատրաստված է Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ետնաբակում աճած կաղնու փայտից, և զարդարված է փեթակի փորագրված պատկերներով:
Այս ամենում խորհրդանշականն այն է, որ մեծ գործերն իրականացվում են և բեռը թեթևանում է «բարի գործում ջերմեռանդ ներգրավված» (ՎևՈւ 58.27) բազմաթիվ ձեռքերի օգնությամբ: Պատկերացրեք, թե աշխարհում ինչ կարող էին կատարել միլիոնավոր Վերջին Օրերի Սրբեր, եթե գործեին փեթակի ձևով՝ Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների հանդեպ սևեռված, կենտրոնացած մեր պարտականությամբ:
Փրկիչն ուսուցանել է, որ առաջին և մեծ պատվիրանն է.
«Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը: …
Երկրորդն էլ սրան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պես:
Այս երկու պատվիրանքից կախված են բոլոր օրենքը և մարգարեները» (Մատթեոս 22.37, 39–40):
Փրկչի խոսքերը պարզ են, բայցև խորիմաստ ու կարևոր: Մենք պետք է սիրենք Աստծուն, սիրենք և հոգ տանենք մեր ընկերների մասին, ինչպես մեզ համար: Պատկերացրեք, թե ինչ բարիք կարող ենք գործել աշխարհում, եթե բոլորս միասնական՝ որպես Քրիստոսի հետևորդներ, ձերմեռանդ և ջանասիրաբար արձագանքենք մյուսների կարիքներին և ծառայենք մեզ շրջապատող մարդկանց՝ մեր ընտանիքներին, ընկերներին, հարևաններին և համաքաղաքացիներին:
Ինչպես Հակոբոսի թուղթն է նշում, ծառայությունը՝ անարատ կրոնասիրությունն է (տես Հակոբոս 1.27):
Մենք կարդում ենք աշխարհում Եկեղեցու անդամների կողմից մատուցված ծառայության, հատկապես՝ մարդասիրական ծառայության մասին, որ տրամադրվում է աղետների՝ հրդեհների, և ջրհեղեղների, և փոթորիկների, և պտուտահողմերի ժամանակ: Արտակարգ իրավիճակներում այդ անչափ անհրաժեշտ և այնքան գնահատված արձագանքները անշուշտ պետք է շարունակվեն որպես միմյանց բեռը կրելու եղանակ: Իսկ ի՞նչ պետք է անել մեր առօրյա կյանքում: Ինչպիսի՞ն կլինի ամեն օր մյուսների հանդեպ մեր կողմից քրիստոսանման անկեղծ սիրով կատարվող կարեկցանքի միլիոնավոր փոքր գործերի համընդհանուր ազդեցությունը: Ժամանակի ընթացքում դա կթողնի փոխակերպող ազդեցություն մեր Երկնային Հոր բոլոր զավակների վրա՝ մեր միջոցով նրանց հանդեպ Նրա սիրո տարածման շնորհիվ: Մեր անհանգիստ աշխարհն այսօր Քրիստոսի այս սիրո կարիքն ունի ավելի քան երբևէ, և նույնիսկ դրա կարիքն ավելի շատ կլինի գալիք տարիներին:
Այդ ամենօրյա ծառայության հասարակ գործերը ինքնին շատ չեն թվա, իսկ համատեղ դիտարկելու դեպքում դրանք դառնում են փեթակում մեկ մեղվի կողմից ստեղծված թեյի գդալի տասներկուերորդական չափով մեղրի պես: Աստծո և Նրա զավակների հանդեպ մեր սիրո մեջ ուժ կա, իսկ երբ այդ սերը զգալիորեն դրսևորվում է քրիստոնեական միլիոնավոր բարի գործերում, այն քաղցրացնում և սնուցում է աշխարհը կյանքի համար անհրաժեշտ հավատքի, հույսի և գթության նեկտարով:
Ի՞նչ պետք է անենք, որ դառնանք նվիրված մեղուների պես և նվիրվածությունը դառնա մեր էության մասը: Մեզանից շատերը հնազանդ հաճախում են մեր Եկեղեցու ժողովներին, և մենք տքնաջան աշխատում ենք մեր կոչումներում, հատկապես կիրակի օրերին: Դա անկասկած, գովասանքի արժանի է: Իսկ շաբաթվա մյուս օրերին արդյո՞ք մեր մտքերն ու սրտերը ջերմեռանդ ներգրավված են բարի գործերում: Արդյո՞ք պարզապես մեխանիկորեն կատարում ենք մեր պարտականությունները, թե՞ իսկապես դարձի ենք եկել դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ինչպե՞ս ենք վերցնում մեր մտքերում փայփայված հավատքի սերմը և խորը ցանում մեր հոգու պարարտ հողում: Ինչպե՞ս ենք սրտի հզոր փոփոխություն ունենում, որն ըստ Ալմայի կարևոր է մեր հավերժական երջանկության և խաղաղության համար (տես Ալմա 5.12–21):
Հիշեք, որ մեղրը պարունակում է կյանքի համար բոլոր անհրաժեշտ նյութերը: Իսկ Քրիստոսի վարդապետությունը և ավետարանը հավերժական կյանք ձեռք բերելու միակ ուղին են: Երբ մեր վկայությունը չի հիմնվում միայն մեր մտքի վրա, այլ խորը արմատավորվում մեր սրտում, առ Փրկիչ սերը դառնում է սիրելու և ծառայելու մեր շարժառիթը: Միայն այդ ժամանակ մենք կդառնանք հիմնովին դարձի եկած Քրիստոսի աշակերտներ՝ զորացած Հոգով՝ հասնելու մեր մերձավորների սրտերին:
Երբ մեր սրտերն այլևս դրված չեն աշխարհի բաների վրա, մենք այլևս չենք տենչում մարդկանց գովասանքներին կամ չենք գոհացնում մեր հպարտությունը (տես ՎևՈւ 121.35): Փոխարենը, մենք վերցնում ենք Քրիստոսանման հատկանիշները, որ Հիսուսն է ուսուցանել.
-
Մենք մեղմ ենք, հեզ և երկայնամիտ (տես ՎևՈւ 121.41):
-
Մենք բարի ենք, առանց կեղծավորության կամ նենգության (տես ՎևՈւ 121.42):
-
Մենք գթասիրտ ենք բոլոր մարդկանց հանդեպ (տես ՎևՈւ 121.45):
-
Մենք միշտ առաքինի մտքեր ունենք (տես ՎևՈւ 121.45):
-
Մենք այլևս չենք ցանկանում չարիք գործել (տես Մոսիա 5.2):
-
Սուրբ Հոգին մեր մշտական ընկերակիցն է, և քահանայության վարդապետություններն իջնում են մեր հոգու վրա, ինչպես ցողը երկնքից (տես ՎևՈւ 121.45–46):
Այժմ, եղբայրներ և քույրեր, ես չեմ քաջալերում կրոնական մոլեռանդություն կամ ֆանատիզմ: Ճիշտ հակառակը: Պարզապես առաջարկում եմ, որ առ Քրիստոսի ավետարան մեր լիարժեք դարձի ընթացքում մենք կատարենք մյուս տրամաբանական քայլը՝ ավետարանի վարդապետությունները խորը արմատավորենք մեր սրտում և հոգում, որպեսզի գործենք և ապրենք համապատասխանաբար, և ազնվորեն, ինչին մենք հավատում ենք:
Դա հեշտացնում է մեր կյանքը և ուժեղացնում է մեր զգայունությունը հանդեպ Հոգին և մյուսների կարիքները: Այն բերում է ուրախություն մեր կյանք և խաղաղություն մեր հոգուն, այնպիսի ուրախություն և խաղաղություն, որը գալիս է, երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերից և հետևում Փրկչին՝ պահելով Նրա պատվիրանները:
Ինչպե՞ս ենք մենք կատարում այդ փոփոխությունը: Ինչպե՞ս ենք արմատավորում Քրիստոսի այդ սերը մեր սրտում: Կա առօրյա պարզ քայլ, որ կարող է տարբերություն բերել Եկեղեցու յուրաքանչյուր անդամի, ներառյալ ձեր կյանքում՝ տղաներ և դուք՝ աղջիկներ, երիտասարդ տղամարդիկ և կանայք, ամուրի չափահասներ, հայրեր և մայրեր:
Այդ պարզ քայլն է՝ ձեր ամենօրյա առավոտյան աղոթքում խնդրել Երկնային Հորը առաջնորդել ձեզ, որպեսզի գտնեք Իր թանկագին զավակներից որևէ մեկին ծառայելու հնարավորություն: Ապա զբաղվեք ձեր գործերով ձեր սիրտը լի հավատքով և սիրով, փնտրելով որևէ մեկին, որ օգնեք: Կենտրոնացեք դրա վրա, ինչպես մեղուներն են կենտրոնացած ծաղիկների վրա, որտեղից հավաքում են նեկտարն ու ծաղկափոշին: Այդ ժամանակ, ձեր հոգևոր զգայունությունը կուժեղանա, և դուք կհայտնաբերեք ծառայելու հնարավորություններ, որ երբեք նախկինում չեք նկատել:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է, որ շատ դեպքերում Երկնային Հայրը պատասխանում է մեկ այլ մարդու աղոթքներին ձեր և իմ, մեր բարի խոսքերի և գործերի, մեր ծառայության և սիրո պարզ գործերի միջոցով:
Իսկ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Աստված իրոք նկատում է մեզ, և հետևում է մեզ: Բայց հիմնականում մեկ այլ անձնավորության միջոցով է Նա բավարարում մեր կարիքները: Հետևաբար, կարևոր է, որ մենք ծառայենք միմյանց» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 82):
Ես գիտեմ, որ եթե դուք դա անեք՝ տանը, դպրոցում, աշխատավայրում և եկեղեցում, Հոգին կառաջնորդի ձեզ, և դուք կկարողանաք հայտնաբերել նրանց, ովքեր որոշակի ծառայության կարիք ունեն, որը միայն դո՛ւք կարող եք մատուցել: Հոգին կհուշի ձեզ և դուք հրաշալիորեն կառաջնորդվեք, որպեսզի ներգործեք աշխարհի վրա Քրիստոսի մաքուր սիրով և Նրա ավետարանով:
Եվ հիշեք, որ փեթակին տված փոքրիկ մեղվի թեյի գդալի մեկ տասներկուերորդական մեղրի պես, եթե մենք բազմապատկենք մեր ջանքերը տասնյակ հազարավոր և անգամ միլիոնավոր աղոթալից ջանքերով, կիսելով Իր զավակների հանդեպ ունեցած Աստծո սերը քրիստոնեական ծառայության միջոցով, առաջ կգա բարիք ստեղծող միացյալ ջանք, որը Քրիստոսի Լույսը կբերի այս անընդհատ մթագնող աշխարհ: Միասնական՝ մենք սեր և կարեկցանք կբերենք մեր իսկ ընտանիք և միայնակներին, աղքատներին, հուսահատվածներին և մեր Երկնային Հոր այն զավակներին, ովքեր ճշմարտություն և խաղաղություն են փնտրում:
Եղբայրներ և քույրեր, իմ խոնարհ աղոթքն է, որ մեր ամենօրյա աղոթքներում ոգեշնչում խնդրենք՝ գտնելու ինչ-որ մեկին, ում մենք կարող ենք իմաստալից ծառայություն մատուցել, ներառյալ՝ ավետարանի ճշմարտությամբ և մեր վկայություններով կիսվելը: Ամեն օրվա վերջում, թող որ մենք կարողանանք դրական պատասխանել հետևյալ հարցին. «Այսօր աշխարհում բարիք գործեցի՞, որևէ կարիքավորի արդյոք օգնեցի՞» (Hymns, no. 223):
Սա Աստծո աշխատանքն է: Թող որ մենք այդ գործում լինենք այնքան բարեխիղճ, որքան փոքր մեղուներն են իրենց աշխատանքում, ես խոնարհ աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: