Պաշտպանել երեխաներին
Ոչ ոք չպետք է մերժի այն խնդրանքը, որ մենք միավորվենք, մեծացնելով մեր մտահոգությունը երեխաների՝ աճող սերնդի բարեկեցության և ապագայի համար:
Մենք բոլորս էլ կարող ենք հիշել մեր զգացմունքները, երբ փոքր երեխան լաց է եղել և ձեռքերը պարզել է մեզ՝ օգնության համար: Սիրող Երկնային Հայրը տալիս է մեզ այդ զգացողությունները, որ դրդի մեզ օգնել Իր զավակներին: Խնդրում եմ, վերհիշեք այդ զգացողությունները, մինչ ես կխոսեմ երեխաներին պաշտպանելու և նրանց բարօրության համար գործելու մեր պարտականության մասին:
Ես խոսում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանի, ներառյալ Նրա փրկության ծրագրի տեսանկյունից: Դա իմ կոչումն է: Եկեղեցու տեղական ղեկավարները պարտավորություն ունեն կապված միայն իրենց տարածքի հետ, օրինակ՝ ծխում կամ ցցում, սակայն Առաքյալի պարտականությունն է վկայել ամբողջ աշխարհին: Յուրաքանչյուր ազգի յուրաքանչյուր ցեղի ու դավանանքի բոլոր երեխաները Աստծո զավակներն են:
Չնայած, որ ես չեմ խոսում քաղաքական կամ հասարակական օրենքների տեսանկյունից, ինչպես այլ Եկեղեցու ղեկավարներ, ես չեմ կարող խոսել երեխաների բարօրության վերաբերյալ, առանց քննարկելու նաև ընտրությունները, որոնք կատարում են քաղաքացիները, պետական ծառայողները և մասնավոր կազմակերպությունների աշխատողները: Մենք բոլորս էլ պարտավորություն ունենք Տիրոջից սիրել և հոգ տանել իրար համար, և հատկապես թույլերի և անպաշտպանների համար:
Երեխաները շատ խոցելի են: Նրանք քիչ ուժ ունեն կամ նույնիսկ անզոր են պաշտպանել կամ ապահովել իրենց և փոքր ազդեցություն ունեն այնքան շատ բաների վրա, որ արժեքավոր են իրենց բարօրության համար: Երեխաները կարիք ունեն, որ ուրիշները խոսեն իրենց փոխարեն և նրանք կարիք ունեն որոշումներ կայացնողների, ովքեր նրանց բարօրությունը չափահասների հետաքրքրություններից բարձր են դասում:
I.
Մեզ հուզում է այն փաստը, որ աշխարհով մեկ գտնվող միլիոնավոր երեխաներ չափահասների կողմից գործված հանցագործությունների և եսասիրության չարիքի զոհ են դառնում:
Պատերազմական որոշ երկրներում երեխաներին առևանգում են, որպեսզի ծառայեն որպես զինվորներ պատերազմող բանակներում:
Ըստ Միացյալ Ազգերի տվյալների հաշվարկի երկու միլիոն երեխաներ ամեն տարի զոհ են դառնում պոռնկության և պոռնկագրության միջոցով:1
Փրկության ծրագրի տեսանկյունից երեխաների իրավունքների ամենալուրջ ոտնահարում է համարվում նրանց ծնվելու իրավունքից զրկելը: Սա համաշխարհային տենդենց է: Միացյալ Նահանգներում ազգային ծնելիության մակարդակը ամենացածրն է 25 տարիների ընթացքում,2 և Եվրոպական և Ասիական երկրների մեծ մասում ծնելիության մակարդակները երկար տարիներ ցածր են փոխարինման մակարդակներից: Սա միայն կրոնական խնդիր չէ: Մինչ աճող սերունդները քանակապես պակասում են, մշակույթները և նույնիսկ ազգերը տկարանում և ի վերջո անհետանում են:
Ծնելիության մակարդակի նվազեցման պատճառներից մեկը արհեստական վիժեցումներ կատարելն է: Աշխարհով մեկ մոտավոր հաշվարկով տարեկան կատարվում է ավելի քան 40 միլիոն արհեստական վիժեցում:3 Շատ օրենքներ թույլ են տալիս կամ նույնիսկ աջակցում են արհեստական վիժեցմանը, սակայն մեզ համար սա մեծ չարիք է: Երեխաների իրավունքների մեկ այլ ոտնահարում է համարվում հղիության ընթացքում սաղմին վնաս հասցնելը, որը մոր անհամապատասխան սնունդ կամ դեղամիջոց օգտագործելու արդյունք է հանդիսանում:
Ճակատագրի վշտալի ծաղր է այն փաստը, որ բազմաթիվ երեխաներ մինչև ծնվելը հեռացվում են կամ նրանց վնաս է հասցվում, մինչդեռ շատ զույգեր, որոնք չեն կարողանում երեխաներ ունենալ, փափագում են ունենալ և փնտրում են երեխաներ, որ որդեգրեն:
Երեխաների իրավունքների ոտնահարումը կամ երեխաներին անուշադրության մատնելը, որ ի հայտ են գալիս նրանց ծնվելուց հետո, հասարակության մեջ ավելի տեսանելի են դառնում: Ողջ աշխարհում մոտավորապես ութ միլիոն երեխա մահանում են նախքան հինգ տարեկանը լրանալը, մեծամասամբ հիվանդությունների պատճառով, որոնք և բուժման ենթակա են, և կանխելի:4 Եվ Համաշխարհային Առողջապահական Կազմակերպությունը տեղեկացնում է, որ չորս երեխաներից մեկը թերաճ են՝ մտավոր և ֆիզիկապես, թերսնվելու պատճառով:5 Ապրելով և ճամփորդելով աշխարհով մեկ, մենք՝ Եկեղեցու ղեկավարներս, շատ ենք տեսնում նման բաներ: Երեխաների Խմբի գերագույն նախագահությունը տեղեկացնում է «մեր պատկերացումից դուրս» պայմաններում ապրող երեխաների մասին: Մի մայր Ֆիլիպիններում ասել է. «Երբեմն մենք ուտելիքի համար բավականաչափ գումար չունենք, սակայն ամեն ինչ լավ է, որովհետև այն ինձ հնարավորություն է տալիս սովորեցնել իմ երեխաներին հավատքի մասին: Մենք հավաքվում և աղոթում ենք սփոփանքի համար և երեխաները տեսնում են, թե ինչպես է Տերը օրհնում մեզ»:6 Հարավային Աֆրիկայում երեխաների հետ աշխատող մեկը հանդիպել էր մի փոքրիկ աղջկա, ով միայնակ էր ու տխուր: Սիրով տրված հարցերին ցածրաձայն պատասխանելիս նա ասել էր, որ չուներ մայր, հայր և տատիկ, միայն պապիկ ուներ, որ պետք է հոգ տաներ իր համար:7 Նման ողբերգություններ հաճախակի են հանդիպում այն աշխարհամասում, որտեղ շատ խնամակալներ մահանում են ՁԻԱՀ-ից:
Նույնիսկ հարուստ ազգերում փոքր երեխաները և պատանիները տուժում են անուշադրության մատնվելու պատճառով: Աղքատության մեջ մեծացող երեխաները ունեն ցածրորակ առողջապահական ծառայություններ և կրթության համար անբավարար հնարավորություններ: Նրանք նաև ենթակա են վտանգավոր պայմանների իրենց ֆիզիկական և մշակութային միջավայրում և նունյիսկ իրենց ծնողների անուշադրության պատճառով: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը վերջերս կիսվեց ՎՕՍ ոստիկանության սպայի փորձառությամբ: Հետաքննության ժամանակ նա մի բնակարանում գտել էր իրար գլխի հավաքված հինգ երեխաների, որոնք փորձում էին քնել կողտոտ հատակի վրա՝ առանց սպիտակեղենի, որտեղ նրանց մայրը և այլոք խմում էին և զվարճանում: Բնակարանում ուտլիք չկար նրանց կերակրելու համար: Ինքնաշեն անկողնում նրանց լավ ծածկելուց հետո սպան ծնկի եկավ և աղոթեց նրանց ապահովության համար: Երբ նա քայլում էր դեպի դուռը, նրանցից մեկը, որ մոտավորապես վեց տարեկան էր, հետևեց նրան, բռնեց նրա ձեռքից և աղերսեց. «Խնդրում եմ, ինձ կորդեգրե՞ք դուք»:8
Մենք հիշում ենք Փրկչի ուսմունքները, երբ Նա մի փոքր երեխա վերցրեց իր մոտ և իր հետևորդներին հայտարարեց.
«Եվ ով որ մի այսպիսի երեխա ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում:
Եվ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մեկին, որ հավատում են ինձ, ավելի լավ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախվի, և նա ծովի անդունդում ընկղմվի» (Մատթեոս 18.5–6):
Երբ մենք խորհում ենք այն վտանգների մասին, որոնցից երեխաները պետք է պաշտպանվեն, մենք պետք է նաև ներառենք հոգեբանական ճնշումները: Ծնողները, այլ խնամակալները, ուսուցիչները կամ հասակակիցները, ովքեր նվաստացնում, ճնշում կամ վիրավորում են երեխաներին կամ պատանիներին, կարող են ավելի հարատև վնաս պատճառել, քան ֆիզիկական վնասները: Երեխային կամ պատանուն անարժեք, չսիրված կամ անցանկալի լինելու զգացմունքներ հաղորդելը կարող է լուրջ և երկարատև վնաս պատճառել նրա էմոցիոնալ վիճակին և զարգացմանը:9 Երիտասարդ մարդիկ, ովքեր տառապում են որևէ անսովոր պայմանում, ներառյալ նույն սեռի հանդեպ համակրանքը, մասնավորապես խոցելի են և կարիք ունեն սիրալիր հասկացողության, և ոչ թե ճնշման կամ արտաքսման:10
Տիրոջ օգնությամբ մենք կարող ենք ապաշխարել, փոխվել և լինել երեխաներին ավելի սիրող և օգնող, մեր սեփական երեխաներին և նրանց, ովքեր գտնվում են մեր շրջապատում:
II.
Երեխաների համար կան ֆիզիկական կամ էմոցիոնալ վտանգների մի քանի օրինակներ, որոնք նույնքան կարևոր են, ինչպես նրանք, որ առաջ են գալիս իրենց ծնողների կամ խնամակալների հետ հարաբերություններից: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խոսել է այն մասին, ինչը նա կոչել է երեխաների իրավունքների ոտնահարման «նողկալի արարքներ», որտեղ ծնողը կոտրում կամ աղավաղում է երեխային ֆիզիկապես կամ հոգեպես:11 Ես խորը վիշտ էի ապրում, երբ Յուտայի Գերագույն Դատարանում ծառայելու ընթացքում ստիպված էի լինում ուսումնասիրել նման դեպքերի ցնցող փաստեր:
Երեխաների բարեկեցության համար մեծ կարևորություն ունի, թե արդյոք նրանց ծնողները ամուսնացած են, ամուսնության տեսակը և տևողությունը, և ընդհանուր առմամբ, ամուսնության և երեխաներին խնամելու հետ կապված սովորույթներն ու ակնկալիքները այնտեղ, որտեղ նրանք ապրում են: Ընտանիքի վերաբերյալ հետազոտություններ կատարող երկու անձնավորություններ բացատրել են. «Պատմության ընթացքում ամուսնությունը առաջին հերթին և ամենակարևորը եղել է երեխաներ արարելու և մեծացնելու հասարակական կարևոր մի ավանդույթ: Այն ապահովել է մշակութային սերտ կապ, որի նպատակն է միավորել հորը իր զավակների հետ՝ կապելով նրան իր զավակների մոր հետ: Սակայն վերջին ժամանակներում երեխաները մեծապես հետ են մղվել ուշադրության կենտրոնում լինելուց»:12
Հարվարդի իրավաբանության դասախոսներից մեկը նկարագրում է ներկայիս օրենքը և վերաբերմունքը ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ. «Ամերիկյան [ներկայիս] վերաբերմունքը ամուսնության վերաբերյալ, համաձայն օրենքի և ամենից հայտնի գրականության, ձևակերպվում է մոտավորապես այս ձևով. ամուսնությունը հարաբերություն է, որը գոյություն ունի հիմնականում ամուսիններից յուրաքանչյուրին գոհացնելու համար: Եթե այն դադարում է այդ ֆունկցիան կատարել, ոչ ոք չպիտի մեղադրի և ամուսիններից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է այն ավարտին հասցնել: … Երեխաները հազվադեպ են հանդես գալիս այս պատմություններում, մեծամասամբ նրանց կարծիքին նման իրավիճակներում կարևորություն չի տրվում»:13
Մեր Եկեղեցու ղեկավարները ուսուցանել են, որ ամուսնությանը նայելը «որպես պարզապես պայմանագիր, որը կարելի է կնքել հաճույքի համար … և խզել այն առաջին իսկ դժվարությանը հանդիպելիս … խիստ դատապարտելի չար արարք է», հատկապես այն դեպքում, երբ երեխաները տառապում են:14 Եվ ամուսնալուծությունները երեխաների վրա հետևանքներ են թողնում: Վերջին տարվա բաժանությունների կեսից ավելին ներառել են փոքր երեխաներ ունեցող զույգերի:15
Շատ երեխաներ կունենային իրենց երկու ծնողների կողմից մեծացվելու օրհնությունը, եթե միայն նրանց ծնողները հետևեին ընտանիքի վերաբերյալ հայտարարության այս ոգեշնչված ուսմունքին. «Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց և երեխաների համար: … Ծնողների սուրբ պարտականությունն է դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները և ուսուցանել նրանց սիրել և ծառայել մեկը մյուսին»:16 Երեխաների համար ամենազորեղ ուսուցումը տրվում է նրանց ծնողների կողմից: Ամուսնալուծվող ծնողները անխուսափելիորեն ուսուցանում են բացասական դաս:
Իհարկե կան դեպքեր, երբ ամուսնալուծությունը անհրաժեշտ է երեխաների օգտի համար, սակայն այդ հանգամանքները բացառիկ հանգամանքներ են:17 Դժվարությունների առաջ կանգնած ամուսնության ժամանակ պայքարի մեջ մտած ծնողները ավելի շատ պիտի մտածեն երեխաների օգտի մասին: Տիրոջ օգնությամբ նրանք կարող են դա անել: Երեխաները կարիք ունեն էմոցիոնալ և անձնական ամրության, որը առաջ է գալիս երկու ծնողների կողմից մեծացվելու արդյունքում, ովքեր միավորված են իրենց ամուսնության մեջ և իրենց նպատակներով: Որպես մեկը, ում մեծացրել է ամուրի մայրը, ես գիտեմ իմ անձնական օրինակից, որ սրան միշտ չէ, որ կարելի է հասնել, սակայն սկզբունքն այն է, որ հնարավորության դեպքում հասնենք դրան:
Երեխաներն առաջին զոհն են ներկայիս օրենքների, որոնք թույլ են տալիս այսպես կոչված «առանց մեղադրանքի ամուսնալուծություն»: Երեխաների տեսակետից ամուսնալուծությունը շատ հեշտ է: Ամփոփելով հասարակագիտության տասնամյակների ուսումնասիրությունները, հոգատար գիտնականը եզրակացրել է, որ «ընտանեկան համակարգը, որ լավագույն արդյունքներն է տալիս երեխաների համար, միջին հաշվով երկու կենսաբանական ծնողներն են, ովքեր մնում են ամուսնացած»:18New York Times–ի լրագրողներից մեկը նշել է «տպավորիչ մի փաստ, որ որքանով ավանդական ամուսնությունը պակասել է Միացյալ Նահանգներում … երեխաների բարեկեցության համար այդ կառույցի կարևորության փաստը ավելի է մեծացել»:19 Այդ իրականությունը ծնողներին պետք է կարևոր առաջնորդություն տա և ծնողները պետք է կարևորեն այն, երբ որոշում կայացնեն ամուսնության և ամուսնալուծության առնչությամբ: Մեզ նաև անհրաժեշտ է, որ քաղաքական գործիչները, օրենքներ սահմանողները և պետական պաշտոնյաները մեծացնեն իրենց ուշադրությունն առ այն, ինչը առավելագույնս կարևոր է երեխաների համար՝ ի հակադրություն կողմերի եսասիրական շահերի և չափահասների շահերը պաշտպանող փաստաբանների:
Երեխաները զոհ են դառնում նաև չկայացված ամուսնությունների դեպքում: Մեր աճող սերնդի բարեկեցության վերաբերյալ որոշ փաստեր ավելի մեծ անհանգստություն են պատճառում, քան վերջին տվյալները, որ Միացյալ Նահանգների բոլոր նորածինների 41 տոկոսը պատկանում են կանանց, ովքեր ամուսնացած չեն:20 Չամուսնացած մայրերը ունեն վիթխարի դժվարություններ, և ակնհայտ է այն փաստը, որ նրանց երեխաները առավելապես գտնվում են անշահավետ վիճակում, եթե համեմատենք այն երեխաների հետ, ովքեր մեծանում են ամուսնացած ծնողների ներկայությամբ:21
Չամուսնացած մայրերի երեխաների մեծամասնությունը՝ 58 տոկոսը, ծնվել են այն զույգերի մոտ, ովքեր միասին են ապրել առանց ամուսնանալու:22 Ինչ էլ մենք ասենք այն զույգերի վերաբերյալ, ովքեր չեն ամուսնանում, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանց երեխաները մեծապես տառապում են անշահավետ պայմանների պատճառով:23 Երեխաների համար ամուսնության կայունությունը մեծ նշանակություն ունի:
Մենք պետք է ընդունենք, որ նույն անշահավետ իրավիճակում են գտնվում այն երեխաները, ում մեծացնում են նույն սեռին պատկանող զույգերը: Հասարակագիտության գրականությունը վիճահարույց է և պաշտոնապես քննադատող երեխաների վրա սրա ունեցած երկարատև ազդեցության առնչությամբ, հիմնականում այն պատճառով, ինչպես New York Times-ի հեղինակներից մեկն է նկատել. «նույն սեռի ամուսնությունը հասարակական փորձ է, և ինչպես փորձերի մեծամասնությունը այն ժամանակ կպահանջի, որ հասկացվեն դրա հետևանքները»:24
III.
Ես խոսեցի երեխաների անունից՝ ամենուր գտնվող երեխաների: Ոմանք կարող են չհամաձայնվել բերված որոշ օրինակների հետ, սակայն ոչ ոք չպետք է դիմակայի խնդրանքին, որ մենք միավորվենք մեծացնելով մեր մտահոգությունը մեր երեխաների՝ աճող սերնդի բարօրության և ապագայի համար:
Մենք խոսում ենք Աստծո զավակների մասին, և Նրա զորեղ օգնությամբ մենք կարող ենք անել ավելին նրանց օգնելու համար: Այս խնդրանքով ես դիմում եմ ոչ միայն Վերջին Օրերի Սրբերին, այլ նաև կրոնական հավատքի տեր բոլոր անհատներին և այլոց, ովքեր ունեն արժեքավոր համակարգ, որը նրանց հնարավորություն է տալիս խոսելու այլոց հետ՝ հատկապես երեխաների բարեկեցության վերաբերյալ:25
Կրոնական անձնավորությունները նաև գիտակցում են Փրկչի Նոր Կտակարանի ուսմունքը, որ մաքուր փոքրիկ երեխաները մեր համար խոնարհության և ուսուցանելի լինելու լավ օրինակ են.
«Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե դարձ չգաք և չլինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայությունը:
Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայության մեջ» (Մատթեոս 18.3–4):
Մորմոնի Գրքում մենք կարդում ենք, թե որն էր պատճառը, որ Տերը ուսուցանեց նեփիացիներին, որ նրանք պետք է ապաշխարեն և մկրտվեն «և դառնան ինչպես մի փոքր երեխա» կամ նրանք չէին կարողանա ժառանգել Աստծո թագավորությունը (3 Նեփի 11.38, տես նաև Մորոնի 8.10):
Ես աղոթում եմ, որ մենք խոնարհեցնենք ինքներս մեզ փոքր երեխաների պես և պարզենք մեր ձեռքերը մեր փոքր երեխաներին պաշտպանելու համար, քանի որ նրանք են մեր, մեր Եկեղեցու և մեր ազգերի ապագան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: