2010–2019 թթ․
Անասելի պարգև Աստծուց
Հոկտեմբեր 2012


11:0

Անասելի պարգև Աստծուց

Սուրբ Հոգին կատարյալ միասնության մեջ է գործում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ, կատարելով բազմաթիվ կարևոր դերեր և հստակ պատասխանատվություններ:

1994թ. Նախագահ Հովարդ Վ. Հանթերը կոչ արեց Եկեղեցու բոլոր անդամներին «տաճարը համարել … մեր անդամության հզոր խորհրդանիշը»:1 Ավելի ուշ այդ նույն տարում Յուտայի Բաունթիֆուլ տաճարի շինարարությունն ավարտվեց: Շատերի պես մենք անհամբեր մեր երիտասարդ ընտանիքով այցելեցինք նվիրագործումից առաջ բաց դռների օրը: Մենք ջանում էինք պատրաստել մեր երեխաներին տաճար մտնելուն, եռանդով աղոթում էինք, որ նրանք հոգևոր փորձ ձեռք բերեին, որպեսզի տաճարը դառնար նրանց կյանքի կարևոր մասը:

Երբ մենք ակնածանքով շրջում էինք տաճարում, ես հիացած էի հրաշալի ճարտարապետությամբ, նրբագեղ ձևավորումով, բարձր պատուհաններից ներս թափանցող շողացող լույսով և բազմաթիվ ոգեշնչող յուղանկարներով: Այդ սուրբ կառույցի ամեն ինչն իսկապես սքանչելի էր:

Մտնելով սելեստիալ սենյակ ես հանկարծ նկատեցի, որ մեր փոքր որդին, վեցամյա Բենը, կառչում է ոտքիցս: Նա անհանգիստ էր, գուցե մի փոքր էլ նեղված:

«Ի՞նչ պատահեց որդիս», - շշնջացի ես:

«Հայրիկ,- պատասխանեց նա,- ի՞նչ է կատարվում այստեղ: Ես երբեք այսպիսի բան չեմ զգացել»:

Ես ծնկի եկա նրա կողքին, գիտակցելով, որ սա առաջին անգամն էր, որ մեր փոքր որդին նման տպավորիչ կերպով զգաց Սուրբ Հոգու ազդեցությունը: Մինչ մյուս այցելուները քայլում էին մեր կողքով, Բենը և ես մի քանի րոպե կողք-կողքի միասին սովորեցինք Սուրբ Հոգու մասին: Ես ապշել էի, թե մենք որքան անկաշկանդ կարողացանք քննարկել նրա սուրբ զգացողությունները: Զրուցելիս պարզ դարձավ, որ Բենն ամենաշատը տպավորվել էր ոչ թե իր տեսածով, այլ զգացածով, ոչ թե մեզ շրջապատող ֆիզիկական գեղեցկությամբ, այլ իր սրտում՝ Աստծո Հոգու մեղմ, ցածր ձայնով: Ես նրա հետ կիսվեցի, թե ինչ եմ սովորել իմ անձնական փորձից, ինչպես նրա մանկական զարմանքը իմ մեջ խորը երախտագիտություն արթնացրեց Աստծո այդ անասելի պարգևի՝ Սուրբ Հոգու պարգևի համար:2

Ո՞վ է Սուրբ Հոգին:

Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է, և, ըստ էության, Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի նման Նա գիտի մեր մտքերը և մեր սրտի մտադրությունները:3 Սուրբ Հոգին սիրում է մեզ և ցանկանում է, որ երջանիկ լինենք: Իմանալով մեր դեմ ծառացած խնդիրները, Նա կարող է մեզ առաջնորդել և ուսուցանել բոլոր բաները, որ մենք պետք է անենք կրկին մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու և Նրա հետ ապրելու համար:4

Ի տարբերություն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի, ովքեր մսից և ոսկորից փառավորված մարմիններ ունեն, Սուրբ Հոգին հոգեղեն անձնավորություն է, որը հաղորդակցվում է մեր հոգիների հետ զգողությունների և տպավորությունների միջոցով:5 Որպես հոգևոր էակ, Նա առանձնահատուկ պատասխանատվություն ունի լինելու գործակալ, որի շնորհիվ անձնական հայտնություն է գալիս: Սուրբ գրություններում Սուրբ Հոգին հաճախ անվանվում է Տիրոջ Հոգի, Խոստումի Սուրբ Հոգի կամ պարզապես Հոգի:6

Ո՞րն է Սուրբ Հոգու առաքելությունը:

Սուրբ Հոգին կատարյալ միասնության մեջ է գործում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ, կատարելով բազմաթիվ կարևոր դերեր և հստակ պատասխանատվություններ: Սուրբ Հոգու գլխավոր նպատակն է՝ վկայել Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի7 մասին, և ուսուցանել ճշմարտությունը բոլոր բաների մասին:8 Սուրբ Հոգուց եկող հաստատուն վկայությունը կրում է ավելի շատ համոզվածություն, քան այլ աղբյուրից եկող վկայությունը: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ «մարդու հոգու հետ խոսող Աստծո Հոգին զորություն ունի ճշմարտությունը հաղորդել ավելի մեծ ուժով և հասկացողությամբ, քան ճշմարտությունը կարող է հաղորդվել անգամ երկնային էակների հետ անձնական շփման ժամանակ»:9

Սուրբ Հոգին նաև հայտնի է որպես Մխիթարիչ:10 Նեղության կամ չարչարանքի պահին, կամ երբ պարզապես ուզում ենք իմանալ, որ Աստված մոտ է, Սուրբ Հոգին կարող է բարձրացնել մեր հոգին, հույս պարգևել և ուսուցանել մեզ «արքայության խաղաղարար բաները»,11 օգնելով մեզ զգալ «Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է»:12

Մի քանի տարի առաջ, երբ մեր մեծ ընտանիքը հավաքվել էր տոնական սեղանի շուրջ, հայրս սկսեց խաղ խաղալ իր բազմաթիվ թոռների հետ: Հանկարծակի նա վայր ընկավ և վայրկյանապես մահացավ: Այդ անսպասելի միջադեպը շատ ցավալի էր հատկապես իր թոռների համար, բարձրացնելով հարցեր, որոնց դժվար էր պատասխանել: Սակայն երբ մենք հավաքվեցինք մեր երեխաների հետ միասին, աղոթեցինք և կարդացինք Մորմոնի Գրքի մարգարեների խոսքերը կյանքի նպատակի մասին, Սուրբ Հոգին մեզ անհատապես սփոփեց: Երբ դժվար է խոսքերով նկարագրել, պատասխանները, որ մենք փնտրում էինք, հստակ եկան մեր սիրտ: Այդ օրը մենք խաղաղություն զգացինք, որն իսկապես գերազանցեց մեր հասկացողությունը, իսկ Սուրբ Հոգու կողմից վկայությունն անկասկած էր, անժխտելի և ճշմարիտ:

Սուրբ Հոգին ուսուցիչ և հայտնող է:13 Երբ մենք ավետարանի ճշմարտությունների մասին ուսումնասիրում ենք, խորհում և աղոթում, Սուրբ Հոգին լուսավորում է մեր միտքը և խորացնում է մեր հասկացողությունը:14 Նա ճշմարտությունը անջնջելիորեն գրում է մեր հոգում և մեծ փոփոխություն է առաջացնում մեր սրտում: Երբ այդ ճշմարտությունների մասին կիսվում ենք մեր ընտանիքների, Եկեղեցու մտերիմ անդամների, մեր համայնքի ընկերների և հարևանների հետ, Սուրբ Հոգին դառնում է նաև նրանց ուսուցիչը, քանի որ Նա ավետարանի ուղերձը հասցնում է «մարդկանց զավակների սրտերին»:15

Սուրբ Հոգին ոգեշնչում է մեզ ծառայության միջոցով հասնել մյուսներին: Մյուսներին ծառայելիս Սուրբ Հոգու հուշումներին ականջ դնելու ամենավառ օրինակները ես քաղում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կյանքից և ծառայությունից, որն ասել է. «Մեր պարտականությունները կատարելիս ես սովորել եմ, որ երբ մենք ականջ ենք դնում լուռ հուշումներին և անհապաղ հետևում դրանց, մեր Երկնային Հայրն ուղղորդում է մեր քայլերը և օրհնում մեր ու մյուսների կյանքը: Ես գիտեմ, որ ոչ մի փարձառություն այնքան քաղցր չէ և ոչ մի զգացում այնքան թանկ չէ, որքան հուշումին ականջ դնելը, երբ հայտնագործում ես, որ Տերը քո միջոցով պատասխանել է մեկ ուրիշի աղոթքին»:16

Կկիսվեմ պարզապես մի նրբանկատ փորձառությամբ: Երբ Նախագահ Մոնսոնը ծառայում էր որպես եպիսկոպոս, նա իմացավ, որ իր ծխի անդամներից մեկը՝ Մերի Վաթսոնը հիվանդանոցում էր: Երբ գնաց այցելելու նրան, հիվանդանոցում նա տեսավ, որ Մերին պառկած էր մի քանի հիվանդների հետ մեծ հիվանդասենյակում: Քույր Վաթսոնին մոտենալիս նա նկատեց, որ կողքի մահճակալի վրա պառկած հիվանդը արագ ծածկեց իր դեմքը:

Նախագահ Մոնսոնը զրուցեց Քույր Վաթսոնի հետ և նրան քահանայական օրհնություն տվեց, սեղմելով նրա ձեռքը, ցտեսություն ասաց և պատրաստվեց հեռանալ: Այդ ժամանակ մի պարզ, միևնույն ժամանակ, ապշեցուցիչ բան տեղի ունեցավ: Այժմ այդ փորձառության մասին կներայացնեմ Նախագահ Մոնսոնի խոսքերով.

«Ես չէի կարողանում հեռանալ նրա կողքից: Իմ ուսերի վրա կարծես մի անտեսանելի ձեռք պահում էր ինձ, և հոգով զգացի, որ լսում եմ այս խոսքերը. «Մոտեցիր կողքի մահճակալի երիտասարդ աղջկան, որը քո ներս մտնելու պահին ծածկեց իր դեմքը»: Ես մոտեցա …

Ես մոտեցա մյուս հիվանդին, թեթևակի դիպչեցի նրա ուսին և զգույշ ետ քաշեցի նրա դեմքը ծածկող սավանը: Այ քեզ բա՜ն, նա էլ էր իմ ծխի անդամը: Ես չգիտեի, որ նա հիվանդանոցում էր: Նրա անունը Քեթլին Մակքի էր: Երբ մեր հայացքներն իրար հանդիպեցին, նա արցունքների միջից ասաց. «Եպիսկոպոս, երբ դուք ներս մտաք, ինձ թվաց եկել եք ինձ տեսակցելու և օրհնելու՝ ի պատասխան իմ աղոթքների: Ես ներքուստ ուրախացա« կարծելով, թե դուք իմացել եք, որ ես այստեղ եմ, բայց երբ մոտեցաք այլ մահճակալի, հուսահատվեցի« տեսնելով, որ ինձ համար չեք եկել»:

Ես ասացի [Քույր] Մակքիին. «Կարևորն այն չէ, որ ես չգիտեի, որ դու այստեղ ես, այլ այն է, որ մեր Երկնային Հայրն իմացել է, և որ դու լուռ աղոթել ես քահանայական օրհնության համար: Նա՛ ինձ հուշեց, որ քեզ մոտենամ»:17

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին խոսում մեզ հետ:

Բոլորս էլ փորձառություն ենք ունեցել Սուրբ Հոգու հետ, անգամ եթե միշտ չէ, որ ընկալել ենք դա: Երբ մեր միտք ոգեշնչված մտքեր են գալիս, դրանց իսկությունը իմանում ենք մեր սիրտ թափանցող հոգևոր զգացողություններից: Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ուսուցանել է. «Սուրբ Հոգին խոսում է մի ձայնով, որը դուք ավելի շատ զգում եք, քան լսում … Երբ խոսում ենք Հոգու հուշումները «լսելու» մասին, հիմնականում հոգևոր հուշումը նկարագրում ենք հետևյալ կերպ. «Ես զգացի …»:18 Սուրբ Հոգու կողմից եկող այդ սուրբ զգացողությունների շնորհիվ ենք մենք իմանում, թե ինչ է Աստված ցանկանում, որ մենք անենք, քանզի ինչպես սուրբ գրություններում է ասվում, դա «հայտնության հոգին է»:19

Ի՞նչ է նշանակում ստանալ Սուրբ Հոգու պարգևը:

Մեր վեցամյա որդուն՝ Բենին ուսուցանելիս, ես կարևորեցի բացատրել տարբերությունը Սուրբ Հոգու ազդեցությամբ նրա զգացածի և Սուրբ Հոգու պարգևի միջև, որը նա ստանալու էր մկրտությունից հետո: Նախքան մկրտությունը, ճշմարտության բոլոր ազնիվ և անկեղծ փնտրողները ժամանակ առ ժամանակ կարող են զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը: Ինչևէ, Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը և դրա հետ կապված բոլոր օրհնությունների լիությունը հասու են միայն մկրտված արժանի անդամներին, ովքեր ստանում են Սուրբ Հոգու պարգևը, ձեռնադրվելով նրանց կողմից, ովքեր կրում են Աստծո քահանայության իշխանությունը:

Սուրբ Հոգու պարգևով մենք ստանում ենք լրացուցիչ ունակություն և հոգևոր պարգևներ, ավելի շատ հայտնություն և պաշտպանություն, կայուն առաջնորդություն և ուղղություն, և սելեստիալ արքայությունում սրբագործման և վեհացման խոստացված օրհնությունները: Այդ բոլոր օրհնությունները տրվում են մեր անձնական ցանկության արդյունքում և գալիս են, երբ մեր կյանքը համահունչ ենք դարձնում Աստծո կամքին և փնտրում Նրա մշտական առաջնորդությունը:

Վերհիշելով Բաունթիֆուլ Յուտա տաճարում Բենի հետ ունեցած իմ փորձառությունը, ես շատ հաճելի զգացողություններ և տպավորություններ եմ ունենում: Մի բան հստակ եմ հիշում, որ մինչ ես լիովին պարուրվել էի իմ տեսածի վեհությամբ, իմ կողքին փոքր երեխան իր սրտում հզոր զգացումներ ունեցավ: Մեղմ ակնարկով ես հրավիրվեցի ոչ միայն դադար տալու և ծնկի իջնելու, այլև ականջ դնելու Փրկչի կանչին դառնալով փոքր երեխայի պես՝ խոնարհ, հեզ և պատրաստ լսելու Նրա Հոգու մեղմ, ցածր ձայնը:

Ես վկայում եմ Սուրբ Հոգու կենդանի իրականության և աստվածային առաքելության մասին, և որ Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք իմանալ բոլոր բաների մասին ճշմարտությունը: Ես վկայում եմ, որ Սուրբ Հոգու պարգևը Երկնային Հոր անգին և անասելի պարգևն է բոլորին, ովքեր կգան Իր Որդու մոտ, Իր Եկեղեցում կմկրտվեն Նրա անունով և հաստատումով կստանան Սուրբ Հոգին: Այս սուրբ ճշմարտությունների մասին ես բերում եմ իմ անձնական վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: