Զգուշացեք ձեզ համար
Մնացեք քահանայության արահետի վրա՝ խորացնելով ձեր դարձի գալը և ամրացնելով ձեր ընտանիքը: … Խուսափեք ողբերգությունից, հետևելով «Զգուշացեք» նշաններին, որոնք դրված են մեր ճանապարհին Աստծո և մարգարեների կողմից:
Երբ ես երիտասարդ տղա էի, մեր ընտանիքով ճամփորդում էինք Ամերիկայի Ռոքիի լեռներով, որպեսզի այցելեինք տատիկին ու պապիկին: Ճանապարհը սկսվում էր հարթավայրերով՝ բարձրանալով զառիվեր սոճիներով ծածկված լանջերով, և վերջում դուրս գալով մի պուրակ և բարձր լեռան մարգագետինները, որտեղ մենք կարող էինք տեսնել գրեթե անվերջանալի հեռուները:
Սակայն այս գեղեցիկ ճանապարհը ամենևին էլ ապահով չէր: Ճանապարհի մեծ մասը կառուցված էր զառիթափ լեռների եզրերին: Ճանապարհորդներին պաշտպանելու համար ճանապարհը կառուցողները կառուցել էին պաշտպանող բազրիքներ և տեղադրել էին նշաններ, որոնց վրա գրված էին. «Զգուշացեք. ցած ընկնող քարեր»: Մենք նկատել ենք այս նախազգուշացումների համար միանգամայն բավարար պատճառներ: Քարերն ու գլաժայռերը սփռված էին գետափին ողջ ճանապարհով մեկ: Ժամանակ առ ժամանակ մենք կարող էինք տեսնել ջախջախված մեքենաներ կիրճի ստորոտում, որտեղ մեքենավարը ողբերգական ավարտ էր ունեցել, ով չէր հետևել նախազգուշացմանը:
Քահանայության երդումը և ուխտը
Եղբայրներ, ձեզանից յուրաքանչյուրը մտել է, կամ շուտով կմտնի Մելքիսեդեկյան Քահանայության երդման և ուխտի մեջ:1 Այդ ուխտը ներառում է փառահեղ ճամփորդություն, որը սկսվում է փոքրագույն և բարձրագույն քահանայությունները ստանալուց, զարգանում է մեր կոչումները մեծարելու միջոցով և ընդմիշտ ձգվում է վեր, դեպի Աստծո մեծագույն օրհնությունները, մինչև մենք ստանանք «այն ամենն, ինչ Հայրն ունի»:2
Այդ երկնային ճանապարհի իմաստուն նախագծողը կառուցել է նախազգուշացնող նշաններ մեր ճամփորդության համար: Քահանայության երդումը և ուխտը ներառում են հոգին քննող այս նախազգուշացումը. «Այժմ ես ձեզ պատվիրան եմ տալիս, որ զգուշանաք ձեր համար»:3
Ինչո՞ւ է Աստված պատվիրել մեզ զգուշանալ: Նա գիտի, որ Սատանան իսկապես գոյություն ունի,4 ով փնտրում է քաշել մեր հոգիները վար՝ դեպի թշվառության անդունդը:5 Աստված նաև գիտի, որ քահանայություն կրողների մեջ թաքնված է «բնական մարդը»,6 «ենթակա հեռանալուն»:7 Այսպիսով, մարգարեները հրավիրում են մեզ «հանել հին մարդուն»8 և «հագնել Քրստոսին»9 հավատքի, ապաշխարության, փրկող արարողությունների և ամեն օր ավետարանով ապրելու միջոցով:
Խուսափել ողբերգությունից
Քահանայության արահետով ընթանալիս ցանկացած տղա կամ տղամարդ կարող է անհաջողության մատնվել, եթե նա զգուշություն չցուցաբերի: Ձեզ երբևիցե ցնցել կամ տխրեցրե՞լ է աչքի ընկնող երիտասարդի, վերջերս վերադարձած միսիոների, հարգված քահանայության ղեկավարի կամ ընտանիքի սիրելի անդամի անսպասելի անկումը:
Հին Կտակարանում Դավիթի պատմությունը քահանայության զորությունը վատնելու ողբերգական օրինակ է: Չնայած, որ նա պատանի հասակում պարտության մատնեց Գողիաթին և արդար կյանքով ապրեց տասնյակ տարիներ,10 այս մարգարե թագավորը, այնուամենայնիվ, հոգևոր առումով խոցելի էր: Այդ վճռական պահին, երբ իր տանիքից նա տեսավ գեղեցիկ Բերսաբեին լվացվելիս, բարոյականության ոչ մի պահապան կանգնած չէր նրա կողքին, որ աղաղակեր. «Զգուշացիր, Դավիթ, դու հիմարություն ես անում»: Իր համար չզգուշանալով11 և չգործելով համաձայն Հոգու հուշումների՝12 նա կորցրեց իր հավերժական ընտանիքը:13
Եղբայրներ, եթե նույնիսկ հզոր Դավիթը կարող է ետ մղվել վեհացման ճանապարհից, ինչպե՞ս կարող ենք մենք խուսափել նրա ճակատագրին արժանանալուց:
Անձամբ խորապես դարձի գալը և ամուր ընտանեկան հարաբերությունները՝ որպես երկու պաշտպանող սկզբունքներ օգնում են մեզ մնալ երկնային ճանապարհին:
Սա իմանալով Սատանան խոչընդոտներ է դնում քահանայության զարգացման մեր ճանապարհին, որ վնասի մեր դարձի գալուն և կործանի մեր ընտանիքները: Բարեբախտաբար, Հիսուս Քրիստոսը և Նրա մարգարեները զգուշացնող նշաններ են դրել մեր ճանապարհին: Դրանք շարունակաբար զգուշացնում են մեզ, որ տեղի չտանք դարձի գալուց հետ մղող հպարտությանը14 և ընտանիքներ կործանող մեղքերին, ինչպիսին են՝ զայրույթը, ագահությունը և հեշտասիրությունը:
Շատ տարիներ առաջ Մովսեսը խորհուրդ է տվել. «Զգույշ կաց, միգուցէ մոռանաս Տիրոջը»:15 Մեր զբաղված և զվարճալի ժամանցներով լի կյանքում մարդիկ շարունակում են արագ «մոռանալ Տիրոջը …, անօրինություն անում, և մոլորեցվում այն չար մեկի կողմից»:16
Խորացնել դարձի գալը և ամրացնել ընտանիքը
Գայթակղության գլաքարերով շրջապատված քահանայության արահետում ապահով մնալու համար ես կհիշեցնեմ մեզ վեց հիմնական սկզբունքներ, որոնք խորացնում են դարձի գալը և ամրացնում են ընտանիքը:
Առաջինը, աղոթելը միշտ բացում է դուռը աստվածային օգնության համար, որ «հաղթենք Սատանային»:17 Ամեն անգամ, երբ Հիսուսը նախազգուշացնում է քահանայություն կրողներին «զգուշանալ, քանզի Սատանան ցանկանում է մղեղի պես մաղել [ձեզ]», Նա նկարագրում է աղոթքը որպես գայթակղությանը ընդդիմանալու գործողություն:18 Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է. «Եթե մեզանից որևէ մեկը դանդաղ է եղել ականջ դնելու միշտ աղոթելու խորհրդին, չկա ավելի լավ պահ, քան հիմա սկսելը: … Մարդը երբեք ավելի բարձրում չի կանգնում, քան երբ նա ծնկի է իջնում»:19
Երկրորդը, հնադարյան և ժամանակակից սուրբ գրություններն ուսումնասիրելը կապում է մեզ Աստծո հետ: Տերը զգուշացրել է Եկեղեցու անդամներին, որ «զգուշանան, թե ինչպես են պահում [մարգարեներին], չլինի թե թեթև բան համարեն, և այդպիսով, դատապարտության տակ ընկնեն և սայթաքեն և ընկնեն»:20 Որպեսզի մենք խուսափենք այս լուրջ մեղադրանքից, մենք պետք է ջանասիրաբար կարդանք սուրբ գրությունները, ինչպես նաև Եկեղեցու ամսագրերն ու WEB-կայքերը, որոնք մեզ հնարավորություն են տալիս «մանրամասնորեն և անհատապես խորհուրդներ ստանալ [Տիրոջ] ընտրյալ մարգարեի միջոցով»:21
Երրորդը, արարողություններին արժանիորեն մասնակցելը նախապատրաստում է մեզ, որ վերցնենք «Սուրբ Հոգին որպես [մեր] ուղեկից»:22 Երբ Տերը զգուշացրեց. «Զգուշացեք, չլինի թե խաբվեք», Նա խոստացավ, որ այն մեզ չի սպառնա, եթե մենք «հետամուտ [լինենք Հոգու] լավագույն պարգևներին»:23 Ամեն շաբաթ արժանիորեն հաղորդություն ընդունելը որակավորում է անդամներին, որ «Նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան»:24 Տաճարային երկրպագության ժամանակ մենք կարող ենք «ստանալ Սուրբ Հոգու լիությունը»:25
Չորրորդը, անկեղծ սեր ցուցաբերելը անձնական դարձի և ընտանեկան հարաբերությունների սիրտն է: Բենիամին թագավորն ասել է. «Զգուշացեք, չլինի թե ձեր մեջ հակառակություններ բարձրանան»:26 Երբեք մի մոռացեք, որ Սատանան «հակառակության հայրն է»27 և փնտրում է, որ ընտանիքի անդամները «կռվեն ու վիճեն»:28 Եղբայրներ, եթե մենք զգացմունքներով, բառերով կամ ֆիզիկապես ճնշում ենք մեր ընտանիքի որևէ անդամի, ապա մենք կորցնում ենք քահանայության զորությունը:29 Ընտրեք վերահսկել զայրույթը: Ընտանիքի անդամները պետք է մեր բերանից լսեն օրհնություններ, ոչ թե՝ հայհոյանքներ: Մենք պետք է ներգործենք ուրիշների վրա միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ, հեզությամբ, անկեղծ սիրով, բարությամբ և գթությամբ:30
Հինգերորդը, տասանորդի օրենքին հնազանդվելը հավատքի և ընտանեկան միասնության համար առանցքային տարր է հանդիսանում: Քանի որ Սատանան օգտագործում է ագահությունը և ունեցվածքների ձգտելը, որպեսզի ընտանիքներին հեռացնի երկինք տանող ճանապարհից, Հիսուսը խորհուրդ է տվել. «Զգույշ կացեք ագահությունիցը»:31 Ագահությունը զսպվում է, երբ մենք պլանավորում ենք մեր եկամուտները, վճարում ենք ազնիվ տասանորդ և առատաձեռն ծոմի նվիրատվություն, պլանավորում ենք մեր անհրաժեշտ ծախսերը, խուսափում ենք ավելորդ պարտքերից, խնայում ենք հետագա կարիքների համար և դառնում նյութապես ինքնապահովող: Աստված մեզ խոստում է տվել. «Առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենքը կտրվի ձեզ»:32
Վեցերորդը, մաքրաբարոյության օրենքով լիարժեք ապրելու արդյունքում մենք վստահություն ենք ձեռք բերում, որ կկանգնենք «Աստծո ներկայության մեջ»՝ ունենալով Սուրբ Հոգին որպես մեր «մշտական ընկեր»:33 Սատանան կատաղի հարձակում է գործում առաքինության և ամուսնության վրա անպարկեշտության հեղեղով: Երբ Տերը զգուշացրեց շնացողներին, որ «զգուշանան և անհապաղ ապաշխարեն», Նրա սահմանումը տարածվում էր շնության ֆիզիկական ակտից այն կողմ գտնվող հեշտասիրության մտքերի վրա, որ նախորդում են դրան:34 Ժամանակակից մարգարեները և առաքյալները հաճախ և պարզ ձևով խոսել են պոռնոգրաֆիայի անվերահսկելի աճի մասին: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «[Պոռնոգրաֆիան] նման է կատաղի մրրկի, որը կործանում է անհատներին և ընտանիքները, ամբողջությամբ խորտակելով այն, ինչը մի ժամանակ եղել է բարերար և գեղեցիկ: … Ժամանակն է, որ մեզանից ցանկացածը, ով ներգրավված է նման բաներում, դուրս քաշի իրեն մեղքից»:35 Եթե դուք գայթակղվել եք խախտել մաքրաբարոյության օրենքը որևէ ձևով, հետևեք Եգիպտոսի Հովսեփի օրինակին, որ «փախավ դուրս գնաց»:36
Այս վեց հիմնական սկզբունքներն օգնում են քահանայություն կրողներին ապահովությամբ շարունակ վեր սլանալ երկնային ճանապարհով՝ լինելով հոգևորապես պաշտպանված անձամբ դարձի գալով և ընտանեկան հարաբերություններով: Երիտասարդ տղամարդիկ, այս սկզբունքներին հնազանդվելը կնախապատրաստի ձեզ տաճարային ուխտերին, լիաժամկետ միսիա ծառայելուն և հավերժական ամուսնությանը: Ամուսիններ և հայրեր, այս սկզբունքներով ապրելը կորակավորի ձեզ ընտանիքում արդարությամբ նախագահելուն, ծառայելով որպես ձեր ընտանիքի հոգևոր ղեկավար ձեր կնոջ հետ միասին՝ որպես հավասար զուգընկեր:37 Քահանայության ուղին ուրախությամբ լի ճամփորդություն է:
Մնալ քահանայության արահետի վրա
Վերադառնալով որպես երիտասարդ տղամարդ իմ ունեցած փորձառություններին, ես հիշում եմ մի առանձնակի դեպք, երբ մենք անցնում էինք Ռոքիի լեռներով: Այն բանից հետո, երբ մենք անցանք «Զգուշացեք. ընկնող քարեր» նշանի մոտով, իմ հայրը նկատեց գլաքարեր և փոքր քարեր, որ թափված էին ճանապարհի վրա մեր առջև: Նա անմիջապես դանդաղեցրեց մեքենայի ընթացքը, գրեթե կանգ առնելով, երբ մի բասկետբոլի գնդակի չափ քար անցավ մեր մոտով: Հայրս նախքան շարունակելը սպասեց, մինչև քարերի հոսքը դադարեց: Իմ հոր մշտական զգուշության և անհապաղ կատարվող գործողությունների շնորհիվ մեր ընտանիքը միշտ ապահով հասնում էր իր վերջնական հանգրվանին:
Եղբայրներ, Սատանան փնտրում է «կործանել մարդկանց հոգիները»:38 Եթե ձեր հոգին դանդաղորեն մոտենում է հոգևոր ժայռաքարափի եզրին, անմիջապես կանգ առեք նախքան ընկնելը և վերադարձեք ճիշտ ճանապարհի վրա:39 Եթե դուք զգում եք, որ ձեր հոգին վնասված պառկած է ժայռաքարափի ստորոտում, փոխանակ լիներ վերևում՝ քահանայության արահետի վրա, քանի որ դուք անտեսել եք «Զգուշացեք» նշանները և մեղք եք գործել, ես վկայում եմ, որ անկեղծ ապաշխարության և Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության զորության միջոցով դուք կարող եք բարձրանալ և վերադառնալ Աստծո երկնային ճանապարհի վրա:40
Հիսուսը սովորեցրել է. «Զգուշացեք … կեղծավորությունից»:41 Եթե դուք արժանի չեք քահանայություն կիրառել, խնդրում եմ, հանդիպեք ձեր եպիսկոպոսի հետ, ով կարող է օգնել ձեզ ապաշխարել: Քաջ եղեք, քանի որ չնայած Փրկիչը հաստատում է, ասելով «Զգուշացեք, և խուսափեք մեղքից»,42 Նա նաև խոստանում է. «Ես՝ Տերս, ներում եմ ձեզ: … Գնացեք ձեր ճանապարհով և այլևս մի մեղանչեք»:43
Ես հրավիրում եմ յուրաքանչյուր տղայի և տղամարդու մնալ քահանայության արահետի վրա՝ խորացնելով ձեր դարձի գալը և ամրացնելով ձեր ընտանիքը: Աղոթքները, սուրբ գրությունները և արարողությունները խորացնում են դարձի գալը: Սերը, տասանորդը և մաքրաբարոյությունը ամրացնում են ընտանիքը: Խուսափեք ողբերգությունից, հետևելով «Զգուշացեք» նշաններին, որոնք դրված են մեր ճանապարհին Աստծո և մարգարեների կողմից: Ձգտեք հետևել Հիսուս Քրիստոսի կատարյալ օրինակին, ով «կրեց գայթակղություններ, սակայն ուշք չդարձրեց դրանց»:44
Ես խոստանում եմ, որ եթե մարդիկ պահեն քահանայության ուխտը և «զգուշանաք ձեր համար»,45 մենք և մեր ընտանիքները կարող ենք վստահ լինել, որ ապահով և ուրախ կհասնենք մեր վեհացման հանգրվանին երկնային արքայության մեջ: Ես սա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: