Լինել ավելի քրիստոսանման քրիստոնյա
Սա Քրիստոսի կոչն է, ուղղված այսօր յուրաքանչյուր քրիստոնյայի. «Արածեցրու իմ ոչխարները:… Արածեցրու իմ ոչխարները»:
Ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա
Քրիստոնյան հավատք ունի առ Տեր Հիսուս Քրիստոսը, որ Նա բառացիորեն Աստծո Որդին է, ուղարկված Իր Հոր կողմից տանջվելու մեր մեղքերի համար դրդված գերագույն սիրուց, որը մենք գիտենք որպես Քավություն:
Քրիստոսնյան հավատում է, որ Հայր Աստծո և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով մենք կարող ենք ապաշխարել, ներել մյուսներին, պահել պատվիրանները և ժառանգել հավերժական կյանք:
Քրիստոսնյա բառը նշանակում է վերցնել մեզ վրա Քրիստոսի անունը: Մենք դա անում ենք մկրտվելով և ձեռնադրությամբ ստանալով Սուրբ Հոգու պարգևը նրանց կողմից, ովքեր կրում են Նրա քահանայության իշխանությունը:
Քրիստոնյան գիտի, որ դարեր շարունակ Աստծո մարգարեները միշտ վկայել են Հիսուս Քրիստոսի մասին: Այդ նույն Հիսուսը, Երկնային Հոր ուղեկցությամբ, 1820թ. հայտնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և վերականգնեց ավետարանը և Իր սկզբնական Եկեղեցու կառուցվածքը:
Սուրբ գրություններից և Ջոզեֆ Սմիթի վկայությունից մենք գիտենք, որ Աստված, մեր Երկնային Հայրը, ունի մսից և ոսկորից փառավոր և կատարյալ մարմին: Հիսուս Քրիստոսը Նրա Միածին Որդին է մարմնում: Սուրբ Հոգին ոգեղեն էակ է, որի աշխատանքն է վկայել Հոր և Որդու մասին: Աստվածագլուխը կազմված է երեք առանձին և անհատական էակներից, որոնք միավորված են մի նպատակի մեջ:
Եթե այս վարդապետությունները մեր հավատքի հիմքն են, ապա կա՞ արդյոք որևէ կասկած կամ առարկություն, որ մենք, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներս, քրիստոնյաներ ենք: Ինչևէ, ամեն քրիստոնյայի համար հարց է, թե ինչ տեսակի քրիստոնյաներ ենք մենք: Այլ խոսքերով, ինչպե՞ս ենք մենք կատարում Հիսուսին հետևելու մեր առաջադրանքը:
Ինձ հետ միասին մտածեք երկու քրիստոնյա աշակերտների փորձառության մասին.
«Հիսուսը Գալիլեացիների ծովի եզրումը ման գալիս՝ տեսավ երկու եղբարց՝ Սիմոնին որ Պետրոս է կոչված, և նորա Անդրեաս եղբորը, որ ուռկան էին գցում ծովը, որովհետև ձկնորս էին.
Եվ ասեց նորանց. Իմ ետևից եկեք և ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ:
Եվ նորանք շուտով իրենց ուռկանները թողած նորա ետևից գնացին»:1
Որպես քրիստոնյաներ, այսօր մենք հնարավորություն ունենք գործելու ուղղակիորեն, անմիջապես և վճռականապես, ճիշտ ինչպես արեցին Պետրոսը և Անդրեասը, երբ «իրենց ուռկանները թողած նորա ետևից գնացին»:2 Մեզ նույնպես կոչ է արվել թողնել մեր ուռկանները, հրաժարվել աշխարհիկ սովորություններից և ավանդույթներից: Մեզ նույնպես կոչ է արվել այլևս մեղք չգործել: «Եվ [Հիսուսը] ժողովուրդն … իրան մոտ կանչեց և նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանայ և իր խաչն վերն առնէ, և իմ ետևից գայ»:3 Ոչ աստվածային պահվածքից հրաժարվելը ապաշխարության սկիզբն է, որը բերում է սրտի զորեղ փոփոխություն մինչև որ «մենք այլևս հակված չենք գործելու չարիք»:4
Այս փոփոխությունը, որը կոչվում է դարձ, հնարավոր է միայն Փրկչի միջոցով: Հիսուսը խոստացել է. «Եվ եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը: … Եվ իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ նրանց համար»:5 Քանի որ մենք նորացվում ենք Քրիստոսում, փոխվում է մեր իսկ էությունը և մենք այլևս չենք ցանկանում վերադառնալ մեր հին օրերին:
Այդ ամենով հանդերձ, հավատարիմ քրիստոնյաները միշտ օրհնված կլինեն դժվարություններով և հուսահատություններով: Երբ այդ կատարելագործող խնդիրները առաջ են գալիս, մենք, հնարավոր է, գայթակղվենք վերադառնալու մեր հին ուղիներին: Փրկչի Խաչելիությունից հետո Նա հայտնվեց կանանց և ասաց նրանց, որ եղբայրները կգտնեն Իրեն Գալիլեայում: Երբ Պետրոսը, ավագ Առաքյալը, վերադարձավ Գալիլեա, նա նույնպես վերադարձավ այն գործին, ինչը գիտեր, ինչը իրեն համար հարմար էր անել: «Գնում եմ ձուկ բռնելու»,6- բացատրեց նա և Իր հետ վերցրեց մի քանի աշակերտների:
Իրականում, Պետրոսը և մյուսները ձկնորսություն արեցին ողջ գիշեր և չորսացին ոչ մի ձուկ: Հաջորդ առավոտ Հիսուսը հայտնվեց ափին և կանչեց նրանց ջրերի վրայով. «Ուռկանը նավի աջ կողմը գցեցեք»: Նավի մեջ գտնվող աշակերտները հետևեցին Փրկչի ցուցումներին և անմիջապես հայտնաբերեցին, որ իրենց ուռկանները հրաշքով ամբողջովին լցված էին ձկներով: Հովհաննեսը ճանաչեց Փրկչի ձայնը, իսկ Պետրոսը անմիջապես գցվեց ջուրը և լողաց դեպի ափը:7
Քրիստոնյաները, ովքեր վերադարձել են իրենց հին, ոչ այդքան հավատալից ուղիներին, կարող են մտածել Պետրոսի հավատքի օրինակի մասին: Մի հապաղեք: Եկեք, լսեք և ճանաչեք Վարդապետի ձայնի կանչը: Ապա ուղղակիորեն վերադարձեք Նրա մոտ և կրկին անգամ ստացեք Նրա առատ օրհնությունները:
Երբ եղբայրները վերադարձան ափ, հայտնվեցին ձկան և հացի խնջույքի: «Եկեք ճաշեցեք»,8- հրավիրեց Փրկիչը: Կերակրելով նրանց, Նա հարցրեց Պետրոսին երեք անգամ. «Սիմոն Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ»: Երբ Պետրոսը խոսեց իր սիրո մասին, Փրկիչը խնդրեց նրան. «Արածեցրու իմ ոչխարները: … Արածեցրու իմ ոչխարները»:9
Սա Քրիստոսի կոչն է, ուղղված այսօր յուրաքանչյուր քրիստոնյայի. «Արածեցրու իմ ոչխարները: … Արածեցրու իմ ոչխարները»՝ կիսվեք իմ ավետարանով երիտասարդների և մեծահասակների հետ, բարձրացնելով, օրհնելով, սփոփելով, խրախուսելով և շենացնելով նրանց, հատկապես նրանց, ովքեր մտածում և հավատում են ոչ այնպես, ինչպես մենք: Մենք արածացնում ենք Նրա ոչխարները մեր տներում, երբ ապրում ենք ավետարանով՝ պահելով պատվիրանները, աղոթելով, ուսումնասիրելով սուրբ գրությունները և մարմնավորելով Նրա սերը: Մենք արածացնում ենք Նրա ոչխարները Եկեղեցում, երբ ծառայում ենք քահանայության քվորումներում և օժանդակ կազմակերպություններում: Եվ մենք արածացնում ենք Նրա ոչխարները ամբողջ աշխարհում, լինելով լավ քրիստոնյա հարևաններ, կիրառելով այրիներին, հայրազուրկներին, աղքատներին և բոլոր կարիքավորներին այցելելու և ծառայելու մաքուր կրոնը:
Շատերի համար քրիստոնյա լինելու կոչը կարող է պահանջող, անգամ ծանրաբեռնող լինել: Բայց մենք չպետք է վախենանք ոչ համապատասխան լինելուց կամ զգանք մեզ այդպես: Փրկիչը խոստացել է, որ Նա մեզ համապատասխան կդարձնի Իր աշխատանքին: «Իմ ետևից եկեք, - ասել է Նա, - և ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ»:10 Եթե հետևենք Իրեն, Նա կօրհնի մեզ պարգևներով, տաղանդներով և զորությամբ անելու Իր կամքը, թույլ տալով մեզ դուրս գալ հարմարավետության մեր տարածքից և անել այն, ինչը երբեք հնարավոր չենք համարել: Դա կարող է լինել հարևանների հետ ավետարանով կիսվելը, հոգևորապես մոլորվածներին փրկելը, լիաժամկետ միսիայում ծառայելը, տաճարում աշխատելը, հատուկ կարիքներով երեխային մեծացնելը, անառակին սիրելը, հիվանդ ընկերոջը ծառայելը, այլ կարծիքները հանդուրժելը կամ դժվարություններ տանելը: Դա նշանակում է պատրաստել մեզ Նրա կանչին պատասխանելուն, ասելով. «Ես կգնամ, ուր ուզում ես,3որ գնամ: Ես կասեմ, ինչ ուզում ես, որ ասեմ: Ես կանեմ, ինչ ուզում ես, որ անեմ: Ես կլինեմ, ինչ ուզում ես, որ լինեմ»:11
Որպեսզի լինենք այն, ինչ ուզում է Երկնային Հայրը, մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին: Ես վկայում եմ, որ Նա շարունակ կանչում է մեզ հետևել Իրեն: Եթե դուք նոր եք սվորում Վերջին Օրերի Սրբերի քրիստոնեական պարտավորվածության մասին կամ եթե լիարժեք չեք մասնակցում Եկեղեցում և ցանկանում եք նորից հետևել Նրան, մի վախեցեք: Տիրոջ առաջին աշակերտները՝ բոլորը Եկեղեցում նոր անդամներ էին, նոր դարձի եկած դեպի Նրա ավետարանը: Հիսուսը համբերատար սովորեցրեց նրանցից յուրաքանչյուրին: Նա օգնեց նրանց կատարել իրենց պարտականությունները: Նա կոչեց նրանց Իր ընկերները և Իր կյանքը տվեց նրանց համար: Եվ նույնը Նա արել է ձեզ և իմ համար:
Ես վկայում եմ, որ Նրա անսահման սիրո և շնորհի միջոցով մենք կարող ենք դառնալ ավելի քրիստոսանման քրիստոնյա: Մտածեք քրիստոսանման հետևյալ հատկանիշների մասին: Ի՞նչ ենք մենք անում մեր մեջ դրանք ամրացնելու համար:
Քրիստոնեական սեր: Փրկիչը արժեքավորում էր յուրաքանչյուրին: Լինելով բարի և կարեկից բոլորի հանդեպ, Նա թողեց ինսունիննին՝ մեկին գտնելու համար,12 քանի որ «[մեր] գլխի բոլոր մազերն էլ համարված են»13 Նրա մոտ:
Քրիստոնեական հավատք: Չնայած գայթակղություններին, փորձություններին և հալածանքներին, Փրկիչն ապավինեց մեր Երկնային Հորը և որոշեց լինել հավատարիմ և հնազանդ Նրա պատվիրաններին:
Քրիստոնեական զոհաբերություն: Իր կյանքի ընթացքում Փրկիչը նվիրաբերեց Իր ժամանակը, եռանդը և, ի վերջո, Քավության միջոցով Իր կյանքը, որպեսզի Աստծո բոլոր զավակները կարողանան հարություն առնել և ունենալ հավերժական կյանք ժառանգելու հնարավորություն:
Քրիստոնեական հոգատարություն: Բարի Սամարացու նման Փրկիչը մշտապես օգնության էր հասնում, սիրում և սնուցում էր Իր շուրջը գտնվող մարդկանց, անկախ նրանց մշակույթից, հավատքից կամ պայմաններից:
Քրիստոնեական ծառայություն: Լիներ դա ջրհորից ջուր հանելը, ուտելու համար ձուկ պատրաստելը, թե կեղտոտված ոտքեր լվանալը, Փրկիչն Իր օրերը անցկացրեց մյուսներին ծառայելու մեջ՝ բարձրացնելով հոգնածին և ամրացնելով թույլին:
Քրիստոնեական համբերություն: Իր վշտերի և տանջանքների մեջ Փրկիչը սպասում էր Իր Հորը: Մեր հանդեպ համբերատարությամբ Նա սպասում է, որ մենք վերադառնանք ինքներս դեպի մեզ և գանք տուն՝ Նրա մոտ:
Քրիստոնեական խաղաղություն: Իր ծառայության ընթացքում Նա խրախուսում էր հասկացողությունը և խաղաղությունը: Հատկապես Իր աշակերտների մեջ Նա ուսուցանում էր, որ քրիստոնյաները չեն կարող հակառակվել մյուս քրիստոնյաներին, անգամ տարբերություններ ունենալով:
Քրիստոնեական ներում: Նա ուսուցանել է մեզ օրհնել նրանց, ովքեր հալածում են մեզ: Նա ցույց է տվել մեզ ճանապարհը, աղոթելով նրանց ներման համար, ովքեր խաչեցին Իրեն:
Քրիստոնեական դարձ: Պետրոսի և Անդրեասի նման, շատերը ընդունում են ավետարանի ճշմարտությունը, երբ լսում են այն: Նրանք անմիջապես դարձի են գալիս: Մյուսների համար դա կարող է ավելի երկար տևել: Ջոզեֆ Սմիթի միջոցով տրված հայտնության մեջ Փրկիչն ուսուցանում է. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում»,-14 կատարյալ օրը՝ մեր դարձի: Հիսուս Քրիստոսն է «լույսը և Քավիչն աշխարհի. ճշմարտության Հոգին»:15
Քրիստոնեական համբերություն մինչև վերջ: Իր բոլոր օրերում Փրկիչը երբեք չհրաժարվեց Իր Հոր կամքը կատարելուց, այլ շարունակեց ապրել արդարակեցության, բարության, ողորմածության և ճշմարտության մեջ մինչև Իր մահկանացու կյանքի վերջը:
Սրանք հատկանիշներ են, բնորոշ նրանց, ովքեր լսում և հետևում են Փրկչի ձայնին: Որպես երկրի վրա Նրա հատուկ վկաներից մեկը, ես բերում եմ իմ քրիստոնեական վկայությունը, որ Նա կանչում է ձեզ այսօր. «Եկ հետևիր ինձ»:16 Եկեք և քայլեք ճանապարհով, որը տանում է դեպի հավերժական երջանկություն, ուրախություն և հավիտենական կյանք մեր Երկնային Հոր արքայությունում: Հիսուս Քրիստոսի, մեր Փրկչի և Քավիչի անունով, ամեն: