2010–2019 թթ․
Տեր ընդ ձեզ մինչև նոր հանդիպում
Հոկտեմբեր 2012


5:58

Տեր ընդ ձեզ մինչև նոր հանդիպում

Ընդունելով վերջին երկու օրերի ուղերձները մեր սրտերում և մեր կյանքում, մենք կօրհնվենք:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք մոտեցանք ևս մեկ ոգեշնչող գերագույն համաժողովի ավարտին: Ես անձամբ հոգևորապես սնվեցի և ոգեշնչվեցի, և գիտեմ, որ դուք նույնպես զգացիք այս համաժողովի հատուկ հոգին:

Մենք հայտնում ենք մեր սրտանց երախտագիտությունը բոլորին, ովքեր որևէ ձևով մասնակցեցին: Ավետարանի ճշմարտությունները սքանչելի ձևով ուսուցանվեցին և վերահաստատվեցին: Ընդունելով վերջին երկու օրերի ուղերձները մեր սրտերում և մեր կյանքում, մենք կօրհնվենք:

Ինչպես միշտ, այս համաժողովի նյութերը մատչելի կլինեն Ensign և Լիահոնա ամսագրերի գալիք համարներում: Ես խրախուսում եմ ձեզ կրկին անգամ կարդալ ելույթները և խորհել դրանց մեջ պարունակվող ուղերձների մասին: Իմ անձնական կյանքում ես հասկացել եմ, որ ավելին եմ քաղում այս ոգեշնչված քարոզներից, երբ ուսումնասիրում եմ դրանք ավելի մեծ խորությամբ:

Այս համաժողովը աննախադեպ ծածկույթ է ունեցել, հասնելով մայրցամաքներում և օվկիանոսների կղզիների մարդկանց ամենուրեք: Թեև մենք շատ հեռու ենք ձեզանից շատերից, մենք զգում ենք ձեր հոգին և ուղարկում ենք մեր սերը և երախտագիտությունը ձեզ:

Մեր Երղբայրներին, ովքեր ազատվեցին այս համաժողովին, թույլ տվեք հայտնել իմ սրտանց երախտագիտությունը մեր բոլորի կողմից՝ նվիրված ծառայության ձեր բազմաթիվ տարիների համար: Անթիվ մարդիկ են օրհնվել Տիրոջ գործին ձեր նվիրվածության շնորհիվ:

Եղբայրներ և քույրեր, միայն վերջերս ես նշեցի իմ 85-ամյակը, և շնորհակալ են ամեն տարվա համար, որ Տերը պարգևում է ինձ: Անդրադարձ կատարելով կյանքիս փորձառություններին, ես շնորհակալություն եմ հայտնում ինձ տրված Նրա բազմաթիվ օրհնությունների համար: Ինչպես նշեցի այս առավոտ իմ ուղերձի մեջ, ես ուղղակիորեն զգացել եմ Նրա ձեռքը իմ ջանքերում, երբ ջանասիրաբար աշխատել եմ ծառայել Նրան և ձեզ բոլորիդ:

Եկեղեցու Նախագահի պաշտոնը պատասխանատու աշխատանք է: Որքան շնորհակալ եմ ես իմ երկու հավատարիմ խորհրդականների համար, ովքեր ծառայում են իմ կողքին և միշտ պատրաստ են և բացառիկորեն ունակ են օգնել այն աշխատանքում, որը բաժին է հասնում Առաջին Նախագահությանը: Ես արտահայտում եմ նաև իմ երախտագիտությունը ազնվազարմ տղամարդկանց, ովքեր կազմում եմ Տասներկու Առաքյալների Քվորումը: Նրանք առանց հոգնելու աշխատում են Վարդապետի գործի համար, ոգեշնչված աջակցություն ստանալով Յոթանասունի Քվորումների անդամների կողմից:

Ես նաև ցանկանում եմ գովեստի խոսքեր հղել ձեզ՝ եղբայրներ և քույրեր, որտեղ էլ որ լինեք աշխարհում, այն ամենի համար, ինչ դուք անում եք ձեր ծխերում և ճյուղերում, ցցերում և շրջաններում: Պատրաստակամ կատարելով ձեր կոչումները, երբ ձեզ խնդրում են այդ մասին, դուք օգնում եք կառուցել Երկրի վրա Աստծո արքայությունը:

Եկեք ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, օգնելով կարիքի պահերին: Եկեք չլինենք քննադատական և մեղադրող, այլ լինենք հանդուրժող, անգամ մարմնավորող բարությունը սիրելու Փրկչի օրինակը: Այդ ոգով, եկեք մենք պատրաստակամորեն ծառայենք միմյանց: Եկեք աղոթենք ոգեշնչման համար, որպեսզի իմանանք մեր շուրջը գտնվողների կարիքները, այնուհետև կարողանանք առաջ գնալ և օգնություն տրամադրել:

Քաջացեք: Թեև մենք ապրում ենք ավելի ու ավելի վտանգավոր ժամանակներում, Տերը սիրում է մեզ և մտահոգվում է մեզ համար: Նա միշտ մեր կողմում է, երբ մենք ճիշտն ենք անում: Նա կօգնի մեզ կարիքի ժամանակ: Դժվարություններ են լինում մեր կյանքում՝ խնդիրներ կլինեն, որոնք մենք չենք ակնկալում և երբեք չէինք ընտրի: Ոչ ոք մեզանից անձեռնամխելի չէ: Մահկանացու կյանքի նպատակն է սովորել և աճել՝ ավելի նմանվելով մեր Հորը, և հաճախ դժվար ժամանակներում է, որ մենք սովորում ենք առավելագույնս, որքան էլ որ ցավալի լինեն այդ դասերը: Մեր կյանքը կարող է նաև լցվել ուրախությամբ, եթե մենք հետևենք Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսմունքներին:

Տերը խրատել է. «Քաջացեք. ես հաղթել եմ աշխարհքին»:1 Ինչպիսի մեծ երջանկություն պետք է որ այս գիտելիքը մեզ պարգևի: Նա ապրել է մեզ համար և մահացել մեզ համար: Նա վճարել է մեր մեղքերի գինը: Թող որ մենք հետևենք Նրա օրինակին: Թող որ մենք ցույց տանք մեր խորին երախտագիտությունը Նրան, ընդունելով Նրա զոհաբերությունը և ապրելով այնպիսի կյանքով, որ արժանի լինենք վերադառնալ և մի օր ապրել Նրա հետ:

Ինչպես ես նշել էի նախորդ համաժողովին, ես շնորհակալություն եմ հայտնում ինձ համար ասված ձեր աղոթքների համար: Ես ունեմ դրանց կարիքը, ես զգում եմ դրանք: Մենք՝ Բարձրագույն Իշխանություններս, նույնպես հիշում ենք ձեր բոլորի մասին և աղոթում ենք, որ մեր Երկնային Հոր ընտրյալ օրհնությունները լինեն ձեզ հետ:

Այժմ, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք փակվում ենք վեց ամսով: Թող Աստված լինի ձեզ հետ մինչև մենք նորից հանդիպենք: Մեր Փրկիչ և Քավիչ՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: