2010–2019 թթ․
Դառնալ լավ ծնողներ
Հոկտեմբեր 2012


2:3

Դառնալ լավ ծնողներ

Կան շատ ուղիներ, որոնցով լավ ծնողները կարող են ստանալ օգնություն և աջակցություն, որի կարիքն ունեն՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը իրենց երեխաներին ուսուցանելու համար:

Այս ամառ ես հասա հատուկ մի ուղենիշի՝ ես իմ 90-րդ ծննդյան տարեդարձի ականատեսը եղա: Երբ հասնում եք որոշակի ուղենիշների ձեր կյանքում, օգտակար և ուսանելի է մտածել անցյալի իրադարձությունների և փորձառությունների մասին: Դուք, երիտասարդներ՝ լսելով կամ կարդալով այս ելույթը, գուցե այնքան էլ չտպավորվեք 90 տարվա կյանքով, բայց այն ժամանակ, երբ ես եմ ծնվել, այսքան երկար ապրելը մեծ նվաճում էր համարվում: Ամեն օր ես գոհություն եմ հայտնում Երկնային Հորը ինձ երկար կյանքով օրհնելու համար:

Այնքան շատ բան է փոխվել իմ կյանքի ընթացքում: Ես տեսել եմ արդյունաբերական դարաշրջանի և տեղեկատվական դարաշրջանի զարգացումները: Ավտոմեքենաների, հեռախոսների և ինքնաթիռների զանգվածային արտադրությունը իմ վաղ օրերի մեծ նորարարություններն էին: Այսօր ուղիները, որոնցով մենք գտնում, կիսվում և օգտագործում ենք տեղեկությունը փոխվում է գրեթե ամեն օր: Իմ տարիքում ես զարմանում եմ սրընթաց փոփոխվող աշխարհով, որում ապրում ենք բոլորս: Նորօրյա հայտնագործություններից շատերն են հուզում երևակայությունը՝ կյանքն ավելի լավը դարձնելու իրենց հնարավորություններով:

Մեր շրջապատի բոլոր այդ արագընթաց փոփոխությունների մեջ մենք լրջորեն աղոթում և ջանք ենք թափում, որպեսզի հավաստիանանք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի արժեքները հարատևում են: Արդեն դրանցից մի քանիսը կորչելու վտանգի տակ են: Այդ արժեքների ցուցակի վերին մասում և, հետևաբար, հակառակորդի գլխավոր նշանակետում ամուսնության սրբությունն է և ընտանիքների կարևոր դերը: Դրանք ապահովում են խարիսխ և ապահով նավահանգիստ տան համար, որտեղ սիրառատ Երկնային Հոր յուրաքանչյուր զավակ կարող է բարու ազդեցություն կրել և ձեռք բերել այլ հավերժական արժեքներ:

Իմ սեփական ընտանիքը, սպասելով իմ կյանքի 90-ամյա ուղենիշի տոնակատարությանը, սկսեց օգնել ինձ հիշել և գնահատել իմ երկար կյանքի փորձառությունները: Օրինակ՝ իմ եղբոր աղջիկը հավաքեց և տվեց ինձ մի քանի նամակներ, որոնք ես գրել էի իմ ծնողներին մոտավորապես 70 տարի առաջ իմ Ռազմածովային առաջապահ ուղեկալից՝ Խաղաղ օվկիանոսի Սապան կղզուց՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:

Այդ նամակներից մեկը հատկապես գրավեց իմ ուշադրությունը: Դա մի նամակ էր, որը ես գրել էի մայրիկիս, խնդրելով, որ նա բացեր և կարդար այն 1945 թվականի Մայրերի օրը: Ես կկամենայի կիսվել որոշ հատվածներով ձեզ հետ, հույս ունենալով, որ դուք կտեսնեք, թե ինչու ես հավիտյան երախտապարտ կլինեմ իմ հոգատար հորը և մորը այն դասերի համար, որ ես սովորել էի տանը նրանց ուսուցումից: Իմ ծնողները հիշողությանս մեջ պահպանված իմ պատկերացմամբ լավ ծնողների բնորոշ օրինակ էին, ովքեր դրել էին իրենց ամուսնությունը և երեխաների ճիշտ դաստիարակությունը որպես իրենց բարձրագույն առաջնահերթություն:

Մայրերի Օրվա 1945 թվականի նամակը սկսվում էր հետևյալ ձևով.

«Սիրելի մայրիկ,

Վերջին չորս տարիների ընթացքում ինձ բախտ չի վիճակվել քեզ հետ անցկացնել Մայրերի օրը: Ամեն տարի ես ցանկացել եմ լինել քեզ հետ և ասել քեզ ուղղակի, թե որքան շատ եմ քեզ սիրում, և որքան շատ եմ մտածում քո մասին, բայց քանի որ դա կրկին հնարավոր չէ, ես կանեմ հաջորդ լավագույն բանը և կուղարկեմ իմ մտքերը նամակով:

Այս տարի՝ ավելի շատ, քան մյուս տարիները, ես կարողանում եմ տեսնել, թե սքանչելի մայր ունենալը ինչ է եղել ինձ համար: Առաջինը՝ ես կարոտել եմ այն փոքրիկ բաներին, որ դու, սովորաբար, անում էիր ինձ համար: Երբ առավոտյան ես վեր էի կենում անկողնուց, ես երբեք չէի անհանգստանում, թե արդյոք կգտնեի մաքուր վերնաշապիկ և մաքուր գուլպաներ: Միակ բանը, որ պետք է անեի, դարակը բացելն էր, և ես գտնում էի դրանք: Ճաշին ես միշտ գիտեի, որ կգտնեի ուտելու մի բան, որը սիրում էի՝ հնարավորինս լավագույն ձևով պատրաստված: Գիշերը ես միշտ գիտեի, որ կգտնեի մաքուր սպիտակեղեն անկողնուս վրա և հենց ճիշտ այնքան ծածկոցներ, որոնք ինձ շատ հարամարավետ կպահեին: Տանն ապրելը իսկապես մեծ հաճույք էր»:

Երբ կարդացի նամակի այս առաջին երկու պարբերությունները, սկզբում շփոթվեցի, թե որքան զգացապաշտ էին դրանք հնչում: Հավանաբար, վրանում ապրելը և ճամբարում մոծակների դեմ պաշտպանացանցով մահճին քնելը մտքերս ուղղել էին դեպի իմ շատ առանձնահատուկ տունը:

Մայրիկիս ուղղված նամակը շարունակվում էր.

«Բայց ավելի խորն է զգացումը քո հանդեպ, այն օրինակի համար, որ դու ես ինձ համար հանդիսացել: Կյանքն այնքան վայելքով էր լցված մեզ համար որպես ընտանիք, որ մենք ուզում էինք քայլել ձեր հետքերով, շարունակելով վայելել նույն ուրախությունը, որը մենք ունեցել էինք ավելի վաղ տարիներին: Դու միշտ ժամանակ էիր գտնում ընտանիքին տանել ձորը և մենք կարող էինք ապավինել քեզ ամեն բանում՝ սկսած լեռները մագլցելուց մինչև մեզ հետ գնդակով խաղալը: Դու և հայրիկը երբեք մենակ չէիք գնում հանգստանալու: Ընտանիքը միշտ ձեր հետ էր: Այժմ, երբ ես հեռու եմ տնից, ես միշտ ուզում եմ խոսել իմ ընտանեկան կյանքի մասին, որովհետև դա այնքան հաճելի էր: Ես չեմ կարող շեղվել քո ուսուցումներից այժմ, որովհետև իմ գործողություններն արտացոլում են քո բնավորությունը: Կյանքը մեծ մարտահրավեր է ինձ համար՝ արժանի լինելու կոչվել Նոռա Սոննի Փերիի որդին: Ես շատ հպարտ եմ այս կոչումով և ես հույս ունեմ, որ միշտ արժանի կլինեմ դրան:

Հուսով եմ, որ հաջորդ տարի քեզ հետ կլինեմ, որպեսզի ցույց տամ լավ ժամանակ անցկացնելու այն ծրագիրը, որը ես նախապատրաստում եմ Մայրերի օրվա համար չորս տարի շարունակ:

Թող Աստված օրհնի քեզ այն բոլոր հրաշալի բաների համար, որ դու ես արել այս անհանգիստ աշխարհում:

Ողջ իմ սիրով՝ Թոմ»:1

Երբ վերընթերցեցի նամակս, ես մտածեցի նաև ընտանիքի, ծխի, ցցի և համայնքի մշակույթի մասին, որում ես դաստիարակվել էի:

Մշակույթը որոշվում է ժողովրդի կենսակերպով: Գոյություն ունի եզակի ավետարանական մշակույթ՝ արժեքների և ակնկալիքների և սովորությունների մի համակարգ, որն ընդհանուր է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի բոլոր անդամների համար: Ավետարանական այդ մշակույթը կամ կենսակերպը գալիս է փրկության ծրագրից, Աստծո պատվիրաններից և ապրող մարգարեների ուսմունքներից: Այն իր արտահայտությունն է գտնում նրանում, թե ինչպես ենք մենք մեծացնում մեր ընտանիքները և վարում մեր անձնական կյանքը:

Առաջին հրահանգը Ադամին իր մահկանացու պարտավորության վերաբերյալ գտնվում է Ծննդոց Բ.24 հատվածում. «Սորա համար մարդը կթողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կյարի իր կնոջը. Եւ մէկ մարմին կլինին»:

Տղամարդու և կնոջ պաշտոնապես և օրինավոր ամուսնությամբ միանալը ոչ միայն նախապատրաստում է ապագա սերունդներին երկիրը ժառանգելու հնարավորություն տալ, այլ նաև բերում է մեծագույն ուրախություն և բավականություն, որը կարելի է գտնել այս մահկանացու փորձառության ընթացքում: Դա հատկապես ճշմարիտ է, երբ քահանայության զորությամբ հայտարարվում է, որ ամուսնությունը լինի ժամանակի և ողջ հավերժության համար: Երեխաները, որոնք ծնվում են այս ամուսնություններից ունեն ապահովություն, որը ոչ մի ուրիշ տեղ չի կարելի գտնել:

Դասերը, որոնք ուսուցանվում են տանը լավ ծնողների կողմից, խիստ կարևոր են դառնում այսօրվա աշխարհում, որտեղ հակառակորդի ազդեցությունն այդքան լայնատարած է: Ինչպես գիտենք, նա փորձում է քայքայել և կործանել մեր հասարակության բուն հիմքը՝ ընտանիքը: Խորամանակ և զգուշորեն ծպտված ուղիներով նա հարձակվում է ընտանեկան կյանքի պարտավորության վրա ողջ աշխարհում և քայքայում է հավատարիմ Վերջին Օրերի Սրբերի մշակույթն ու ուխտերը: Ծնողները պետք է վճռական լինեն, որ ուսուցումն ընտանիքում ամենասրբազան և կարևոր պարտականությունն է: Չնայած այլ հաստատություններ, ինչպիսիք են եկեղեցին և դպրոցը, կարող են օգնել ծնողներին «կրթել երեխային իր ճանապարհին համեմատ» (Առակաց ԻԲ.6), այս պարտականությունը ի վերջո մնում է ծնողների վրա: Համաձայն երջանկության մեծ ծրագրի՝ լավ ծնողներին է վստահվում Երկնային Հոր զավակների հոգատարությունն ու զարգացումը:

Մեր ծնողական մեծ պատասխանատվության մեջ, կան շատ ուղիներ, որոնցով լավ ծնողները կարող են ստանալ օգնություն և աջակցություն, որի կարիքն ունեն՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը իրենց երեխաներին ուսուցանելու համար: Թույլ տվեք առաջարկել հինգ բան, որ ծնողները կարող են անել, որպեսզի ստեղծեն ավելի ուժեղ ընտանեկան մշակույթ.

Առաջին՝ ծնողները կարող են լրջորեն աղոթել՝ խնդրելով Հավերժական Հորը օգնել իրենց սիրել, հասկանալ և առաջնորդել երեխաներին, որոնց Նա ուղարկել է իրենց:

Երկրորդ՝ նրանք կարող են ընտանիքով աղոթել, միասին սուրբ գրություններ ուսումնասիրել և ընտանեկան երեկոներ անցկացնել և որքան հնարավոր է ընտանիքով ճաշել՝ ուտելը դարձնելով հաղորդակցության և արժեքներ ուսուցանելու մի ժամանակ:

Երրորդ՝ ծնողները կարող են լիովին օգտվել Եկեղեցու աջակցության ցանցից, հաղորդակցվելով իրենց Երեխաների միության ուսուցիչների, դեռահասների ղեկավարների և դասարանի և քվորումի նախագահությունների հետ: Հաղորդակցվելով իրենց երեխաների հետ աշխատելու համար կանչված և ի սպաս դրված մարդկանց հետ՝ ծնողները կարող են էական ըմբռնում ձեռք բերել երեխայի առանձնահատուկ և որոշակի կարիքների մասին:

Չորրորդ՝ ծնողները կարող են հաճախակի իրենց վկայություններով կիսվել իրենց երեխաների հետ, պարտավորեցնել նրանց պահել Աստծո պատվիրանները և խոստանալ օրհնություններ, որոնք մեր Երկնային Հայրը խոստանում է Իր հավատարիմ զավակներին:

Հինգերորդ՝ մենք կարող ենք կազմակերպել մեր ընտանիքները՝ հիմնվելով մաքուր, պարզ ընտանեկան կանոնների և ակնկալիքների վրա, առողջարար ընտանեկան ավանդությունների և ծեսերի վրա, և «ընտանեկան տնտեսության» վրա, որտեղ երեխաներն ունեն տնային պարտականություններ և վաստակում են օրաբաժին, որպեսզի կարողանան սովորել կառավարել, խնայել և տասանորդ վճարել այն փողից, որ նրանք վաստակում են:

Ավելի ամուր ընտանեկան մշակույթ ստեղծելու այս առաջարկները հավասարապես լծակից են Եկեղեցու մշակույթի հետ: Մեր զորացված ընտանեկան մշակույթը կպաշտպանի մեր երեխաներին «հակառակորդի կրակոտ նետերից» (1 Նեփի 15.24), որոնք արմատավորված են իրենց հասակակիցների մշակույթում՝ զվարճությունների ու համբավի մշակույթում, պատվի և տիտղոսների մշակույթում և համացանցի ու տեսաձայնային մշակույթում, որոնց ազդեցությանը նրանք անընդհատ ենթարկվում են: Դա կօգնի մեր երեխաներին «ապրել աշխարհում», բայց չդառնալ «աշխարհից» (տես Հովհաննես Ե.19):

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է. «Ծնողների պարտականությունն է Հիսուս Քրիստոսի ավետարանի այս փրկարար սկզբունքներն ուսուցանել իրենց երեխաներին, որպեսզի նրանք իմանան, թե ինչու պետք է իրենք մկրտվեն, և որ իրենք իրենց սրտերում տպավորված լինեն ցանկությամբ շարունակելու պահել Աստծո պատվիրանները իրենց մկրտությունից հետո, որպեսզի կարողանան Նրա ներկայությունը վերադառնալ: Դուք, իմ լավ եղբայրներ և քույրեր, ցանկանո՞ւմ եք ձեր ընտանիքները, ձեր երեխաները ձեր հետ լինեն. ուզո՞ւմ եք կնքվել ձեր հայրերին և ձեր մայրերին նախքան դուք … Եթե այդպես է, ապա դուք պետք է սկսեք ուսուցանել օրորոցից սկսած: Դուք պետք է ուսուցանեք ինչպես օրինակով, այնպես էլ ցուցումով»:2

Ընտանիքի վերաբերյալ հայտարարության մեջ ասվում է.

«Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց և երեխաների համար: «Որդիքը Տիրոջ ժառանգությունն են» (Սաղմոս ՃԻԷ.3): Ծնողների սուրբ պարտականությունն է՝ դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները, ուսուցանել նրանց սիրել և ծառայել մեկը մյուսին, պահել Աստծո պատվիրանները և օրինապաշտ քաղաքացիներ լինել, որտեղ էլ, որ ապրեն. …

… Ըստ աստվածային ծրագրի՝ հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ»:3

Ես հավատում եմ, որ աստվածային ծրագրով է, որ մայրության դերը շեշտադրված է հաջորդ սերնդին դաստիարակելու և ուսուցանելու համար: Բայց հիանալի է տեսնել ամուսինների և կանանց, ովքեր գործում են որպես իսկական ընկերակիցներ, որտեղ նրանք միաձուլում են իրենց ազդեցությունը և արդյունավետ հաղորդակցվում են, ինչպես իրենց երեխաների հարցում զրուցելիս, այնպես էլ իրենց երեխաների հետ շփվելիս:

Ամբարշտության կատաղի հարձակումները մեր երեխաների դեմ ավելի նենգ և ավելի լկտի են դառնում, քան երբևէ եղել են: Ավելի ամուր ընտանեկան մշակույթ կառուցելը ևս մեկ շերտ է ավելացնում մեր երեխաների պաշտպանության համար՝ պահպանելով նրանց աշխարհիկ ազդեցություններից:

Աստված օրհնի ձե՛զ, Սիոնի լավ մայրեր և հայրեր: Նա ձեր խնամքին է վստահել Իր հավերժական զավակներին: Որպես ծնողներ՝ մենք գործակից ենք, նույնիսկ միավորված ենք Աստծո հետ՝ իրականացնելու Նրա գործը և փառքը Իր զավակների մեջ: Մեր սրբազան պարտքն է անել մեր լավագույնը: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն:

Հղումներ

  1. Mother’s Day letter from L. Tom Perry to his mother, sent from Saipan, dated May 3, 1945:

  2. Joseph Fielding Smith, in Conference Report, Oct. 1948, 153:

  3. «Ընտանիք. Հայտարարություն Աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129: