2010–2019 թթ․
Հաղորդության օրհնությունները
Հոկտեմբեր 2012


9:52

Հաղորդության օրհնությունները

Մենք կօրհնվենք, երբ երախտագիտություն ունենանք Հիսուս Քրիստոսի Քավության համար, նորացնենք մեր մկրտության ուխտերը, զգանք ներում և ոգեշնչում ստանանք Սուրբ Հոգուց:

Ես մեծացել եմ Ռեքսբուրգում, Այդահո, որտեղ ուսուցանվել եմ հրաշալի ընտանիքի, ընկերների, ուսուցիչների և ղեկավարների կողմից և մեծ ազդեցություն ունեցել նրանցից: Բոլորիս կյանքում կան հատուկ փորձառություններ, որոնք դիպչել են մեր հոգիներին և ընդմիշտ փոխել որոշ բաներ: Նման մի փորձառություն տեղի է ունեցել ինձ հետ պատանեկության շրջանում: Այդ փորձառությունը փոխել է իմ կյանքը:

Ես միշտ ակտիվ էի Եկեղեցում և առաջ էի գնում Ահարոնյան Քահանության մեջ: Երբ դեռահաս էի, Եղբայր Ջեյքոբը՝ իմ ուսուցիչը, խնդրեց ինձ բացիկի վրա գրի առնել այն ամենը, ինչի մասին ես մտածում էի հաղորդության ընթացքում: Ես վերցրեցի իմ բացիկը և սկսեցի գրել: Ցուցակում առաջինը բասկետբոլի խաղն էր, որում մենք հաղթել էինք նախորդ երեկո: Ապա ժամադրություն էր խաղից հետո, և այդպես շարունակ: Ամենաներքևում և, անշուշտ, ոչ թավ տառերով, գալիս էր Հիսուս Քրիստոսի անունը:

Բացիկը լրացվում էր ամեն կիրակի: Երիտասարդ Ահարոնյան կրողի համար հաղորդությունը և հաղորդության ժողովը ձեռք բերեց նոր, խորացված և հոգևոր իմաստ: Ես անհամբեր սպասում էի կիրակի օրվան և հաղորդությունից ճաշակելու հնարավորությանը, քանի որ Փրկչի Քավության մասին իմ հասկացողությունը փոխում էր ինձ: Ամեն կիրակի մինչև այս օրը, հաղորդությունը ճաշակելիս, ես տեսնում եմ իմ բացիկը և վերանայում եմ իմ ցուցակը: Իմ ցուցակում այժմ առաջին տեղում միշտ մարդկության Փրկիչն է:

Նոր Կտակարանում մենք կարդում ենք այն ժամանակի մասին, երբ Փրկիչը և Նրա Առաքյալները հավաքվեցին վերնահարկում՝ Զատկի ընթրիքին:

«Եվ հաց առավ, գոհացավ, կտրեց և նորանց տվավ, և ասեց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արեք իմ հիշատակի համար:

Այնպես էլ ընթրիքից հետո բաժակն առավ, և ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունովը, որ ձեզ համար թափվում է»:1

Հիսուսը հաղորդության ծեսը հաստատեց նաև Նեփիացիների մոտ իր այցի ժամանակ: 2 Ես հասկացել եմ այս երկու իրադարձությունների կարևորությունը:

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ասել է. «Ես զգում եմ, որ պետք է շեշտեմ այն, ինչ Տերը նշանակել է որպես առավել կարևոր ժողով Եկեղեցում, և դա հաղորդության ժողովն է»:3 Եթե մենք պատշաճ պատրաստվում ենք հաղորդությանը, մենք կարող ենք փոխել մեր կյանքը: Ես կցանկանայի առաջարկել հինգ սկզբունք, որոնք կարող են օրհնել մեր կյանքը, եթե մենք արժանիորեն ճաշակենք հաղորդությունից:

I. Ունեցեք երախտագիտության զգացում Հիսուս Քրիստոսի Քավության համար:

Առաջին սկզբունքն է՝ հաղորդության ընթացքում երախտագիտության զգացում ունենալ Երկնային Հոր հանդեպ Նրա Որդու Քավության համար: Հետևյալ պատմությունը հաղորդությունը բաժանելու մասին է:

«Հաղորդությունը իրականում ինձ համար այդքան մեծ նշանակություն չի ունեցել, մինչև որ մի կիրակի ես կարգվեցի որպես սարկավագ: Այդ օրը ես բաժանում էի հաղորդությունը առաջին անգամ: Ժողովից առաջ սարկավագներից մեկը ինձ զգուշացրեց. «Ուշադիր եղիր Եղբայր Շմիթի հանդեպ: Հնարավոր է, կարիք լինի արթնացնել նրան»: Վերջապես եկավ հաղորդությանը մասնակցելու իմ ժամանակը: Ես բաժանեցի առաջին վեց շարքերին բավականին լավ: Երեխաները և մեծահասակները ընդունեցին հացը առանց որևէ նկատելի խնդրի: Ապա ես հասա յոթերորդ շարքին, որտեղ սովորաբար նստում էր Եղբայր Շմիթը: Բայց ես զարմացած էի: Քնած լինելու փոխարեն նա լիովին արթուն էր: Ի տարբերություն շատերի, ում ես սպասավորել էի, նա վերցրեց հացը մտախոհ և խորն ակնածանքով:

Մի քանի րոպե անց ես կրկին մոտեցա յոթերորդ շարքին՝ ջրով: Այս անգամ ընկերս իրավացի էր: Եղբայր Շմիթը նստած էր կախ գլխով և գերմանացու նրա մեծ աչքերը փակ էին: Նա, ակնհայտորեն, խորը քնած էր: Ի՞նչ ես կարող էի անել կամ ասել: Ես մի պահ նայեցի նրա ճակատին, կնճռոտ և ծերացած ծանր կյանքից և աշխատանքից: Նա միացել էր Եկեղեցուն, երբ դեռահաս էր, և շատ հալածանքներ էր տարել գերմանական իր փոքր քաղաքում: Ես շատ անգամ էի լսել այդ պատմությունները վկայության ժողովին: Վերջապես, ես որոշեցի մեղմ դիպչել նրա ուսին, հույս ունենալով արթնացնել նրան: Երբ ձեռքս մեկնեցի, որ անեմ դա, նրա գլուխը դանդաղ բարձրացավ: Նրա այտերով արցունքներ էին հոսում, և նայելով նրա աչքերի մեջ, ես տեսա սեր և ուրախություն: Նա հանգիստ երկարացրեց ձեռքը և վերցրեց ջուրը: Թեև այդ ժամանակ ես միայն տասներկու տարեկան էի, մինչ այսօր պարզ հիշում եմ, թե ինչ զգացի, տեսնելով, թե ինչպես էր այս քարե տարեց տղամարդը ընդունում հաղորդությունը: Անկասկած ես գիտեի, որ նա զգում էր հաղորդությունն այնպես, ինչպես ես երբեք չէի զգացել: Այդ ժամանակ ցանկացա, որ ես էլ ունենայի այդ նույն զգացումները»:4

Եղբայր Շմիթը հաղորդակցվում էր երկնքի հետ, իսկ երկինքը՝ նրա հետ:

II. Հիշեք, որ մենք նորացնում ենք մկտության ուխտերը

Երկրորդ սկզբունքն է հիշելը, որ, հաղորդությունից ճաշակելով, մենք նորացնում ենք մեր մկրտության ուխտերը: Որոշ խոստումներ, որոնք մենք անում ենք, գրված են սուրբ գրություններում, հետևյալն են.

Եկեք «Աստծո հոտը և կոչվե[ք] նրա ժողովուրդը, … կրելու մեկդ մյուսի բեռը, … սգալու նրանց հետ, ովքեր սգում են, … և կանգնելու որպես Աստծո վկաներ»:5

Առաջ եկեք «կոտրված սրտով և փշրված հոգով, … հոժար … ձեզ վրա վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը, վճռականություն ունենալով ծառայել նրան մինչև վերջ»6 և պահել Նրա պատվիրանները և միշտ հիշել Նրան:7

Հաղորդության աղոթքները այդ ուխտերի հիշեցումներն են: Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունից, մենք նորացնում ենք այդ ուխտերով ապրելու մեր պարտավորվածությունը: Հավատացած եմ, որ պատշաճ կլինի անգիր սովորել հաղորդության աղոթքները՝ մտքում և սրտում: Սա մեզ կօգնի կենտրոնանալ մեր մկրտության ուխտերը նորացնելու վրա: Անկախ նրանից, թե մկրտվելուց մենք 8, թե 80 տարեկան ենք, հուսով եմ, մենք երբեք չենք մոռանա այդ օրը և մեր կապած ուխտերը:

III. Հաղորդության ժամանակ մենք կարող ենք զգալ, որ մեր մեղքերը ներված են

Երրորդը, հաղորդության ժամանակ մենք կարող ենք զգալ, որ մեր մեղքերը ներված են: Եթե մենք հաղորդության ժողովից առաջ ժամանակ հատկացնենք, ապաշխարելով մեր մեղքերից, մենք կարող ենք հեռանալ հաղորդության ժողովից, զգալով մեզ մաքուր և անարատ: Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ասել է. «Հաղորդությունը նորացնում է ներման գործընթացը: … Ամեն կիրակի, երբ սպասավորվում է հաղորդությունը, այդ արարողությամբ նորացվում է ներման գործընթացը: Ամեն կիրակի դուք մաքրում եք ձեզ, որպեսզի, երբ ժամանակը գա և դուք մահանաք, ձեր հոգին մաքուր լինի»:8 Արժանիորեն հաղորդությունը ընդունելը կարող է օգնել մեզ զգալ Բենիամին թագավորի ժողովրդի նման, ովքեր «լցվեցին ուրախությամբ, ստացած լինելով իրենց մեղքերին թողություն, և ունենալով խղճմտանքի խաղաղություն»:9

IV. Մենք կարող ենք ոգեշնչում ստանալ մեր խնդիրների լուծումների վերաբերյալ

Չորրորդ սկզբունքն այն է, որ մենք կարող ենք մեր խնդիրների լուծումների հուշումները ստանալ հաղորդության ժողովի ժամանակ: Երբ ես միսիայի նախագահ էի Բոլիվիայում, կինս՝ Մերի Էննը, և ես օրհնված էինք, մասնակցելու միսիաների նախագահների սեմինարին, որը վարում էր Նախագահ Հենրի Բ. Այրինգը: Այդ ժողովին նա մեզ սովորեցրեց պատրաստվելու երեք կարևոր եղանակ, որպեսզի պատրաստ լինեինք օգուտ քաղել ժողովից: Մենք պետք է գանք մեր խնդիրներով հանդերձ, խոնարհ, ինչպես երեխաները, պատրաստ սովորելու և Աստծո զավակներին օգնելու ցանկությամբ:

Խոնարհությամբ գալով հաղորդության ժողովին մենք կարող ենք օրհնվել, ստանալով հուշումներ մեր առօրյա խնդիրները լուծելու համար: Մենք պետք է գանք պատրաստված, պատրաստ լսելու և չշեղվելու: Սուրբ գրություններում մենք կարդում ենք. «Բայց, ահա, ես ասում եմ քեզ, որ դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում. ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է»:10 Մենք կարող ենք իմանալ, թե ինչ պետք է անենք մեր խնդիրները լուծելու համար:

V. Հաղորդությունը արժանիորեն ընդունելը կօգնի մեզ լցվել Սուրբ Հոգով

Հաղորդությունը արժանիորեն ընդունելու հինգերորդ սկզբունքը կօգնի մեզ լցվել Սուրբ Հոգով: Նեփիացիներին Իր այցի ժամանակ հաղորդությունը սպասավորելիս Հիսուսն ասաց. «Նա, ով ուտում է այս հացը, ուտում է իմ մարմնից՝ իր հոգու համար. և նա, ով խմում է այս գինուց, խմում է իմ արյունից՝ իր հոգու համար. և նրա հոգին երբեք չպիտի քաղցի, ոչ էլ ծարավի, այլ պիտի հագենա»:11 Նրանց խոստացվեց, որ, եթե քաղց և ծարավ ունեն արդարության, ապա կլցվեն Սուրբ Հոգով: Հաղորդության աղոթքը նույնպես խոստանում է, որ, եթե մենք ապրենք մեր ուխտերով, միշտ մեզ հետ կունենանք Սուրբ Հոգին:12

Երեց Մելվին Ջ. Բալլարդն ասել է. «Ես վկա եմ, որ հաղորդությանը ներկա է մի ոգի, որը ջերմացնում է մեր հոգիները՝ ոտքից մինչև գլուխ. դուք զգում եք, ինչպես են բուժվում հոգու վերքերը և ինչպես է թեթևանում բեռը: Մխիթարություն և երջանկություն է գալիս հոգուն, որը արժանի է և իսկապես ցանկանում է ճաշակել այդ հոգևոր սննդից»:13

Մենք կօրհնվենք, երբ ամեն շաբաթ հաղորդությունն ընդունելիս երախտագիտություն ունենանք Հիսուս Քրիստոսի Քավության համար, նորացնենք մեր մկրտության ուխտերը, զգանք ներում և ոգեշնչում ստանանք Սուրբ Հոգուց: Հաղորդության ժողովը միշտ հիանալի իրադարձություն կլինի, եթե լինի մեր երկրպագության առանցքը: Ես արտահայտում եմ իմ երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի Քավության համար: Ես գիտեմ, որ Նա ապրում է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: