2010–2019 թթ․
Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում
2019 թվականի ապրիլի գերագույն համաժողով


2:3

Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում

Որտեղ էլ գտնվեք այս աշխարհում, կան շատ հնարավորություններ Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրով կիսվելու համար։

Անցյալ ամիս Տասներկու Առաքյալները հրավիրվել էին մեր սիրելի մարգարեի՝ Նախագահ Ռասել Մ. Նելսոնի կողմից՝ նրա հետ ճանապարհորդելու Հռոմ Իտալիայ տաճարի նվիրագործմանը: Ուղևորության ընթացքում ես մտածում էի Պողոս Առաքյալի և նրա ճամփորդությունների մասին: Այն ժամանակ Երուսաղեմից Հռոմ հասնելը կտևեր մոտ 40 օր: Այսօր, իմ սիրած ինքնաթիռներից մեկով, տևում է 3 ժամից պակաս:

Աստվածաշնչի գիտնականները կարծում են, որ Պողոսը Հռոմում էր, երբ գրեց մի քանի իր նամակները, որոնք շատ կարևոր էին Եկեղեցու անդամներին ամրացնելու համար՝ ինչպես նրա օրերում, այնպես էլ այսօր։

Պողոսը և հին եկեղեցու մյուս անդամները՝ վաղ օրերի Սրբերը, սերտ ծանոթ էին զոհաբերությանը։ Շատերը դաժանորեն հալածվել են, նույնիսկ՝ մինչև մահ։

Վերջին 200 տարվա ընթացքում Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամները՝ Վերջին օրերի Սրբերը, նույնպես տարբեր հալածանքներ են կրել։ Սակայն, չնայած այդ հալածանքներին (իսկ երբեմն էլ դրանց պատճառով), Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին շարունակել է աճել և այժմ տարածվել է ամբողջ աշխարհում:

Շատ բան կա անելու

Սակայն, նախքան տոնելը և միմյանց շնորհավորելը այս հրաշալի հաջողության համար, լավ կլինի մենք հասկանանք դրա հեռանկարը։

Աշխարհում գոյություն ունի մոտավորապես յոթ ու կես միլիարդ մարդ, համեմատած շուրջ 16 միլիոն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի հետ, որն իսկապես մի փոքր հոտ է։

Մինչդեռ, աշխարհի որոշ մասերում քրիստոնյա հավատացյալների թիվը կրճատվում է։

Նույնիսկ Տիրոջ վերականգնված Եկեղեցում, մինչ ընդհանուր անդամների թիվը շարունակում է աճել, կան շատ մարդիկ, որոնք չեն ստանում կանոնավոր Եկեղեցի հաճախելու օրհնությունները:

Այլ կերպ ասած, որտեղ էլ գտնվեք այս աշխարհում, կան շատ հնարավորություններ Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրով կիսվելու համար այն մարդկանց հետ, որոնց հանդիպում եք, ում հետ սովորում, ապրում, աշխատում և շփվում եք։

Անցյալ տարի ես ունեցել եմ հետաքրքիր հնարավորություն մեծապես ներգրավված լինելու Եկեղեցու միսիոներական համաշխարհային գործունեության մեջ: «Ես հաճախ խորհել և աղոթել եմ մեզ՝ Իր աշակերտներին, Իր զավակներին, տված Փրկիչի մեծ հանձնառության մասին․ «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հօգու անունովը»։

Ես դժվարացել եմ պատասխանել հետևյալ հարցին․ «Ինչպե՞ս կարող ենք մենք, որպես Քրիստոսի անդամներ և աշակերտներ, մեր առօրյա կյանքում լավագույնս իրականացնել այդ հանձնառությունը»։

Այսօր ես հրավիրում եմ այդ հարցի մասին խորհել ձեր սրտերում և մտքերում։

Միսիոներական աշխատանքի պարգևը

Եկեղեցու ղեկավարները տասնամյակներ շարունակ կարևորել են հստակ կոչը․ «Յուրաքանչյուր անդամ միսիոներ է»։

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամները, ինչպես նախկինում, այնպես էլ մեր օրերում, եռանդով և ուրախությամբ են ավետարանով կիսվել ընկերների և ծանոթների հետ: Նրանց սրտերը վառվում են Հիսուս Քրիստոսի վկայությամբ, և նրանք անկեղծորեն ցանկանում են, որ ուրիշները զգան այդ նույն ուրախությունը, որը նրանք գտել են Փրկիչի ավետարանում:

Եկեղեցու որոշ անդամներ կարծես դրա պարգևն ունեն։ Նրանք սիրում են ավետարանի ներկայացուցիչներ լինել: Նրանք համարձակ և ուրախ ծառայում ու ղեկավարում են աշխատանքը՝ որպես անդամ միսիոներներ:

Այնուամենայնիվ, մեզանից ոմանք ավելի անվճռական են: Երբ միսիոներական աշխատանքը քննարկվում է Եկեղեցու ժողովներում, գլուխները դանդաղորեն իջնում են և թաքնվում են նստարանի հետևում, աչքերը կենտրոնանում են սուրբ գրությունների վրա կամ փակ խորհրդածում են, որպեսզի խուսափեն այլ անդամների աչքերից:

Ինչո՞ւ է դա այդպես: Գուցե մեղավո՞ր ենք զգում՝ ավետարանով ավելի շատ չկիսվելու համար։ Գուցե վստահ չե՞նք, թե ինչպես անենք դա։ Կամ գուցե վախենու՞մ ենք մեր հարմարավետության գոտուց դուրս գալ։

Ես հասկանում եմ դա։

Բայց հիշեք, որ Տերը երբեք չի պահանջել փորձագիտական, անթերի միսիոներական ջանքեր: Փոխարենը՝ «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»։

Եթե դուք արդեն ուրախ կատարում եք միսիոներական աշխատանք, խնդրում եմ շարունակեք և օրինակ ծառայեք ուրիշներին։ Տերը կօրհնի ձեզ

Եթե այնուամենայնիվ, դուք զգում եք, որ դանդաղում եք գործել, երբ խոսքը վերաբերում է ավետարանի ուղերձի տարածմանը, կարո՞ղ եմ առաջարկել հինգ գործողություն, որոնք զերծ կպահեն մեղավոր զգալուց, և որոնք կարող են կատարել բոլորը, որպեսզի մասնակցեն Իսրայելը հավաքելու Փրկիչի մեծ հանձնառությանը։

Հինգ պարզ առաջարկներ

Առաջինը, ավելի մոտեցեք Աստծուն։ Առաջին մեծ պատվիրանը Աստծուն սիրելն է: Դա է Երկրի վրա գտնվելու հիմնական պատճառը։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Իսկապե՞ս հավատում եմ Երկնային Հորը»։

«Արդյո՞ք ես սիրում եմ Նրան»։

Որքան ավելի մոտենաք մեր Երկնային Հորը, այնքան շատ Նրա լույսն ու ուրախությունը կհորդեն ձեր միջից։ Ուրիշները կնկատեն, որ ինչ-որ եզակի և հատուկ բան կա ձեր մեջ։ Եվ նրանք կհարցնեն դրա մասին։

Երկրորդ, ձեր սիրտը լցրեք ուրիշների հանդեպ սիրով։ Սա երկրորդ մեծ պատվիրանն է։ Փորձեք ձեզ շրջապատող բոլոր մարդկանց իսկապես տեսնել որպես Աստծո զավակներ։ Սպասավորեք նրանց, անկախ նրանից՝ նրանց անունները կան ձեր սպասավորության ցուցակում, թե՝ ոչ։

Ծիծաղեք նրանց հետ։ Ուրախացեք նրանց հետ։ Լացեք նրանց հետ։ Հարգեք նրանց։ Բուժեք, բարձրացրեք և ամրացրեք նրանց։

Ձգտեք ընդօրինակել Քրիստոսի սերը և կարեկցանք ունենալ ուրիշների հանդեպ, նույնիսկ նրանց, ովքեր անբարյացակամ են ձեր հանդեպ, ովքեր ծաղրում են ձեզ և ցանկանում են վնաս հասցնել: Սիրեք նրանց և վերաբերվեք նրանց Երկնային Հոր զավակների նման։

Երրորդը, ձգտեք քայլել աշակերտության ուղիով։ Ինչպես Աստծո և Նրա զավակների հանդեպ ձեր սերը մեծանա, այնպես էլ Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր նվիրվածությունը կմեծանա։

Նրա ճանապարհների մասին սովորում եք, երբ սնվում եք Նրա խոսքով և ականջ եք դնում ու կիրառում եք ժամանակակից մարգարեների ու առաքյալների ուսմունքները: Նրա ճանապարհներով քայլելու ձեր վստահությունն ու քաջությունն աճում է, երբ դուք սովորելու, խոնարհ պատրաստ սրտով հաղորդակցվում եք Երկնային Հոր հետ։

Աշակերտության ուղիով քայլելու համար պետք է վարժվել՝ ամեն օր, քիչ-քիչ, «շնորհ շնորհի տեղ», «տող առ տող»։ Երբեմն, երկու քայլ առաջ և մեկ քայլ հետ։

Կարևորն այն է, որ դուք չհանձնվեք և շարունակեք ճիշտ ձևով անել դա։ Ի վերջո, դուք կդառնաք ավելի լավը, ավելի երջանիկ և ավելի անկեղծ։ Ուրիշների հետ ձեր հավատքի մասին զրուցելն ավելի սովորական և բնական կդառնա։ Իրականում ավետարանը կլինի ձեր կյանքի այնպիսի կարևոր, արժեքավոր մասը, որ անբնական կլինի չխոսել դրա մասին ուրիշների հետ։ Գուցե դա անմիջապես տեղի չունենա, դա ամբողջ կյանքը տևող աշխատանք է։ Բաց դա տեղի կունենա։

Չորրորդ, կիսվեք այն ամենով, ինչ կա ձեր սրտում։ Ես չեմ խնդրում, որ դուք բարձրախոսով կանգնեք փողոցի անկյունում և Մորմոնի Գրքից հատվածներ գոռաք: Ինչ ես խնդրում եմ, այն է, որ դուք միշտ փնտրեք ձեր հավատքով մարդկանց հետ բնական և սովորական եղանակներով կիսվելու հնարավորությունները՝ ինչպես անձամբ, այնպես էլ առցանց: Ես խնդրում եմ, որ դուք բոլոր ժամանակներում «կանգնեք որպես վկաներ» ավետարանի զորության, և անհրաժեշտության դեպքում բառեր օգտագործեք։

Քանի որ «Քրիստոսի ավետարանը … Աստծո զօրութիւնն է փրկելու համար», դուք կարող եք վստահ և քաջ կիսվել նրանով։ Վստահությունը, քաջությունը և խոնարհությունը կարող են թվալ հակասական հատկանիշներ, սակայն դա այդպես չէ։ Նրանք արտացոլում են Փրկիչի հրավերը՝ չթաքցնել ավետարանի արժեքներն ու սկզբունքները վերարկուի տակ, այլ ձեր լույսը թող շողա, որ ձեր բարի գործերը փառավորեն ձեր Երկնային Հորը։

Դա անելու համար կան բազմաթիվ սովորական և բնական եղանակներ, ամենօրյա բարի գործերից մինչև YouTube, Facebook, Instagram կամ Twitter հավելվածներում ձեր հանդիպած մարդկանց հետ անձնական վկայությունների, պարզ զրույցների միջոցով։ Այս տարի մեր տներում և կիրակնօրյա դպրոցում մենք սովորում ենք Նոր Կտակարանից։ Ինչպիսի՜ հրաշալի հնարավորություն է ընկերներին և հարևաններին հրավիրել եկեղեցի և ձեր տները՝ ձեզ հետ սովորելու Փրկիչի մասին: Նրանց հետ կիսվեք Gospel Library հավելվածով, որտեղ նրանք կարող են գտնել Եկ, հետևիր ինձ ծրագիրը։ Եթե դուք ճանաչում եք երիտասարդների և նրանց ընտանիքներին, տվեք նրանց Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը և հրավիրեք նրանց մոտենալ ու տեսնել, թե ինչպես են մեր երիտասարդները ձգտում ապրել այդ սկզբունքներով։

Եթե ինչ -որ մեկը հարցնում է ձեր հանգստյան օրերի մասին, առանց հապաղելու խոսեք եկեղեցում ունեցած ձեր փորձառության մասին։ Նրանց պատմեք այն փոքր երեխաների մասին, ովքեր հավաքվածների առաջ ջերմեռանդորեն երգեցին այն մասին, թե ինչպես են փորձում նմանվել Հիսուսին։ Խոսեք երիտասարդների խմբի մասին, ովքեր իրենց ժամանակը տրամադրեցին ծերանոցներում` օգնելով ծերերին հավաքել անձնական պատմություններ: Խոսեք մեր կիրակնօրյա ժողովի ժամանակացույցում վերջին փոփոխության մասին, և թե ինչպես է այն օրհնում ձեր ընտանիքը։ Կամ բացատրեք, թե ինչու ենք կարևորում, որ սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է, և որ մենք Վերջին օրերի Սրբերն ենք, ինչպես հին Եկեղեցու անդամներն էին կոչվում Սրբեր։

Ինչպես էլ որ ձեզ համար սովորական և բնական լինի, մարդկանց հետ կիսվեք, թե Հիսուս Քրիստոսն ու Նրա Եկեղեցին ինչու են կարևոր ձեզ համար։ Հրավիրեք նրանց «գալ և տեսնել»։ Ապա, խրախուսեք նրանց գալ և օգնել։ Մարդկանց համար կան մեր Եկեղեցում օգնելու բազմաթիվ հնարավորություններ։

Աղոթեք, որ ոչ միայն միսիոներները գտնեն ընտրյալներին։ Ամեն օր ձեր ամբողջ սրտով աղոթեք, որ գտնեք նրանց, ովքեր կգան և կտեսնեն, կգան և կմնան։ Լիաժամկետ միսիոներներին տեղեկացված պահեք։ Նրանք հրեշտակների նման պատրաստ են օգնել։

Բարի լուրով, Հիսուս Քրիստոսի ավետարանով, կիսվեք սիրով և համբերությամբ։ Եթե մարդկանց հետ համագործակցենք միակ ակնկալիքով, որ նրանք շուտով կհագնեն սպիտակ հագուստը և կհարցնեն մոտակա մկրտարանի տեղը, ապա մենք դա սխալ ենք անում:

Ոմանք, ովքեր գալիս և տեսնում են, հավանաբար, երբեք չեն միանա Եկեղեցուն, իսկ ոմանք կմիանան ավելի ուշ: Դա նրանց ընտրությունն է: Սակայն դա չպետք է նվազեցնի նրանց հանդեպ մեր սերը։ Եվ դա չպետք է նվազեցնի մեր խանդավառ ջանքերը՝ շարունակելու հրավիրել անհատներին և ընտանիքներին գալ և տեսնել, գալ և օգնել, և գալ ու մնալ։

Հինգերորդ, վստահեք, որ Տերը կկատարի Իր հրաշքները։ Հասկացեք, որ մարդկանց դարձի բերելը ձեր աշխատանքը չէ։ Դա Սուրբ Հոգու դերն է։ Ձեր դերն այն է, որ կիսվեք նրանով, ինչ կա ձեր սրտում և կայուն ապրեք ձեր հավատքում։

Այսպիսով, մի վհատվեք, երբ ինչ-որ մեկն ավետարանի ուղերձն անմիջապես չի ընդունում։ Դա ձեր ձախողումը չէ։

Դա անհատի և Երկնային Հոր միջև է:

Ձեր գործն է սիրել Աստծուն և սիրել ձեր մերձավորին՝ Նրա զավակներին։

Հավատացեք, սիրեք և գործեք։

Հետևեք այդ ուղուն և Աստված ձեր միջոցով հրաշքներ կգործի և կօրհնի Իր թանկագին զավակներին:

Այս հինգ առաջարկները կօգնեն ձեզ անել այն, ինչ Հիսուս Քրիստոսի աշակերտներն արել են հին ժամանակներից սկսած: Նրա ավետարանը և Նրա Եկեղեցին ձեր կյանքի և այն ամենի կարևոր մասն են կազմում, թե ով եք դուք և ինչ եք անում: Հետևաբար, հրավիրեք ուրիշներին գալ և տեսնել և գալ ու օգնել, իսկ Աստված կանի Իր փրկարար աշխատանքը և նրանք կգան ու կմնան։

Ի՞նչ կլինի, եթե դժվար լինի:

Դուք կհարցնեք․ «Ի՞նչ կլինի, եթե ես այդ ամենն անեմ, իսկ մարդիկ լավ չարձագանքեն»։ Ի՞նչ կլինի, եթե նրանք քննադատաբար մոտենան Եկեղեցուն։ Ի՞նչ կլինի, եթե ինձ հանեն իրենց ընկերների ցուցակից։

Այո, դա կարող է տեղի ունենալ։ Հին ժամանակներից սկսած, Հիսուս Քրիստոսի աշակերտները հաճախ հալածվել են։ Պետրոս առաքյալն ասել է․ «Ուրախ եղեք … թե դուք Քրիստոսի չարչարանքին մասնակից եք»։ Վաղ օրերի սրբերն ուրախացել են, «որովհետեւ արժանի եղան նորա անունի համար անարգուիլ»։

Հիշեք, որ Տերն աշխատում է խորհրդավոր ձևերով: Հնարավոր է, որ մերժմանն ուղղված ձեր Քրիստոսանման պատասխանը կմեղմի կարծրացած սիրտը։

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ, ես օրհնում եմ ձեզ վստահությամբ, որ ավետարանի արժեքների կենդանի վկա լինեք, օրհնում եմ քաջությամբ, որ միշտ հանդես գաք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, օրհնում եմ խոնարհությամբ, որ աջակցեք Իր գործի մեջ՝ որպես Երկնային Հոր և Նրա զավակների հանդեպ ձեր սիրո արտահայտում։

Իմ սիրելի՛ ընկերներ, դուք ուրախ կլինեք իմանալով, որ դուք կարևոր մասն եք կազմում վաղուց կանխագուշակված Իսրայելի հավաքման գործում՝ նախապատրաստելով Քրիստոսի գալուստը «զորություն ու մեծ փառք հագած. բոլոր սուրբ հրեշտակների հետ»։

Ձեր Երկնային Հայրը ճանաչում է ձեզ։ Տերը սիրում է ձեզ: Աստված կօրհնի ձեզ։ Այս աշխատանքը կարգված է Նրա կողմից։ Դուք կարող եք դա անել: Մենք դա կարող ենք միասին անել։

Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Մեծ մարգարե Նեփին տեսիլքում տեսավ, որ չնայած Աստծո Գառի Եկեղեցին կտարածվի «ողջ երկրի երեսի վրա», աշխարհի ամբարշտությունների պատճառով ընդհանուր «թվով փոքր [կլինի]» (1 Նեփի 14․12, տես նաև Ղուկաս 12․32

  2. Օրինակ, Pew Research Center-ի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում «մեծահասակների (18 տարեկանից բարձր տարիքի) տոկոսը, ովքեր նկարագրում են իրենց որպես քրիստոնյաներ, ընդամենը յոթ տարվա ընթացքում նվազել է մոտ 8 տոկոսային կետով, 78.4 տոկոսից … 2007 թ., մինչև 70.6% 2014 թվականի դրությամբ։ Նույն ժամանակահատվածում ամերիկացիների տոկոսը, ովքեր որևէ կրոնի չեն պատկանում, նկարագրում են իրենց որպես աթեիստ, ագնոստիկ կամ «ոչինչ, մասնավորապես», վեց կետից ավել աճել է՝ 16.1%-ից մինչև 22.8% » (“America’s Changing Religious Landscape,” Pew Research Center, May 12, 2015, pewforum.org)։

  3. Ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Բարի լուրն այն է, որ Հիսուս Քրիստոսը կատարել է Քավություն, որը գերեզմանից կփրկագնի ողջ մարդկությանը և յուրաքանչյուրին կվարձատրի իր գործերի համեմատ։ Այս Քավությունը սկսվեց նախաերկրային աշխարհում Իր նշանակման հետ, շարունակվեց Իր մահկանացու ժամանակաշրջանում և ավարտվեց Իր փառավոր Հարությամբ: Նրա մահկանացու կյանքի, ծառայության և զոհաբերության աստվածաշնչյան արձանագրությունները կոչվում են Ավետարաններ՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի:

  4. Մատթեոս 28․19

  5. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր. Ես թողնում եմ ձեզ այս ասածները՝ խորհելու ձեր սրտում» (Վարդապետություն և Ուխտեր 88․62

    «Ահա, ես ասում եմ քեզ, որ դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում. ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է» (Վարդապետություն և Ուխտեր 9․8

  6. Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը խրախուսեց «ամեն մի անդամի [լինել] միսիոներ», երբ 1922-1924թթ. նախագահել է Եվրոպական միսիայում և նույն ուղերձով Եկեղեցու հետ կիսվեց 1952 թ-ի գերագույն համաժողովի ժամանակ (տես ««Յուրաքանչյուր անդամ միսիոներ է» կարգախոսն անփոփոխ է այսօր», Եկեղեցու նորություններ, փետրվար 20, 2015, նորություններ։

  7. Վարդապետություն և Ուխտեր 64․34

  8. Տես Մատթեոս 22.37-38:

  9. Տես Մատթեոս 22.39:

  10. Վարդապետություն և Ուխտեր 93․12

  11. Եսայիա 28․10

  12. Մոսիա 18․9

  13. Այս միտքը հաճախ վերագրվում է Սենտ Ֆրենսիսին Ասսիսիացուն, տես նաև Հովհաննես 10․36–38։

  14. Հռովմայեցիս 1.16

  15. Տես Մատթեոս 5.15-16։

  16. Հովհաննես 1․46, շեշտադրումն ավելացված է։

  17. Տես Հովհաննես 15․18։

  18. Ա Պետրոս 4․13, Անգլերեն ստանդարտ տարբերակ, տես նաև 1–19 հատվածներ ավելին իմանալու համար, թե Քրիստոսի հետևորդներն ինչպես պետք է դիտեն տառապանքը հանուն ավետարանի։

  19. Գործք Առաքելոց 5.41

  20. Վարդապետություն և Ուխտեր 45․44