2010–2019 թթ․
Տուն, որտեղ Տիրոջ Հոգին է բնակվում
2019 թվականի ապրիլի գերագույն համաժողով


2:3

Տուն, որտեղ Տիրոջ Հոգին է բնակվում

Դուք ձեր մեծագույն ուրախությունը կգտնեք, երբ ձեր տունը դարձնեք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մի վայր և մի վայր, որը լցված է սիրով։

Իմ սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, ես շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել են ելույթ ունենալ ձեզ համար Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս 189-րդ ամենամյա գերագույն համաժողովին։ 1830 թվականի այս օրը Ջոզեֆը Սմիթը կազմավորեց Եկեղեցին Տիրոջ ղեկավարության ներքո։ Դա տեղի ունեցավ Ուիթմերների ընտանիքում, Ֆայեթ քաղաքի մոտ (Նյու Յորք)։ Այդ օրն այնտեղ ներկա էին վեց անդամներ և 50 այլ հետաքրքրվողներ։

Թեև ես չգիտեմ, թե ինչ է ասել Մարգարե Ջոզեֆը կամ ինչպիսի տեսք է նա ունեցել, երբ կանգնել է այդ փոքրիկ խմբի առաջ, ես գիտեմ, թե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունեցող այդ մարդիկ ինչ են զգացել։ Նրանք զգացել են Սուրբ Հոգին և զգացել են, որ գտնվում են սուրբ վայրում։ Եվ անշուշտ, նրանք զգացել են, որ միասնական են։

Այդ հրաշալի զգացողությունն այն է, ինչ մենք բոլորս ուզում ենք ունենալ մեր տներում։ Դա մի զգացողություն է, որն ինչպես Պողոսն է նկարագրել, գալիս է «հոգու խորհուրդից»։

Այսօրվա իմ նպատակն է ուսուցանել այն, ինչ ես գիտեմ նրա մասին, թե ինչպես մենք կարող ենք ավելի հաճախակի արժանանալ այդ զգացողությանը և հրավիրել, որ այն երկար մնա մեր ընտանիքներում։ Փորձից գիտեք, որ դրան հասնելը հեշտ չէ։ Հակառակությունը, հպարտությունը և մեղքը խանգարում են դրան։ Քրիստոսի մաքուր սերը պետք է տիրի մեր ընտանիքի անդամների սրտերում։

Ադամն ու Եվան, Լեքին ու Սարիան և մյուս ծնողները, որոնց մենք ճանաչում ենք սուրբ գրություններից, հասկացան, որ դա դժվար մարտահրավեր է։ Այնուամենայնիվ, կան ընտանիքների և տների կայուն երջանկության քաջալերող օրինակներ, որոնք մխիթարում են մեզ։ Եվ այդ օրինակները թույլ են տալիս մեզ սովորել, թե ինչպես է դա հնարավոր մեր և մեր ընտանիքների համար։ Դուք հիշում եք 4-րդ Նեփիի այս պատմությունը․

«Եվ եղավ այնպես, որ չկար ոչ մի հակառակություն երկրում Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում։

Եվ չկային նախանձություններ, ոչ էլ պայքարներ, ոչ էլ խլրտումներ, ոչ էլ պոռնկություններ, ոչ էլ ստախոսություններ, ոչ էլ սպանություններ, ոչ էլ որևէ ձևի հեշտասիրություն. և, անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով։

Չկային ո՛չ ավազակներ, ո՛չ մարդասպաններ, ո՛չ էլ կային Լամանացիներ կամ որևէ այլ տեսակի -ացիներ. այլ նրանք մեկ էին՝ Քրիստոսի զավակները և Աստծո արքայության ժառանգները։

Եվ որքա՜ն օրհնված էին նրանք։ Քանզի Տերն օրհնում էր նրանց բոլոր իրենց գործերում. այո, նրանք օրհնված էին ու բարգավաճում էին նույնիսկ մինչև հարյուր և տաս տարիներ անցնելը, և առաջին սերունդը՝ Քրիստոսից սկսած, անց էր կացել. և ողջ երկրում չկար ոչ մի հակառակություն»։

Ինչպես գիտեք, այդ երջանիկ ժամանակը հավետ չտևեց։ 4-րդ Նեփիում գրված պատմությունը նկարագրում է մարդկանց մի լավ խմբի հոգևոր անկման վերջնական ախտանիշները։ Դա մի օրինաչափություն է, որը դարերի ընթացքում դրսևորվել է ամբողջ ժողովուրդների, համայնքների և դժբախտաբար՝ ընտանիքների մեջ։ Ուսումնասիրելով այդ օրինաչափությունը, մենք կարող ենք տեսնել, թե ինչպես կարող ենք պաշտպանել և նույնիսկ ավելացնել սիրո զգացմունքները մեր ընտանիքում։

Ահա անկման օրինաչափությունը, որը դրսևորվել է 200 տարի ավետարանի շնորհիվ կատարյալ խաղաղության մեջ ապրելուց հետո․

Հպարտությունն աստիճանաբար գլուխ բարձրացրեց։

Մարդիկ դադարեցին իրենց ունեցածով կիսվել ուրիշների հետ։

Նրանք սկսեցին իրենց բարձր կամ ցածր դասել ուրիշներից։

Նրանց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ սկսեց նվազել։

Նրանք սկսեցին ատել։

Նրանք սկսեցին տարբեր տեսակի մեղքեր գործել։

Իմաստուն ծնողները բավականին զգույշ կլինեն, տեսնելով այդ ախտանիշները, երբ դրանք ի հայտ գան իրենց ընտանիքի անդամների մոտ։ Նրանք, անշուշտ, կմտահոգվեն։ Բայց նրանք կիմանան, որ հիմքում ընկած գործոնը սատանայի ազդեցությունն է, որը փորձում է լավ մարդկանց առաջնորդել մեղքի ճանապարհով և այդպիսով կորցնել Սուրբ Հոգու ազդեցությունը։ Այսպիսով, իմաստուն ծնողները կհասկանան, որ կա հնարավորություն յուրաքանչյուր երեխայի և իրենց համար՝ ավելի լիարժեք ընդունելու Տիրոջ մոտ գալու Նրա հրավերը։

Դուք կարող եք քիչ հաջողություն ունենալ երեխային ապաշխարելու կոչ անելիս, օրինակ՝ հպարտության մեջ ապաշխարելու։ Դուք կարող եք փորձել համոզել երեխաներին առատաձեռնորեն կիսվել իրենց ունեցածով։ Դուք կարող եք հորդորել նրանց, որ դադարեն մտածել, որ ավելի լավն են, քան ընտանիքում մեկ ուրիշը։ Բայց հետո մոտենում եք այն ախտանիշին, որն ավելի շուտ ես նկարագրեցի․ «Նրանց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ սկսեց նվազել»։

Գոյություն ունի բանալի, որը կառաջնորդի ձեր ընտանիքին աճել այն հոգևոր մակարդակին, որը ցանկանում եք նրանց համար, և որ դուք լինեք նրանց հետ այդ վայրում։ Երբ օգնեք նրանց աճել այն հավատքի մեջ, որ Հիսուս Քրիստոսը նրանց սիրառատ Քավիչն է, նրանք ապաշխարելու ցանկություն կունենան։ Երբ նրանք ապաշխարեն, խոնարհությունը կսկսի փոխարինել հպարտությանը։ Երբ նրանք սկսեն զգալ այն, ինչ Տերն է տվել իրենց, նրանք կցանկանան ավելի շռայլորեն կիսվել։ Հայտնի կամ ճանաչված լինելու համար մրցակցությունը կնվազի։ Սերը դուրս կմղի ատելությունը։ Եվ վերջապես, ինչպես տեղի ունեցավ Բենիամին թագավորի կողմից դարձի եկած մարդկանց հետ, բարիք գործելու ցանկությունը կամրացնի նրանց մեղք գործելու գայթակղության դեմ։ Բենիամին թագավորի ժողովուրդը վկայեց, որ իրենք «այլևս հակում չունեին չարիք գործելու»։

Այսպիսով, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի ստեղծումը ձեր ընտանիքում և ձեր տանը հոգևոր անկման վերելք է առաջ բերում։ Հավանաբար, այդ հավատքն ավելի շատ ապաշխարություն առաջ կբերի, քան հոգևոր անկման յուրաքանչյուր ախտանիշի դեմ քարոզը։

Դուք լավագույնս կառաջնորդեք օրինակի միջոցով։ Ընտանիքի անդամներն ու ուրիշները պետք է տեսնեն, որ դուք աճում եք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ ձեր հավատքում։ Ձեզ մեծ աջակցություն է ցուցաբերվել վերջերս։ Ծնողները Եկեղեցում օրհնվել են ներշնչված ուսումնական ծրագրով ընտանիքների և անհատների համար։ Երբ օգտագործեք այն, դուք կամրապնդեք ձեր և ձեր երեխաների հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Աճել հավատքում

Փրկիչի հանդեպ ձեր հավատքը մեծացել է, երբ հետևել եք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ Մորմոնի Գիրքը կրկին կարդալու առաջարկին։ Դուք նշել եք հատվածներ և խոսքեր, որոնք վերաբերում են Փրկիչին։ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքն աճել է։ Բայց նոր բույսի նման, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կթառամի, եթե չկարողանաք շարունակական ուժ գտնել և խորհել ու աղոթել՝ այն մեծացնելու համար։

Հավատքով աճելու ձեր օրինակին, գուցե, ձեր ընտանիքի ոչ բոլոր անդամները հետևեն ներկայումս։ Սակայն մխիթարվեք Ալմա Կրտսերի փորձով։ Ապաշխարության և ներման իր ցավալի կարիքի մեջ նա հիշեց Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հոր հավատքը։ Ձեր երեխաները կարող են հիշել Փրկիչի հանդեպ ձեր հավատքը, երբ նրանք հուսահատորեն ապաշխարության կարիք ունենան։ Ալման այդ պահի մասին այսպես է ասել․

«Եվ եղավ այնպես, որ երբ ես այսպես պրկված էի տանջանքից, մինչ ես տակնուվրա էի եղած իմ բազում մեղքերի հիշողությունից, ահա, ես հիշեցի նաև լսած լինելս՝ իմ հոր մարգարեանալը ժողովրդին, մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ՝ քավելու համար աշխարհի մեղքերը։

Արդ, երբ դատողությունս որսաց այս միտքը, ես գոչեցի իմ սրտում. Ո՜վ Հիսուս, դո՛ւ, Աստծո՛ Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ, որ դառը մաղձի մեջ եմ, և օղակված եմ մահվան հավիտենական շղթաներով։

Եվ արդ, ահա, երբ ես մտածեցի այս, ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը. այո, ես այլևս տակնուվրա չէի լինում իմ մեղքերի հիշողությունից»։

Աղոթել սիրով

Հավատքով աճելու ձեր օրինակից բացի, ընտանեկան աղոթքը կարող է կարևոր դեր խաղալ տունը սրբավայր դարձնելու գործում։ Սովորաբար մեկն ընտրվում է աղոթելու ընտանիքի համար։ Երբ ծնկի իջած և աղոթքը լսող մարդկանց համար աղոթքը պարզորոշ ուղղվում է Աստծուն, ապա հավատն աճում է բոլորի մոտ։ Նրանք կարող են զգալ Երկնային Հոր և Փրկիչի հանդեպ սիրո արտահայտությունները։ Եվ երբ աղոթողը նշում է նրանց, ովքեր ծնկի իջած աղոթում են այդ շրջանում, և ովքեր կարիքի մեջ են, բոլորը կարող են սեր զգալ իրենց հանդեպ և ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանդեպ։

Նույնիսկ այն ժամանակ, երբ ընտանիքի անդամները չեն ապրում տանը, աղոթքը կարող է սիրո կապեր ստեղծել։ Ընտանիքում ասված աղոթքը կարող է հասնել ողջ աշխարհով մեկ։ Մեկից ավելի անգամներ հասկացել եմ, որ ընտանիքի որևէ անդամ միևնույն պահին հեռվում աղոթում է նույն բանի համար, ինչ ես եմ աղոթում։ Ինձ համար այն հին ասացվածքը, որ «այն ընտանիքը, որ աղոթում է միասին, մնում է միասին», կարող է ձևափոխվել և դառնալ «այն ընտանիքը, որ աղոթում է միասին, միասին է մնում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք միմյանցից հեռու են գտնվում»։

Ուսուցանել վաղ ապաշխարությունը

Քանի որ մեզանից ոչ մեկը կատարյալ չէ և զգացմունքները հեշտ է վիրավորել, ընտանիքները կարող են սրբազան սրբավայր դառնալ միայն, եթե մենք ապաշխարենք շուտ և անկեղծ։ Ծնողները կարող են օրինակ ծառայել։ Խիստ խոսքերից և չարակամ մտքերից կարելի է արագ և անկեղծ ապաշխարել։ Հասարակ «ներողություն եմ խնդրում» բառերը կարող են վերքերը բուժել և երկու կողմին հրավիրել ներման ու սիրո։

Մարգարե Ջոզեֆ Սմիթը մեզ համար օրինակ էր, երբ նա բախվում էր սարսափելի հարձակումների, դավաճանների և նույնիսկ՝ ընտանիքում անհամաձայնությունների։ Նա շուտ էր ներում, չնայած գիտեր, որ հարձակվողը կրկին կարող է հարձակվել։ Նա ներում էր խնդրում և առատորեն ներում էր։

Զարգացնել միսիոներական հոգի

Մոսիայի որդիները լցված էին ավետարանը բոլորին առաջարկելու վճռականությամբ։ Այդ ցանկությունն առաջացավ ապաշխարելու նրանց անձնական փորձառությունից։ Նրանք չէին կարող համակերպվել այն մտքին, որ որևէ մարդ կարող է տառապել մեղքի ազդեցությունից, ինչպես իրենք են տառապել։ Այսպիսով, նրանք տարիներ շարունակ հանդիպեցին մերժումների, դժվարությունների և վտանգների՝ առաջարկելով Հիսուս Քրիստոսի ավետարանն իրենց թշնամիներին։ Այդ ընթացքում նրանք ուրախություն գտան այն մարդկանց համար, ովքեր ապաշխարեցին և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով ստացան ներման ուրախությունը։

Մեր ընտանիքի անդամները կաճեն ավետարանով կիսվելու իրենց ցանկությամբ, երբ նրանք զգան ներման ուրախությունը։ Դա կարող են զգալ նույնիսկ այն դեպքում, երբ նորոգում են ուխտերը՝ հաղորդությունը ճաշակելիս։ Միսիոներական ոգին կաճի մեր տներում, երբ երեխաներն ու ծնողները հաղորդության ծառայության ընթացքում զգան ներման ուրախությունը։ Իրենց ակնածանքի շնորհիվ, ծնողներն ու երեխաները կարող են օգնել իրար՝ զգալու այդ ուրախությունը։ Այդ ուրախությունն այնքան հեռուն կարող է գնալ, որ մեր տները դառնան միսիոներների ուսուցման կենտրոններ։ Գուցե բոլորը միսիայում չծառայեն, բայց բոլորը կզգան ավետարանով կիսվելու ցանկությունը, ինչն օգնել է նրանց ներում և խաղաղություն զգալ։ Եվ արդյոք ներկայումս լիաժամկետ ծառայող են, թե՝ ոչ, բոլորը կարող են ուրախություն զգալ՝ առաջարկելով ավետարանն ուրիշներին։

Այցելել տաճար

Ե՛վ ծնողների, և՛ երեխաների համար տաճարը լավագույն հնարավորությունն է երկնային վայրերը ճանաչելու և սիրելու համար։ Դա հատկապես ճշմարիտ է, երբ երեխաները փոքր են։ Երեխաները ծնվում են Քրիստոսի լույսով։ Նույնիսկ երեխան կարող է զգալ, որ տաճարը սուրբ է։ Քանի որ ծնողները սիրում են իրենց փոքրիկ երեխաներին, տաճարը նրանց համար ներկայացնում է այն հույսը, որ նրանք կարող են օգնել իրենց երեխաներին հավիտյան սիրել իրենց հավերժական ընտանիքը։

Ձեզանից ոմանք տանն ունեն տաճարների լուսանկարներ։ Քանի որ տաճարները կառուցվում են աշխարհով մեկ, հնարավոր է, որ շատ ծնողներ այցելեն տաճարի տարածք իրենց ընտանիքների հետ։ Մի քանիսը կարող են նույնիսկ այցելել բաց դռներին, երբ տաճարները կառուցվեն։ Ծնողները կարող են հարցնել երեխաներին, թե ինչ են զգացել տաճարին մոտ գտնվելու ժամանակ։

Յուրաքանչյուր ծնող կարող է վկայություն բերել, թե տաճարն ինչ է նշանակում իր համար։ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը, ով սիրում էր տաճարները, հաճախ հետևում էր, թե ինչպես էր մայրը ուշադիր արդուկում տաճարային հագուստը։ Նա խոսում էր այն մասին, թե ինչպես էր երեխա ժամանակ ականատես լինում, երբ իր ընտանիքը տնից դուրս էր գալիս, որպեսզի տաճար այցելի։

Երբ նա Եկեղեցու նախագահ էր, յուրաքանչյուր շաբաթվա նույն օրը հաճախում էր տաճար։ Նա միշտ տաճարային աշխատանք էր կատարում իր որևէ նախնու համար։ Դա հիմնականում ծնողների շնորհիվ էր։

Իմ վկայությունը

Դուք ձեր մեծագույն ուրախությունը կգտնեք, երբ ձեր տունը դարձնեք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մի վայր և մի վայր, որը լցված է սիրով, Քրիստոսի մաքուր սիրով։ Ավետարանի վերականգնումը սկսվեց մի համեստ հարցով, որը ծագել էր մի համեստ տանը, և այն կարող է շարունակվել յուրաքանչյուրիս տանը, երբ շարունակենք հաստատել և կիրառել ավետարանի սկզբունքներն այդ տանը։ Երեխա ժամանակից դա եղել է իմ հույսը և իմ ամենամեծ ցանկությունը։ Դուք բոլորդ ունեք այդպիսի տներ։ Ձեզանից շատերը, Տիրոջ օգնությամբ, ստեղծել եք այդպիսի տներ։

Ոմանք ամբողջ սրտով փորձել են ունենալ այդ օրհնությունը, բայց դեռևս այն չի տրվել նրանց։ Իմ խոստումը ձեզ այն է, ինչն օրերից մի օր ինձ է տվել Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներից մեկը։ Ես ասել էի նրան, որ իմ որոշ հարազատների կատարած ընտրությունների պատճառով, ես կասկածում եմ, որ մենք կարող ենք միասին լինել գալիք աշխարհում։ Որքանով որ կարող եմ հիշել, նա ասաց․ «Դուք մտահոգվում եք սխալ խնդրի մասին։ Դուք պարզապես ապրեք սելեստիալ արքայությանն արժանի կյանքով և ընտանեկան ձեռքբերումներն ավելի հրաշալի կլինեն, քան դուք կարող եք պատկերացնել»։

Ես հավատում եմ, որ նա մահկանացու կյանքում այդ ուրախ հույսը կառաջարկի այն մարդուն, ով հնարավոր ամեն բան արել է՝ ինքներս մեզ և մեր ընտանիքի անդամներին հավերժական կյանքի արժանացնելու համար։ Ես գիտեմ, որ Երկնային Հոր ծրագիրը երջանկության ծրագիր է։ Ես վկայում եմ, որ Նրա ծրագիրը հնարավոր է դարձնում մեզանից յուրաքանչյուրի համար, ով ամեն ինչ արել է, ընտանիքում հավերժ կնքվելու համար։

Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթին վերականգնված քահանայության բանալիներն անխախտ կապով փոխանցվել են Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնին։ Այդ բանալիներն այսօր հնարավոր են դարձնում ընտանիքների կնքումը։ Ես գիտեմ, որ Երկնային Հայրը կատարյալ սիրով սիրում է մեզ՝ Իր հոգևոր զավակներին։ Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել, մաքրվել և արժանի լինել մեր սիրելի ընտանիքներում հավիտյան ապրելու՝ մեր Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու, Հիսուս Քրիստոսի հետ։ Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։