Հավատքի աչքը
Երբ մենք ընտրում ենք, թե հայտարարության որ մասն ընդունենք, մենք մշուշում ենք մեր հավերժական հեռանկարը, չափից ավելի կարևորելով այստեղ և այս պահին մեր ունեցած փորձառությունը։
Իր խաչելությունից առաջ Հիսուսին տարան Պիղատոսի պալատ դատելու։ «Դո՞ւ ես Հրէաների թագաւորը»։ Ներողամտորեն հարցրեց Պիղատոսը։ Հիսուսը պատասխանեց․ «Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ։ … Ես եկել [եմ] աշխարհք, որ ճշմարտութեան [մասին] վկայեմ։ Ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է»։
Պիղատոսը անամոթաբար հարցրեց․ «Ի՞նչ է ճշմարտությունը»։1
Ժամանակակից աշխարհում «Ի՞նչ է ճշմարտությունը» հարցը կարող է ցավալիորեն բարդ լինել աշխարհիկ մտքի համար։
Google-ում «Ի՞նչ է ճշմարտությունը» հարցի պատասխանը փնտրելիս ավելի քան մեկ միլիոն պատասխան ենք գտնում։ Մեր բջջային հեռախոսներում մենք ավելի շատ հասանելի տեղեկություն ունենք, քան քարից ու ավազից կառուցված գրադարանների բոլոր գրքերը։ Մենք ծանրաբեռնված ենք տեղեկատվության և կարծիքների տարափով։ Հրապուրիչ և գրավող ձայները հետապնդում են մեզ ամեն քայլափոխի։
Այսօր տիրող շփոթությունից ելնելով, զարմանալի չէ, որ շատերը կրկնում են 2500 տարի առաջ երիտասարդ Սոկրատեսին ասված Պրոտագորասի խոսքերը․ «Այն, ինչ ճիշտ է քեզ համար,- ասել է նա,- ճիշտ է քեզ համար, իսկ այն, ինչ ճիշտ է ինձ համար, ճիշտ է ինձ համար»։2
Ճշմարտություն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի միջոցով
Օրհնված լինելով Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով, մենք խոնարհաբար հայտարարում ենք, որ կան բաներ, որոնք ամբողջությամբ բացարձակ ճշմարիտ են։ Այդ հավերժական ճշմարտությունները նույնն են Աստծո յուրաքանչյուր որդու և դստեր համար։
Սուրբ գրություններն ուսուցանում են․ «Եվ ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն»։3 Ճշմարտությունը նայում է հետ ու առաջ, ժամանակի մեջ մեծացնելով մեր փոքր կետի հեռանկարը։
Հիսուսն ասել է. «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»։4 Ճշմարտությունը մեզ ցույց է տալիս հավերժական կյանք տանող ճանապարհը, և այն տրվում է միայն մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Չկա այլ ճանապարհ։
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է մեզ, թե ինչպես ապրել և Իր Քավության ու Հարության միջոցով Նա առաջարկում է մեզ ներում մեր մեղքերից և անմահություն՝ վարագույրի մյուս կողմում։ Սա բացարձակ ճշմարտություն է։
Նա ուսուցանում է մեզ, որ կարևոր չէ՝ մենք հարուստ ենք, թե աղքատ, հայտնի ենք, թե անհայտ, իմաստուն ենք, թե հասարակ մի մարդ։ Այլ մեր մահկանացու որոնումների նպատակն է ամրապնդել մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոսը, ընտրել բարին՝ չարի փոխարեն և պահել Նրա պատվիրանները։ Մինչ մենք կարևորում ենք գիտության և բժշկության նորամուծությունները, Աստծո ճշմարտությունները շատ ավելի մեծ արժեք ունեն, քան այդ հայտնագործությունները։
Ի հակադրություն հավերժական ճշմարտությունների, միշտ եղել են կեղծիքներ, որոնց նպատակն է եղել շեղել Աստծո զավակներին ճշմարտությունից։ Հակառակորդը միշտ բերում է նույն փաստարկները։ Լսեք 2000 տարի առաջ ասված այս խոսքերը․
«Դուք չեք կարող իմանալ բաների մասին, որոնք դուք չեք տեսնում։ … [Ինչ որ մարդ անում է,] հանցագործություն չէ։
[Աստված չէ, որ օրհնում է ձեզ, այլ] ամեն [մարդ բարգավաճում է] համաձայն իր [իսկ] հանճարի»։5
«Խելամիտ չէ, որ այնպիսի մի էակ, ինչպիսին Քրիստոսն է, … լինի Աստծո Որդին»։6
«[Այն, ինչին դուք հավատում եք, հիմար ավանդություն է և] ձեր մտքերի խանգարվածությունը»։7 Այսօր էլ մենք լսում ենք նման բաներ, այնպես չէ՞։
Ավետարանի Վերականգնման հետ Աստված տվել է մեզ հոգևոր կարևոր ճշմարտությունները սովորելու և իմանալու ուղին․ մենք սովորում ենք դրանք սուրբ գրությունների, մեր անձնական աղոթքների, մեր իսկ փորձառությունների, ապրող մարգարեների և առաքյալների խորհուրդների և Սուրբ Հոգու առաջնորդության միջոցով, ով կարող է օգնել մեզ «իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»։8
Ճշմարտությունը բացահայտվում է հոգևորապես
Մենք կարող ենք իմանալ Աստծո բաները, եթե փնտրենք դրանք հոգևորապես։ Պողոսն ասել է․ «Աստուծոյ բաներն ոչ ով չ’գիտէ, բացի Աստուծոյ Հոգին ունեցողից։ … Որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում»։9
Նայեք Մայքլ Մրֆիի այս ստեղծագործությանը։ Այս պատկերին նայելիս, դուք դժվար թե հավատաք, որ սա արվեստագետի աչքի արտացոլումն է։ Սակայն, երբ դուք այլ դիրքից եք նայում կետերին, տեսնում եք արվեստագետի ստեղծագործության հմայքը։
Նմանապես, մենք տեսնում ենք Աստծո հոգևոր ճշմարտությունները հավատքի աչքի հեռանկարի միջոցով։ Պողոսն ասել է․ «Շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ` որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում»։10
Սուրբ գրությունները, մեր աղոթքները, մեր իսկ փորձառությունները, ժամանակակից մարգարեները և Սուրբ Հոգու պարգևը տալիս են մեզ ճշմարտության վերաբերյալ հոգևոր հեռանկար երկրի վրա մեր ճամփորդության համար։
Հռչակագիրը հավատքի աչքի միջոցով
Եկեք նայենք ընտանիքի վերաբերյալ հայտարարությանը հավատքի աչքով։
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ներկայացրեց «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը հետևյալ բառերով. «Այդքան մեծ չափերով մոլորեցնող փաստարկների հետ մեկտեղ, որոնք մատուցվել են որպես ճշմարտություն, չափանիշների և արժեքների վերաբերյալ խաբեության, աշխարհի խավար կողմը բռնելու գրավչության և գայթակղության պայմաններում, մենք անհրաժեշտ ենք համարել զգուշացնել և նախազգուշացնել [ձեզ]»։11
Հռչակագիրը սկսվում է հետևյալ բառերով․ «Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով։ Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր»։
Սրանք հավերժական ճշմարտություններ են։ Ես և դուք բնության մեջ պատահականություն չենք։
Ես սիրում եմ այս խոսքերը. «Նախաերկրային աշխարհում հոգևոր որդիներն ու դուստրերը ճանաչում և երկրպագում էին Աստծուն, որպես իրենց Հավերժական Հորը և ընդունում էին Նրա ծրագիրը»։12
Մենք ապրել ենք նախքան մեր ծնվելը։ Մեր անհատական ինքնությունը դրոշմված է մեր մեջ հավերժորեն։ Մեզ համար ոչ լիովին հասկանալի ուղիներով այնտեղ ունեցած մեր հոգևոր աճն ազդում է այն բանի վրա, թե ով ենք մենք այստեղ։13 Մենք ընդունել էինք Աստծո ծրագիրը։ Մենք գիտեինք, որ երկրի վրա ունենալու ենք դժվարություններ, ցավ և վիշտ։14 Մենք նաև գիտեինք, որ Փրկիչը կգար, և եթե ապացուցենք մեր արժանի լինելը, մենք հարություն կառնենք և մեր «գլխին փառք կավելացվի հավիտյանս հավիտենից»։15
Հռչակագրում հստակ ասվում է․ «Մենք հայտարարում ենք, որ երկրի վրա կյանքի ստեղծման ուղիները ղեկավարվում են Աստծո կողմից։ Մենք հաստատում ենք կյանքի սուրբ լինելը և նրա կարևորությունն Աստծո հավերժական ծրագրում»։
Մեր Հոր ծրագիրը խրախուսում է ամուսնուն և կնոջը երեխաներ բերել աշխարհ և պարտավորեցնում մեզ խոսել ի պաշտպանություն չծնվածների։
Հռչակագրի սկզբունքները գեղեցիկ ձևով կապված են իրար
Երբ մենք ընտրում ենք, թե հայտարարության որ մասն ընդունենք, մենք մշուշում ենք մեր հավերժական հեռանկարը, չափից ավելի կարևորելով այստեղ և այս պահին մեր ունեցած փորձառությունը։ Հավատքի աչքով և աղոթքով խորհելով հայտարարության շուրջ, մենք ավելի լավ ենք հասկանում, թե ինչպիսի գեղեցիկ կապ կա սկզբունքների միջև, որոնք աջակցում են մեկը մյուսին և հայտնի են դարձնում Իր զավակների համար նախատեսած մեր Հոր ծրագիրը։16
Արդյո՞ք մենք պետք է զարմանանք, երբ Տիրոջ ապրող մարգարեները հայտարարում են Նրա կամքը, սակայն ոմանք շարունակում են հարցեր ունենալ։ Իհարկե, ոմանք անմիջապես մերժում են մարգարեների ձայնը,17 սակայն ուրիշները աղոթքով խորհում են իրենց անկեղծ հարցերի շուրջ, հարցեր, որոնք կգտնեն իրենց պատասխանը համբերությամբ և հավատքի աչքով։ Եթե հայտարարությունը տրված լիներ մեկ այլ ժամանակաշրջանում, հարցեր, միևնույն է կառաջանային, սակայն այդ հարցերը գուցե տարբերվեին այսօրվա հարցերից։ Մարգարեների նպատակներից մեկն է օգնել մեզ լուծում տալ անկեղծ հարցերին։18
Նախքան Եկեղեցու Նախագահ դառնալը Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Մարգարեները տեսնում են ապագան։ Նրանք տեսնում են սոսկալի վտանգները, որոնք հակառակորդը դնում է կամ դեռ կդնի մեր ճանապարհին։ Մարգարեները նաև կանխատեսում են մեծ հնարավորությունները և արտոնությունները, որոնք սպասվում են նրանց, ովքեր լսում են հնազանդվելու մտադրությամբ»։19
Ես վկայում եմ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի միասնական ձայնի ճշմարտության և հոգևոր ուժի մասին։
Աշխարհը հեռանում է ուղուց
Մեր կյանքում մենք տեսել ենք մեծ փոփոխություններ աշխարհիկ մտածելակերպի մեջ՝ կախված հայտարարությունում ուսուցանվող բազմաթիվ սկզբունքների հետ։ Իմ պատանեկության և ամուսնության վաղ շրջանի տարիներին շատերն աշխարհում հեռացան Տիրոջ այն չափանիշից, որը մենք կոչում ենք մաքրաբարոյության օրենք, որ սեռական հարաբերությունները պետք է տեղի ունենան միայն ամուսնացած տղամարդու և կնոջ միջև։ Մինչ ես 20-30 տարեկան էի, շատերը հեռացան դեռ չծնվածների սրբազան պաշտպանությունից, մինչ արհեստական վիժեցումը դարձավ ավելի ընդունելի։ Վերջին տարիներին շատերը հեռացան Աստծո այն օրենքից, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ սրբազան միությունն է։20
Մինչ դիտում ենք, թե ինչպես են շատերը հեռանում Տիրոջ նշած սահմաններից, հիշում ենք Կափառնայումի այն օրը, երբ Տերը հայտարարեց Իր աստվածայնության մասին, բայց ցավոք «նորա աշակերտներից շատերը … [հեռացան]»։
Ապա Փրկիչը հարցրեց Տասներկուսին. «Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ»։
Պետրոսը պատասխանեց.
«Տեր, ո՞ւմ մոտ գնանք. Յաւիտենական կեանքի խոսքեր ունիս դու:
Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, թէ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին»։21
Ոչ բոլորի կյանքն է համահունչ Հռչակագրի հետ
Կան շատերը՝ երիտասարդ և ծեր, ովքեր նվիրված ու հավատարիմ են մարգարեների ուսմունքներին, չնայած նրանց ներկայիս սեփական փորձառությունն այնքան էլ չի համընկնում ընտանիքի վերաբերյալ հայտարարության հետ․ երեխաներ, որոնց կյանքը ցնցվել է ամուսնալուծության պատճառով, երիտասարդներ, որոնց ընկերները ծաղրում են մաքրաբարոյության օրենքը, կանայք և տղամարդիկ, որոնք մեծ հարված են ստացել ամուսնական անհավատարմության պատճառով, ամուսիններ և կանայք, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ, կանայք և տղամարդիկ, ովքեր ամուսնացած են մեկի հետ, ով չի կիսում իրենց հավատքը վերականգնված ավետարանում, ամուրի կանայք և տղամարդիկ, ովքեր զանազան պատճառներով չեն կարողացել ամուսնանալ։
Մի ընկեր ունեմ, ում ճանաչում եմ մոտ 20 տարի և շատ հարգում, ամուսնացած չէ, քանի որ նույն սեռի հանդեպ համակրանք ունի։ Նա հավատարիմ է մնացել իր տաճարային ուխտերին, զարգացրել է իր ստեղծագործական և մասնագիտական տաղանդները և նվիրվածությամբ ծառայել Եկեղեցում և հասարակությանը։ Վերջերս նա ասաց ինձ․ «Ես կարեկցում եմ նրանց, ովքեր իմ իրավիճակում ընտրում են չպահել մաքրաբարոյության օրենքն այն աշխարհում, որտեղ ապրում ենք։ Բայց չէ՞ որ Քրիստոսը խնդրեց մեզ այս աշխարհից չլինել։ Պարզ է, որ Աստծո չափանիշները տարբերվում են աշխարհի չափանիշներից»։
Մարդկային օրենքները հաճախ անցնում են Աստծո հաստատած օրենքների սահմանները։ Նրանց, ովքեր ցանկանում են գոհացնել Աստծուն, միանշանակ անհրաժեշտ են հավատք, համբերություն և ջանասիրություն։22
Ես և կինս՝ Քեթին, ճանաչում ենք 40-ն անց մի ամուրի քրոջ, ով մասնագիտական մեծ հմտություններ ունի և հոժարակամ ծառայում է իր ծխում։ Նա նույնպես պահում է Աստծո օրենքները։ Նա գրել է.
«Ես երազել եմ այն օրվա մասին, երբ կօրհնվեմ ամուսին և երեխա ունենալու հնարավորությամբ։ Ես դեռևս սպասում եմ։ Երբեմն իմ իրավիճակը բերում է մոռացված և միայնակ լինելու զգացողություններ, սակայն ես փորձում եմ շեղել իմ ուշադրությունն այն ամենի վրա կենտրոնանալուց, ինչ չունեմ, և փոխարենը կենտրոնանալ իմ ունեցածի վրա, և թե ինչպես կարող եմ օգնել ուրիշներին։
Իմ ընտանիքում, ծխում և տաճարում ծառայելն օգնել է ինձ։ Ես մոռացված կամ միայնակ չեմ, քանի որ ես և մենք բոլորս մի մեծ ընտանիքի մասն ենք կազմում»։
Կա մեկը, ով հասկանում է
Ոմանք կասեն․ «Դուք չեք հասկանում իմ իրավիճակը»։ Գուցե ես չեմ հասկանում, սակայն վկայում եմ, որ կա Մեկը, ով հասկանում է։23 Կա Մեկը, ով պարտեզում և խաչի վրա տարած Իր զոհաբերության պատճառով գիտի ձեր բեռները։ Եթե դուք փնտրեք Նրան և պահեք Նրա պատվիրանները, ես խոստանում եմ ձեզ, որ Նա կօրհնի ձեզ և կթեթևացնի բեռները, որոնք միայնակ տանելու համար չափազանց ծանր են։ Նա հավերժական ընկերներ և հնարավորություններ կտա ձեզ ծառայելու։ Սակայն ավելի կարևորն այն է, որ Նա կլցնի ձեզ զորեղ Սուրբ Հոգով և կփայլեցնի Իր երկնային հաստատումը ձեր վրա։ Ոչ մի ընտրություն, ոչ մի այլընտրանք, որը հեռացնում է Սուրբ Հոգու ընկերակցությունը կամ հավերժության օրհնությունները, արժանի չէ մեր ուշադրությանը։
Ես գիտեմ, որ Փրկիչն ապրում է։ Ես վկայում եմ, որ Նա իրականում կարևոր ամեն ճշմարտության աղբյուրն է, և որ Նա կտա բոլոր օրհնությունները, որոնք խոստացել է նրանց, ովքեր պահում են Նրա պատվիրանները։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։