Աջակցող հավատքի զորությունը
Աջակցելու համար ձեռք բարձրացնելով, դուք խոստանում եք Աստծուն, ում ծառաներին աջակցում եք, որ նեցուկ կլինեք նրանց։
Քահանայության ղեկավարները բազմիցս են շնորհակալություն հայտնել անդամների աջակցող հավատքի համար, ում իրենք ծառայում են։ Զգացմունքներ արտահայտող ձայնից դուք զգում եք, որ նրանց երախտագիտությունը խորն է և իրական։ Այսօր իմ նպատակն է Տիրոջ գնահատանքը հաղորդել ձեզ Իր ծառաներին Իր Եկեղեցում աջակցելու համար: Ինչպես նաև քաջալերել ձեզ, որ գործադրեք ու մեծացնեք այդ զորությունը, որպեսզի աջակցեք նաև այլ մարդկանց։
Նախքան ձեր ծնվելը դուք դրսևորել եք այդ զորությունը։ Մտաբերենք անցյալը, թե ինչ գիտենք նախածննդյան հոգևոր աշխարհի մասին։ Երկնային Հայրը ծրագիր ներկայացրեց Իր զավակների համար։ Մենք ներկա էինք: Լյուցիֆերը՝ մեր հոգևոր եղբայրը, ընդդիմացավ ծրագրին, որը մեզ ընտրելու ազատություն էր տալու։ Եհովան՝ Երկնային Հոր սիրելի Որդին, աջակցեց այդ ծրագրին։ Լյուցիֆերը ապստամբեց։ Եհովայի աջակցող ձայնը անցավ, և Նա Իրեն առաջարկեց լինել մեր Փրկիչը։
Մահկանացու կյանքում ապրելու փաստը հավաստիացնում է, որ դուք աջակցել եք Հորը և Որդուն։ Դուք շատ քիչ գիտեիք մահկանացության ընթացքում սպասվելիք մարտահրավերների մասին, ուստի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք է պահանջվել, որպեսզի դուք աջակցեք երջանկության ծրագրին և ընդունեք Հիսուս Քրիստոսի տեղը նրանում։
Աստծո ծառաներին աջակցելու հավատքը նույնպես առանցքային դեր է կատարել ձեր երջանկության համար այս կյանքում։ Երբ ընդունեցիք միսիոներների աղոթելու մարտահրավերը, որպեսզի իմանաք, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, դուք գործադրեցիք Աստծո ծառաներին աջակցելու հավատքը։ Երբ ընդունեցիք մկրտվելու հրավերը, դուք աջակցեցիք Աստծո խոնարհ ծառաներից մեկին։
Երբ թույլ տվեցիք մի մարդու, որ ձեզ ձեռնադրի ու ասի․ «Ստացիր Սուրբ Հոգին», դուք աջակցեցիք նրան՝ որպես Մելքիսեդեկյան Քահանայության կրողի։
Այդ օրից ի վեր, հավատարմությամբ ծառայելով, դուք աջակցել եք յուրաքանչյուր անձնավորության, ով ձեզ քահանայություն է շնորհել, և ով կարգել է ձեզ քահանայության պաշտոնի։
Քահանայության ավելի վաղ փորձառության ժամանակ, աջակցության քայլերը Աստծո ծառաներին վստահելու հասարակ քայլեր էին։ Այժմ ձեզանից շատերը հասել են այն կետին, երբ աջակցելը ավելին է պահանջում։
Դուք ընտրում եք աջակցել բոլորին, ում Տերն է կանչում և ինչ կոչման է կանչում։ Այդ ընտրությունը կատարվում է ամբողջ աշխարհում համաժողովների ժամանակ։ Այն կատարվեց նաև այս համաժողովին։ Այդ ժողովներին Աստծո ծառաների՝ տղամարդկանց ու կանանց անուններ են կարդում և ձեզ հրավիրում են աջակցության ձեռք բարձրացնել։ Դուք կարող եք կա՛մ ձեռնպահ մնալ, կա՛մ էլ ձեր աջակցող հավատքի խոստումը տալ։ Աջակցության ձեռք բարձրացնելով, դուք խոստում եք տալիս։ Դուք խոստանում եք Աստծուն, ում ծառաներին աջակցում եք, որ նեցուկ կլինեք նրանց։
Նրանք անկատար մարդիկ են, ինչպես դուք։ Ձեր խոստումը պահելու համար անսասան հավատք կպահանջվի, որ նրանք կանչված են Տիրոջ կողմից։ Խոստումը պահելը նաև հավերժական երջանկություն կբերի։ Չպահելը ձեզ և ձեր հարազատներին թշվառություն ու աներևակայելի կորուստ կբերի։
Հնարավոր է, ձեզ հարց են տվել կամ մի օր կհարցնեն, թե արդյոք աջակցում եք Եկեղեցու ձեր եպիսկոպոսին, ցցի նախագահին, Բարձրագույն Իշխանավորներին ու պաշտոնյաներին։ Այն կարող է տեղի ունենալ, երբ ձեզ խնդրում են աջակցել պաշտոնյաներին համաժողովի ժամանակ։ Երբեմն այն տեղի է ունենում եպիսկոպոսի կամ ցցի նախագահի հետ առանձնազրույց անցնելիս։
Իմ խորհուրդը կլինի, որ դուք, մանրակրկիտ ու աղոթքով լի խորհելով, նախապես այդ հարցերը տաք ձեզ։ Անելով այդ՝ դուք կարող եք վերհիշել վերջերս ունեցած ձեր մտքերի, խոսքերի և գործերի մասին։ Փորձեք հիշել ու ձևավորել ձեր պատասխանները, ինչպես որ Տիրոջը կպատասխանեիք, իմանալով, որ մի օր Նա է ձեզ հետ առանձնազրույց անցկացնելու։ Կարող եք նախապատրաստվել նմանատիպ հարցեր տալով ձեզ․
-
Ես մտածե՞լ եմ կամ խոսել այն մարդկանց թերությունների մասին, որոնց խոստացել եմ աջակցել։
-
Ես փնտրե՞լ եմ վկայություն, որ Տերն է առաջնորդում նրանց։
-
Ես բարեխղճորեն ու հավատարմորեն հետևե՞լ եմ նրանց առաջնորդությանը։
-
Ես կիսվե՞լ եմ իմ տեսած վկայությունով, որ նրանք Աստծո ծառաներն են։
-
Ես կանոնավոր աղոթո՞ւմ եմ նրանց համար անհատապես և սիրո զգացումով։
Մեզանից շատերին նման հարցերը կարող են շփոթեցնել ու ապաշխարելու զգացում առաջացնել։ Աստված մեզ պատվիրել է անարդար չդատել մարդկանց, բայց մենք տեսնում ենք, որ այն դժվար է գործնականում իրագործել։ Մարդկանց հետ գրեթե յուրաքանչյուր գործ կատարելիս պետք է գնահատել նրանց։ Կյանքի բոլոր երևույթներում մենք մեզ համեմատում ենք ուրիշների հետ։ Մենք դա կարող ենք անել տարբեր, երբեմն տրամաբանական պատճառներով, սակայն այն կարող է տանել քննադատության։
Նախագահ Ջորջ Ք․ Քենոնը մի նախազգուշացում է հղել, որը իմ կողմից ձեզ եմ փոխանցում։ Հավատացած եմ, որ նա ասում էր ճշմարտությունը․ «Աստված է ընտրում Իր ծառաներին։ Նա պնդում է, որ Իր իրավունքն է դատապարտել նրանց, եթե նրանք դատապարտման կարիք ունեն: Նա մեզ, անհատապես, չի լիազորել, որ պարսավենք ու դատապարտենք նրանց: Ո՛չ ոք, որքան էլ ուժեղ լինի հավատքի մեջ, որքան էլ բարձր լինի Քահանայության մեջ, չի կարող չարությամբ խոսել Տիրոջ օծյալի դեմ ու սխալ փնտրել երկրի վրա Աստծո իշխանության դեմ՝ առանց Նրա դժգոհությունը իր վրա հրավիրելու։ Սուրբ Հոգին կհեռանա նման մարդուց և նա կընկղմվի խավարի մեջ: Եթե արդյունքը այսպիսին է, տեսնո՞ւմ եք, թե որքան կարևոր է, որ մենք զգույշ լինենք»։
Ըստ իմ դիտարկումների՝ Եկեղեցու անդամները ողջ աշխարհում, ընդհանուր առմամբ, նվիրված են միմյանց և իրենց ղեկավարներին: Սակայն, մենք կատարելագործվելու ու բարելավվելու տեղ ունենք: Մեկմեկու աջակցելու զորության մեջ մենք աճելու տեղ ունենք: Եվ դրա համար հավատք և ջանք կպահանջվի: Ահա չորս առաջարկ, որոնց վրա կարող ենք աշխատել այս համաժողովից սկսած։
-
Մենք կարող ենք բացահայտել բանախոսների կողմից առաջարկվող կոնկրետ գործողություններ և այսօր սկսենք դրանք իրագործել: Երբ դա անենք, աջակցելու մեր ուժը կաճի:
-
Նրանց ելույթների ժամանակ կարող ենք աղոթել նրանց համար, որ Սուրբ Հոգին նրանց խոսքերը հասցնի մեզ հարազատ մարդկանց սրտերին: Ավելի ուշ, երբ իմանանք, որ Աստված պատասխանել է մեր աղոթքին, աջակցելու մեր ուժը կաճի:
-
Կարող ենք աղոթել կոնկրետ բանախոսների համար, որ իրենց ուղերձները հղելիս նրանք օրհնվեն ու մեծանան մեր աչքում: Երբ նկատենք, որ նրանք մեծացան մեր աչքում, մեր աջակցող հավատքի զորությունը կաճի ու կհարատևի:
-
Մենք կարող ենք լսել բանախոսների ուղերձները, փնտրելով անձնական աղոթքի պատասխաններ՝ որպես օգնություն։ Երբ պատասխանները գան, իսկ դրանք կգան, մեր աջակցող հավատքի զորությունը կավելանա, որպեսզի աջակցենք Տիրոջ բոլոր ծառաներին:
Բացի Եկեղեցում ծառայող անձանց աջակցման բարելավումը, մենք կիմանանք, որ կա մեկ այլ տեղ, որտեղ մենք կարող ենք մեծացնել այդ զորությունը: Այնտեղ այդ զորությունը կարող է ավելի մեծ օրհնություններ բերել մեզ։ Այդ տեղը տունն է և ընտանիքը։
Ես դիմում եմ քահանայություն կրող երիտասարդին, որը ապրում է տանը՝ իր հոր հետ։ Թույլ տվեք պատմել սեփական փորձից, թե Հոր համար ինչ է նշանակում զգալ ձեր աջակցող հավատքը։ Հնարավոր է, նա վստահ անձնավորություն է թվում ձեզ։ Սակայն, նա անցնում է ավելի շատ փորձություններով, քան դուք պատկերացնում եք։ Կան ժամանակներ, երբ նա չի տեսնում իր առջև ծառացած խնդրի լուծումը։
Ձեր հիացմունքը կարող է օգնել նրան այդ հարցում։ Ձեր սերը ավելի շատ կարող է օգնել։ Բայց մի բան, որ նրան ամենից շատը կօգնի, նմանատիպ անկեղծ խոսքերն են․ «Հայրիկ, ես աղոթել եմ քեզ համար և զգացել եմ, որ Տերը օգնելու է քեզ։ Ամեն բան լավ կլինի: Գիտեմ, որ լավ կլինի»:
Նմանատիպ խոսքերը զորություն ունեն նաև մյուս ուղղությամբ՝ հորից որդուն։ Երբ որդին լուրջ սխալ է գործում, գուցե, հոգևոր հարցում, նա կարող է թերարժեքության զգացում ունենալ։ Որպես հայր, այդ պահին, ձեզ համար հնարավոր է անակնկալ լինի, երբ աղոթելուց հետո, որպեսզի իմանաք, թե ինչ անեք, Սուրբ Հոգին ձեր սրտում կդնի հետևյալ խոսքերը․ «Որդիս, ես միշտ քեզ հետ եմ։ Տերը սիրում է քեզ: Նրա օգնությամբ դու կարող ես վերադառնալ։ Ես գիտեմ, որ դու կարող ես, և դու կանես այդ։ Ես սիրում եմ քեզ»:
Քահանայության քվորումում և ընտանիքում միմյանց աջակցելու աճող հավատքը այն ուղին է, որով կառուցում ենք Սիոնը, որը Տերը ցանկանում է, որ ստեղծենք։ Նրա օգնությամբ մենք կարող ենք և մենք կանենք այդ։ Կարող է պահանջվել, որ սիրենք Տիրոջը մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով ու ուժով և սիրենք միմյանց՝ ինչպես մեզ։
Քրիստոսի այդ մաքուր սիրո մեջ աճելով՝ մեր սրտերը կփափկեն։ Այդ սերը կօգնի մեզ խոնարհվել և կտանի մեզ ապաշխարության։ Տիրոջ հանդեպ ու միմյանց հանդեպ մեր վստահությունը կաճի։ Որից հետո մենք ավելի շատ մեկ կդառնանք, քանի որ Տերը խոստացել է՝ մենք կարող ենք։
Ես վկայում եմ, որ Երկնային Հայրը ճանաչում ու սիրում է ձեզ: Հիսուսը կենդանի Քրիստոսն է։ Սա Նրա Եկեղեցին է: Մենք կրում ենք Նրա քահանայությունը։ Նա հարգում է մեր ջանքերը, մինչ ձգտում ենք աճել քահանայության կիրառության և մեկմեկու աջակցելու գործում։ Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: