Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում
Երբ զգում եք, որ ձեր վկայության փարոսը փոշիանում է և խավարն է ներս խուժում, արիացեք: Պահեք Աստծուն տված ձեր խոստումները:
Սփոփող Միության շենքում իմ գրասենյակը Սոլթ Լեյքի Տաճարի մի հիանալի տեսարան ունի: Ամեն գիշեր, ճիշտ աշխատող ժամացույցի նման, տաճարի դրսի լույսերը միանում են մթնշաղի մեջ: Տաճարն ուղիղ իմ պատուհանից դուրս, հաստատուն, հուսալի փարոս է:
Մի երեկո անցած փետրվարին, արևի մայր մտնելուց հետոիմ գրասենյակը բացարձակ մութ մնաց: Երբ դուրս նայեցի պատուհանից, տաճարը մութ էր: Լույսերը չէին միացել: Ես հանկարծ տխրեցի: Ես չէի տեսնում տաճարի ծայրաձողերը, որոնք տարիներ շարունակ տեսել էի ամեն երեկո:
Տեսնելով խավարը, որտեղ ես սպասում էի լույս տեսնել, հիշեցրեց ինձ, որ հիմնական կարիքներից մեկը, որ մենք ունենք, որպեսզի աճենք, մեր լույսի աղբյուրի` Հիսուս Քրիստոսի հետ կապված մնալն է: Նա է մեր ուժի աղբյուրը, Լույսը և Կյանքն աշխարհի: Առանց նրա հետ ուժեղ կապի մենք սկսում ենք հոգեպես մահանալ: Գիտենալով, որ սատանան փորձում է շահարկել աշխարհիկ ճնշումները, որոնց դիմակայում ենք մենք բոլորս: Նա փորձում է աղոտացնել մեր լույսը, անջատել միացումը, կտրել էներգիայի մատակարարումը` թողնելով մեզ մենակ մթության մեջ: Այդ ճնշումները ընդհանուր պայմաններ են մահկանացու կյանքում, բայց սատանան տքնաջան աշխատում է մեկուսացնել մեզ և ասել մեզ, թե մենք միակն ենք, որ տանում ենք դրանք:
Մեզանից ոմանք կաթվածահար են լինում վշտից:
Երբ ողբերգություններ են տեղի ունենում մեր կյանքում, երբ կյանքը ցավեցնում է այնքան շատ, որ չենք կարողանում շնչել, երբ ենթարկվում ենք ծեծի այն մարդու նման, ով Երիքովի ճանապարհին էր և թողնում են, որ մեռնենք, Հիսուսը գալիս է և մեր վերքերին յուղ է լցնում, քնքշորեն բարձրացնում է մեզ, տանում է մի իջևանատուն և մեր մասին հոգ տանում: Նրանց, ովքեր վշտի մեջ են, Նա ասում է. «Ես … կթեթևացնեմ բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին, … որպեսզի դուք կարողանաք հաստատ իմանալ, որ ես՝ Տեր Աստվածս, այցելում եմ իմ ժողովրդին իրենց չարչարանքների մեջ»: Քրիստոսը վերքեր է բժշկում:
Մեզանից ոմանք ուղղակի այնքան հոգնած են
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է. «Հարկավոր չէ, որ մենք վազենք ավելի արագ, քան մենք ուժ ունենք: … Բայց [չնայած դրան], ես գիտեմ … ձեզանից շատերը վազում են [շատ], շատ արագ, և որ էներգիա[ն] և հուզական պաշարը սպառվում է»: Երբ սպասումները ճնշում են մեզ, մենք կարող ենք քայլ անել հետ և հարցնել Երկնային Հորը, թե ինչից ազատվենք: Մեր կյանքի փորձառության մի մասն է կազմում սովորելը, թե ինչ չանենք: Բայց նույնիսկ այդ դեպքում, կյանքը երբեմն կարող է հոգնեցուցիչ լինել: Հիսուսը վստահեցնում է մեզ. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»:
Քրիստոսը կամենում է միանալ մեզ և քաշել լուծը, որպեսզի թեթևացնի մեր բեռները: Քրիստոսը հանգստություն է:
Մեզանից ոմանք զգում են, որ մենք չենք համապատասխանում մեր ավանդական կարծրատիպերին
Տարբեր պատճառներով մենք չենք զգում ընդունված կամ ընդունելի: Նոր Կտակարանը ցույց է տալիս այն մեծ ջանքերը, որ Հիսուսն էր գործադրում` օգնության հասնելու ամեն տեսակի մարդկանց` բորոտներ, հարկահավաքներ, երեխաներ, գալիլեացիներ, պոռնիկներ, կանայք, փարիսեցիներ, մեղավորներ, սամարացիներ, այրիներ, հռոմեացի զինվորներ, շնացողներ, ավանդաբար անմաքուր համարվողներ: Գրեթե ամեն պատմության մեջ Նա հասնում է մեկին, ով ավանդաբար ընդունված չէր հասարակության մեջ:
Ղուկաս 19-ը պատմում է մի դեպք Երիքովում գլխավոր մաքսապետի մասին, որի անունը Զաքէոս էր: Նա բարձրացել էր ծառը, որպեսզի տեսներ Հիսուսին անցնելիս: Զաքէոսը հռոմեական կառավարության վարձկան էր և համարվում էր կաշառակեր ու մեղսավոր: Հիսուսը տեսավ նրան ծառի վրա և կանչեց նրան՝ ասելով.«Զաքէ, շուտ արա իջիր, որովհետեւ ինձ այսօր պետք է քո տանը կենալ»: Եվ երբ Հիսուսը տեսավ Զաքէոսի սրտի բարությունը և այն բաները, որ նա արեց մյուսների համար, Նա ընդունեց նրա զոհաբերությունը, ասելով. «Այսօր փրկութիւն եղավ այս տանը որովհետեւ սա էլ Աբրահամի որդի է»:
Քրիստոսը քնքշորեն ասաց նեփիացիներին. «Ես պատվիրեցի, որ ձեզանից ոչ ոք հեռու չգնա»: Պետրոսն ունեցավ այդ հզոր աստվածահայտնությունը Գործք 10-ում, «Աստուած ինձ ցոյց տուաւ, ոչ մէկ մարդի էլ պիղծ կամ անմաքուր չասել»: Սա անխախտ պահանջ է Քրիստոսի աշակերտներին և Վերջին Օրերի Սրբերին` ցույց տալ ճշմարիտ սեր մեկ մեկու հանդեպ: Հիսուսը նույնպիսի հրավեր է հղում մեզ , որը Նա հղեց Զաքեոսին. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթե [դուք] լսեք իմ ձայնը եւ դուռը բանաք, կ’մտնեմ [ձեզ] մօտ եւ ընթրիք կ’անեմ [ ձեզ] հետ, եւ [դուք] ինձ հետ»: Քրիստոսը տեսնում է մեզ մեր ծառի վրա:
Մեզանից մի քանիսին ծանրաբեռնում են հարցերով
Մի քանի տարի առաջ ես ծանրաբեռնված էի և վրդովված էի հարցերից, որոնց չէի կարողանում պատասխանել: Մի շաբաթ օր, վաղ առավոտյան ես մի փոքրիկ երազ տեսա: Երազումս ես տեսա մի շինություն և հասկացա, որ պետք է գնամ և կանգնեմ դրա մեջ: Այն ուներ հինգ կամարներ, որոնք օղակում էին այն, բայց պատուհանները քարից էին: Ես բողոքեցի երազումս, չկամենալով ներս գնալ, որովհետև դա այնքան սոսկալի էր: Ապա մի միտք ծագեց գլխումս, որ Հարեդի եղբայրը համբերատարությամբ քարեր հալեց՝ ստանալով մաքուր ապակի: Ապակին քար է, որը ենթարկվել է վիճակի փոփոխության: Երբ Տերը դիպավ քարերին Հարեդի եղբոր համար, դրանք լույսով փայլեցին մութ նավերում: Հանկարծ ես ավելի լցվեցի այդ շինությունում լինելու ցանկությամբ քան, որևէ այլ տեղ: Դա հենց այն տեղն էր, միակ տեղը ինձ համար, որպեսզի ճշմարտապես «տեսնեի»: Հարցերը, որոնք անհանգստացնում էին ինձ, չէին հեռանում, բայց երբ արթնացա, ավելի պայծառ էր իմ մտքում «Ինչպե՞ս ես պատրաստվում մեծացնել քո հավատքը, Հարեդի եղբոր նման, որպեսզի քո քարերը կարողանան դառնալ լույս» հարցը:
Մեր մահկանացու ուղեղները ստեղծված են հասկացողություն և իմաստ որոնելու կոկիկ կապոցներով: Ես չգիտեմ բոլոր պատճառները, թե ինչո՞ւ է վարագույրն այդքան հաստ մեր մահկանացու կյանքի վրա: Սա մեր հավերժական զարգացման բեմը չէ, որտեղ մենք ունենք բոլոր պատասխանները: Սա բեմ է, որտեղ զարգացնում ենք մեր համոզվածությունը (կամ երբեմն մեր հույսը) չերևացող բաների ապացույցի վերաբերյալ: Համոզվածությունը գալիս է ուղիներով, որոնք միշտ չէ, որ հեշտ են վերլուծվում, բայց կա լույս մեր խավարում: Հիսուսն ասաց. «Ես եմ լույսը և կյանքը և ճշմարտությունն աշխարհի»: Նրանց համար, ովքեր որոնում են ճշմարտություն, կարող է սկզբում հիմար թվալ քարե պատուհաններից առաջացող կլաուստրոֆոբիան: Բայց համբերությամբ և հավատարիմ հարցերով, Հիսուսը կարող է ապակու և լույսի փոխակերպել մեր քարե պատուհանները: Քրիստոսը լույս է` տեսնելու համար:
Մեզանից ոմանք զգում են, որ մենք երբեք բավականաչափ լավը չենք կարող լինել:
Հին կտակարանի կարմիր ներկը ոչ միայն վառ էր, այլ նաև գունակայուն, որը նշանակում է, որ իր վառ գույնը տալիս էր բրդին և չէր գունաթափվում՝ անկախ նրանից, թե քանի անգամ էր լվացվում: Սատանան օգտագործում է այս պատճառաբանությունը մահակի նման. Կարմիրից ներկոտված ճերմակ բուրդը երբեք չի կարող ճերմակ դառնալ: Բայց Հիսուս Քրիստոսը հայտարարում է. «Բարձր [են] իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը», և նրա շնորհի հրաշքն այն է, որ երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերից, Նրա կարմիր արյունը վերադարձնում է մեզ դեպի մաքրություն: Տրամաբանական չէ, բայց, այնուամենայնիվ, ճշմարիտ է:
«Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան, եթե նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան»: Տերն ասում է հաստատակամորեն. նա «ով ապաշխարել է … մեղքերից, նա ներվում է, և ես` Տերս, այլևս չեմ հիշում դրանք»: Ըստ էության, եկեք միմյանց հետ տրամաբանենք: Դուք սխալներ եք գործել, բոլորն են թերանում: Եկեք ինձ մոտ և ապաշախարեք: Ես այլևս չեմ հիշի ձեր մեղքը: Դուք կարող եք կրկին ողջ լինել: Ես քեզ համար աշխատանք ունեմ անելու»: Քրիստոսը ճերմակ է դարձնում բուրդը:
Բայց որո՞նք են գործնական քայլերը: Ո՞րն է Հիսուս Քրիստոսի զորության հետ վերակապվելու բանալին, երբ մենք առկայծում ենք: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը շատ պարզ է ասել. «Բանալին սրբազան ուխտեր կապելն ու պահելն է։ … Դա բարդ ճանապարհ չէ»։ Քրիստոսին դարձրեք ձեր կյանքի կենտրոնը:
Երբ զգում եք, որ ձեր վկայության փարոսը փոշիանում է և խավարն է ներս խուժում, արիացեք: Պահեք Աստծուն տված ձեր խոստումները: Տվեք ձեր հարցերը: Համբերատարությամբ հալեցրեք քարերը և դարձրեք ապակի: Դիմեք Հիսուս Քրիստոսին, ով դեռ սիրում է ձեզ:
Հիսուսն ասաց. «Ես եմ լույսը, որը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն»: Դա նշանակում է՝ որքան էլ փորձի, խավարը չի կարող հանգցնել այդ լույսը: Երբեք: Դուք կարող եք վստահել, որ Նրա լույսը կլինի այնտեղ ձեզ համար:
Մենք կամ մեր սիրելի մարդիկ, գուցե, ժամանակավորապես խավարեն: Սոլթ Լեյքի Տաճարի դեպքում, սարքավորումների տնօրենը` Եղբայր Վալ Ուայթը, գրեթե անմիջապես զանգ ստացավ: Մարդիկ նկատել էին։ Ի՞նչ էր պատահել տաճարի լույսերին: Նախ աշխատակազմը անձամբ գնաց տաճարի յուրաքանչյուր էլեկտրական վահանակի մոտ և ձեռքով միացրեց լույսերը: Ապա նրանք փոխեցին մարտկոցները ավտոմատ հոսանքի աղբյուրում և ստուգեցին դրանք` պարզելու, թե ինչն էր փչացել:
Ինքնուրույն դժվար է միացնել լույսերը։ Մենք կարիք ունենք ընկերների: Մենք միմյանց կարիքն ունենք: Տաճարի սարքավորումների աշխատակազմի նման, մենք կարող ենք օգնել միմյանց՝ անձնապես ներկայանալով վերալիցքավորելով մեր հոգևոր մարտկոցները, վերանորոգելով այն, ինչը փչացել է:
Մեր անձնական լույսը կարող է լինել միայն մեկ լամպի լույս ծառի վրա: Բայց մենք, այնուամենայնիվ, արձակում ենք մեր փոքրիկ լույսը, և բոլորս միասին` Սուրբ Ծննդյան Տաճարային հրապարակի նման, գրավում ենք միլիոնավոր մարդկանց դեպի Տիրոջ տունը: Ամենալավը, ինչպես Նախագահ Նելսոնն է խրախուսել, մենք կարող ենք բերել Փրկիչի լույսը մեզ և այն մարդկանց, ովքեր կարևոր են մեզ համար՝ հասարակ մի գործողությամբ պահելով մեր ուխտերը: Զանազան ուղիներով Տերը պարգևատրում է այդ հավատարիմ գործողությունը զորությամբ և ուրախությամբ:
Ես վկայում եմ, որ դուք սիրված եք: Տերը գիտի, թե որքան տքնաջան եք փորձում: Դուք առաջադիմում եք: Շարունակեք գնալ: Նա տեսնում է ձեր բոլոր թաքուն զոհաբերությունները և հաշվում է դրանք՝ ի օգուտ ձեզ և ի օգուտ նրանց, ում դուք սիրում եք: Ձեր աշխատանքը զուր չէ։ Դուք մենակ չեք: Հենց Նրա անունը նշանակում է «Աստված մեզ հետ»: Նա անկասկած ձեզ հետ է:
Կատարեք ևս մի քանի քայլ ուխտի արահետում, նույնիսկ, եթե խիստ մութ է շատ հեռուն տեսնելու համար: Լույսերը կմիանան: Ես վկայում եմ Հիսուսի խոսքերի ճշմարտության մասին, և դրանք լցված են լույսով. «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի»։ Հիսուս Քրիստոսի անունով. ամեն: