2010–2019 թթ․
Մաքրված ապաշխարությամբ
2019 թվականի ապրիլի գերագույն համաժողով


2:3

Մաքրված ապաշխարությամբ

Աստծո ծրագրի և Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք մաքրվել ապաշխարության գործընթացի միջոցով:

Մահկանացու կյանքում մենք ենթակա ենք մարդկային օրենքներին և Աստծո օրենքներին։ Ես մի անսովոր փորձառություն եմ ունեցել, դատելով լրջագույն մի սխալ արարք այդ երկու օրենքներով, ավելի վաղ լինելով Յուտայի Գերագույն Դատարանի դատավոր, իսկ այժմ՝ Առաջին Նախագահության անդամ։ Մարդկային օրենքների և Աստծո օրենքների իմ տեսած տարբերությունը մեծացրել է Հիսուս Քրիստոսի քավության իրականության և զորության մասին իմ գնահատանքը։ Մարդկային օրենքների համաձայն, ամենալուրջ հանցագործությունների համար մեղավոր անձը կարող է դատապարտվել բանտարկության՝ առանց վաղաժամկետ ազատվելու հնարավորության: Բայց դա տարբեր է սիրող Երկնային Հոր ողորմած ծրագրի դեպքում։ Ես ականատես եմ եղել, որ այդ նույն լուրջ մեղքերը կարող են ներվել մահկանացու կյանքում՝ մեր Փրկիչի քավող զոհաբերության շնորհիվ «բոլոր նրանց [մեղքերը], ովքեր ունեն կոտրված սիրտ ու փշրված հոգի» (2 Նեփի 2․7)։ Քրիստոսը փրկագնում է և Նրա Քավությունն իրական է։

Մեր Փրկիչի գթասիրտ կարեկցանքն արտահայտվեց նոր կատարած օրհներգի մեջ։

Եկեք Հիսուսի մոտ, Նա կլսի,

Մեղքի խավարից ձեզ կփրկի:

Սերը Նրա ձեզ մթից կհանի,

Դեպ լույսը կտանի, կտանի:

Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերությունը դռներ է բացում, որ «բոլոր մարդիկ ապաշխարեն և գան իր մոտ» (Վարդապետություն և Ուխտեր 18․11, տես նաև Մարկոս 3․28, 1 Նեփի 10․18, Ալմա 34․8, 16)։ Ալմայի գիրքը նկարագրում է նույնիսկ այն մարդկանց ապաշխարությունն ու ներումը,, ովքեր եղել են ամբարիշտ և արյունռուշտ ժողովուրդ (տես Ալմա 25․16, 27․27, 30)։ Այսօր իմ ուղերձը հույսի մասին է բոլորիս համար, այդ թվում այն մարդկանց համար, ովքեր կորցրել են Եկեղեցում իրենց անդամակցությունը՝ Եկեղեցուց հեռացվելու կամ անունը հեռացնելու արդյունքում։ Մենք բոլորս մեղավորներ ենք, որոնք կարող են մաքրվել ապաշխարության միջոցով։ «Մեղքի համար ապաշխարելը հեշտ չէ»,- Երեց Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է նախորդ գերագույն համաժողովի ժամանակ։ Բայց այդ պարգևի համար արժե ջանք գործադրել»։

I. Ապաշխարություն

Ապաշխարությունը սկսվում է մեր Փրկիչից և այն ուրախություն է, ոչ թե բեռ։ Նախորդ դեկտեմբեր ամսվա Սուրբ Ծննդյան հոգևոր երեկոյի ժամանակ, Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Իրական ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ»։ Դա անվերջանալի արտոնություն է։ Դա առաջընթացի, մտքի խաղաղության, մխիթարության և ուրախության գրավականն է»։

Ապաշխարության մասին ամենամեծ ուսմունքները գտնվում են Մորմոնի Գրքում՝ Եկեղեցու անդամներին ուղղված Ալմայի քարոզում, որոնց նա ավելի ուշ նկարագրում է, որ գտնվում են «մեծ անհավատության վիճակում», «բարձրամտացած … հպարտությունից» և սրտերը դրած «հարստությունների ու աշխարհի ունայն բաների վրա» (Ալմա 7․6)։ Այս վերականգնված Եկեղեցու յուրաքանչյուր անդամ շատ բան կարող է սովորել Ալմայի ոգեշնչված ուսմունքներից։

Մենք սկսում ենք Հիսուս Քրիստոսի հավատքից, քանի որ «դա նա է, որ գալիս է վեր առնելու աշխարհի մեղքերը» (Ալմա 5․48)։ Մենք պետք է ապաշխարենք, քանի որ ինչպես Ալման է ուսուցանել՝ «մինչև դուք չապաշխարեք, ոչ մի ձևով չեք կարող ժառանգել երկնքի արքայությունը» (Ալմա 5․51)։ Ապաշխարությունն Աստծո ծրագրի կարևոր մասն է։ Քանի որ մեր մահկանացու փորձառության ժամանակ բոլորս մեղք կգործենք և կկտրվենք Աստծո ներկայությունից, մարդը չի կարող «փրկվել» առանց ապաշխարության (Ալմա 5․31, տես նաև Հելաման 12․22

Այդ մասին ուսուցանվել է ամենասկզբից։ Տերը պատվիրել է Ադամին․ «Ուսուցանեք ձեր երեխաներին, որ բոլոր մարդիկ, ամենուրեք, պետք է ապաշխարեն, այլապես նրանք ոչ մի կերպ չեն ժառանգի Աստծո արքայությունը, քանզի ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել այնտեղ, կամ բնակվել նրա ներկայության մեջ» (Մովսես 6․57)։ Մենք պետք է ապաշխարենք մեր բոլոր մեղքերի համար՝ բոլոր մեր գործողություններից և անգործությունից, որոնք հակասում են Աստծո պատվիրաններին։ Ոչ ոք բացառություն չէ։ Հենց անցյալ երեկոյան Նախագահ Նելսոնը կոչ արեց մեզ․ «Եղբայրնե՛ր, մենք բոլորս ապաշխարելու կարիք ունենք»։

Ապաշխարությամբ մաքրվելու համար մենք պետք է թողնենք մեր մեղքերը և խոստովանենք դրանք Տիրոջը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ Նրա մահկանացու դատավորին (տես Վարդապետություն և Ուխտեր 58․43)։ Ալման ուսուցանեց, որ մենք պետք է նաև «առաջ բերենք արդարության գործեր» (Ալմա 5․35)։ Այդ բոլորը կազմում է Քրիստոսի մոտ գալու սուրբ գրքերում գրված հրավերի մասը։

Յուրաքանչյուր շաբաթ մենք պետք է ճաշակենք հաղորդությունը։ Այդ արարողության ժամանակ մենք ուխտեր ենք կապում և օրհնություններ ենք ստանում, որոնք օգնում են մեզ հաղթահարել բոլոր արարքներն ու ցանկությունները, որոնք մեզ խանգարում են այն կատարելագործումից, որին մեր Փրկիչը հրավիրում է մեզ հասնել (տես Մատթեոս 5․48, 3 Նեփի 12․48)։ Երբ մենք «հրաժարվենք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն, [մեր] ողջ զորությամբ, մտքով և ուժով», ապա «կատարյալ կլինենք Քրիստոսում» և Նրա թափած արյան շնորհիվ «կսրբագործվենք» ու «կդառնանք սուրբ, առանց բծի» (Մորոնի 10․32–33)։ Ինչպիսի՜ խոստում: Ինչպիսի՜ հրաշք: Ինչպիսի՜ օրհնություն:

II. Պատասխանատվություն և մահկանացու դատաստաններ

Աստծո ծրագրի նպատակներից մեկն այս մահկանացու փորձառության համար մեզ «ստուգելն է», որպեսզի «տեսնի, թե արդյոք [մենք] կանենք ամենը, ինչ Տերը՝ [մեր] Աստվածը, կպատվիրի [մեզ]» (Աբրահամ 3․25)։ Այդ ծրագրի համաձայն, մենք պատասխանատվություն ենք կրում Աստծո և Նրա ընտրյալ ծառաների առաջ, և այդ պատասխանատվությունը ներառում է ինչպես մահկանացու, այնպես էլ աստվածային դատաստանները:

Տիրոջ Եկեղեցում անդամների կամ ապագա անդամների մահկանացու դատաստանները պաշտոնավարվում են ղեկավարների կողմից, որոնք աստվածային ուղղորդում են փնտրում։ Նրանց պարտականությունն է դատել այն մարդկանց, ովքեր ձգտում են մոտենալ Քրիստոսին, որպեսզի ստանան Նրա Քավության զորությունը հավերժական կյանք տանող ուղու վրա։ Մահկանացու դատաստանները որոշում են, թե արդյո՞ք անձը պատրաստ է մկրտության։ Արդյո՞ք անձը արժանի է տաճար այցելելու երաշխավորագրին։ Արդյո՞ք անձը, որի անունը հանվել է Եկեղեցու գրառումներից, բավականաչափ ապաշխարել է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, որ փրկագնվի մկրտության միջոցով։

Երբ Աստծո կողմից կանչված մահկանացու դատավորը հավանություն է տալիս մարդու հետագա առաջընթացին, ինչպես տաճարային արտոնությունները, նա չի մատնանշում այդ մարդուն որպես կատարյալ, և նա չի ներում որևէ մեղք: Երեց Սպենսեր Վ․ Քիմբալն ուսուցանել է, որ մահկանացու «տուգանքներից հրաժարվելու» համար, անձը պետք է «փնտրի և երկնքի Աստծուց ստանա վերջնական ապաշխարություն, և միայն Նա կարող է ներում շնորհել»։ Եվ եթե մեղսավոր արարքներն ու ցանկությունները մնում են չապաշխարված Վերջին դատաստանի ժամանակ, չապաշխարած անձը չի մաքրվի։ Ապաշխարության վերջնական պատասխանատվությունը, այդ թվում վերջնական մաքրման ազդեցությունը, մեր և Աստծո միջև է:

III. Հարություն և Վերջին դատաստան

Դատաստանը սուրբ գրություններում հիմնականում նկարագրված է Վերջին դատաստան, որը գալիս է հարությունից հետո (տես 2 Նեփի 9․15)։ Բազմաթիվ սուրբ գրություններ նշում են, որ «ամենս Քրիստոսի ատեանի առաջին պիտի կանգնենք» (Հռովմեացիս 14․10, տես նաև 2 Նեփի 9․15, Մոսիա 27․31) «դատվելու համաձայն այն գործերի, որոնք արվել են մահկանացու մարմնում» (Ալմա 5․15, տես նաև Հայտնություն 20․12, Ալմա 41․3, 3 Նեփի 26․4)։ Բոլորը կդատվեն «համաձայն իրենց գործերի» (3 Նեփի 27․15) և «համաձայն իրանց սրտերի ցանկությունների» (Վարդապետություն և Ուխտեր 137․9, տես նաև Ալմա 41․6

Այդ վերջին դատաստանի նպատակը կլինի որոշել՝ արդյո՞ք մենք հասել ենք նրան, ինչն Ալման նկարագրել է որպես «սրտի հզոր փոփոխություն» (տես Ալմա 5․14, 26), որտեղ մենք դարձել ենք նոր արարածներ «այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք» (Մոսիա 5․2)։ Դրա դատավորը մեր Փրկիչն է, Հիսուս Քրիստոսը (տես Հովհաննես 5․22, 2 Նեփի 9․41)։ Նրա դատաստանից հետո բոլորը կխոստովանեն, «որ նրա դատաստաններն արդար են» (Մոսիա 16․1, տես նաև Մոսիա 27․31, Ալմա 12․15), Նրա ամենագիտության շնորհիվ (տես 2 Նեփի 9․15, 20) Նրան տրվել է մեր բոլոր արարքների ու ցանկությունների, թե՛ արդար կամ ապաշխարած ցանկությունների, և թե՛ անարդար և չապաշխարված կամ չփոխված ցանկությունների մասին կատարյալ գիտելիք։

Սուրբ գրություններն այդ գործընթացը նկարագրում են որպես Վերջին դատաստան։ Ալման ուսուցանում է, որ մեր Աստծո արդարադատությունը պահանջում է, որ Հարության ժամանակ, «բոլոր բաները վերականգնվեն իրենց ճիշտ կարգով» (Ալմա 41․2)։ Դա նշանակում է, որ «եթե նրանց գործերը բարի են եղել այս կյանքում, և նրանց սրտերի ցանկությունները բարի են եղել, … վերջին օրը նրանք ևս պիտի վերականգնվեն դեպի այն, ինչը բարի է» (Ալմա 41․3)։ Նմանապես, «եթե նրանց գործերը [կամ նրանց ցանկությունները] չար են, դրանք պետք է վերականգվեն նրանց՝ չարի համար» (Ալմա 41․4–5, տես նաև Հելաման 14․31)։ Նմանապես, Հակոբ մարգարեն ուսուցանեց, որ վերջին դատաստանի ժամանակ «նրանք, ովքեր արդար են, արդար էլ կլինեն, և նրանք, ովքեր կեղտոտ են, կեղտոտ էլ կլինեն» (2 Նեփի 9․16, տես նաև Մորմոն 9․14, 1 Նեփի 15․33)։ Այդ գործընթացը կնախորդի նրան, երբ մենք կանգնենք նրա առաջ, ինչը Մորոնին կոչում է «մեծ Եհովայի՝ թե՛ ողջերի, թե՛ մեռածների Հավերժական Դատավորի հաճելի դատարան» (Մորոնի 10․34, տես նաև 3 Նեփի 27․16

Որպեսզի հավաստիանանք, որ մաքուր կլինենք Աստծո առաջ, մենք պետք է ապաշխարենք Վերջին դատաստանից առաջ (տես Մորմոն 3․22)։ Ինչպես Ալման ասել է իր մեղավոր որդուն, մենք չենք կարող մեր մեղքերը թաքցնել Աստծո առաջ «և եթե դու չապաշխարես, դրանք կկանգնեն, որպես վկայություն քո դեմ վերջին օրը»։ (Ալմա 39․8, շեղագիրն ավելացված է)։ Հիսուս Քրիստոսի Քավությունը շնորհում է ապաշխարության միջոցով անհրաժեշտ մաքրության հասնելու միակ միջոցը, և այս մահկանացու կյանքը դա իրականացնելու ժամանակն է: Չնայած մեզ ուսուցանվել է, որ որոշ ապաշխարության կարելի է հասնել հոգևոր աշխարհում (տես Վարդապետություն և Ուխտեր 138․31, 33, 58), դա այնքան էլ միանշանակ չէ։ Երեց Մելվին Ջ. Բալլարդն ուսուցանել է. «Ավելի հեշտ է հաղթահարել և ծառայել Տիրոջը, երբ մարմինը և հոգին համակցված են որպես մեկ: Սա է այն ժամանակը, երբ մարդիկ ավելի ներգործվող և ենթարկվող են։ … Այս կյանքն է ապաշխարելու ժամանակը»։

Երբ մենք ապաշխարենք, մենք կունենանք Տիրոջ հավաստիացումը, որ մեր մեղքերը, ներառյալ մեր արարքներն ու ցանկությունները, մաքրվելու են, և մեր ողորմած դատավորը «այլևս չի հիշի դրանք» (Վարդապետություն և Ուխտեր 58․42, տես նաև Եսայիա 1․18, Երեմիա 31․34, Եբրայեցիս 8․12, Ալմա 41․6, Հելաման 14․18–19)։ Մաքրված ապաշխարությամբ, մենք բոլորս էլ կարող ենք որակավորվել հավերժական կյանքի համար, որը Բենիամին թագավորը նկարագրել է որպես «բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում» (Մոսիա 2․41, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 14․7

Որպես Աստծո «վերականգնման ծրագրի» մեկ այլ մաս, (Ալմա 41․2) Հարությունը կվերականգնի «բոլոր բաները … իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով» (Ալմա 40․23)։ Դա ներառում է մահկանացու կյանքի մեջ ձեռք բերված մեր բոլոր ֆիզիկական թերությունների և թուլությունների կատարելագործում, ներառյալ՝ ծնվելու, վնասվելու կամ հիվանդանալու պատճառով առաջացած թերությունները։

Արդյո՞ք այս վերականգնումը կատարելագործում է մեր բոլոր անսուրբ կամ անվերահսկելի ցանկությունները կամ հակումները: Ոչ, դա չի կարող լինել։ Ժամանակակից հայտնության միջոցով մենք գիտենք, որ կդատվենք մեր ցանկությունների և մեր արարքների համար (տես Ալմա 41․5, Վարդապետություն և Ուխտեր 137․9) և նույնիսկ մեր մտքերը կմեղադրեն մեզ (տես Ալմա 12․14)։ Մենք չպետք է «հետաձգենք [մեր] ապաշխարության օրը» մինչև մահը, (Ալմա 34․33) քանի որ Ամուղեկն ուսուցանել է, որ այն նույն ոգին, որը տիրում է մեր մարմնին, լինի դա Տիրոջ, թե դևի ոգին, «կունենա զորություն՝ տիրելու [մեր] մարմնին այն հավերժական աշխարհում» (Ալմա 34․34)։ Մեր Փրկիչը պատրաստակամ է և ունի մեզ չարից մաքրագործելու զորություն: Այժմ է ժամանակը փնտրելու Նրա օգնությունը, որ ապաշխարենք մեր ամբարիշտ կամ անվայել ցանկություններից ու մտքերից և մաքուր ու պատրաստված լինենք Աստծո առաջ կանգնելու վերջին դատաստանի ժամանակ:

IV. Ողորմության բազուկները

Աստծո ծրագիրը և Նրա պատվիրանները պարփակում են Նրա սերը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ, որը «ամենաբաղձալին է բոլոր բաներից ավելի … և հոգու համար ամենաբերկրալին» (1 Նեփի 11․22–23)։ Եսայիա մարգարեն վստահեցրեց, որ երբ նույնիսկ ամբարիշտները «դառնան Տերը … նա կողորմե … [և] շատ կների» (Եսայիա 55․7)։ Ալման ուսուցանեց․ «Ահա նա ուղարկում է մի հրավեր բոլոր մարդկանց, քանզի ողորմության բազուկները մեկնված են դեպի նրանց» (Ալմա 5․33, տես նաև 2 Նեփի 26․25–33)։ Հարություն առած Տերն ասել է նեփիացիներին. «Ահա, իմ ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ, և ով որ գա, նրան ես կընդունեմ» (3 Նեփի 9․14)։ Սուրբ գրությունների այս և մյուս ուսմունքներից մենք իմանում ենք, որ մեր սիրող Փրկիչը իր ձեռքերն է բացում բոլոր տղամարդկանց և կանանց ընդունելու համար այն սիրալիր պայմաններով, որոնք Նա հաստատել է՝ վայելելու Աստծո մեծագույն օրհնությունները, որոնք Նա պահել է Իր զավակների համար:

Աստծո ծրագրի և Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ես վկայում եմ «հույսի կատարյալ պայծառությամբ», որ Աստված սիրում է մեզ և մենք կարող ենք մաքրվել ապաշխարության գործընթացի միջոցով: Մեզ խոստացված է, որ «եթե [մենք] առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք» (2 Նեփի 31․20)։ Թող որ մենք բոլորս այդպես վարվենք, ես խնդրում և աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: