Վարժեցնելով մեր հոգևոր մկանները
Ինչպես մկանների մասին կարդալն ու սովորելը բավարար չէ մկան կառուցելու համար, այնպես էլ հավատ կառուցելիս բավարար չէ միայն կարդալ ու սովորել հավատի մասին, պետք է ավելացնել նաև գործողություն:
Ես երախտապարտ եմ մարմին ունենալու օրհնության համար, որը զարմանալի նվեր է մեր Երկնային Հորից: Մեր մարմինը կազմված է ավելի քան 600 մկաններից: Մկաններն անհրաժեշտ է վարժեցնել, որպեսզի ի վիճակի լինենք կատարել մեր առօրյա գործողությունները: Մենք կարող ենք մտավոր զգալի ջանքեր թափել՝ կարդալով և սովորելով մեր մկանների մասին, բայց եթե մտածենք, որ այդպիսով մկանները կզարգանան, մեզ հիասթափություն է սպասվում: Մեր մկանները զարգանում են միայն այն ժամանակ, երբ դրանք գործի ենք դնում:
Ես սկսել եմ հասկանալ, որ հոգևոր պարգևները նույն կերպ են աշխատում: Դրանք նույնպես պետք է գործադրվեն, որպեսզի աճեն: Հավատքի հոգևոր պարգևը, օրինակ, պարզապես զգացմունք կամ տրամադրություն չէ: Դա գործողության սկզբունք է, որը հաճախ է հանդիպում սուրբ գրքերում գործադրել բայի հետ: Ինչպես մկանների մասին կարդալն ու սովորելը բավարար չէ մկան կառուցելու համար, այնպես էլ հավատ կառուցելիս բավարար չէ միայն կարդալ ու սովորել հավատի մասին, պետք է ավելացնել նաև գործողություն:
Երբ ես 16 տարեկան էի, իմ ավագ եղբայրը՝ Իվանը, որը 22 տարեկան էր այդ ժամանակ, մի օր տուն եկավ և որոշ նորություններով կիսվեց ընտանիքի հետ: Նա որոշել էր մկրտվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Մեր ծնողները դրան մի քիչ թերահավատորեն նայեցին, և ես հիշում եմ, որ լավ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում: Մեկ տարի անց նա մեզ ավելի զարմացնող նորություն ասաց՝ որ որոշել էր ծառայել որպես Եկեղեցու միսիոներ, ինչը նշանակում էր, որ շուրջ երկու տարի մենք նրան չէինք տեսնելու: Ծնողներս ուրախ չէին այդ նորության համար, սակայն եղբորս մեջ ես տեսա մի հստակ վճռականություն, որը մեծացրեց իմ հիացմունքը նրա և նրա կատարած որոշման հանդեպ:
Ամիսներ անց, երբ Իվանը ծառայում էր միսիայում, ես հնարավորություն ունեցա իմ մի քանի դասընկերների հետ ծրագրել մեր արձակուրդը: Մենք ուզում էինք նշել մեր ավագ դպրոցի ավարտը և մի քանի օր անցկացնել լողափում:
Ես նամակ գրեցի իմ միսիոներ եղբորը` տեղեկացնելով իմ ամառային արձակուրդի ծրագրերի մասին: Պատասխան նամակով նա ասաց, որ քաղաքը, որտեղ նա ծառայում է, իմ ուղևորության ճանապարհին է: Ես որոշեցի, որ լավ կլիներ կանգ առնել այդ քաղաքում և հանդիպել նրան: Այդ ժամանակ ես չգիտեի, որ ընտանիքի անդամները չեն այցելում միսիոներներին:
Ես կատարեցի բոլոր պատրաստությունները: Հիշում եմ, որ ավտոբուսում նստած մտածում էի, թե ինչ զվարճալի ժամանակ կանցկացնեինք ես ու Իվանը միասին այդ գեղեցիկ արևոտ օրը: Մենք կնախաճաշեինք, կզրուցեինք, կխաղայինք ավազի վրա, արևային լոգանք կընդունեինք՝ ի՜նչ հրաշալի ժամանակ կանցկացնեինք:
Երբ ավտոբուսը ժամանեց կայարան, ես տեսա Իվանին մի ուրիշ երիտասարդի կողքին կանգնած, երկուսն էլ սպիտակ վերնաշապիկներով ու փողկապներով: Երբ իջա ավտոբուսից, մենք գրկախառնվեցինք, և նա ծանոթացրեց ինձ իր զուգընկերոջ հետ: Առանց րոպե կորցնելու ես եղբորս հետ կիսվեցի օրվա հետ կապված իմ ծրագրերով, բայց չգիտեի, թե Իվանն ինչ էր ծրագրել: Նա նայեց ինձ, ժպտաց և ասաց. «Իհա՛րկե: Բայց մենք պետք է նախ որոշ գործեր անենք: Կգա՞ս մեզ հետ»: Ես համաձայնվեցի, մտածելով, որ դրանից հետո մենք բավական ժամանակ կունենանք վայելելու լողափը:
Այդ օրը, 10 ժամից ավել, եղբորս ու նրա զուգընկերոջ հետ ես քայլել եմ այդ քաղաքի փողոցներով: Ես ողջ օրը ժպտում էի մարդկանց: Ես ողջունում էի մարդկանց, ում կյանքումս առաջին անգամ էի տեսնում: Մենք զրուցում էինք բոլորի հետ, թակում օտարների դռները և այցելում այն մարդկանց, ում եղբայրս ու նրա զուգընկերը ուսուցանում էին:
Այդ այցելություններից մեկի ժամանակ եղբայրս ու նրա զուգընկերը ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի և փրկության ծրագրի մասին: Հանկարծ, Իվանը կանգ առավ ու նայեց ինձ: Ի զարմանս ինձ, նա մեղմորեն խնդրեց ինձ կիսվել ուսուցանվող նյութի վերաբերյալ իմ կարծիքով: Սենյակում լռություն տիրեց և բոլորի հայացքներն ուղղվեցին իմ կողմը: Որոշ դժվարությամբ, ես վերջապես խոսքեր գտա և կիսվեցի Փրկիչի մասին իմ զգացմունքներով: Ես չգիտեի, թե այն, ինչ ասում եմ, ճի՞շտ է, թե՝ սխալ: Եղբայրս բոլորովին չուղղեց ինձ, հակառակը՝ շնորհակալություն հայտնեց մտքերս արտահայտելու համար:
Միասին անցկացրած այդ ժամերի ընթացքում եղբայրս ու նրա զուգընկերը ոչ մի րոպե չտրամադրեցին, որ հատուկ ինձ ուսուցանեն, բայց ես ավելի շատ գիտելիք ստացա, քան նախկինում եղբորս հետ ունեցած բոլոր շփումներից: Ես տեսնում էի, թե ինչպես էր փոխվում մարդկանց դեմքի արտահայտությունը, երբ նրանք ընդունում էին հոգևոր լույսը: Ես տեսել եմ, թե ինչպես էին շատերը հույս գտնում այդ ուղերձներում, սովորել եմ ծառայել մարդկանց ու մոռանալ ինքս ինձ և իմ ցանկությունների մասին: Ես անում էի այն, ինչ Փրկիչն ասել էր. «Եթե մէկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանայ»:
Հետադարձ հայացք գցելով, հասկանում եմ, որ իմ հավատքն աճեց այդ օրը, որովհետև եղբայրս ինձ հնարավորություն տվեց այն գործի դնել: Ես գործադրեցի այն, երբ կարդում էինք սուրբ գրություններից, փնտրում էինք մարդկանց՝ ուսուցանելու համար, վկայություն էինք բերում, ծառայում ուրիշներին և այլն: Այդ օրը ոչ մի կերպ չստացվեց արևի տակ պառկել՝ թխանալ, բայց սիրտս թխացել էր երկնային լույսից: Աչքիս նույնիսկ չէր երևում լողափի ավազահատիկը, բայց ես զգացի, թե ինչպես հավատքս աճեց մանանեխի մի փոքրիկ սերմի նման: Այդ արևոտ, պայծառ օրը ես անցկացրի ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ ձեռք բերեցի հիանալի փորձառություններ, և առանց դա գիտակցելու միսիոներ էի դարձել, չլինելով նույնիսկ Եկեղեցու անդամ:
Հոգևոր մկաններն ամրապնդելու հնարավորությունները
Ավետարանի վերականգնման շնորհիվ մենք կարող ենք հասկանալ, թե Երկնային Հայրն ինչպես է օգնում մեզ զարգացնել մեր հոգևոր պարգևները: Ավելի հավանական է, որ Նա մեզ հնարավորություններ կտա զարգացնելու այդ պարգևները, քան պարզապես կշնորհի դրանք, առանց մեր կողմից հոգևոր ու ֆիզիկական ջանքերի գործադրման: Եթե ներդաշնակ լինենք Նրա Հոգու հետ, մենք կսովորենք բացահայտել այդ հնարավորությունները և ապա՝ գործել համաձայն դրանց:
Եթե ձգտում ենք ավելի համբերատար լինել, մենք պետք է փորձենք դա անել, մինչ կտեսնենք արդյունքը: Եթե ուզում ենք ավելի շատ սեր ունենալ մեր մերձավորի հանդեպ, մենք կարող ենք խթանել դա, Եկեղեցում նստելով մի նորեկի կողքին: Նույնը հավատքի դեպքում է՝ երբ կասկածներ են սողոսկում մեր միտքը, առաջ շարժվելու համար պահանջվում է վստահել Տիրոջ խոստումներին: Այսպես ենք մենք վարժեցնում հոգևոր մկանները և դարձնում դրանք ուժի աղբյուր մեր կյանքում:
Հավանաբար, հեշտ չի լինի սկզբում, նույնիսկ, կարող է շատ դժվար լինել: Մորոնի մարգարեի միջոցով ասված Տիրոջ խոսքերը մեզ են վերաբերում այսօր. «Եվ եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը: Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. և իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»:
Ես երախտապարտ եմ եղբորս՝ Իվանին, ով ոչ միայն ինձ հետ կիսվեց ավետարանով, այլև անուղղակիորեն հրավիրեց ինձ ապրել դրանով ու ճանաչել իմ թուլությունները: Նա օգնեց ինձ ընդունել Վարդապետի «Ե՛կ, հետեւիր ինձ» հրավերը՝ քայլել այնպես, ինչպես Փրկիչն է քայլել, փնտրել այնպես, ինչպես Փրկիչն է փնտրել և սիրել այնպես, ինչպես Փրկիչը մեզ է սիրում: Իմ միսիոներական փորձից ամիսներ անց ես որոշեցի մկրտվել և ծառայել իմ սեփական միսիան:
Եկեք ընդունենք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հրավերը և գանք դեպի Փրկիչը, բացահայտելով այն մկանները, որոնք առավել կարիք ունեն հոգևոր վարժությունների, և սկսենք գործի դնել դրանք: Սա երկար տարածության մրցավազք է՝ մարաթոն, ոչ թե կարճ վազք, այնպես որ չմոռանանք այն փոքր, բայց մշտական հոգևոր վարժությունները, որոնք կուժեղացնեն այդ կարևոր հոգևոր մկանները: Եթե ցանկանում ենք ավելացնել մեր հավատքն, ուրեմն, եկեք կատարենք բաներ, որոնք հավատք են պահանջում:
Ես վկայում եմ, որ մենք սիրող Երկնային Հոր զավակներն ենք: Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, սիրում է մեզ: Նա եկել էր այս աշխարհ, որպեսզի ցույց տար մեզ ճանապարհը, այնուհետև, կամավոր տվել էր Իր կյանքը՝ մեզ հույս տալու համար: Փրկիչը հրավիրում է մեզ հետևել Իր կատարյալ օրինակին, գործադրել մեր հավատքն Իր և Իր Քավության հանդեպ և կատարելագործել բոլոր հոգևոր պարգևները, որոնցով մենք օրհնվում ենք: Նա է ճանապարհը: Սա է իմ վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: