Եվ դրանով մենք նրանց կստուգենք
Աբրահամի գրքում Տեր Աստվածը հայտարարեց. «Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»:
Ես հայցում եմ Սուրբ Հոգու օգնությունը մեր բոլորի համար, մինչ կկիսվեմ այն խոհերով և զգացումներով, որոնք եկել են իմ միտքն ու սիրտը այս գերագույն համաժողովին նախապատրաստվելու ընթացքում:
Ստուգումների կարևորությունը
Ավելի քան երկու տասնամյակ առաջ, նախքան լիաժամկետ եկեղեցական ծառայության կանչվելը, ես աշխատում էի որպես համալսարանի դասախոս և կառավարիչ: Որպես ուսուցիչ՝ իմ հիմնական պարտականությունն էր օգնել ուսանողներին սովորել, թե ինչպես ինքնուրույն սովորեն: Եվ իմ աշխատանքի ամենակարևոր մասն էր` ստուգարքների հիման վրա ստեղծել, գնահատել և հաշվետվություն ուղարկել ուսանողների կատարողականի վերաբերյալ: Ինչպես դուք գուցե արդեն գիտեք անձնական փորձառությունից, ստուգարքները սովորաբար ուսման գործընթացի մաս չեն կազմում, ինչն ուսանողները ամենաշատն են սիրում:
Սակայն, պարբերական ստուգումները բացարձակ կարևոր են ուսման համար: Արդյունավետ ստուգարքն օգնում է մեզ մեր իմացածը համեմատել նրա հետ, ինչ մենք պետք է իմանանք որոշակի առարկայի մասին, դա նաև ապահովում է մի չափորոշիչ, որի միջոցով մենք կարող ենք գնահատել մեր գիտելիքը և զարգացումը:
Նմանապես, ստուգումները մահկանացու կյանքի դպրոցում կարևոր տարր են մեր հավերժական առաջնթացի համար: Ալնուամենայնիվ հետաքրքիր է, որ ստուգել բառը նույնիսկ մեկ անգամ չի նշվում կանոնիկ սուրբ գրությունների անգլերեն աշխատությունների տեքստում: Ավելի շուտ օգտագործվում են ստուգել, քննել, և փորձել բառերը, որպեսզի նկարագրենք մեր հոգևոր գիտելիքի տարբեր ձևերը, որպեսզի պատշաճությամբ ցուցադրենք մեր Երկնային Հոր երջանկության հավերժական ծրագրին և Փրկիչի Քավության օրհնություններին ձգտելու, հասկանալու և նվիրվելու մեր կարողությունը
Նա, ով փրկության ծրագրի հեղինակն է, նկարագրել է մեր մահկանացու կյանքի փորձաշրջանը` օգտագործելով ստուգել, քննել, և փորձել բառերը հնադարյան և ժամանակակից սուրբ գրություններում: «Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»: 1
Մտածեք Սաղմոսող Դավթի այս աղերսանքի շուրջ.
«Փորձիր ինձ, [Ով] Տէր, և քննիր ինձ. փորձիր իմ երիկամունքները և իմ սիրտը:
Որովհետեւ քո ողորմութիւնն իմ աչքի առաջին է եւ ես քո ճշմարտութիւնումն եմ գնում: 2
Եվ Տերը հայտարարել է 1833 թ.-ին. «Հետևաբար, մի վախեցեք ձեր թշնամիներից, քանզի ես իմ սրտում որոշել եմ, ասում է Տերը, որ ես կփորձեմ ձեզ բոլոր բաներում, թե արդյոք դուք կմնաք իմ ուխտի մեջ, մինչև իսկ մահով, որպեսզի դուք արժանի գտնվեք»: 3
Ինչպես ենք ստուգում և փորձում ներկա օրերում
2020 թվականը հայտնի դարձավ մասամբ համաշխարհային համավարակով, որը ստուգեց, քննեց և փորձեց մեզ շատ եղանակներով: Ես խնդրում եմ, որ մենք՝ որպես անհատներ և ընտանիքներ, արժեքավոր դասեր սովորենք, որոնք միայն դժվարին փորձառությունները կարող են ուսուցանել մեզ: Ես նաև հուսով եմ, որ մենք բոլորս լիովին կճանաչենք «Աստծո մեծությունը» և այն ճշմարտությունը, որ «նա կնվիրագործի [մեր] չարչարանքները [մեր] օգտի համար»: 4
Երկու հիմնական սկզբունքներ կարող են առաջնորդել և զորացնել մեզ, երբ մեր կյանքում հանդիպում ենք ստուգող և փորձող հանգամանքների, ինչպիսին էլ դրանք լինեն. (1) նախապատրաստության սկզբունքը, և (2) Քրիստոսում անսասան առաջ մղվելու սկզբունքը:
Ստուգում և նախապատրաստություն
Որպես Փրկիչի աշակերտներ, մեզ պատվիրվել է. «նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան, և հաստատեք մի տուն, այսինքն՝ աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, ուսման տուն, փառքի տուն, կարգ ու կանոնի տուն, Աստծո տուն»: 5
Տերը նաև խոստացել է մեզ. «Եթե դուք պատրաստ լինեք, դուք չեք վախենա:
Եվ, որ դուք կարողանաք խույս տալ թշնամու զորությունից և հավաքվել ինձ մոտ՝ մի արդարակյաց ժողովուրդ, անբիծ ու անարատ»: 6
Այս սուրբ գրություններն ապահովում են կատարյալ կառուցվածք մեր կյանքը և տները կազմակերպելու և պատրաստելու համար՝ ինչպես նյութապես, այնպես էլ հոգևորապես: Մահկանացու կյանքի ստուգիչ փորձառություններին պատրաստվելու մեր ջանքերը պետք է հետևեն Փրկիչի օրինակին, ով աստիճանաբար «զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով. եւ շնորհքով` Աստուծոյ եւ մարդկանց մօտ»՝ 7 մտավոր, ֆիզիկական, հոգևոր և հասարակական պատրաստվածության միաձույլ հավասարակշռությամբ:
Մի քանի ամիս առաջ կեսօրին ես և Սյուզանը գույքագրեցինք մեր ուտելիքի պահեստը և արտակարգ իրավիճակների պարագաները: Այդ ժամանակ COVID-19-ը արագ տարածվում էր, իսկ Յուտայի մեր տունը ցնցվել էր մի շարք երկրաշարժերից: Մեր ամուսնության սկզբից մենք հետևել ենք մարգարեական խորհրդին` պատրաստվել անկանխատեսելի մարտահրավերներին, այնպես որ մեր պատրաստվածության վիճակը «ստուգելը» վիրուսի և երկրաշարժերի ընթացքում թվում էր ճիշտ և ժամանակին կատարվող քայլ: Մենք ցանկանում էինք պարզել մեր գնահատականները այդ չհայտարարված ստուգարքների վերաբերյալ:
Մենք շատ բան սովորեցինք: Շատ ոլորտներում մեր նախապատրաստական աշխատանքը ուղղակի ճիշտ էր: Մի քանի այլ ասպարեզներում, այնուամենայնիվ, բարելավումը անհրաժեշտ էր, որովհետև ճիշտ ժամանակին չէինք հասկացել և հոգացել որոշակի կարիքներ:
Մենք նաև շատ ծիծաղեցինք: Օրինակ՝ մենք հայտնաբերեցինք առարկաներ հեռավոր մի դարակում, որոնք մեր ուտելիքի պահեստում էին տասնամյակներ շարունակ: Անկեղծ ասած, մենք վախեցանք բացել և ստուգել որոշ տարաներ՝ վախենալով տարածել ևս մեկ գլոբալ համավարակ: Բայց դուք պետք է երջանիկ լինեք, իմանալով, որ մենք պատշաճորեն ազատվեցինք վտանգավոր նյութերից, և որ աշխարհի առողջությանը սպառնացող վտանգը վերացավ:
Եկեղեցու որոշ անդամներ այն կարծիքին են, որ արտակարգ իրավիճակի ծրագրերն ու առարկաները, ուտելիքի պահեստը և 72- ժամյա պայուսակները չպիտի կարևոր լինեն այլևս, որովհետև Եղբայրները վերջին գերագույն համաժողովներում շատ չեն խոսել այդ մասին և դրանց հետ կապված թեմաներից: Բայց պատրաստվելու կրկնվող հորդորները տասնամյակներ շարունակ հայտարարվել են Եկեղեցու ղեկավարների կողմից: Մարգարեական խորհրդի հետևողականությունը ժամանակի ընթացքում ստեղծում է պարզության և նախազգուշացման հզոր համերգ, որի ձայնի բարձրությունը շատ ավելի ուժգին է, քան մենակատարումները երբևէ կարող են առաջացնել:
Ինչպես դժվարին ժամանակները բացահայտում են անհամապատասխանությունները նյութական պատրաստվածության ասպարեզում, այպես էլ հոգևոր անփութության և ինքնագոհության հիվանդությունները առաջացնում են ամենակործանարար հետևանքները ծանր փորձությունների ժամանակ: Օրինակ՝ տասը կույսերի առակում մենք սովորում ենք, որ նախապատրաստության հետաձգումը հանգեցնում է անհաջող ստուգման: Հիշեք, թե ինչպես հինգ հիմար կույսերը թերացան պատշաճորեն նախապատրաստվել քննությանը, որը նրանց տրվել էր Փեսայի գալստյան օրվա համար:
«Մյուս հինգը հիմար էին, քանի որ նրանք ձէթ վեր չառան իրենց հետ.
Բայց իմաստունները իրենց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մեկտեղ:
Եվ կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսան գալիս է. Դուրս եկէք նորան դիմավորելու:
Այն ժամանակ ամեն կոյսերը վերկացան՝ եւ իրանց լապտերները պատրաստեցին:
Բայց հիմարներն ասեցին իմաստուններին. Տվեք մեզ ձեր յուղիցը, որովհետև մեր լապտերները հանգչում են:
Իմաստուններն էլ պատասխանեցին և ասեցին. Մի գուցե մեզ և ձեզ բավական չլինի. Բայց ավելի լավ գնացեք ծախողների մոտ և գնեցեք ձեզ համար:
Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. և պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, և դուռն փակուեցավ:
Եւ յետոյ այն միուս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ»: 8
Բայց Նա էլ պատասխանեց եւ ասեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, Դուք չեք ճանաչում ինձ»: 9
Այդ քննության ժամանակ հինգ հիմար կույսերն ապացուցեցին, որ իրենք միայն լսողներ են եղել, այլ ոչ թե խոսքը կատարողներ: 10
Դպրոցում ես մի ընկեր ունեի, ով ջանասեր ուսանող էր համալսարանում: Կիսամյակի ընթացքում Սէմն ամեն օր ժամանակ էր հատկացնում՝ յուրաքանչյուր դասընթացը վերանայելու, ամփոփելու և իր գրառումներից դասեր քաղելու համար, որոնցում նա ընդգրկված էր: Ամեն շաբաթվա և ամեն ամսվա վերջում նա հետևում էր նույն եղանակին իր բոլոր դասերի համար: Այդ մոտեցումը հնարավորություն տվեց նրան սովորել օրենքը, այլ ոչ թե միայն սերտել մանրամասները: Եվ երբ ավարտական քննությունները մոտենում էին, Սէմը պատրաստ էր: Փաստորեն նա ավարտական քննությունը համարում էր իր իրավաբանական ուսումնառության ամենաքիչ լարված շրջաններից մեկը: Արդյունավետ և ժամանակին նախապատրատումը նախորդում է հաջող ստուգարքին:
Սէմի մոտեցումը իր իրավաբանական կրթությանը լուսաբանում է աճի և զարգացման Տիրոջ հիմնական ձևաչափերից մեկը: «Այսպես է ասում Տեր Աստվածը. Ես կտամ մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ. և օրհնված են նրանք, ովքեր ականջ են դնում իմ ցուցումներին և ունկդրում իմ խորհրդին, քանզի նրանք իմաստություն կսովորեն. քանզի նրան, ով ընդունում է, ես կտամ ավելին»: 11
Ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին «Մեր ուշը դարձնենք [մեր] ճանապարհներին» 12 և «փորձենք» [մեր] անձերը, թէ արդեօք [մենք] հավատքո՞ւմն ենք, [և] քննենք [մեր] անձերը»: 13 Ի՞նչ ենք սովորել այս վերջին ամիսների ընթացքում ապրելակերպի ճշգրտումների և սահմանափակումների մասին: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի բարելավենք մեր կյանքը հոգևորապես, սոցիալապես, հուզական և մտավոր ասպարեզներում: Աբրահամի գրքում Տեր Աստվածը հայտարարեց. «Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»:
Քննելով և առաջ շարժվելով
Մի անգամ ես մասնակցեցի մի երիտասարդ միսիոների թաղմանը, ով մահացել էր վթարից: Միսիոների հայրը խոսեց արարողության ժամանակ և նկարագրեց սիրելի զավակի անսպասելի մահվան պատճառով բաժանման սրտի ցավը: Նա անկեղծորեն հայտարարեց, որ ինքը անձնապես չէր հասկանում այդպիսի իրադարձության պատճառները կամ ժամկետը: Բայց ես միշտ կհիշեմ նաև այդ բարի մարդու հայտարարությունը. ինքը գիտեր՝ Աստված իմանում էր պատճառները և ժամկետները իր զավակի հեռանալու համար, և դա բավարար էր նրա համար: Նա ասաց հավաքվածներին, որ չնայած ինքը և իր ընտանիքը վշտահար էին, բայց հետո լավ կլինեն, իսկ նրանց վկայությունները մնացել էին ամուր և անսասան: Նա եզրափակեց իր դիտարկումները այս հայտարարությամբ. «Ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի ավետարանին, ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ մեր ընտանիքը ամբողջությամբ հավատարիմ է ավետարանին: Մենք բոլորս ավետարանում ենք»:
Չնայած իրենց թանկագին ու սիրելի զավակի կորուստը սրտակեղեք էր և դժվար, այդ քաջարի ընտանիքի անդամները հոգևորապես պատրաստված էին ապացուցելու, որ իրենք կարող էին սովորել հավերժական կարևորություն ունեցող դասեր այն ամենի միջոցով, որոնցով իրենք անցնում էին: 14
Հավատարմությունը հիմարություն չէ, ոչ էլ մոլեռանդություն: Ավելի շուտ պետք է վստահենք Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչի, և ապավինենք Նրա անունին և Նրա խոստումներին: Երբ մենք «առաջ մղվենք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ», 15 մենք կօրհնվենք հավերժական հեռանկարով և տեսլականով, որը ձգվում է մեր մահկանցու սահմանափակ կարողությունից այն կողմ: Մենք հնարավորություն կունենանք «հավաքվել միասին և կանգնել սուրբ տեղերում», 16 և « չշարժվել, մինչև որ Տիրոջ օրը գա»: 17
Երբ ես ծառայում էի որպես Այդահոյի Բրիգամ Յանգի համալսարանի նախագահ, Ջեֆրի Ռ. Հոլլանդը եկավ համալսարան 1998 թվականի դեկտեմբերին` ելութ ունենալու մեր ամենշաբաթյա հոգևոր հավաքին: Ես և Սյուզանը հրավիրեցինք մի խումբ ուսանողների հանդիպել և ծանոթանալ Երեց Հոլլանդի հետ, մինչև նրա ելույթը: Երբ մեր համատեղ ժամանակը մոտենում էր ավարտին, ես հարցրի Երեց Հոլլանդին. «Եթե դուք ուսուցանեիք այս ուսանողներին միայն մի բան, դա ինչը կլիներ»:
Նա պատասխանեց.
«Մենք ականատես ենք լինում ավելի մեծ շարժման դեպի բևեռացումը, քան երբևէ: Մենք՝ որպես Վերջին Օրերի Սրբեր, կզրկվենք ոսկե միջինը ունենալու տարբերակի հնարավորությունից: Ճանապարհի միջին մասը հետ կքաշվի:
Եթե գետի ջրի հոսանքի մեջ քայլում եք, ինչ-որ տեղ կգնաք: Դուք ուղղակի կգնաք, ուր հոսանքը կտանի ձեզ: Հոսանքի ուղղությամբ գնալով և հետևելով ալիքին, հոսանքին հակառակ չենք գնա:
Ընտրություններ պետք է կատարվեն: Ընտրություն չկատարելը նույնպես ընտրություն է: Սովորեք ընտրել այժմ»:
Բևեռացումը խորանալու վերաբերյալ Երեց Հոլլանդի հայտարարությունը ապացուցեց իր մարգարեական լինելը` 22 տարվա հասարակական միտումների և իրադարձությունների միջոցով՝ այն ժամանակից ի վեր, երբ նա պատասխանեց իմ հարցին: Կանխագուշակելով մեծացող տարբերությունը Տիրոջ ուղիների և աշխարհիկ ուղիների միջև, Երեց Հոլլանդը նախազգուշացրեց, որ հարմարավետության օրերը` մեկ ոտքը ունենալով վերականգնված Եկեղեցում, իսկ մյուս ոտքը՝ աշխարհում, արագորեն անհետանում էին: Տիրոջ այս ծառան խրախուսում էր երիտասարդներին ընտրել, պատրաստվել և դառնալ Փրկիչի նվիրված աշակերտներ: Նա օգնում էր նրանց պատրաստվել և առաջ մղվել՝ ապացուցելով, քննելով և իրենց կյանքի փորձող փորձառությունների միջով անցնելով:
Խոստում և վկայություն
Մեր անձերը քննելու գործընթացը Երկնային Հոր երջանկության ծրագրի հիմնարար մասն է հանդիսանում: Ես խոստանում եմ, որ եթե մենք և՛ պատրաստվենք, և՛ առաջ մղվենք հավատքով դեպի Փրկիչը, մենք կարող ենք բոլորս ստանալ նույն գնահատականը մեր մահկանացու կյանքի ավարտական քննության ժամանակ. «Լավ, բարի և հավատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կդնեմ, մտիր քո տիրոջ ուրախութիւնը»: 18
Ես վկայում եմ, որ Աստված` Հավիտենական Հայրը, մեր Հայրն է: Հիսուս Քրիստոսը Նրա Միածին և կենդանի Որդին է, մեր Փրկիչն ու Քավիչը: Այս ճշմարտությունների մասին ես ուրախությամբ վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: