Գերագույն համաժողով
Մեծապես հովանավորված լինելով Տիրոջ կողմից
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


14:7

Մեծապես հովանավորված լինելով Տիրոջ կողմից

Չարչարանքների և հիասթափության ժամանակները չեն շեղում Տիրոջ արթուն հայացքը, մինչ Նա հովանավորի պես հսկում է՝ օրհնելով մեզ։

Տարիներ առաջ, որպես երիտասարդ միսիոներներ ծառայելով Ամամի Օշիմայի (Ճապոնիա) փոքրիկ կղզիներում, մի օր ես և զուգընկերս ոգևորվեցինք, երբ իմացանք, որ Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալն այցելելու էր Ասիա, և Ճապոնիայի բոլոր անդամներն ու միսիոներները մեկնելու էին Տոկիո՝ լսելու մարգարեին տարածաշրջանի համաժողովին։ Ճյուղի անդամների հետ միասին ես և զուգընկերս ոգևորությամբ սկսեցինք համաժողովի հետ կապված ծրագրեր կազմել. 12 ժամ նավով անցնել Արևելաչինական ծովով և հասնել Ճապոնիայի մայրցամաքային հատվածը, ապա 15 ժամում գնացքով հասնել Տոկիո։ Ցավոք, մեր ծրագրերը չիրականացան։ Մեր միսիայի նախագահից լուր ստացանք, որ ես և զուգընկերս հեռավորության և ժամանակի պատճառով չէինք կարող մասնակցել Տոկիոյի համաժողովին։

Երեց Սթիվենսոնը և նրա միսիայի զուգընկերը

Մինչ մեր փոքրիկ ճյուղի անդամները մեկնեցին Տոկիո, մենք մնացինք։ Հաջորդ օրերը թվում էին լուռ ու դատարկ։ Փոքրիկ աղոթատանը մենք միայնակ անցկացրինք հաղորդության ժողովը, մինչ Ճապոնիայի Վերջին Օրերի Սրբերը և միսիոներները մասնակցեցին համաժողովին։

Ասիայի տարածքային համաժողովը

Իմ անձնական հիասթափությունը սրվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ես ուրախությամբ լսում էի ճյուղի անդամներին, ովքեր վերադարձել էին համաժողովից օրեր անց, հաղորդելով, որ Նախագահ Քիմբալը հայտարարեց Տոկիոյում կառուցվելիք տաճարի մասին։ Նրանք, ուրախությունից հուզվելով, կիսվում էին իրենց երազանքի իրականացմամբ։ Նրանք նկարագրեցին, թե ինչպես տաճարի հայտարարությունը լսելիս անդամներն ու միսիոներները չկարողացան զսպել իրենց ուրախությունը և ինքնաբերաբար սկսեցին ծափահարել։

Նախագահ Քիմբալը տաճար է հայտարարում Տոկիոյում

Անցել են տարիներ, սակայն ես դեռևս հիշում եմ հիասթափությունը, որը զգացի այդ պատմական հավաքին չմասնակցելու պատճառով։

Վերջին ամիսներին ես խորհել եմ այս փորձառության շուրջ, երբ նկատել եմ ուրիշների խորը հիասթափությունը և վիշտը. շատ ավելի խորը, քան իմն էր՝ որպես երիտասարդ միսիոներ, որի պատճառը COVID-19 համավարակն է։

Այս տարվա սկզբին, երբ բռնկվեց համավարակը, Առաջին Նախագահությունը խոստացավ, որ «Եկեղեցին և նրա անդամները հավատարմորեն կցուցադրեն լավ քաղաքացիներ և լավ հարևաններ լինելու նվիրվածություն»1 և «կլինեն չափազանց զգույշ»։2 Այսպիսով, մենք ամբողջ աշխարհում կասեցրել ենք Եկեղեցու հավաքները, Եկեղեցու միսիոներների կեսից ավելին վերադարձել են իրենց հայրենիք և փակվել են Եկեղեցու բոլոր տաճարները։ Ձեզանից հազարավորները պատրաստվում էին տաճար մտնել անձնական արարողությունների համար՝ ներառյալ տաճարային կնքումները։ Ձեզանից ոմանք էլ՝ որպես միսիոներ, վաղաժամ ավարտել են իրենց ծառայությունը կամ ժամանակավորապես հետ են կանչվել և այլ ծառայության կանչվել։

Միսիոներները վերադառնում են COVID-ի պատճառով։

Այս ընթացքում կառավարությունները և կրթության ղեկավարները փակեցին դպրոցները, ինչը, հետևաբար, ազդեց շրջանավարտների վրա և ստիպեց չեղյալ հայտարարել մարզական, հասարակական, մշակութային և կրթական իրադարձություններն ու միջոցառումները։ Ձեզանից շատերը պատրաստվել էին միջոցառումների, որոնց չհաճախեցին, ելույթների, որոնք չլսվեցին կամ սպորտային մրցաշրջանների, որոնք տեղի չունեցան։

Էլ ավելի ցավալի է այն ընտանիքների վիճակը, որոնք այս ընթացքում կորցրել են իրենց սիրելիներին. շատերը չէին կարող թաղումներ կամ այլ կարևոր հավաքույթներ անցկացնել, որոնց հետ հույսեր էին կապել։

Կարճ ասած, ձեզանից շատ-շատերը բախվել են մեծ հիասթափության, վշտի և հուսահատության հետ։ Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք բուժվել, համբերել և առաջ շարժվել, երբ ամեն բան այնքան անորոշ է։

Նեփի մարգարեն հասուն տարիքում սկսեց փորագրել փոքր թիթեղները։ Երբ նա հետադարձ հայացք գցեց իր կյանքին և ծառայությանը, կարևոր անդրադարձ կատարեց Մորմոնի Գրքի հենց առաջին հատվածում։ Այս հատվածը ընդգծում է կարևոր մի սկզբունք, որի շուրջ մենք պետք է խորհենք մեր օրերում։ Մեզ այնքան ծանոթ՝ «Ես՝ Նեփիս, ծնված լինելով լավ ծնողներից …» արտահայտությունից հետո նա գրում է․ «և տեսած լինելով շատ չարչարանքներ իմ օրերի ընթացքում, այնուամենայնիվ, մեծապես հովանավորված լինելով Տիրոջ կողմից իմ բոլոր օրերում»։3

Որպես Մորմոնի Գիրքն ուսումնասիրած մարդիկ, մենք ծանոթ ենք բազում չարչարանքների, որոնց մասին ակնարկում է Նեփին։ Ինչևէ, իր օրերի ընթացքում չարչարանքներ ունենալու փաստի վերաբերյալ Նեփին իր ավետարանական հեռանկարն է տալիս՝ մեծապես հովանավորված լինելու Տիրոջ կողմից իր բոլոր օրերում։ Չարչարանքների և հիասթափության ժամանակները չեն շեղում Տիրոջ արթուն հայացքը, մինչ Նա հովանավորի պես հսկում է մեզ՝ օրհնելով մեզ։

Միսիայի վիրտուալ ժողով
Միսիայի վիրտուալ ժողով Երեց և Քույր Սթիվենսոնների հետ
Միսիայի վիրտուալ ժողով Երեց և Քույր Սթիվենսոնների հետ

Ես և Լիզան վերջերս վիրտուալ հանդիպում ունեցանք Ավստրալիայի մոտ 600 միսիոներների հետ, որոնցից շատերը որոշ չափով գտնվում էին մեկուսացման կամ սահմանափակումների մեջ COVID-19-ի պատճառով, և շատերն աշխատում էին իրենց տներից։ Մենք միասին քննարկեցինք անհատների Նոր Կտակարանից, Մորմոնի Գրքից և Վարդապետություն և Ուխտերից, որոնց Տերն օրհնել է իրականացնելու մեծ գործեր ձախորդությունների մեջ։ Բոլորն ավելի շատ բնութագրվում էին այն բանով, ինչ նրանք կարողացել էին անել Տիրոջ օգնությամբ, քան այն բանով, ինչ նրանք չէին կարողացել անել իրենց մեկուսացման կամ սահմանափակումների պատճառով։

Մենք կարդում ենք Պողոսի և Շիղայի մասին, որ բանտում կապանքների մեջ աղոթում էին, երգում, ուսուցանում, վկայում՝ նույնիսկ մկրտում բանտապետին։4

Եվ կրկին Պողոսի մասին. մինչ Հռոմում երկու տարի տնային կալանքի տակ էր, նա շարունակ «Աստուծոյ արքայութիւնը վկայութիւնով պատմում էր»՝5 «Տէր Յիսուս Քրիստոսի համար սովորեցնելով»։6

Նեփիի և Լեքիի՝ Հելամանի որդիների մասին, ովքեր ծեծվելուց և բանտարկվելուց հետո շրջապատվեցին պաշտպանիչ կրակով, մինչ Տիրոջ «կատարյալ մեղմության հանդարտ ձայնը … թափանցեց մինչև [նրանց բանտարկողների] հոգու խորքը»։7

Ալմայի և Ամուղեկի մասին Ամմոնիայում, ովքեր գտան շատերին, որ «հավատացին … և սկսեցին ապաշխարել ու քննել սուրբ գրքերը»,8 չնայած նրանց հետո ծաղրեցին, սոված, ծարավ ու մերկ պահեցին՝ պարաններով կապված ու բանտում փակված։9

Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում

Եվ, ի վերջո, Ջոզեֆ Սմիթի մասին, ով տառապում էր Լիբերթիի բանտում, զգալով լքված ու միայնակ, որից հետո լսեց Տիրոջ խոսքերը․ «Այս բոլոր բաները … կլինեն քո օգտի համար»10 և «Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից»։11

Նրանցից յուրաքանչյուրը հասկանում էր այն, ինչ Նեփին գիտեր․ որ տեսած լինելով շատ չարչարանքներ իրենց օրերի ընթացքում, այնուամենայնիվ, նրանք մեծապես հովանավորված էին Տիրոջ կողմից։

Մենք նույնպես կարող ենք զուգահեռներ անցկացնել՝ որպես առանձին անդամներ և որպես եկեղեցի, թե ինչպես ենք մեծապես հովանավորվել Տիրոջ կողմից այն դժվարին ժամանակներում, որոնց բախվել ենք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Երբ ես բերում եմ այս օրինակները, թող դրանք նաև ամրապնդեն ձեր վկայությունը մեր կենդանի մարգարեի տեսանող լինելու վերաբերյալ, ով ճշգրտորեն պատրաստեց մեզ նախքան համավարակի վերաբերյալ որևէ ակնարկ կլիներ, ինչը հնարավորություն տվեց մեզ դիմանալ գալիք մարտահրավերներին։

Առաջինը՝ ավելի տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող դառնալը։

Երկու տարի առաջ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է. «Մենք վարժվել ենք մտածել «եկեղեցու» մասին որպես մի բանի, որը տեղի է ունենում մեր ժողովատներում, որին աջակցում է մեր տանը կատարվածը։ Մենք պետք է ճշգրտումներ կատարենք այդ օրինաչափության մեջ։ … Տնակենտրոն Եկեղեցու ժամանակն է, որին աջակցում է այն, ինչ տեղի է ունենում մեր … շենքերի ներսում»։12 Ինչպիսի՜ մարգարեական ճշգրտում։ Ավետարանի տնակենտրոն ուսումնասիրությունը սկսվեց կիրառվել հավաքատների փակմանը զուգահեռ։ Նույնիսկ երբ աշխարհում սկսի ամեն բան կարգավորվել, և մենք վերադառնանք մեր աղոթատները, մենք կցանկանանք պահպանել համաճարակի ընթացքում զարգացրած օրինաչափությունները՝ կապված ավետարանի տնակենտրոն ուսումնասիրության հետ։

Տիրոջ կողմից մեծապես հովանավորվելու երկրորդ օրինակը հայտնությունը սպասավորելն է ավելի բարձր և սուրբ եղանակով։

Սպասավորություն

Նախագահ Նելսոնը 2018 թվականին սպասավորությունը ներկայացրեց որպես ճշգրտում «միմյանց հանդեպ հոգ տանելու եղանակների վերաբերյալ»։13 Համավարակը բազմաթիվ հնարավորություններ է ներկայացրել սպասավորելու մեր հմտությունները կատարելագործելու համար։ Սպասավորող եղբայրները և քույրերը, երիտասարդ աղջիկներն ու տղաները և մյուսները օգնության ձեռք են մեկնել՝ ապահովելով կապ, զրույց, բակի խնամք, սնունդ, հաղորդագրություն տեխնոլոգիայի միջոցով և հաղորդության արարողություն՝ օրհնելու կարիքավորներին։ Եկեղեցին ծառայել է ուրիշներին համավարակի ընթացքում` սննդի պահեստներին, անօթևանների ապաստարաններին, ներգաղթյալների աջակցության կենտրոններին և աշխարհում քաղցի ամենաճգնաժամային իրավիճակում գտնվողներին ուղղված ծրագրերին տրամադրելով աննախադեպ քանակությամբ ապրանքներ։ Սփոփող Միության քույրերն ու նրանց ընտանիքները արձագանքեցին առողջապահության աշխատողների համար միլիոնավոր դիմակներ պատրաստելու մարտահրավերին։

Մարդասիրական ծրագրեր
Դիմակների պատրաստում

Ձախորդությունների ընթացքում օրհնված լինելու վերջին օրինակը ավելի մեծ ուրախություն գտնելն է տաճարային արարողություններին վերադառնալու միջոցով։

Քույր Քեթլին Փալմեր

Սա լավագույնս նկարագրվում է հետևյալ պատմության մեջ։ Երբ Քույր Քեթլին Փալմերը անցած ապրիլին ստացավ իր միսիայի կանչը, նա շատ ուրախ էր որպես միսիոներ կանչվելու համար, սակայն նույնքան յուրահատուկ ու կարևոր էր համարում տաճար գնալը՝ իր օժտումը ստանալու և սրբազան ուխտեր կապելու համար։ Իր օժտումը ծրագրելուց կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ բոլոր տաճարները ժամանակավորապես կփակվեն համավարակի պատճառով։ Այս տխուր տեղեկությունը ստանալուց հետո նա նաև իմացավ, որ միսիոներների ուսուցման կենտրոն (ՄՈՒԿ) հաճախելու էր վիրտուալ՝ իր տնից։ Անկախ այս հիասթափություններից՝ Քեթլինը կենտրոնացավ իր հոգեվիճակը բարձր պահելու վրա։

Քույր Քեթլին Փալմերը և միսիոներների ուսուցման կենտրոնը տանը

Այդ ամիսների ընթացքում Քույր Փալմերը երբեք չկորցրեց տաճար այցելելու հույսը։ Նրա ընտանիքը ծոմ էր պահում և աղոթում, որ տաճարները բացվեին նրա մեկնելուց առաջ։ Քեթլինը հաճախ տանը սկսում էր իր ՄՈՒԿ առավոտները, ասելով․ «Արդյո՞ք այսօր կլինի այն օրը, երբ մենք հրաշքի ականատես կլինենք և տաճարները կրկին կբացվեն»։

Օգոստոսի 10-ին Առաջին Նախագահությունը հայտարարեց, որ Քեթլինի տաճարը կվերաբացվեր անձնական արարողությունների համար հենց այն օրը, երբ ծրագրված էր նրա միսիա մեկնելու վաղ առավոտյան թռիչքը։ Նա չէր կարողանալու հաճախել տաճար և հասնել իր թռիչքին։ Հաջողության փոքրիկ հույսով նրա ընտանիքը կապվեց տաճարի նախագահ Մայքլ Վելինգայի հետ, որպեսզի պարզի, թե կա՞ որևէ միջոց իրականացնելու հրաշքը, որի համար նրանք աղոթել էին երկար ժամանակ։ Նրանց ծոմապահությունն ու աղոթքները գտան իրենց պատասխանը։

Փալմեր ընտանիքը տաճարի մոտ

Գիշերը ժամը 2-ին, նրա թռիչքից մի քանի ժամ առաջ, Քույր Փալմերը և նրա ընտանիքը, արցունքներն աչքերին, ջերմ ընդունելության արժանացան տաճարի դռների մոտ՝ տաճարի նախագահի կողմից, ով ժպտալով ասաց հետևյալ խոսքերը․ «Բարի լույս, Փալմեր ընտանիք։ Բարի գալուստ տաճար»։ Երբ նա ավարտեց իր օժտումը, նրանց խրախուսեցին արագացնել, քանի որ դռների մոտ սպասում էր հաջորդ ընտանիքը։ Նրանք ուղիղ օդակայան մեկնեցին՝ ճիշտ ժամանակին հասնելով նրա միսիայի թռիչքին։

Քույր Փալմերը օդակայանում

Տաճարային արարողությունները, որոնց մասնակցելու հնարավորությունը մենք չենք ունեցել ամիսներ շարունակ, ավելի քաղցր են թվում, քան նախկինում, մինչ տաճարները աշխարհով մեկ աստիճանաբար վերաբացվում են։

Եվ վերջում, խնդրում եմ, լսեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի խրախուսող, ոգևորող խոսքերը։ Մարդը երբեք չի կռահի, որ նա գրել է դրանք չարչարանքների և մեկուսացման ընթացքում, մեկուսացված և սահմանափակված Նավուում, թաքնված նրանցից, ովքեր ուզում էին ապօրինի կերպով ձերբակալել նրան։

«Արդ, ի՞նչ ենք լսում այն ավետարանից, որը մենք ստացել ենք։ Ձայն ուրախության։ Ողորմության ձայն երկնքից. ճշմարտության ձայն երկրից. ավետիք մահացածների համար. ուրախության ձայն ողջերի և մահացածների համար. մեծ ուրախության ավետիք։ …

«… Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը։ Գնացե՛ք առաջ և ոչ թե հետ։ Քաջությո՛ւն, … և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ։ Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան: Թող երկիրը երգով բռնկվի»։14

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես հավատում եմ, որ մի օր ձեզանից յուրաքանչյուրը հետադարձ հայացք կնետի չեղյալ հայտարարված իրադարձություններին, տխրությանը, հիասթափությանը և միայնությանը, որ զգում ենք այս դժվարին օրերին, տեսնելով դրանք ստվերված ամենաընտիր օրհնություններով և ավելի մեծ հավատով ու վկայություններով։ Ես հավատում եմ, որ այս և գալիք կյանքում, ձեր չարչարանքները, ձեր Ամմոնիան և ձեր Լիբերթիի բանտը կնվիրագործվեն ձեր օգտի համար։15 Ես աղոթում եմ, որ Նեփիի նման մենք էլ կարողանանք մեր օրերի ընթացքում չարչարանքների մեջ նաև գիտակցել, որ մենք մեծապես հովանավորվում ենք Տիրոջ կողմից։

Վերջում ուզում եմ վկայել Հիսուս Քրիստոսի մասին, ով անձամբ անցավ տառապանքների միջով և որպես իր անսահման Քավության մի մաս՝ իջավ ամեն բանից ցած։16 Նա հասկանում է մեր վիշտը, ցավը և հուսահատությունը։ Նա մեր Փրկիչն է, մեր Քավիչը, մեր հույսը, մեր մխիթարությունը և մեր Ազատիչը։ Այս մասին ես վկայում եմ Նրա՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։