Աստված աներևակայելի մի բան կանի
Աստված Իր զավակներին և Իր Եկեղեցին նախապատրաստել է այս ժամանակաշրջանի համար:
Սոլթ Լեյքի հովիտ ժամանելուց ոչ շատ անց Վերջին Օրերի Սրբերը սկսեցին իրենց սուրբ տաճարի կառուցումը։ Նրանք զգում էին, որ վերջապես գտել են մի վայր, որտեղ կարող են խաղաղ երկրպագել Աստծուն և զերծ լինել հետապնդումներից:
Այնուամենայնիվ, տաճարի հիմքի կառուցման ավարտին, Միացյալ Նահանգների բանակը զինվորներով մոտեցավ, որպեսզի բռնի կերպով նոր նահանգապետ նշանակի:
Քանի որ Եկեղեցու ղեկավարները չգիտեին, թե որքան թշնամական է տրամադրված բանակը, Բրիգամ Յանգը Սրբերին հրամայեց տարածքը մաքրել և հողով ծածկել տաճարի հիմքը:
Համոզված եմ, որ Եկեղեցու որոշ անդամներ մտահոգված էին, թե Աստծո արքայությունը կառուցելու իրենց ջանքերը ինչու էին անընդհատ խափանվում:
Ի վերջո, վտանգն անցավ և տաճարի հիմքերը պեղեցին և ստուգեցին: Այդ ժամանակ էր, որ ռահվիրա շինարարները հայտնաբերեցին, որ բնօրինակ ավազաքարերից մի քանիսը ճաքել էին՝ ոչ պիտանի դարձնելով հիմքը:
Հետևաբար, Բրիգամը հանձնարարեց վերանորոգել հիմքը, որպեսզի համարժեք հենարան լինի Սոլթ Լեյք Սիթիի հրաշագեղ տաճարի գրանիտե1 պատերի համար։2 Վերջապես, Սրբերը կարող էին երգել «Ինչ ամուր է հիմքը»3 օրհներգը և իմանալ, որ սուրբ տաճարը կառուցվել է հաստատուն հիմքի վրա, որը կհարատևի սերնդե-սերունդ։
Այս պատմությունը մեզ սովորեցնում է, թե Աստված ինչպես է օգտագործում ծախորդությունները՝ Իր նպատակներն իրականացնելու համար:
Համաշխարհային համավարակ
Եթե սա համահունչ է այօրվա մեր իրավիճակին, ապա այն պատճառով է, որ հանգամանքները նման են:
Համոզված եմ, որ չկա մարդ, որ լսում է իմ ձայնը կամ կարդում իմ խոսքերը, ում վրա չի ազդել համաշխարհային համաճարակը:
Մենք սգում ենք նրանց հետ, ովքեր սգում ենք ընտանիքի անդամի և ընկերների կորուստը։ Աղոթում ենք, որ Երկնային Հայրը մխիթարի և սփոփի ձեզ։
Այս վարակը ավելի երկարատև հետևանքներ ունի, որ անցնում են ֆիզիկական առողջության սահմաններից։ Շատ ընտանիքներ կորցրել են եկամուտները, և նրանց սպառնում է սով, անորոշություն ու երկյուղ: Մենք հիանում ենք շատ մարդկանց անձնուրաց ջանքերով, ովքեր կանխում են այս հիվանդության տարածումը: Խոնարհվում ենք այն մարդկանց լուռ զոհաբերության ու ազնիվ ջանքերի առջև, ովքեր վտանգել են իրենց անվտանգությունը, որպեսզի օգնեն, բուժեն և աջակցեն կարիքավոր մարդկանց: Մեր սիրտը լի է երախտագիտությամբ ձեր բարության և կարեկցանքի համար։
Զորությամբ աղոթում ենք, որ Աստված բացի երկնքի պատուհանները և ձեր կյանքը լցնի Աստծո հավերժական օրհնություններով:
Մենք սերմերն ենք
Այս վիրուսի մասին անհայտ բաներ դեռ շատ կան։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ այս վիրուսը անակնկալ չէ Երկնային Հոր համար։ Նա ստիպված չի եղել հրեշտակների գումարտակներ հավաքել, շտապ խորհրդակցություն անցկացնել ու արարչագործության բաժանմունքից պաշարներ վերահասցեագրել՝ անսպասելի կարիքը բավարարելու համար:
Իմ ուղերձն այն է, որ չնայած մենք չենք խնդրել, ոչ էլ սպասել ենք այս համավարակին, այնուամենայնիվ, Աստված պատրաստել է Իր զավակներին և Իր Եկեղեցին այս ժամանակի համար:
Մենք կդիմակայենք դրան, այո՛։ Բայց մենք դա չենք անի ատամները սեղմած, կանգնելով ու սպասելով հին գնացքի վերադարձին: Այլ առաջ կշարժվենք և արդյունքում ավելի լավը կլինենք։
Կարելի է մեզ նմանեցնել սերմի։ Որպեսզի սերմը իր ներուժին հասնի, նրան պետք է հողի մեջ թաղել, որ ծիլ տա։ Վկայում եմ, որ չնայած երբեմն կարող ենք զգալ, թե թաղված ենք կյանքի փորձությունների մեջ կամ զգացմունքային խավարը պատել է մեզ, Աստծո սերը և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի օրհնությունները աներևակայելի մի պտուղ կտան:
Դժվարությունից օրհնություններ են գալիս
Ավետարանի տնտեսություններից յուրաքանչյուրը բախվել է ժամանակի իր փորձությանը և դժվարություններին:
Ենովքը և իր ժողովուրդը ապրում էին չարության, պատերազմների և արյունահեղության ժամակաշրջանում: «Բայց Տերը եկավ ու բնակվեց իր ժողովրդի հետ»։ Նա մտքում աներևակայելի բան ուներ նրանց համար։ Նա օգնեց նրանց Սիոն հաստատել՝ մարդիկ, որ «մեկ սրտի և մեկ մտքի էին», ովքեր «բնակվում էին արդարության մեջ»։4
Երիտասարդ Հովսեփին՝ Հակոբի որդուն, գուբը գցեցին, ստրկության վաճառեցին, դավաճանեցին և լքեցին։5 Գուցե Հովսեփը մտածում էր՝ արդյոք Աստված մոռացել էր իրեն։ Իսկ Աստված մտքում աներևակայելի բան ուներ Հովսեփի համար։ Փորձության այս ժամանակաշրջանում Նա ամրապնդեց Հովսեփի բնավորությունը և հասցրեց մի դիրքի, որ Հովսեփը փրկեց իր ընտանիքը։6
Մտածեք Լիբերթիի բանտում բանտարկված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի մասին, երբ նա աղոթում էր տառապող Սրբերի համար: Նա գուցե մտածում էր, թե ինչպես կարող էր Սիոնը հիմնադրվել նման պայմաններում: Բայց Տերը խաղաղություն խոսեց նրա մտքին և դրան հաջորդած փառահեղ հայտնությունը խաղաղություն բերեց Սրբերին և շարունակում է խաղաղություն բերել ինձ և ձեզ։7
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին տարիներին քանի՞ անգամ են Սրբերը հուսահատվել և մտածել՝ արդյոք Աստված մոռացել է իրենց: Բայց հալածանքների, վտանգների և ոչնչացման սպառնալիքների մեջ Իսրայելի Տեր Աստվածը մտքում այլ բան ուներ Իր փոքրիկ հոտի համար: Ինչ-որ աներևակայելի բան:
Ի՞նչ ենք սովորում այս օրինակներից և սուրբ գրությունների հարյուրավոր օրինակներից:
Առաջին՝ արդարներին տրված չէ ստվերի հովիտները անարգել շրջանցելու արտոնագիր։ Բոլորս պետք է անցնենք դժվար ժամանակների միջով, քանի որ ձախորդությունների ժամանակ ենք սովորում սկզբունքներ, որոնք ամրապնդում են մեր բնավորությունը և ստիպում մեզ ավելի շատ մոտենալ Աստծուն:
Երկրորդ՝ մեր Երկնային Հայրը գիտի, որ մենք տառապում ենք, և քանի որ մենք նրա զավակներն ենք, նա չի լքի մեզ։8
Մտածեք կարեկից Փրկիչի մասին, որն իր կյանքի մեծ մասն անցկացրեց՝ ծառայելով հիվանդներին, միայնակներին, կասկած և հուսահատություն ապրողներին:9 Ի՞նչ եք կարծում, մի՞թե Նա այսօր ավելի քիչ է մտահոգված ձեզանով:
Իմ թանկագի՛ն բարեկամներ, սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Աստված ձեր խնամակալն ու ձեր հովիվը կլինի անորոշության ու վախի այս ժամանակաշրջանում։ Նա ճանաչում է ձեզ։ Նա լսում է ձեր աղոթքները: Նա հավատարիմ է և վստահության արժանի։ Նա կկատարի իր խոստումները։
Աստված մտքում աներևակայելի մի բան ունի անհատապես ձեզ համար և հավաքական Եկեղեցու համար՝ մի զարմանալիք և զարմանք։
Փառք քեզ Տեր, Մարգարեի համար
Մեր լավագույն օրերը առջևում են, ոչ թե հետևում։ Ահա թե ինչու է Աստված մեզ տվել ժամանակակից հայտնություններ։ Կյանքը առանց հայտնությունների նման է օդում պտտվող ինքնաթիռին, որ սպասում է, թե մշուշը երբ պիտի ցրվի, որ կարողանա վայրեջք կատարել։ Տիրոջ նպատակները մեզ համար ավելի բարձր են, քան օդում պտտվելը։ Քանի որ սա կենդանի Քրիստոսի Եկեղեցին է, և քանի որ Նա առաջնորդում է Իր մարգարեներին, մենք թռչում ենք առաջ և դեպի վեր՝ դեպի այն վայրերը, ուր երբեք չենք եղել, դեպի աներևակայելի բարձունքներ։
Ասածս չի նշանակում, որ մահկանացու կյանքի թռիչքի ժամանակ մենք չենք հանդիպի օդային հոսանքների։ Ոչ էլ նկատի ունեմ, որ բոլոր սարքերը անխափան կաշխատեն, կամ չեն լինի մեխանիկական թերացումներ ու եղանակի դաժան պայմաններ։ Իրականում, նախքան իրավիճակի լավանալը, կարող է ավելի վատ լինել։
Որպես զինվորական օդաչու և քաղավիացիայի կապիտան՝ ես սովորել եմ, որ չնայած ես չէի կարող ընտրել թռիչքի ընթացքում սպասվող դժվարությունները, ես կարող էի ընտրել, թե ինչպես եմ պատրաստվում և ինչպես եմ արձագանքում տվյալ իրավիճակին։ Այն, ինչ անհրաժեշտ է ճգնաժամի պահին, հանդարտությունն է և պարզամիտ վստահությունը:
Ինչպե՞ս ենք այն ձեռք բերում:
Մենք բախվում ենք փաստերին և վերադառնում ենք հիմունքներին՝ ավետարանի առաջնային սկզբունքներին՝ ամենակարևոր բաներին: Ամրապնդեք ձեր անձնական կրոնական վարքը՝ աղոթքն ու սուրբ գրությունների ուսումնասիրությունը և Աստծո պատվիրանները պահելը: Որոշումները կայացրեք լավագույնս փորձված գործերի հիման վրա։
Կենտրոնացեք գործերի վրա, որ կարող եք անել, ոչ թե նրա վրա, ինչը չեք կարող անել։
Վարժեցրեք ձեր հավատքը։ Լսեք դեպի անվտանգություն տանող Տիրոջ առաջնորդող խոսքը և Նրա մարգարեին։
Հիշեք, սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է՝ ղեկի մոտ Նա է։
Մտածեք միայն անցած տասնամյակում եկեղեցում տեղի ունեցած բազում ոգեշնչված բարեփոխումների մասին: Նշեմ միայն մի քանիսը․
-
Հաղորդությունը վերստին շեշտվեց որպես Հանգստության օրվա մեր երկրպագության առանցք:
-
Եկ, հետևիր ինձ ծրագիրը պատրաստվեց որպես անհատներին ու ընտանիքներին ամրապնդելու տնակենտրոն և եկեղեցու կողմից աջակցվող գործիքակազմ։
-
Մենք սկսեցինք ավելի վսեմ և ավելի սրբազան ձևով սպասավորել բոլորին։
-
Ավետարանը տարածելու և Տիրոջ աշխատանքը կատարելու համար Եկեղեցում մեծ տարածում է գտել տեխնոլոգիայի կիրառումը:
Անգամ գերագույն համաժողովի այս նիստերը իրականություն չէին դառնա առանց տեխնոլոգիական հրաշալի սարքերի:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, քանի որ ղեկի մոտ Քրիստոսն է, գործերը ոչ թե լավ կլինեն, այլ կլինեն աներևակայելի։
Իսրայելի հավաքման գործը առաջ է ընթանում
Սկզբում կարող է թվալ, որ համավարակը արգելք է դառնալու Տիրոջ աշխատանքի համար։ Օրինակ՝ ավետարանով կիսվելու ավանդական մեթոդները անհնարին են դարձել: Ինչևէ, համավարակի պայմաններում բացահայտվում են ազնիվ սրտին հասնելու նոր և ավելի ստեղծագործ ուղիներ։ Իսրայելի հավաքման աշխատանքը աճում է զորությամբ և ոգևորությամբ: Հարյուրավոր և հազարավոր պատմություններ վկայում են այդ մասին։
Գեղեցիկ Նորվեգիայում ապրող մի լավ ընկեր ինձ և կնոջս գրել է վերջերս առկա մկրտությունների աճի մասին: «Այն վայրերում, որտեղ Եկեղեցին փոքր է, – գրել է նա, – խմբերը դառնում են ճյուղե՛ր, իսկ ճյուղերը՝ ծխե՛ր»:
Լատվիայում մի կին, որ համացանցի գովազդի սեղմումով հայտնաբերել է Եկեղեցին, այնքան էր ոգևորվել՝ իմանալով Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, որ մեկ ժամ շուտ էր ներկայացել միսիոներների հետ հանդիպմանը և նախքան առաջին դասի ավարտը խնդրել էր մկրտվելու ամսաթիվ նշանակել:
Արևելյան Եվրոպայում միսիոներներից զանգ ստացած մի կին բացականչել է. «Քույրե՛ր, ինչո՞ւ ավելի շուտ չէիք զանգահարում: Ես սպասում էի ձեր զանգին»։
Մեր միսիոներների մեծ մասն ավելի զբաղված է, քան երբևէ: Շատերը ավելի շատ դասեր են սովորեցնում մարդկանց, քան երբևէ: Անդամների և միսիոներների միջև կապը ավելի է լավացել:
Նախկինում գուցե այնքան կապված էինք ավանդական մոտեցումներին, որ մեր աչքերը բացելու համար համաճարակ էր պահանջվում: Հավանաբար, գրանիտե քարեր ունենալով, մենք դեռ ավազաքարերով էինք կառուցում։ Անհրաժեշտությունից ելնելով՝ այժմ մենք սովորում ենք բնականոն և բնական ձևերով մարդկանց հրավիրելու բազմազան մեթոդներ, ներառյալ տեխնոլոգիայի կիրառումը, որ գան և տեսնեն, որ գան և օգնեն, և որ գան և մասը դառնան:
Նրա աշխատանքը, Նրա ուղիները
Սա Տիրոջ աշխատանքն է: Նա մեզ հրավիրում է գտնել այն կատարելու Իր ուղիները, իսկ դրանք կարող են մեր անցյալի փորձից տարբերվել:
Նման բան տեղի ունեցավ նաև Սիմոն Պետրոսի և մյուս աշակերտների հետ, ովքեր գնացել էին Տիբերեայի ծով՝ ձկնորսության։
«Եւ այն գիշերը ոչինչ չ’բռնեցին։
Երբոր արդէն առաւօտ եղաւ, Յիսուսը ծովի եզրումը կանգնած էր,
Նա էլ ասեց նորանց. Ուռկանը նաւի [մյուս] կողմը գցեցէք, եւ կ’գտնէք։
Նրանք գցեցին և ձկների բազմութիւնից չէին կարողանում այն դուրս քաշել»:10
Աստված տվել է հայտնություններ և շարունակ բացահայտելու է Իր ամենազոր ձեռքը: Գալու է օրը, երբ մենք հետադարձ հայացք կգցենք և կնկատենք, որ դժվարությունների այս ժամանակաշրջանում Աստված մեզ օգնում էր գտնել ավելի լավ ուղիներ՝ Իր ուղիները, որպեսզի ամուր հիմքի վրա կառուցի Իր թագավորությունը։
Ես վկայում եմ, որ սա Աստծո աշխատանքն է, և Նա շարունակելու է բազում աներևակայելի գործեր կատարել Իր զավակների մեջ՝ Իր ժողովրդի մեջ: Աստված մեզ պահում է Իր հոգատար և կարեկից ձեռքերի ափերում:
Վկայում եմ, որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո մարգարեն է մեր օրերում:
Որպես Տիրոջ առաքյալ՝ ես հրավիրում և օրհնում եմ ձեզ, որ «ուրախությամբ [անեք] ամեն բան, որ [ձեր] ուժի սահմաններում է. և հետո, թող [դուք կանգնեք] հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը»:11 Եվ ես խոստանում եմ, որ Տիրոջ օգնությամբ դուք կտեսնեք ձեր արդար ջանքերի աներևակայելի արդյունքները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։