Գերագույն համաժողով
Քրիստոսի մշակույթը
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


10:9

Քրիստոսի մշակույթը

Մենք կարող ենք փայփայել մեր երկրային անհատական ​​մշակույթների լավագույն դրսևորումները և լիարժեք մասնակիցը լինել հավերժական մշակույթի, որը սերում է Հիսուս Քրիստոսի ավետարանից:

Ինչպիսի՜ հոյակապ աշխարհում ենք մենք ապրում և միասին վայելում, որտեղ կա ժողովուրդների, լեզուների, սովորույթների և պատմությունների մեծ բազմազանություն՝ սփռված հարյուրավոր երկրների և հազարավոր խմբերի մեջ, յուրաքանչյուրը՝ հարուստ մշակույթով: Մարդկությունը հպարտանալու և տոնելու շատ բան ունի: Չնայած սովորական դարձած բարքերին, մեզ վրա ներգործող մշակույթի ազդեցությունը, այնտեղ, որտեղ մենք մեծանում ենք, կարող է և՛ մեծ ուժ հաղորդել մեր կյանքին, և թե՛ դառնալ լուրջ խոչընդոտ:

Կարող է թվալ, որ մշակույթն այնպես է արմատացել մեր մտածելակերպում և վարքում, որ այն անհնար է փոխել։ Ի վերջո, դա հիմնականում այն է, ինչը, մեր կարծիքով, բնութագրում է մեզ և ինքնության զգացում պարգևում։ Դա կարող է լինել այնքան ուժեղ ազդեցություն, որ չկարողանանք տեսնել մեր սեփական մշակույթների արհեստածին ​​թույլ կողմերը կամ թերությունները, ինչը կհանգեցնի նրան, որ չենք ցանկանա հրաժարվել «մեր հայրերի ավանդույթներից»: Մշակութային ինքնության վրա չափազանց կենտրոնանալը կարող է հանգեցնել արժանի, նույնիսկ աստվածային բաների մերժման՝ գաղափարների, հատկանիշների և վարքի։

Ոչ այնքան վաղուց ես ծանոթացել էի մի հիանալի պարոնի հետ, ով օգնեց պատկերավոր դարձնել մշակութային կարճատեսության այս համընդհանուր սկզբունքը։ Առաջին անգամ ես նրան հանդիպել եմ Սինգապուրում, երբ նշանակվել էի լինելու նրա ընտանիքի տնային ուսուցիչը: Նա Սանսկրիտի և թամիլերենի նշանավոր պրոֆեսոր էր, արմատներով՝ Հնդկաստանի հարավից: Նրա հիանալի կինը և երկու որդիները եկեղեցու անդամ էին, բայց նա՝ չէր միացել, ոչ էլ առանձնապես լսում էր ավետարանի ուսմունքները: Նա գոհ էր իր կնոջ և որդիների զարգացման ուղուց և լիովին աջակցում էր նրանց իրենց նախաձեռնություններում և եկեղեցու պարտականություններում:

Երբ ես նրան առաջարկեցի, որ ուսուցանեմ ավետարանի սկզբունքները և կիսվեմ մեր հավատալիքներով, սկզբում նա հրաժարվեց: Որոշ ժամանակ պահանջվեց՝ հասկանալու համար, թե ինչու. նա մտածում էր, որ այդպիսով կդավաճանի իր անցյալին, իր ժողովրդին և պատմությանը: Ըստ իր մտածելակերպի՝ նա կժխտեր իր անձը, չէր լինի այնպիսին, ինչպիսին կար, ինչպիսին իր ընտանիքն էր ուսուցանել, որ պետք է լիներ, և իր հնդկական ժառանգությունը: Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում մենք կարողացանք զրուցել այդ հարցերի շուրջ։ Ես ապշած էի (թեպետ՝ ոչ զարմացած), թե ինչպես Հիսուս Քրիստոսի ավետարանը բացեց նրա աչքերը՝ ունենալու մեկ այլ տեսակետ:

Մարդածին մշակույթների մեծ մասում կա և՛ բարին, և՛ չարը, և՛ կառուցողականը, և՛ կործանարարը:

Մեր աշխարհի խնդիրների մեծ մասը ուղիղ բախումների արդյունքն է, մարդկանց բախումների, ովքեր տարբեր գաղափարների և սովորույթների կրող են, ելնելով իրենց մշակույթից։ Բայց իրականում բոլոր հակառակություններն ու խառնաշփոթը արագ կվերանային, եթե աշխարհն ընդուներ միայն իր «նախնական մշակույթը», որը մենք բոլորս ունեինք ոչ այնքան վաղուց: Այս մշակույթը սկսվել է մեր նախաերկրային գոյությունից: Սա Ադամի և Ենովքի մշակույթն էր: Սա ժամանակների գագաթնակետում Փրկիչի ուսմունքների վրա հիմնված մշակույթն էր, և այն մեկ անգամ ևս մատչելի է բոլոր կանանց և տղամարդկանց մեր օրերում: Այն եզակի է: Այն «բոլոր մշակույթներից մեծագույնն է» և սերում է երջանկության մեծ ծրագրից, որը հեղինակել է Աստված և պաշտպանել է Քրիստոսը: Այն միավորում է, ոչ թե՝ բաժանում։ Այն բուժում է, ոչ թե՝ վնասում։

Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանում է մեզ, որ նպատակ կա կյանքում։ Մեր այստեղ գտնվելը տիեզերական մեծ վթար չէ կամ սխալմունք։ Մենք այստեղ ենք որոշակի նպատակի համար։

Այս մշակույթը հիմնված է այն վկայության վրա, որ մեր Երկնային Հայրը գոյություն ունի, Նա իրական է և սիրում է մեզանից յուրաքանչյուրին` անհատապես: Մենք ենք Նրա «գործը և [Նրա] փառքը»: 1 Այս մշակույթը պաշտպանում է հավասար արժեքի գաղափարը: Կաստաների կամ դասերի դասակարգում չկա: Ի վերջո, մենք եղբայրներ և քույրեր ենք, բառացիորեն մեր երկնային ծնողների հոգևոր զավակները։ «Բոլոր մշակույթներից մեծագույն»-ում չկա նախապաշարմունք կամ «մենք ընդդեմ նրանց» մտածելակերպը: Բոլորս «մենք» ենք։ Բոլորս «նրանց» ենք։ Մենք հավատում ենք, որ պատասխանատու և հաշվետու ենք ինքներս մեր, միմյանց, Եկեղեցու և մեր աշխարհի համար: Պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը մեր աճի կարևոր գործոններն են:

Գթասրտությունը, քրիստոսանման իսկական հոգատարությունը, այս մշակույթի հիմնաքարն է: Մենք սրտանց մտահոգվում ենք մեր մերձավորների աշխարհիկ և հոգևոր կարիքների համար և գործում ենք այդ զգացմունքներով դրդված։ Դա ցրում է նախապաշարմունքն ու ատելությունը:

Մենք վայելում ենք հայտնության մշակույթը, որը կենտրոնացած է մարգարեների ստացած Աստծո խոսքի վրա (և որի մասին յուրաքանչյուրս կարող է հավաստիանալ Սուրբ Հոգու միջոցով): Ամբողջ մարդկությունը կարող է իմանալ Աստծո կամքն ու միտքը:

Այս մշակույթը պաշտպանում է ազատ կամքի սկզբունքը։ Ընտրելու ունակությունը չափազանց կարևոր է մեր զարգացման և երջանկության համար: Խելամիտ ընտրելը կարևոր է:

Սա սովորելու և ուսումնասիրելու մշակույթ է: Մենք ձգտում ենք ունենալ գիտելիք, իմաստություն և բոլոր բաներում՝ լավագույնը:

Սա հավատքի և հնազանդության մշակույթ է: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մեր մշակույթի առաջին սկզբունքն է, իսկ հնազանդությունը Նրա ուսմունքներին և պատվիրաններին՝ արդյունքն է։ Այս բաները նպաստում են ինքնատիրապետման զարգացմանը:

Սա աղոթքի մշակույթ է: Մենք հավատում ենք, որ Աստված ոչ միայն կլսի մեզ, այլև՝ կօգնի:

Սա ուխտերի և արարողությունների, բարձր բարոյական չափանիշների, զոհաբերության, ներման ու ապաշխարության, և մեր մարմինների տաճարների հանդեպ հոգատարության մշակույթ է: Այս բոլոր բաները վկայում են Աստծո հանդեպ մեր պարտավորվածության մասին։

Սա մշակույթ է, որը ղեկավարվում է քահանայությամբ, որն Աստծո անունից գործելու իշխանություն է, Աստծո զորությունն է՝ Իր զավակներին օրհնելու համար: Այն վեհացնում է և հնարավորություն է տալիս անհատներին լինել ավելի լավ մարդիկ, ղեկավարներ, մայրեր, հայրեր և զուգընկերներ, և այն սրբացնում է տունը:

Իրական հրաշքներն առատ են այստեղ՝ բոլոր մշակույթներից հնագույնում՝ որոնք կատարվել են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, քահանայության զորության, աղոթքի, ինքնակատարելագործման, ճշմարիտ դարձի և ներման միջոցով:

Սա միսիոներական աշխատանքի մշակույթ է: Հոգիների արժեքը մեծ է:

Քրիստոսի մշակույթում կանայք բարձրացվել են, հայտնվելով իրենց պատշաճ և հավերժական կարգավիճակում։ Նրանք ենթակա չեն տղամարդկանց, ինչպես այսօրվա աշխարհի շատ մշակույթներում, այլ լիարժեք և հավասար գործընկերներ են այստեղ և գալիք աշխարհում:

Այս մշակույթը պաշտպանում է ընտանիքի սրբությունը։ Ընտանիքը հավերժության հիմնական միավորն է: Ընտանիքի կատարելությունը արժե ցանկացած զոհաբերություն, որովհետև, ինչպես ուսուցանվել է․ «ոչ մի այլ հաջողություն չի կարող փոխհատուցել տանը ունեցած ձեր ձախողումը»: 2 Տունն այն վայրն է, որտեղ կատարում ենք մեր լավագույն աշխատանքը և որտեղ ձեռք ենք բերում մեր մեծագույն երջանկությունը:

Քրիստոսի մշակույթում կա հեռանկար, հավերժական ուղղվածություն և ուղղորդում: Այս մշակույթը կապ ունի բաների հետ, որոնք տևական արժեք ունեն: Դա գալիս է Հիսուս Քրիստոսի ավետարանից, որը հավերժ է և պատասխանում է մեր գոյության «ինչո՞ւ», «ի՞նչ» և «ո՞ւր» հարցերին: (Այն ներառող է, ոչ՝ բացառող): Քանի որ այս մշակույթը մեր Փրկիչի ուսմունքների կիրառման արդյունքն է, այն բուժիչ բալասան է տալիս, որի ծայրահեղ կարիքն ունի մեր աշխարհը:

Ինչպիսի՜ օրհնություն է՝ լինել այս մեծ ու ազնվազարմ կենսակերպի մասնիկը։ Բոլոր մշակույթներից մեծագույնի մասը լինելու համար փոփոխություն է պահանջվում: Մարգարեներն ուսուցանել են, որ անհրաժեշտ է թողնել այն, ինչ մեր հին մշակույթներում է, ինչն անհամատեղելի է Քրիստոսի մշակույթի հետ: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թողնենք ամեն ինչ։ Մարգարեները նաև շեշտել են, որ մենք՝ յուրաքանչյուրս, հրավիրվում ենք բերել մեզ հետ մեր հավատը, տաղանդներն ու գիտելիքները, մեր կյանքում և անհատական ​​մշակույթում առկա բոլոր լավ կողմերը, և թույլ տանք, որ եկեղեցին «ավելացնի դրան» ավետարանի ուղերձի միջոցով։ 3

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին դժվար է կոչել «արևմտյան» հասարակություն կամ ամերիկյան մշակութային երևույթ: Այն միջազգային եկեղեցի է, ինչպես միշտ էր նախատեսված, որ այդպիսին լիներ։ Դեռ ավելին՝ այն աստվածային է: Աշխարհի տարբեր ծայրերից նոր անդամներն իրենց հետ հարստություն, բազմազանություն և ոգևորություն են բերում մեր անընդհատ աճող ընտանիքին: Վերջին օրերի սրբերն ամենուրեք շարունակում են մեծարել և հարգել իրենց ժառանգությունն ու հերոսներին, բայց այժմ նրանք նաև մաս են կազմում շատ ավելի վեհ մի բանի: Քրիստոսի մշակույթն օգնում է, որ տեսնենք ինքներս մեզ այնպիսին, ինչպիսին կանք իրականում, և երբ նայում ենք հավերժության ոսպնյակի միջով, զուգորդված արդարությամբ, այն կարող է մեծացնել մեր ունակությունը, ուղղված երջանկության մեծ ծրագրի իրականացմանը։

Եվ այսպես, ի՞նչ եղավ իմ ընկերոջ հետ։ Դե, նա մասնակցեց դասերին և միացավ եկեղեցուն: Դրանից հետո նրա ընտանիքը Սիդնեյի Ավստրալիայի տաճարում կնքվեց ժամանակի և հավերժության համար։ Նա քիչ բանից հրաժարվեց, բայց ձեռք բերեց ամեն ինչ ունենալու նախադրյալ: Նա հասկացավ, որ կարող է շարունակել մեծարել իր պատմական անցյալը, հպարտանալ իր ծագումնաբանությամբ, ազգային երաժշտությամբ, պարով և գրականությամբ, կերակուրներով, իր երկրով և երկրի ժողովրդով: Նա գիտակցեց, որ խնդիր չկա՝ իր տեղական մշակույթի լավագույն դրսևորումները ներառելու բոլոր մշակույթներից մեծագույնում։ Նա հայտնաբերեց, որ իր հին կյանքից դեպի նորը բերելով այն, ինչը համահունչ է ճշմարտությանն ու արդարությանը, նպաստում է սրբերի հետ իր ընկերակցության ամրապնդմանը և երկնային համայնքում բոլորին միավորելուն։

Մենք բոլորս, իրոք, կարող ենք փայփայել մեր երկրային անհատական ​​մշակույթների լավագույն դրսևորումները և այնուհանդերձ լիարժեք մասնակիցը լինել բոլոր մշակույթներից հնագույնի՝ նախնական և վերջին, հավերժական մշակույթի, որը սերում է Հիսուս Քրիստոսի ավետարանից: Ի՜նչ հրաշալի ժառանգություն ունենք մենք։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մովսես 1.39։

  2. J. E. McCulloch, in Teachings of Presidents of the Church: David O. McKay (2011), 154.

  3. See Teachings of Presidents of the Church: George Albert Smith (2011), xxviii; Gordon B. Hinckley, “The Marvelous Foundation of Our Faith,” Liahona, Nov. 2002, 78–81.