Միավորել սրտերը արդարությամբ ու միությամբ
Մեր Եկեղեցու պատմության 200-ամյա այս հանգուցակետում, եկեք պարտավորվենք ապրել արդար և լինել միաբան՝ ինչպես երբեք նախկինում:
Արդարակեցությունն ու միաբանությունը շատ կարևոր են: 1 Երբ մարդիկ սիրում են Աստծուն իրենց ողջ սրտով և արդարացիորեն ձգտում են նմանվել Նրան, հասարակության մեջ ավելի քիչ հակառակություն և վեճեր են լինում: Եվ ավելի շատ միաբանություն է տիրում: Ես սիրում եմ մի իրական պատմություն, որը սրա վառ օրինակն է:
Երիտասարդ գեներալ Թոմաս Լ. Քեյնը, ով մեր հավատքից չէր, աջակցում և պաշտպանում էր Սրբերին, երբ նրանցից պահանջեցին հեռանալ Նավուից: Երկար տարիներ նա Եկեղեցու պաշտպանն էր: 2
1872 թվականին գեներալ Քեյնը, նրա շնորհալի կինը՝ Էլիզաբեթ Վուդ Քեյնը, և նրանց երկու որդիները Փենսիլվանիայի իրենց տնից ուղևորվեցին դեպի Սոլթ Լեյք Սիթի: Նրանք ուղեկցում էին Բրիգամ Յանգին և նրա պաշտոնակիցներին՝ դեպի Յուտայի Սենթ Ջորջ քաղաքը կատարվող գաղթի ընթացքում: Դեպի Յուտա իր առաջին այցի ժամանակ Էլիզաբեթը վերապահումով էր վերաբերվում կանանց: Նա զարմացավ որոշ բաների վրա, երբ իմացավ դրանց մասին: Օրինակ՝ նա պարզեց, որ Յուտայում ցանկացած մասնագիտություն, որով կինը կկարողանար ապրուստ վաստակել, հասանելի էր նրանց համար: 3 Նա նաև իմացավ, որ Եկեղեցու անդամները բարի ու հասկացող էին, և հարգանքով էին վերաբերվում բնիկ ամերիկացիներին: 4
Ուղևորության ընթացքում նրանք կանգ առան Ֆիլմորում՝ Թոմաս Ռ. և Մաթիլդա Ռոբինսոն Քինգերի տանը: 5
Էլիզաբեթը գրել է, որ երբ Մաթիլդան ուտելիք էր պատրաստում նախագահ Յանգի և նրա խմբի համար, հինգ ամերիկյան հնդկացիներ մտան սենյակ: Չնայած նրանց չէին հրավիրել, սակայն պարզ էր, որ նրանք ակնկալում էին միանալ խմբին: Քույր Քինգը նրանց հետ խոսում էր «նրանց բարբառով»: Նրանք նստել էին իրենց ծածկոցներով՝ հաճելի ժպիտը դեմքերին: Էլիզաբեթը հարցրեց Քինգի երեխաներից մեկին. «Ձեր մայրն ի՞նչ ասաց այդ մարդկանց»:
Մաթիլդայի որդին պատասխանեց. «Նա ասաց՝ այս մարդիկ առաջինն են եկել, և ես միայն նրանց համար եմ ուտելիք պատրաստել, բայց ձեր ուտելիքը կրակի վրա եփվում է հիմա, և ես կկանչեմ ձեզ, երբ այն պատրաստ լինի»:
Էլիզաբեթը հարցրեց. «Նա իրո՞ք կանի դա, թե ուղղակի նրանց կտա ուտելիքի մնացորդները խոհանոցի դռան մոտ»: 6
Մաթիլդայի որդին պատասխանեց. «Մայրիկը ուտելիք կմատուցի նրանց՝ ինչպես ձեզ, և տեղ կտա իր սեղանի շուրջը»:
Եվ նա այդպես էլ արեց, և «նրանք կերան կատարյալ պատշաճությամբ»: Էլիզաբեթը բացատրել է, որ այս հմուտ և գթասիրտ տանտիրուհու մասին ինքը հրաշալի կարծիք կազմեց: 7 Միասնությունն ամրապնդվում է, երբ մարդկանց վերաբերվում են արժանապատվությամբ և հարգանքով, նույնիսկ, եթե նրանք տարբեր են իրենց արտաքին բնութագրերով:
Որպես ղեկավարներ, մենք չենք ապրում պատրանքներով, թե անցյալում բոլոր հարաբերությունները կատարյալ էին, բոլորը Քրիստոսանման վարքագիծ ունեին, կամ բոլոր որոշումներն արդար էին: Սակայն մեր հավատքն ուսուցանում է, որ մենք բոլորս Երկնային Հոր զավակներն ենք, և երկրպագում ենք Նրան ու Նրա Որդի Հիսուս Քրիստոսին, ով մեր Փրկիչն է: Մենք ցանկանում ենք, որ մեր սրտերն ու մտքերը միավորվեն արդարությամբ և միությամբ, և մենք լինենք մեկ՝ Նրանց հետ: 8
Արդարությունը լայն, համապարփակ եզրույթ է, բայց այն, անշուշտ, ներառում է կենդանի Աստծո պատվիրանները: 9 Այն մեզ արժանի է դարձնում սրբազան արարողություններին, որոնք հաստատում են ուխտի արահետը և օրհնում են մեզ, որ Հոգին ուղղորդի մեր կյանքը: 10
Արդար լինելը կախված չէ նրանից, թե արդյոք մեզանից յուրաքանչյուրն այս պահին կունենա մեր կյանքի բոլոր օրհնությունները: Մենք կարող ենք ամուսնացած չլինել, օրհնված չլինել զավակներով կամ չունենալ ուրիշ ցանկալի օրհնություններ հիմա: Բայց Տերը խոստացել է, որ արդարները, ովքեր հավատարիմ են, «կարողանում են բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»: 11
Միաբանությունը նույնպես լայն, համապարփակ եզրույթ է, բայց անշուշտ, հանդիսանում է առաջին և երկրորդ մեծ պատվիրանների օրինակը՝ սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորներին: 12 Այն մատնանշում է Սիոնի ժողովրդին, ում սրտերն ու մտքերը «միավորված են միությամբ»: 13
Իմ ուղերձի համատեքստն է՝ հակադրությունը և դրա տված դասերը սուրբ գրություններում:
200 տարի է անցել այն օրից, երբ Հայրն ու Իր Որդին առաջին անգամ հայտնվեցին և սկսեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը 1820 թվականին: Մորմոնի Գրքի 4-րդ Նեփիում նկարագրված պատմությունը ներառում է նմանատիպ 200-ամյա ժամանակաշրջան այն բանից հետո, երբ Փրկիչը հայտնվեց և հիմնեց Իր Եկեղեցին հնադարյան Ամերիկայում:
Պատմական գրանցումը, որը մենք կարդում ենք 4-րդ Նեփիում, նկարագրում է մի ժողովրդի պատմություն, որտեղ չկային նախանձություններ, պայքարներ, խլրտումներ, պոռնկություններ, ստախոսություններ, սպանություններ, ոչ էլ որևէ ձևի հեշտասիրություն: Հիշատակարանն ասում է, որ այս արդարակեցության շնորհիվ. «անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով»։ 14
Միաբանության վերաբերյալ 4-րդ Նեփիի գլխում կարդում ենք. «Չկար ոչ մի հակառակություն երկրում Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում»: 15
Ցավոք, 4-րդ Նեփիի գլխում այնուհետև նկարագրվում է մի կտրուկ փոփոխություն, որը սկսվեց «երկու հարյուր և մեկերորդ տարում», 16 երբ անօրինությունն ու պառակտումը քայքայեցին արդարությունն ու միաբանությունը: Հետագայում ամբարշտությունն այնքան խորացավ, որ ի վերջո, մեծ մարգարե Մորմոնը ողբալով գանգատվում է իր որդուն.
«Բայց ա՜խ, որդի՛ս, ի՞նչպես կարող է այդպիսի մի ժողովուրդ, որի բերկրանքն այդքան շատ պղծության մեջ է:
Ի՞նչպես կարող ենք մենք սպասել, որ Աստված ետ կպահի իր ձեռքը մեր դեմ դատաստանում»: 17
Չնայած այս տնտեսությունում մենք ապրում ենք հատուկ ժամանակում, սակայն աշխարհը չի օրհնվել արդարությամբ ու միաբանությամբ, որը նկարագրված է 4-րդ Նեփիի գլխում: Հիրավի, մենք ապրում ենք ուժեղ պառակտումների մի հատուկ ժամանակաշրջանում: Սակայն միլիոնավոր մարդիկ, ովքեր ընդունել են Հիսուս Քրիստոսի ավետարանը, պարտավորվել են հասնել արդարության և միաբանության: Մենք բոլորս տեղյակ ենք, որ կարող ենք ավելին անել, և սա է մեր այսօրվա մարտահրավերը: Մենք կարող ենք լինել այն ուժը, որը կլավացնի և կօրհնի հասարակությունը՝ որպես մեկ ամբողջություն: Մեր Եկեղեցու պատմության 200-ամյա այս հանգուցակետում, որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ, եկեք ապրենք արդար և լինենք միաբան՝ ինչպես երբեք նախկինում: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը խնդրել է մեզ «ցուցադրել ավելի մեծ բարեկրթություն, ռասայական և էթնիկական ներդաշնակություն, ինչպես նաև փոխադարձ հարգանք»: 18 Սա նշանակում է՝ սիրել միմյանց և Աստծուն, ընդունել բոլորին՝ որպես եղբայրներ և քույրեր, և իսկապես լինել Սիոնի ժողովուրդ:
Մենք կարող ենք միասնության օազիս լինել և ընդունել բազմազանությունը մեր համապարփակ վարդապետությունով։ Միասնությունն ու բազմազանությունը հակադրություններ չեն: Մենք կարող ենք հասնել ավելի մեծ միասնության, երբ հավասարության և հարգանքի մթնոլորտ խթանենք բազմազանության հանդեպ: 15 տարի ես ծառայել եմ Կալիֆորնիա Սան Ֆրանցիսկո ցցի նախագահությունում և մենք ունեցել ենք իսպաներենով, թոնգերենով, սամոերենով, թագալոգ և մանդարին լեզուներով խոսող համայնքներ: Մեր անգլախոս ծխերը կազմված էին տարբեր ռասայական և մշակութային ծագում ունեցող մարդկանցից: Կար սեր, արդարություն և միասնություն:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ծխերն ու ճյուղերը որոշվում են աշխարհագրական տեղակայումով և տեղի լեզվով, 19 այլ ոչ թե ռասայով և մշակույթով։ Ռասան չի նշվում անդամության գրանցումներում:
Մորմոնի Գրքի սկզբում՝ Քրիստոսի ծննդից մոտ 550 տարի առաջ, մեզ ուսուցանվում է այն հիմնարար պատվիրանը, որը վերաբերում է Երկնային Հոր զավակների միջև հարաբերություններին: Բոլորը պետք է պահեն Տիրոջ պատվիրանները, բոլորն են հրավիրվում ճաշակել Տիրոջ բարությունից. «Եվ նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին. և նա հիշում է հեթանոսներին. և բոլորը նույնն են Աստծո համար՝ թե՛ հրեան, թե՛ հեթանոսը»: 20
Փրկիչի ծառայությունն ու ուղերձը հետևողականորեն հայտարարում են, որ բոլոր ցեղերն ու մաշկի տարբեր գույն ունեցողներն Աստծո զավակներ են: Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք: Մեր վարդապետությունից իմանում ենք, որ Վերականգնումը հյուրընկալող երկրում՝ միացյալ Նահանգներում, Մ. Ն.-ի սահմանադրությունը 21 և առնչվող փաստաթղթերը, 22 որոնք գրվել են անկատար մարդկանց կողմից, ոգեշնչված են եղել Աստծո կողմից, որպեսզի օրհնեն բոլոր մարդկանց: Ինչպես կարդում ենք Վարդապետություն և Ուխտերում, այս փաստաթղթերը պետք է «հաստատվեն և պահպանվեն՝ ամեն մարմնի, իրավունքների ու պաշպանության համար, համաձայն արդար և սուրբ սկզբունքների»: 23 Այս սկզբունքներից երկուսը բարոյական կամքի ազատությունն ու պատասխանատվությունն էին մեր իսկ մեղքերի համար: Տերը հայտարարել է.
«Հետևաբար, արդարացի չէ, որ մի մարդ մեկ ուրիշի գերության տակ լինի:
Եվ այդ նպատակով եմ ես հաստատել այս երկրի Սահմանադրությունը, իմաստուն մարդկանց ձեռքով, որոնց ես բարձրացրել եմ հենց այդ նպատակի համար, և արյուն թափելով փրկագնել եմ երկիրը»: 24
Այս հայտնությունը ստացվեց 1833 թ.-ին, երբ Միսսուրիի Սրբերը ծանր հալածանքների էին ենթարկվում: Վարդապետություն և Ուխտեր 101 բաժնի վերնագրի մեջ մասամբ ասվում է. «Ամբոխները նրանց դուրս էին հանել Ջեքսոն գավառի իրենց տներից:… Մահվան շատ սպառնալիքներ կային Եկեղեցու անհատ անդամների հանդեպ»: 25
Սա լարվածության ժամանակ էր մի քանի առումներով: Միսսուրիի բնակիչներից շատերը բնիկ ամերիկացիներին համարում էին անողոք թշնամի և ցանկանում էին, որ նրանք հեռացվեն երկրից: Բացի այդ, Միսսուրիի վերաբնակիչներից շատերը ստրկատերեր էին և սպառնալիք էին զգում նրանց կողմից, ովքեր դեմ էին ստրկությանը:
Ի տարբերություն դրա՝ մեր վարդապետությունը հարգում էր բնիկ ամերիկացիներին, և մենք ցանկանում էինք նրանց սովորեցնել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ինչ վերաբերում է ստրկությանը, մեր սուրբ գրությունները հստակեցրել են, որ ոչ մի մարդ մեկ ուրիշի գերության տակ չպետք է լինի: 26
Ի վերջո, Սրբերը բռնությամբ դուրս քշվեցին Միսսուրիից, 27 իսկ հետո հարկադրաբար տեղափոխվեցին դեպի Արևմուտք: 28 Սրբերը բարգավաճեցին և գտան այն խաղաղությունը, որն ուղեկցում է արդարությանը, միասնությանը և Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելուն:
Ուրախանում եմ Հովհաննեսի ավետարանում արձանագրված Փրկիչի բարեխոսական աղոթքով: Փրկիչը խոստովանեց, որ Հայրն ուղարկել էր Իրեն, և որ Ինքը՝ Փրկիչը, ավարտել էր այն գործը, որի համար Ինքն ուղարկվել էր: Հետո Նա աղոթեց Իր աշակերտների և նրանց համար, ովքեր կհավատան Քրիստոսին. «Որ ամենքը մեկ լինեն, ինչպես դու, Հայր, ինձանում, և ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մեկ լինեն»: 29 Միասնությունն այն է, ինչի համար Քրիստոսն աղոթեց՝ նախքան Իրեն կդավաճանեին ու կխաչեին:
Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման առաջին տարում, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտերի 38-րդ բաժնում, Տերը խոսում է պատերազմների և ամբարշտության մասին և հայտարարում է. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»: 30
Մեր եկեղեցու մշակույթը ծագում է Հիսուս Քրիստոսի ավետարանից: Հռոմեացիներին ուղղված Պողոս առաքյալի նամակը շատ խորիմաստ է: 31 Հռոմի վաղ շրջանի եկեղեցին բաղկացած էր հրեաներից և հեթանոսներից: Այս վաղեմի հրեաներն ունեին հուդայական մշակույթ և «նվաճեցին իրենց ազատությունը, սկսեցին բազմանալ և ծաղկել»: 32
Հռոմի հեթանոսների մշակույթն իր վրա զգալիորեն կրում էր հելլենիստական ազդեցությունը, որը Պողոս Առաքյալը լավ հասկացել էր Աթենքում և Կորնթոսում իր ունեցած փորձառությունների շնորհիվ:
Պողոսը համապարփակ ձևով ներկայացնում է Հիսուս Քրիստոսի ավետարանը: Նա ժամանակագրում է ինչպես հուդայականության, այնպես էլ հեթանոսական մշակույթի համապատասխան կողմերը, 33 որոնք հակասում են Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանին: Ըստ էության, նա խնդրում է նրանցից յուրաքանչյուրին թողնել իրենց հավատալիքների և մշակույթների մշակութային խոչընդոտները, որոնք չեն համապատասխանում Հիսուս Քրիստոսի ավետարանին: Պողոսը հրեաներին և հեթանոսներին հորդորում է պահել պատվիրանները, սիրել միմյանց և, հաստատում է, որ արդարությունը տանում է դեպի փրկություն: 34
Հիսուս Քրիստոսի ավետարանի մշակույթը հեթանոսական կամ հուդայական մշակույթ չէ: Այն չի որոշվում մաշկի գույնով կամ բնակության վայրով: Չնայած մենք ուրախանում ենք տարբեր մշակույթներով, մենք պետք է շրջանցենք այդ մշակույթների այն տիրույթները, որոնք հակասում են Հիսուս Քրիստոսի ավետարանին: Մեր անդամները և նորադարձները հաճախ ունեն տարբեր ռասայական և մշակութային ծագում: Եթե մենք հետևենք Նախագահ Նելսոնի հորդորին՝ հավաքելով ցրված Իսրայելը վարագույրի երկու կողմերում, ապա կտեսնենք, որ մենք նույնքան տարբեր ենք, որքան հրեաներն ու հեթանոսները Պողոսի ժամանակներում: Այնուամենայնիվ, մենք կարող ենք միավորված լինել Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրո և հավատի մեջ: Պողոսի նամակը հռոմեացիներին հաստատում է այն սկզբունքը, որ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի մշակույթին և վարդապետությանը: Դա մեզ համար օրինակ է նույնիսկ այսօր: 35 Տաճարային արարողությունները մեզ միավորում են հատուկ ձևերով և թույլ են տալիս մեզ լինել մեկ՝ հավերժական առանձնահատուկ ձևով:
Մենք պատվում ենք մեր ռահվիրա անդամներին ամբողջ աշխարհում ոչ թե այն պատճառով, որ նրանք կատարյալ էին, այլ այն պատճառով, որ նրանք հաղթահարեցին դժվարությունները, կատարեցին զոհաբերություններ, ձգտեցին լինել Քրիստոսանման, հավատ կառուցել և մեկ լինել Փրկիչի հետ: Փրկիչի հետ միասնությունը նրանց մեկ դարձրեց միմյանց հետ: Այս սկզբունքը այսօր ճիշտ է իմ և ձեզ համար:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին ուղղված հստակ կոչն է՝ ձգտել լինել Սիոնի ժողովուրդ, ովքեր մեկ սրտի և մեկ մտքի են, և բնակվում են արդարության մեջ: 36
Ես աղոթում եմ, որ մենք արդար և միավորված լինենք, և ամբողջովին կենտրոնանք մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին ծառայելու և երկրպագելու վրա, որի մասին ես վկայում եմ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։