Գերագույն համաժողով
Թաքնված կրակի շարժումները
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Թաքնված կրակի շարժումները

Աստված լսում է մեր բոլոր աղոթքները և պատասխանում է դրանցից յուրաքանչյուրին՝ համաձայն այն ուղու, որը Նա նախանշել է մեր կատարելության համար:

Եղբայրներ և քույրեր, ես ցավալի դաս եմ քաղել այն պահից, երբ վերջին անգամ ելույթ եմ ունեցել այս ամբիոնից 2022 թվականի հոկտեմբերին: Դասը հետևյալն է. եթե ելույթն ընդունելի չէ, քեզ կարող են արգելել ելույթ ունենալ հաջորդ մի քանի համաժողովներում: Նկատո՞ւմ եք, որ այս նիստի առաջին ելույթը իմն է։ Դուք չեք կարող տեսնել, որ բեմի վրա իմ մնալը մազից է կախված: Եթե այս ելույթը հաջող չանցնի, ես ձեզ չեմ տեսնի ևս մի քանի համաժողովի ընթացքում։

Միանալով այս գեղեցիկ երգչախմբին և այդ գեղեցիկ օրհներգի ոգով, ես վերջերս սովորեցի դասեր, որոնք, Տիրոջ օգնությամբ, ցանկանում եմ կիսել ձեզ հետ այսօր: Սա կլինի մի շատ անձնական ելույթ։

Այս բոլոր վերջին փորձառություններից ամենից անձնականն ու ցավոտը եղել է իմ սիրելի կնոջ՝ Փաթի մահը: Նա ամենահրաշալի կինն էր, որին ես երբևէ ճանաչել եմ. կատարյալ կին էր և մայր, չեմ նշում նույնիսկ նրա մաքրությունը, արտահայտվելու շնորհը և հոգևորությունը: Նա մի անգամ ելույթ ունեցավ, որի վերնագիրն էր՝ «Իրագործեք ձեր ստեղծման նպատակը»։ Ինձ թվում է, որ նա իր ստեղծման նպատակն ավելի հաջող կատարեց, քան որևէ մեկը կարող էր երազել։ Նա լիովին նվիրված էր Աստծուն և Քրիստոսին։ Ես տղամարդկանցից ամենաբախտավորն էի, որ նրա հետ անցկացրի իմ կյանքի 60 տարիները: Եթե ես արժանի մնամ մեր կնքմանը, նշանակում է, որ ես կարող եմ հավերժությունն անցկացնել նրա հետ:

Մեկ այլ փորձառություն տեղի ունեցավ կնոջս թաղումից 48 ժամ անց: Այդ ժամանակ ինձ շտապ տեղափոխեցին հիվանդանոց՝ ծանր առողջական վիճակով։ Այնուհետև, հիվանդանոցում մնալու վեց շաբաթներից առաջին չորսը պարբերաբար անցկացրի վերակենդանացման բաժանմունքում և անգիտակից վիճակում:

Չեմ հիշում հիվանդանոցում անցկացրած այդ առաջին օրերը։ Այն, ինչ հիշում եմ, հիվանդանոցից դուրս իմ ճամփորդությունն էր՝ դեպի թվացյալ հավերժության սահմանը: Ես չեմ կարող ամբողջությամբ խոսել այդ փորձառության մասին այստեղ, բայց կարող եմ ասել, որ ստացածի մի մասը այն հորդորն էր, կամ քաջալերանքը, որ վերադառնամ իմ ծառայությանն ավելի հրատապությամբ, ավելի նվիրումով, ավելի շատ կենտրոնանալով Փրկչի վրա և ավելի շատ հավատքով՝ Նրա խոսքի հանդեպ:

Ես զգում էի, որ անձամբ ինձ համար ստանում էի այն հայտնությունը, որը գրեթե 200 տարի առաջ տրվել էր Տասներկուսին։

«Դու պետք է վկայես իմ անվան մասին, … և դու պետք է առաջ ուղարկես իմ խոսքը մինչև աշխարհի ծայրերը։ ․․․

․․․ առավոտից-առավոտ. և թող քո զգուշացնող ձայնն առաջ գնա օրեցօր. և երբ գիշերը գալիս է, մի թող որ երկրի բնակիչները քուն մտնեն քո խոսքի պատճառով ․․․

Վեր կացեք[,]… վերցրեք ձեր խաչը ,[և] հետևեք ինձ»։

Իմ սիրելի քույրեր և եղբայրներ, այդ փորձառությունից ի վեր ես փորձել եմ վերցնել իմ խաչը ավելի ջանասիրաբար, ավելի մեծ վճռականությամբ հասկանալ, թե որտեղ կարող եմ բարձրացնել իմ առաքելական ձայնը՝ թե ջերմ և թե նախազգուշացնող ձայնը՝ առավոտյան, ցերեկը և գիշերը:

Դա ինձ բերում է երրորդ ճշմարտությանը, որը ստացա կորստի, հիվանդության և նեղության այդ ամիսներին: Դա մի նոր վկայություն էր և անսահման երախտագիտություն այն վճռական աղոթքների՝ ձեր աղոթքների համար, որոնք ասվել են ինձ համար։ Ես հավերժ երախտապարտ կլինեմ այն հազարավոր մարդկանց աղերսների համար, որոնք, ինչպես աղոթող այրին, բազմիցս խնդրեցին դրախտի միջամտությունը՝ հանուն ինձ: Ես քահանայության օրհնություններ ստացա և տեսա, որ իմ ավագ դպրոցի դասարանը ծոմ էր պահում ինձ համար, ինչպես նաև Եկեղեցու մի քանի պատահական ծխեր: Եվ իմ անունը, ըստ երևույթին, գտնվում էր Եկեղեցու գրեթե բոլոր տաճարների աղոթագրքերում:

Այս ամենի համար իմ խորին երախտագիտությամբ՝ ես միանում եմ Գ. Կ. Չեստերթոնին, ով մի անգամ ասել է, որ «շնորհակալությունը մտքի բարձրագույն դրսևորումն է, իսկ … երախտագիտությունը հրաշքից բազմապատկված երջանկությունն է»: Իմ՝ «հրաշքից բազմապատկված երջանկությամբ», ես շնորհակալ եմ բոլորիդ և շնորհակալ եմ իմ Երկնային Հորը, ով լսեց ձեր աղոթքները և օրհնեց իմ կյանքը:

Եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ Աստված լսում է մեր բոլոր աղոթքները և պատասխանում է դրանցից յուրաքանչյուրին՝ համաձայն այն ուղու, որը Նա նախանշել է մեր կատարելության համար: Ես գիտակցում եմ, որ մոտավորապես միևնույն ժամանակ շատերն էին աղոթում իմ առողջության վերականգնման համար, նույն թվով մարդիկ, ներառյալ ես, աղոթում էինք կնոջս առողջության վերականգնման համար: Ես վկայում եմ, որ այդ երկու աղոթքներն էլ լսվել են և պատասխան ստացել կարեկցող Երկնային Հոր կողմից, նույնիսկ, եթե Փաթի համար ասված աղոթքները չստացան այն պատասխանը, որը ես էի խնդրում: Միայն Աստծուն է հայտնի, թե ինչու են աղոթքները այլ պատասխան ունենում, քան մենք ակնկալում ենք, բայց ես խոստանում եմ, որ Աստված դրանք լսում է, և պատասխանում՝ ըստ Իր անմնացորդ սիրո և տիեզերական ժամանակացույցի:

Եթե մենք «անտեղի չենք խնդրում», ապա սահմանափակումներ չկան, թե երբ, որտեղ կամ ինչի մասին պետք է աղոթենք: Ըստ հայտնությունների՝ մենք պետք է «միշտ աղոթենք»: Մենք պետք է աղոթենք, ասաց Ամուղեկը, «նրանց համար, ովքեր ձեր շրջապատում են»՝ հավատալով, որ «արդար [մարդկանց] աղոթքը ավելի ուժեղ է ներգործում»: Մեր աղոթքները պետք է հնչեղ լինեն, երբ մենք մենակ ենք և կարող ենք ձայնով աղոթել: Եթե դա հնարավոր չէ, ապա դրանք պետք է լուռ ասվեն մեր սրտերում: Մենք երգում ենք, որ աղոթքները «թաքնված կրակի շարժումներ են», որոնք միշտ Փրկչի օրինակով պետք է մատուցվեն Հավերժական Հայր Աստծուն՝ Իր Միածին Որդու անունով:

Իմ սիրելի ընկերներ, մեր աղոթքները մեր ամենանվիրական պահերն են, մեր «անկեղծ փափագը», մեր ամենապարզ, ամենամաքուր երկրպագության ձևը: Մենք պետք է աղոթենք անհատապես, մեր ընտանիքներում և ամեն մեծության ժողովներում: Մենք պետք է օգտագործենք աղոթքը որպես վահան գայթակղության դեմ, եթե ինչ-որ ժամանակ մենք զգում ենք, որ չպետք է աղոթենք, կարող ենք վստահ լինել, որ երկմտանքը չի գալիս Աստծուց, ով ցանկանում է բոլոր ժամանակներում շփվել Իր զավակների հետ: Իսկապես, աղոթելուց հետ պահելու որոշ ջանքեր անմիջապես գալիս են հակառակորդից: Երբ մենք չգիտենք, թե ինչպես կամ հատուկ ինչի համար պետք է աղոթենք, մենք պետք է սկսենք և շարունակենք, մինչև Սուրբ Հոգին առաջնորդի մեզ դեպի այն աղոթքը, որը մենք պետք է ասենք: Այս մոտեցումը կարող ենք կիրառել այն ժամանակ, երբ աղոթում ենք մեր թշնամիների և նրանց համար, ովքեր չարակամորեն շահագործում են մեզ:

Ի վերջո, մենք կարող ենք նայել Փրկչի օրինակին, ով այդքան հաճախ էր աղոթում: Բայց ինձ համար միշտ հետաքրքիր է եղել այն փաստը, որ Հիսուսը աղոթելու կարիք է զգացել: Մի՞թե Նա կատարյալ չէր: Ինչի՞ համար Նա պետք է աղոթեր: Ես հասկացա, որ մեզ նման Նա նույնպես ցանկանում էր «փնտրել [Հոր] դեմքը, հավատալ նրա խոսքին և վստահել նրա շնորհին»: Ժամանակ առ ժամանակ Նա նահանջում էր հասարակությունից՝ մենակ մնալու համար, նախքան Իր աղոթքներով երկինքներին դիմելը: Ուրիշ անգամներ Նա աղոթում էր մի քանիսի շրջապատում: Այնուհետև Նա դիմում էր երկինքներին բազմությունների անունից, որոնք կարող էին գրավել բլրի լանջը: Երբեմն աղոթքը փառաբանում էր Նրա հագուստը: Երբեմն այն փառաբանում էր Նրա դեմքը: Երբեմն Նա աղոթում էր կանգնած, երբեմն էլ ծնկի իջած, և գոնե մեկ անգամ Նա աղոթել է երեսնիվայր:

Ղուկասը Հիսուսի մաքառումների մասին ասել է, որ նրանից պահանջվեց «ավելի եռանդուն» աղոթել: Նա, ով կատարյալ էր, ինչպե՞ս էր ավելի եռանդուն աղոթում։ Մենք ենթադրում ենք, որ Նրա բոլոր աղոթքները եռանդուն էին, սակայն Իր քավիչ զոհաբերությունը կատարելիս և ցավի միջով անցնելիս, որը հասանելի է ամենքին և ամենուր, Նա զգաց, որ պետք է աղոթի ավելի մեծ աղաչանքով, երբ Իր զոհաբերության արդյունքում արյուն էր կաթում յուրաքանչյուր ծակոտիից:

Մահվան դեմ Քրիստոսի հաղթանակի և մահկանացու կյանքում ինձ տրված մեկ շաբաթ կամ ամիսներ ապրելու պարգևի համատեքստում՝ ես հանդիսավոր վկայում եմ, որ հավերժական կյանքը իրականություն է և, որ մեզ անհրաժեշտ է լուրջ պատրաստվել դրան:

Ես վկայում եմ, որ երբ Քրիստոսը գա, Նա կճանաչի մեզ, ոչ թե որպես մկրտության խունացած գրանցումների մեջ նշված անվանական անդամների, այլ որպես հիմնովին նվիրված, հավատարմորեն հավատացող, ուխտը պահող աշակերտների: Սա հրատապ խնդիր է բոլորիս համար, որպեսզի երբևէ չլսենք կործանարար ափսոսանքով. «Ես երբեք չեմ ճանաչել քեզ» կամ, ինչպես Ջոզեֆ Սմիթը թարգմանեց այդ արտահայտությունը. «[Դուք] երբեք ինձ չեք ճանաչել»:

Բարեբախտաբար, մենք ունենք օգնություն այս առաջադրանքը կատարելու համար՝ շատ օգնություն: Մենք պետք է հավատանք հրեշտակներին և հրաշքներին և սուրբ քահանայության խոստումներին: Մենք պետք է հավատանք Սուրբ Հոգու պարգևին, լավ ընտանիքների և ընկերների ազդեցությանը և Քրիստոսի մաքուր սիրո զորությանը: Մենք պետք է հավատանք հայտնությանը և մարգարեներին, տեսանողներին և հայտնողներին և Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին: Մենք պետք է հավատանք, որ աղոթքների, աղաչանքների և անձնական արդարակեցության շնորհիվ մենք իսկապես կարող ենք իջնել «Սիոն սարը, ․․․ կենդանի Աստծո քաղաքը՝ երկնային վայրը՝ ամենասրբագույնը»:

Եղբայրներ և քույրեր, երբ մենք ապաշխարենք մեր մեղքերից և համարձակորեն գանք դեպի այդ «շնորհի գահը», ողորմալով և սրտանց աղաչելով Նրան, մենք կգտնենք ողորմություն, կարեկցանք և ներում մեր Հավիտենական Հոր և Նրա հնազանդ ու կատարելապես մաքուր Որդու բարեհոգի ձեռքերում։ Այնուհետև Հոբի և բոլոր մաքրված հավատացյալների հետ մենք կտեսնենք մի աշխարհ՝ «չափազանց սքանչելի»՝ հասկանալու համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Տպել