Պտուղ, որը մնում է
Սուրբ Հոգով մեր արարողությունների կնքումը էական է, եթե մենք ցանկանում ենք ունենալ խոստացված օրհնությունները ողջ հավերժության համար։
Փոքր տարիքում սիրում էի թարմ, հասած դեղձ ուտել։ Մինչ օրս հյութալի, հասած դեղձը կծելու մտքից բերանումս ջուր է հավաքվում։ Երբ լիովին հասունացած դեղձը քաղում են, կարելի է պահել 2-4 օր, որից հետո դեղձը փչանում է։ Ես լավ հիշողություններ ունեմ այն օրերի մասին, երբ մորս և իմ քույր-եղբայրների հետ մեր խոհանոցում պահուսատվորում էինք հավաքած դեղձերը գալիք ձմռան համար՝ դրանք փակելով շշերի մեջ: Եթե մենք ճիշտ պահեինք դեղձը, ապա այդ համեղ միրգը մի քանի տարի կմնար, և չէր փչանա երկու կամ չորս օրից: Պատշաճ նախապատրաստման և տաքացման դեպքում պտուղը կարելի է պահել այնքան, քանի դեռ կնիքը չի բացվել։
Քրիստոսը մեզ ուղղորդեց «գնա[լ] և պտղաբերե[լ], ու ձեր պտուղը մնա»: Բայց նա չէր խոսում դեղձի մասին: Նա խոսում էր Իր զավակներին տրված Աստծո օրհնությունների մասին: Եթե մենք Աստծո հետ ուխտեր ենք կապում ու պահում, ապա մեր ուխտերի հետ կապված օրհնությունները կարող են տարածվել այս կյանքից հետո և կնքվել մեզ վրա կամ պահպանվել հավիտյան՝ դառնալով պտուղ, որը մնում է հավիտյան։
Սուրբ Հոգին, լինելով Խոստումի Սուրբ Հոգու Իր աստվածային դերում, կկնքի յուրաքանչյուր արարողություն նրանց վրա, ովքեր հավատարիմ են իրենց ուխտերին, որպեսզի դրանք վավերական լինեն մահկանացու կյանքից հետո: Սուրբ Հոգով մեր արարողությունների կնքումը էական է, եթե մենք ցանկանում ենք ունենալ խոստացված օրհնությունները ողջ հավերժության համար՝ դառնալով պտուղ, որը մնում է:
Սա հատկապես կարևոր է, եթե մենք ցանկանում ենք վեհանալ։ Ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել. «Մենք պետք է սկսենք՝ մտքում ունենալով վերջնական նպատակը: Անշուշտ, մեզանից յուրաքանչյուրի համար «նպատակը», որին մենք ամենից շատ կցանկանայինք հասնել, մեր ընտանիքների հետ հավերժ ապրելն է վեհացած մի վիճակում, որտեղ մենք կլինենք Աստծո, մեր Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ»: Նախագահ Նելսոնը նաև ասել է. «Սելեստիալ ամուսնությունը հավերժական կյանքի նախապատրաստության առանցքային մասն է: Այն պահանջում է, որ մարդ ամուսնանա ճիշտ մարդու հետ, ճիշտ վայրում, ճիշտ իշխանությամբ և հավատարմորեն հնազանդվի այդ սրբազան ուխտին: Այդ դեպքում մարդը կարող է համոզված լինել Աստծո արքայության մեջ վեհացում ձեռք բերելու հարցում»:
Որո՞նք են վեհացման օրհնությունները: Դրանց թվում են հավերժական կյանքը Աստծո ներկայության մեջ միասին՝ որպես ամուսին և կին, ժառանգելու «գահեր, թագավորություններ, իշխանություններ, և զորություններ ․․․ և սերունդների շարունակությունը հավիտյանս հավիտենից» և ստանալու այն ամենը, ինչ Հայր Աստված ունի:
Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով հայտնել է.
«Սելեստիալ փառքի մեջ կա երեք երկինք կամ աստիճան.
Եվ ամենաբարձրին հասնելու համար մարդ պետք է մտնի քահանայության այս կարգի մեջ [որն է՝ ամուսնության նոր և հավիտենական ուխտը].
Եվ եթե նա չմտնի, չի կարող հասնել դրան:
Նա կարող է մտնել մեկ ուրիշը, բայց դա նրա թագավորության վերջն է. նրա աճը չի շարունակվի»։
Այստեղից սովորում ենք, որ կարելի է լինել սելեստիալ արքայությունում, կամ ապրել Աստծո ներկայության մեջ և ամուրի լինել: Բայց սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանին հասնելու համար պետք է ամուսնանալ համապատասխան իշխանության միջոցով և այնուհետև հավատարիմ մնալ այդ ամուսնության մեջ կնքված ուխտերին: Երբ մենք հավատարիմ ենք այդ ուխտերին, խոստումի Սուրբ Հոգին կարող է կնքել մեր ամուսնական ուխտը: Նման կնքված օրհնությունները դառնում են «պտուղ, որը մնում է»։
Ի՞նչ է պահանջվում ամուսնության նոր և հավիտենական ուխտը հավատարմորեն պահելու համար:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ կան երկու տեսակի կապեր, երբ մենք մտնում ենք այս հավերժական ամուսնական ուխտի մեջ՝ հորիզոնական կապ ամուսնու և կնոջ միջև և ուղղահայաց կապ Աստծո հետ: Որպեսզի վեհացման օրհնությունները կնքվեն մեզ վրա և մնան այս կյանքից հետո, մենք պետք է հավատարիմ լինենք ուխտի ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց կապերին:
Ձեր կողակցի հետ հորիզոնական կապը պահպանելու համար Աստված մեզ խորհուրդ է տվել․ «սիրել [ձեր] կնոջը [կամ ամուսնուն ձեր] ողջ սրտով ու … հարել նրան և ուրիշ ոչ մեկի»: Նրանց համար, ովքեր ամուսնացած են, հարել ամուսնուն և ուրիշ ոչ մեկին նշանակում է, որ դուք սիրով խորհուրդ եք անում միասին, սիրում և հոգ տանում եք միմյանց մասին, ձեր կողակցի հետ անցկացրած ժամանակը գերադասում եք արտաքին շահերից, և Աստծուն խնդրում եք օգնել ձեզ հաղթահարելու ձեր թուլությունները։ Դա նաև նշանակում է, որ ձեր ամուսնությունից դուրս որևէ մտերմություն կամ սեռական հարաբերություններ չեն կարող լինել՝ ներառյալ սիրախաղը, ժամադրությունը, և պոռնոգրաֆիկ նյութերի օգտագործումը, որն առաջացնում է կիրք:
Հորիզոնական կապը այդ ուխտի մեջ պահպանելու համար յուրաքանչյուր զուգընկեր պետք է ցանկանա լինել ամուսնացած: Նախագահ Դալլին Հ. Օուքսը վերջերս ուսուցանել է. «Մենք նաև գիտենք, որ Նա ոչ մեկին չի ստիպի կնքման կապեր ստեղծել իրենց կամքին հակառակ: Կնքման միջոցով ստեղծված այդ հարաբերությունների օրհնությունները երաշխավորված են բոլոր նրանց, ովքեր պահում են իրենց ուխտերը, բայց երբեք կնքումը չեն պարտադրի մեկ այլ անձի, որն անարժան է կամ չի ցանկանում դա»։
Ո՞րն է ուղղահայաց կապը, որի մասին վկայակոչել է նախագահ Նելսոնը: Ուղղահայաց կապն այն կապն է, որը մենք ստեղծում ենք Աստծո հետ:
Աստծո հետ ուղղահայաց կապը պահպանելու համար մենք պետք է հավատարիմ մնանք տաճարային ուխտերին, որոնք մենք կապել ենք՝ հնազանդության, զոհաբերության, ավետարանի, մաքրաբարոյության և նվիրաբերման օրենքների վերաբերյալ: Մենք նաև ուխտ ենք կապում Աստծո հետ՝ ընդունելու մեր հավերժական զուգընկերոջը և լինել արդար կողակից ու ծնող: Երբ մենք պահպանում ենք ուղղահայաց կապը, մենք արժանանում ենք Աբրահամի ուխտի միջոցով Աստծո ընտանիքի մասը կազմելու օրհնություններին, ներառյալ՝ սերունդների, ավետարանի և քահանայության օրհնություններին: Այդ օրհնությունները նույնպես այն պտուղն են, որը մնում է:
Թեև մենք հուսով ենք, որ բոլոր նրանք, ովքեր մտնում են նոր և հավիտենական ուխտի մեջ, կմնան հավատարիմ և կունենան օրհնությունները կնքված իրենց վրա ամբողջ հավերժության համար, երբեմն այդ նպատակը մեզ անհասանելի է թվում: Իմ ծառայության ընթացքում ես հանդիպել եմ անդամների, որոնք ուխտեր են կապել և պահել, բայց նրանց կողակիցը՝ ոչ: Կան նաև այնպիսի մարդիկ, որոնք ամուրի են, քանի որ երբեք հնարավորություն չեն ունեցել ամուսնանալ մահկանացու կյանքում։ Եվ կան այնպիսիք, որոնք հավատարիմ չեն իրենց ամուսնական ուխտերին: Ի՞նչ է պատահում անհատների հետ այս հանգամանքներից յուրաքանչյուրում:
-
Եթե դուք հավատարիմ մնաք այն ուխտերին, որոնք կնքել եք օժտում ստանալիս, դուք կստանաք անձնական օրհնությունները, որոնք խոստացվել են ձեզ օժտման ժամանակ, նույնիսկ, եթե ձեր կողակիցը խախտել է իր ուխտերը կամ հրաժարվել է ամուսնությունից: Եթե դուք կնքվել եք և հետագայում ամուսնալուծվել, և եթե ձեր կնքումը չեղյալ չի հայտարարվել, ապա այդ կնքման անձնական օրհնությունները ձեզ համար ուժի մեջ կմնան, եթե դուք հավատարիմ մնաք:
Երբեմն դավաճանության և վիրավորական անկեղծ զգացումների պատճառով, հավատարիմ կողակիցը գուցե ցանկանա չեղարկել կնքումը իր անհավատարիմ կողակցի հետ, որպեսզի հնարավորինս հեռանա նրանից, ինչպես երկրի վրա, այնպես էլ հավերժության մեջ: Եթե դուք մտահոգված եք, որ ինչ-որ կերպ կապված կմնաք չապաշխարող նախկին կողակցի հետ, հիշեք, որ դա այդպես չէ: Աստված ոչ մեկից չի պահանջի, որ իր կամքին հակառակ մնա կնքված հարաբերությունների մեջ ամբողջ հավերժության ընթացքում: Երկնային Հայրն այնպես կանի, որ մենք ստանանք բոլոր այն օրհնությունները, որոնք ցանկանում ենք և ընտրում ենք:
Սակայն, եթե կնքման չեղարկումը ցանկալի է, կամքի ազատությունը հարգվում է: Պետք է հետևել որոշ ընթացակարգերի: Բայց դա պետք է արվի պաշտոնապես։ Առաջին Նախագահությունը կրում է երկրի և երկնքի վրա կապելու բանալիները: Առաջին Նախագահության կողմից կնքումը չեղյալ հայտարարելուց հետո, այդ կնքման հետ կապված օրհնություններն այլևս ուժի մեջ չեն լինի. չեղարկվում են ինչպես հորիզանական, այնպես էլ ուղղահայաց կապերը: Կարևոր է հասկանալ, որ վեհացման օրհնությունները ստանալու համար մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք մտնել և հավատարմորեն պահել այս նոր և հավիտենական ուխտը՝ այս կամ հաջորդ կյանքում:
-
Նրանց համար, ովքեր Եկեղեցու ամուրի անդամներ են, խնդրում ենք հիշել, որ. «Տիրոջ ուրույն ձևով և ժամանակով ոչ մի օրհնություն հետ չի պահվի Նրա հավատարիմ Սրբերից: Տերը կդատի և կհատուցի յուրաքանչյուր անհատի՝ ինչպես ըստ գործերի, այնպես էլ սրտերի ցանկությունների»:
-
Եթե դուք հավատարիմ չեք մնացել տաճարային ուխտերին, արդյո՞ք հույս կա: Այո: Հիսուս Քրիստոսի ավետարանը հույսի ավետարան է: Այդ հույսը գալիս է Հիսուս Քրիստոսի միջոցով՝ անկեղծ ապաշխարությամբ և Քրիստոսի ուսմունքներին հնազանդորեն հետևելով: Ես տեսել եմ, թե ինչպես են անհատները կոպիտ սխալներ թույլ տալիս՝ խախտելով սրբազան ուխտերը: Պարբերաբար տեսնում եմ նրանց, որոնք անկեղծորեն ապաշխարում են, ներում են ստանում և վերադառնում ուխտի արահետ: Եթե դուք խախտել եք ձեր տաճարային ուխտերը, ես հորդորում եմ ձեզ դիմել Հիսուս Քրիստոսին, խորհուրդ անել ձեր եպիսկոպոսի հետ, ապաշխարել և բացել ձեր հոգին այն հզոր բուժիչ զորության համար, որը հասանելի է Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:
Եղբայրներ և քույրեր, մեր սիրառատ Երկնային Հայրը տվել է մեզ ուխտեր, որպեսզի մենք կարողանանք ստանալ այն ամենը, ինչ Նա պատրաստել է մեզ համար: Աստծո այդ սուրբ օրհնությունները ավելի բաղձալի են, քան ցանկացած երկրային պտուղ: Դրանք կարող են պահվել մեզ համար հավիտյան՝ դառնալով պտուղ, որը կարող է մնալ, եթե մենք հավատարիմ մնանք մեր տաճարային ուխտերին:
Ես վկայում եմ, որ Աստված վերականգնել է երկրի և երկնքի վրա կապելու իշխանությունը: Այդ իշխանությունը գտնվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Այդ իշխանությունը կրում են Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի անդամները և այն գործադրվում է նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ղեկավարությամբ: Նրանք, ովքեր մտնում են ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ և պահում են այդ ուխտը, կարող են կատարելագործվել և, ի վերջո, ստանալ Հոր փառքի լրիվությունը՝ անկախ իրենց վերահսկողությունից դուրս հանգամանքներից:
Այդ խոստացված օրհնությունները, որոնք վերաբերում են մեր ուխտերին, կարող են կնքվել մեզ վրա խոստումի Սուրբ Հոգով և դառնալ «պտուղ, որը մնում է» հավիտյանս հավիտենից: Ես այդ մասին վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: