Բոլոր բաները մեր բարիքի համար
Ժամանակի և հավերժության մեջ արարչագործության նպատակը և Աստծո բուն էությունը բոլոր բաները ի մի բերելն է՝ մեր բարիքի համար:
Այսօր ապրիլի 6-ն է՝ Հիսուս Քրիստոսի կողմից Իր՝ Վերջին Օրերի Եկեղեցին վերականգնելու տարեդարձը և մասամբ Սուրբ Զատիկի տոները, երբ մենք ուրախությամբ վկայում ենք Հիսուս Քրիստոսի կատարյալ կյանքի, քավիչ զոհաբերության և փառավոր Հարության մասին:
Չինական մի պատմություն կա այն մասին, որ մի մարդու որդի մի գեղեցիկ ձի է գտնում:
«Ինչ բախտավոր է»,- ասում են հարևանները:
«Կտեսնենք»,- ասում է մարդը:
Հետո որդին ընկնում է ձիուց և ընդմիշտ հաշմվում։
«Ինչ ցավալի է»,- ասում են հարևանները:
«Կտեսնենք»,- ասում է մարդը:
Բանակի ժամկետային զորակոչը սկսվում է, բայց վիրավոր որդուն չեն կանչում:
«Ինչ բախտավոր է»,- ասում են հարևանները:
«Կտեսնենք»,- ասում է մարդը:
Այս անկայուն աշխարհը հաճախ իրեն զգում է փոթորկված, անորոշ, երբեմն բախտավոր իսկ շատ հաճախ՝ դժբախտ: Այնուամենայնիվ, այս նեղության աշխարհում «մենք գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով»:: Իսկապես, երբ մենք քայլենք ուղիղ և հիշենք մեր ուխտերը, «բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար»:
Բոլոր բաները մեր բարիքի համար
Ինչպիսի՜ ուշագրավ խոստում: Մխիթարական հավաստիացում Աստծուց: Հրաշքով, արարչագործության նպատակը և մեր Հայր Աստծո ու Նրա Որդի Հիսուս Քրիստոսի էությունն է՝ իմանալ վերջն ի սկզբանե, կատարելու բոլոր բաները մեր բարիքի համար և օգնելու մեզ դառնալ սրբագործված ու սուրբ՝ Հիսուս Քրիստոսի շնորհի ու Քավության միջոցով:
Հիսուս Քրիստոսի Քավությունը կարող է ազատել և փրկագնել մեզ մեղքից: Բայց Հիսուս Քրիստոսը նաև խորապես հասկանում է մեր յուրաքանչյուր ցավը, չարչարանքը, հիվանդությունը, վիշտը, բաժանումը: Ժամանակի և հավերժության մեջ Նրա հաղթանակը մահվան և դժոխքի վրա կարող է ամեն ինչ ճիշտ դարձնել: Նա օգնում է բժշկել ճնշվածներին և նվաստացածներին, հաշտեցնել զայրացածներին և բաժանվածներին, մխիթարել միայնակներին ու մեկուսացածներին, քաջալերել երկմտողներին և անկատարներին, նաև առաջ բերել հրաշքներ, որոնք հնարավոր են միայն Աստծո կողմից:
Մենք երգում ենք ալելուիա և բացականչում Օվսաննա: Հավերժական զորությամբ և անսահման բարությամբ, Աստծո երջանկության ծրագրում բոլոր բաները միաժամանակ կգործեն մեր բարիքի համար: Մենք կարող ենք դիմակայել կյանքին վստահությամբ, և ոչ թե վախով:
Մենք ինքներս, գուցե, չիմանանք մեր սեփական բարիքը: Երբ ես ինքնուրույն եմ ընտրություն կատարում, ընտրում եմ նաև իմ սեփական սահմանափակումները, թուլությունները, անհամապատասխանությունները: Ի վերջո, բարին անելու համար մենք պետք է բարի լինենք: Քանի որ «ոչ ոք բարի չէ, բացի մեկից՝ Աստծուց», մենք կատարելություն ենք փնտրում Հիսուս Քրիստոսում: Մենք դառնում ենք մեր ամենից ճշմարիտ, լավագույն եսը միայն այն ժամանակ, երբ հեռացնում ենք բնական տղամարդուն կամ կնոջը և դառնում երեխա՝ Աստծո առաջ:
Աստծո հանդեպ մեր վստահությամբ և հավատքով` փորձություններն ու չարչարանքները կարող են գործել մեր բարիքի համար: Եգիպտոսում ստրկության վաճառված Հովսեփը հետագայում փրկեց իր ընտանիքն ու ժողովրդին: Լիբերթիի բանտում Մարգարե Ջոզեֆ Սմիթի բանտարկությունը ուսուցանեց նրան, որ «այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար»: Եթե ապրենք հավատքով, փորձություններն ու զոհաբերությունները, որոնք մենք երբեք չէինք ընտրի, կարող են օրհնել մեզ և ուրիշներին այնպես, որ երբեք չէինք պատկերացնի:
Մենք մեծացնում ենք հավատքն ու վստահությունը Տիրոջ հանդեպ, որ բոլոր բաները կարող են միաժամանակ գործել մեր բարիքի համար, երբ ձեռք ենք բերում հավերժության հեռանկար, հասկանում, որ մեր փորձությունները կարող են լինել «միայն մի փոքր ժամանակ», գիտակցում ենք, որ մեր չարչարանքները կնվիրագործվեն մեր օգտի համար, ընդունում, որ դժբախտ պատահարները՝ վաղաժամ մահը, թուլացնող և այլ տիպի հիվանդությունները մահկանացու կյանքի մաս են կազմում, նաև վստահում ենք, որ մեր սիրառատ Երկնային Հայրը փորձություններ չի տալիս պատժելու կամ դատելու համար: Նա քար չի տա նրան, ով հաց է խնդրում, ոչ էլ օձ նրան, ով ձուկ է խնդրում:
Երբ փորձությունները գալիս են, հաճախ մենք ամենից շատ ցանկանում ենք, որ ինչ-որ մեկը լսի և մեզ հետ լինի: Նման դեպքերում բազմիցս օգտագործվող արտահայտությունները գուցե օգտակար չլինեն, որքան էլ որ մխիթարական լինեն դրանց նպատակները: Երբեմն մենք տենչում ենք մեկին, ով կվշտակցի, կցավի և կարտասվի մեզ հետ, թույլ կտա մեզ արտահայտել ցավ, հիասթափություն, երբեմն նույնիսկ զայրույթ, և մեզ հետ կխոստովանի, որ կան բաներ, որոնք մենք չգիտենք:
Երբ մենք վստահում ենք Աստծուն և մեր հանդեպ Նրա սիրուն, նույնիսկ մեր ամենամեծ վշտեր,ն ի վերջո, միաժամանակ կգործեն մեր բարիքի համար:
Հիշում եմ այն օրը, երբ լուր ստացա, որ իմ սիրելի մարդիկ լուրջ ավտովթարի էին ենթարկվել: Նման պահերին տառապանքի և հավատքի մեջ մենք կարող ենք միայն Հոբի հետ ասել. «Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի»:
Ողջ աշխարհով սփռված Եկեղեցում մոտ 3500 ցցեր և շրջաններ և մոտ 30000 ծխեր ու ճյուղեր տրամադրում են ապաստան և անվտանգություն: Սակայն, մեր ցցերում և ծխերում շատ հավատարիմ ընտանիքներ և անհատներ բախվում են դժվարին մարտահրավերների, նույնիսկ եթե գիտեն, որ (առանց դեռևս իմանալու, թե ինչպես) բոլոր բաները միաժամանակ կգործեն մեր բարիքի համար:
Անգլիայի Հադերսֆիլդ քաղաքում եղբայր Սամուել Բրիջստոքի մոտ ախտորոշվել էր չորրորդ աստիճանի քաղցկեղ՝ ցցի նոր նախագահ կանչվելուց անմիջապես առաջ: Հաշվի առնելով իր ծանր ախտորոշումը՝ նա հարցրեց կնոջը՝ Աննային, թե ինքն ինչու պետք է գնա հարցազրույցի։
«Որովհետև,- ասաց քույր Բրիջստոքը,- դու կանչվելու ես որպես ցցի նախագահ»:
Սկզբում նախագահ Բրիջստոքին տրվել էր մեկ կամ երկու տարի ապրելու ժամանակ (ով այսօր ներկա է այստեղ), սակայն հիմա արդեն նրա ծառայության չորրորդ տարին է: Նա ունենում է և լավ և դժվար օրեր։ Նրա ցիցը բարելավվում է աճող հավատքով, ծառայությամբ և բարությամբ: Դա հեշտ չէ, բայց նրա կինն ու ընտանիքը ապրում են հավատքով, երախտագիտությամբ և վստահ են, որ հասկանալի տխրությունը հավերժական ուրախություն կդառնա Հիսուս Քրիստոսի վերականգնող Քավության միջոցով:
Երբ մենք հանգիստ ենք, ընկալունակ և ակնածալից, կարող ենք զգալ Տիրոջ առաջարկած ուխտի գեղեցկությունը, նպատակն ու անդորրը: Սրբազան պահերին, գուցե Նա մեզ թույլ տա հայացք նետել ավելի մեծ հավերժական իրականությանը, որի մասն է կազմում մեր առօրյա կյանքը, որտեղ փոքր և պարզ բաները միաժամանակ գործում են տվողների և ստացողների բարիքի համար:
Ռեբեկան՝ իմ առաջին միսիայի նախագահի դուստրը, պատմեց, թե Տերն ինչպես էր պատասխանել մխիթարության համար իր աղոթքին՝ ուրիշի աղոթքին պատասխանելու անսպասելի հնարավորությամբ:
Մի ուշ երեկո, երբ Ռեբեկան սգում էր վերջերս մահացած մոր համար, հստակ տպավորություն ստացավ գնալ իր մեքենայի համար բենզին գնելու։ Երբ նա հասավ լցակայան, հանդիպեց մի տարեց կնոջ, որը դժվարությամբ էր շնչում՝ օգտվելով թթվածնի մեծ բաքից: Ավելի ուշ, Ռեբեկան այդ կնոջը տվեց իր մոր շարժական թթվածնային սարքը։ Այս քույրը երախտագիտությամբ ասաց. «Դու ինձ վերադարձրիր իմ ազատությունը»։ Բոլոր բաները գործում են բարիքի համար, երբ մենք սպասավորում ենք այնպես, ինչպես Նա կսպասավորեր:
Մի հայր, որը ուսուցիչների քվորումի տարիքի իր որդու հետ նշանակվել էր որպես սպասավորող զուգընկեր, բացատրել է. «Սպասավորությունն այն է, երբ մենք թխվածքաբլիթներ բերող հարևաններից դառնում ենք վստահելի ընկերներ՝ հոգևոր արագ արձագանքողներ»: Հիսուս Քրիստոսին պատկանելու ուխտը մխիթարում է, կապում և նվիրագործում:
Նույնիսկ ողբերգության պահին հոգևոր նախապատրաստությունը կարող է հիշեցնել մեզ, որ մեր կարեկցող Երկնային Հայրը գիտեր, թե երբ ենք մենք զգում առավել խոցելի և միայնակ: Օրինակ՝ մի ընտանիք, որոնց երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց, հետագայում մխիթարություն գտավ, հիշելով, որ Սուրբ Հոգին, նախապես շշնջացել էր, թե ինչ է սպասվում:
Երբեմն ավելի մեծ հավերժական իրականությունը, որը Տերը թույլ է տալիս մեզ զգալ, ներառում է նաև վարագույրի մյուս կողմում գտնվող ընտանիքը: Մի քույր ուրախություն գտավ՝ դարձի գալով դեպի Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Սակայն երկու տրավմաները խորապես ազդել էին նրա կյանքի վրա՝ նավով վթարի ենթարկվելը և մոր ողբերգական մահը՝ ինքնասպանության պատճառով:
Այնուամենայնիվ, այս քույրը հաղթահարեց իր վախը ջրի հանդեպ և մկրտվեց ընկղմումով: Եվ այդ օրը դարձավ ուրախության օր, երբ նա ականատես եղավ իր մահացած մոր մկրտությանը փոխարինողի կողմից: «Տաճարի մկրտությունը բժշկեց մորս, և ազատեց ինձ»,- ասաց քույրը: «Մորս մահից հետո առաջին անգամ էի խաղաղություն զգում»:
Մեր սուրբ երաժշտության խոսքերը կրկնում են Նրա հավաստիացումը, որ բոլոր բաները կարող են միաժամանակ գործել մեր բարիքի համար:
Մորմոնի Գիրքը ապացույց է, որը մենք կարող ենք պահել մեր ձեռքում, որ Հիսուսը Քրիստոսն է, և Աստված կատարում է Իր մարգարեությունները: Գրված ոգեշնչված մարգարեների կողմից, որոնք տեսել են մեր օրերը, Մորմոնի Գիրքը սկսվում է անթաքույց դրամայով՝ մի ընտանիքի մասին, որն առնչվում է էական տարաձայնությունների հետ: Այնուամենայնիվ, երբ մենք ուսումնասիրում և խորհում ենք 1 Նեփի 1 գլխից մինչև Մորոնի 10 գլխի շուրջ, մենք ձգտում ենք դեպի Հիսուս Քրիստոսը ամուր վկայությամբ, որ այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ և այն ժամանակ, կարող է օրհնել մեզ այստեղ և հիմա:
Երբ Տերն Իր կենդանի մարգարեի միջոցով ավելի շատ Տիրոջ տներ է մոտեցնում մեզանից շատերին՝ ավելի շատ վայրերում, մենք տեսնում ենք, որ տաճարային օրհնությունները միաժամանակ գործում են մեր բարիքի համար: Ուխտով և արարողությամբ մենք գալիս ենք մեր Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մոտ և ձեռք ենք բերում մահկանացու կյանքի հավերժական հեռանկար: Մեկ առ մեկ, անուն առ անուն, մենք առաջարկում ենք ընտանիքի սիրելի անդամներին՝ նախնիներին, սրբազան արարողություններ և ուխտի օրհնություններ՝ ազատարարների Տիրոջ օրինակով, Սիոն լեռան վրա:
Քանի որ տաճարները շատ վայրերում մոտենում են մեզ, տաճարային զոհաբերությունը, որը մենք կարող ենք մատուցել, Տիրոջ տանը ավելի հաճախ սրբություն փնտրելն է: Երկար տարիներ մենք խնայել ենք, ծրագրել և զոհաբերել՝ տաճար գալու համար: Այժմ, քանի որ հանգամանքները թույլ են տալիս, խնդրում եմ, ավելի հաճախ եկեք Տիրոջ մոտ՝ Նրա սուրբ տանը: Թող կանոնավոր տաճարային երկրպագությունն ու ծառայությունը օրհնի, պաշտպանի և ոգեշնչի ձեզ և ձեր ընտանիքը` այն ընտանիքը, որը դուք ունեք, և այն ընտանիքը, որը դուք կունենաք և կդառնաք մի օր:
Եթե ձեր հանգամանքները թույլ են տալիս, խնդրում ենք, հաշվի առեք նաև ձեր սեփական տաճարային հագուստն ունենալու օրհնությունը: Համեստ ընտանիքից մի տատիկ ասում էր, որ աշխարհում ամենից շատ ցանկանում է իր տաճարային հագուստն ունենալ: Նրա թոռն ասաց. «Տատիկը շշնջաց. «Ես կծառայեմ իմ տաճարային հագուստով, և երբ մահանամ, ես կթաղվեմ դրանցով»: Եվ երբ ժամանակը եկավ, այդպես էլ եղավ:
Ինչպես Նախագահ Ռասել Մ. Նելսոնն է ուսուցանում. «Այն ամենին, ինչին մենք հավատում ենք, և յուրաքանչյուր խոստում, որ Աստված տվել է Իր ուխտի ժողովրդին, հավաքվում են տաճարում»:
Ժամանակի և հավերժության մեջ արարչագործության նպատակը և Աստծո բուն էությունը բոլոր բաները ի մի բերելն է՝ մեր բարիքի համար:
Սա է Տիրոջ հավերժական նպատակը: Դա Նրա հավերժական հեռանկարն է: Դա Նրա հավերժական խոստումն է:
Երբ կյանքում խառնաշփոթ է, երբ նպատակը հստակ չէ, երբ ցանականում եք ավելի լավ ապրել, բայց չգիտեք՝ ինչպես, եկեք մեր Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մոտ: Վստահեք՝ Նրանք ապրում են, սիրում են ձեզ և ցանկանում են բոլոր բաները ձեր բարիքի համար: Ես վկայում եմ, որ Նրանք այդպես են վարվում՝ անսահմանորեն և հավերժորեն, Հիսուս Քրիստոսի սրբազան և սուրբ անունով, ամեն: