Ի օժանդակություն աճող սերնդի
Երիտասարդների կյանքում եղած հարաբերությունները ամենամեծ ազդեցությունն են ունենում ունենում նրանց ընտրությունների վրա:
Երբ պատրաստում էի ելույթս, մտքերիս հունը ուղղորդվեց դեպի Հելամանի և Ամմոնի ժողովրդի դեռահաս որդիների պատմությունը: Այդ պատմությունն ուսումնասիրելու միջոցով ես զգացել եմ Մորմոնի Գրքի մարգարեների զորությունը, որոնք ուսուցանում են ծնողներին, եպիսկոպոսներին և ծխի անդամներին:
Հելամանը մի մարդ էր, որին երիտասարդ ամմոնացիները վստահում էին: Նա օգնեց նրանց զարգանալ և հասունանալ արդարությամբ: Նրանք ճանաչում և սիրում էին նրան ու «կամեցան, որ [նա] լիներ իրենց առաջնորդը»:
Հելամանը որդիների նման սիրում էր այս երիտասարդներին և տեսնում էր նրանց ներուժը: Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է. «Եկեղեցում ուրիշներին արդյունավետ ծառայելու համար մենք պետք է տեսնենք նրանց … Երկնային Հոր աչքերով: Միայն այդ դեպքում մենք կսկսենք ըմբռնել հոգու իրական արժեքը։ Միայն այդ ժամանակ մենք կարող ենք հասկանալ այն սերը, որ Երկնային Հայրն ունի … Իր բոլոր զավակների հանդեպ»։ Եպիսկոպոսներն այսօր օրհնված են խորաթափանցությամբ՝ տեսնելու իրենց հոգածության տակ գտնվող երիտասարդների աստվածային ինքնությունը:
Հելամանը «հաշվեց» իր խնամքի տակ գտնվող երիտասարդներին: Նա առաջնահերթություն տվեց նրանց հետ ամուր հարաբերություններ կառուցելուն:
Վճռորոշ մի պահի, երբ կյանքն ու մահը կախված էին հավասարակշռությունից, Հելամանը և նրա երիտասարդ մարտիկները կորցրին իրենց հետապնդող բանակի հետքերը: Հելամանը խորհրդակցեց երիտասարդների հետ.
«Ահա, մենք չգիտենք, բայց նրանք երևի կանգ են առել այն նպատակով, որ մենք գանք իրենց դեմ, …
Հետևաբար, ի՞նչ եք ասում դուք, իմ որդիներ … »:
Այս հավատարիմ երիտասարդները պատասխանեցին. «Հայր, ահա, մեր Աստված մեզ հետ է, և նա թույլ չի տա, որ մենք ընկնենք. ուրեմն եկեք առաջ գնանք»: Նրանք հաղթեցին ճակատամարտում, քանի որ Հելամանը աջակցեց այդ երիտասարդ տղամարդկանց՝ գործելու իրենց վճռականության մեջ:
Երիտասարդ ամմոնացիները մեծ պատճառ ունեին և խիզախ էին` «ի օժանդակություն ժողովրդին»: «Այս փոքր ուժը»՝ Հելամանի գլխավորությամբ, «մեծ հույսեր և մեծ ուրախություն» սփռեց նեփիացիների փորձառու բանակների սրտերում: Եպիսկոպոսներն այսօր կարող են առաջնորդել իրենց եզակիորեն օժտված երիտասարդներին՝ օրհնելու ծուխը և հավաքելու Իսրայելը: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ սա է «այն առաքելությունը, որի համար [նրանք] ուղարկվել են երկիր»:
Այս երիտասարդ ամմոնացիների նման որոնք «հավատարիմ էին բոլոր դեպքերում, ինչ էլ որ նրանց վստահվում էր», Հելամանը հավատարմորեն հետևեց իր ղեկավարներին: Անկախ մարտահրավերից կամ անհաջողությունից, Հելամանը միշտ մնում էր «վճռականությամբ լցված»՝ առաջ տանելու իրենց նպատակը: Երբ նրան ուղղորդեցին «քայլել առաջ [իր] փոքրիկ որդիների հետ», նա հնազանդվեց:
Երիտասարդներն այսօր օրհնվում են, քանի որ եպիսկոպոսները հետևում են մեր ղեկավարների առաջնորդությանը` «խորհրդակցել ծխի Երիտասարդ կանանց նախագահ[ներ]ի հետ»: Ցցի նախագահները երաշխավորում են, որ եպիսկոպոսները և Երիտասարդ կանանց նախագահները ուսուցանվեն՝ երիտասարդներին վերաբերող իրենց պարտականությունները կատարելու համար:
Հելամանը պատվում էր ուխտերը: Երբ Ամմոնն ուսուցանեց ավետարանը դեռահասների ծնողներին, այդ ծնողները ընդունեցին այն բաց սրտով: Նրանք այնքան նվիրված էին արդար աշակերտության իրենց նոր կյանքին, որ ուխտ կապեցին «վայր դ[նել] իրենց ապստամբության զենքերը»: Միակ բանը, որ ստիպեց նրանց մտածել այդ ուխտը խախտելու մասին, վերադառնալով իրենց պայքարի ծանոթ անցյալին, նեփիացիներին վտանգի մեջ տեսնելն էր:
Ամմոնացիները ցանկանում էին օգնել այս մարդկանց, որոնք իրենց ապահով տուն էին տրամադրել: Հելամանը, մյուսների հետ միասին, համոզեց նրանց պահել երբեք չկռվելու իրենց ուխտը: Նա ավելի շատ վստահում էր այն ուժին, որ Աստված կտրամադրեր, քան այն ուժին, որ այս ամմոնացիները կարող էին ապահովել իրենց սրերով և նետերով:
Երբ Հելամանը և նրա երիտասարդ մարտիկները բախվեցին սարսափելի մարտահրավերների, Հելամանը վճռական էր: «Բայց ահա, դա նշանակություն չունի, մենք վստահ ենք՝ Աստված կազատի մեզ»: Մի դեպքում, երբ նրանք սովամահ լինելու շեմին էին, նրանց պատասխանն էր՝ «դուրս թափել [իրենց] հոգիներն աղոթքով առ Աստված, որ նա ուժեղացներ [նրանց] և ազատեր [նրանց] … [և] Տերը … այցելեց [նրանց] հավաստիացումներով, որ նա կազատի [նրանց]»՝ «շնորհիվ նրանց արտասովոր հավատքի առ այն, ինչին նրանք սովորեցվել էին հավատալ»:
Մենք Հելամանից սովորում ենք, որ այս երիտասարդ տղաներին աջակցել են իրենց ծնողները: Այս հավատարիմ ծնողները գիտեին, որ իրենց վրա է դրված իրենց զավակներին ուսուցանելու հիմնական պատասխանատվությունը: Նրանք ուսուցանել էին իրենց զավակներին պահել պատվիրանները և «քայլել ուղիղ» Աստծո առջև: Նրանց մայրերը նրանց սովորեցրել էին, որ «եթե նրանք չկասկածեին, Աստված կազատեր նրանց»: Նրանց հայրերը ուխտեր կապելու հզոր օրինակ են թողել: Այս նախկին մարտիկները գիտեին ճակատամարտի սարսափները: Նրանք իրենց անփորձ որդիներին վստահեցին Հելամանի խնամքին և աջակցեցին նրանց՝ ուղարկելով «շատ պարեն»:
Հելամանը մենակ չէր, երբ ծառայում էր իր երիտասարդ բանակին: Նա իր կողքին ուներ մարդիկ, որոնց դիմում էր աջակցության և առաջնորդության համար: Նա օգնության խնդրեց Զորավար Մորոնիից, և այն եկավ:
Տիրոջ արքայությունում ծառայողները միայնակ չեն ծառայում: Տերն օրհնել է մեզ ծխերով և ցցերով: Նրա վերականգնված կազմակերպության միջոցով մենք ունենք ռեսուրսներ, իմաստություն և ոգեշնչում՝ ցանկացած մարտահրավերի դիմակայելու համար:
Եպիսկոպոսը ղեկավարում է ծուխը խորհուրդների միջոցով: Նա անցկացնում է եռամսյակային սպասավորության հարցազրույցները, այնուհետև քաջալերում է երեցների քվորումին և Սփոփող միությանը՝ կատարելու ընտանիքներին սպասավորելու իրենց պարտականությունը: Այդ նախագահությունները ղեկավարում են կարիքները գնահատելու և ոգեշնչված լուծումներ գտնելու գործընթացը: Ցցերի նախագահներն աջակցություն են առաջարկում՝ ուսուցանելով երեցների քվորումին և Սփոփող միության նախագահություններին՝ այս պարտականությունների վերաբերյալ:
Առաջնորդների և ծնողների համար անհրաժեշտ ուղեցույցը գտնվում է Ավետարանի գրադարն և Gospel Living հավելվածներում: Այս ոգեշնչված աղբյուրներում մենք կարող ենք գտնել սուրբ գրությունները, ժամանակակից մարգարեների ուսմունքները և Ընդհանուր Ձեռնարկը։ Ավետարանի գրադարանի երիտասարդների ներդիրը շատ նյութեր ունի քվորումի և դասարանի նախագահությունների համար և Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց ձեռնարկը: Երբ ծխի բոլոր անդամներն ուսումնասիրեն այս ոգեշնչված աղբյուրները և առաջնորդություն փնտրեն Հոգուց, բոլորը կուղղորդվեն Տիրոջ կողմից՝ երիտասարդներին զորացնելու գործում:
Ամբողջ ծուխը կօրհնվի և կամրապնդվի, երբ անդամները կենտրոնանան աճող սերնդի վրա: Չնայած մեր անկատարություններին ու թերություններին, Երկնային Հայրը հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին՝ Իր Հոգու ընկերակցությամբ ձեռք մեկնել ուրիշներին: Նա գիտի, որ մենք աճում և սրբագործվում ենք, երբ հետևում ենք Սուրբ Հոգու հուշումներին: Կարևոր չէ, որ մեր ջանքերն անկատար են: Երբ մենք համագործակցում ենք Տիրոջ հետ, կարող ենք վստահ լինել, որ մեր ջանքերը համահունչ կլինեն այն ամենին, ինչ Նա կաներ երիտասարդների համար:
Հետևելով Սուրբ Հոգու ցուցումներին և աջակցելով երիտասարդներին՝ մենք դառնում ենք Երկնային Հոր սիրո վկաներ նրանց կյանքում: Տիրոջ հուշումներով գործելը սիրո և վստահության հարաբերություններ է կերտում: Հենց երիտասարդների կյանքում եղած հարաբերություններն են ամենամեծ ազդեցությունն ունենում նրանց ընտրության վրա:
Երիտասարդները կսովորեն հայտնության օրինակը, երբ նրանք մեզ հետ մասնակցեն ուրիշներին ծառայելու հուշումներ փնտրելու և ըստ դրանց գործելու գործընթացին: Երբ երիտասարդները դիմեն Տիրոջը այս ոգեշնչված առաջնորդության համար, նրանց հարաբերությունները Նրա հետ և վստահությունը Նրա հանդեպ կմեծանա:
Մենք մեր վստահությունն ենք հայտնում երիտասարդներին՝ առաջարկելով աջակցություն և ուղղություն՝ առանց հսկելու մտադրության: Երբ մենք հրաժարվենք վերահսկողությունից և թույլ տանք, որ երիտասարդները սովորեն միասին խորհրդակցելու, ոգեշնչված ընթացք ընտրելու և իրենց ծրագիրը գործի դնելու միջոցով, նրանք իսկական ուրախություն և աճ կունենան:
Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Մեծ նշանակություն ունի այն, թե [ուրիշներն] ինչ կսովորեն [ձեզանից] այն մասին, թե ովքեր են իրենք իրականում, և ի՞նչ կարող են դառնալ: Կարծում եմ, որ նրանք դա այնքան էլ արդյունավետ չեն սովորի դասախոսություններից: Նրանք կսովորեն դա այն զգացումներից, թե ով եք դուք, թե ըստ ձեզ, ովքեր են իրենք, և ձեր կարծիքով՝ նրանք ինչ կարող են դառնալ»:
Մեր երիտասարդները մեզ զարմացնում են իրենց քաջությամբ, հավատքով ու կարողություններով: Երբ նրանք ընտրեն լինել Հիսուս Քրիստոսի լիարժեք ներգրավված աշակերտներ, Նրա ավետարանը կփորագրվի նրանց սրտերում: Նրան հետևելը կդառնա նրանց ով լինելու մի մասը, և ոչ միայն այն, ինչ նրանք անում են:
Հելամանը օգնեց երիտասարդ ամմոնացիներին տեսնել, թե ինչպես է ապրում Հիսուս Քրիստոսի քաջարի աշակերտը: Մենք կարող ենք հզոր օրինակ լինել երիտասարդների համար, թե ինչպես են այսօր ապրում Քրիստոսի աշակերտները: Հավատարիմ ծնողներն աղոթում են այս օրինակների համար իրենց երեխաների կյանքում: Ոչ մի ծրագիր չի կարող փոխարինել սիրող, ուխտը պահող մեծահասակների ազդեցությանը:
Որպես քահանաների քվորումի նախագահ՝ եպիսկոպոսը կարող է օրինակ ծառայել երիտասարդների համար, թե ինչպես լինել հավատարիմ ամուսին և սիրող հայր՝ պաշտպանելով, ապահովելով և նախագահելով արդար ուղիներով: Եպիսկոպոսները, որոնք ուժեղ կենտրոնացում ունեն երիտասարդների վրա, կունենան ազդեցություն, որը կշարունակվի սերունդներ:
Երիտասարդներն այսօր Երկնային Հոր ամենաազնիվ հոգիներից են: Նրանք ճշմարտության և ազատ կամքի աննկուն պաշտպաններից էին նախամահկանացու աշխարհում: Նրանք ծնվել են այս օրերում, որպեսզի հավաքեն Իսրայելը Տեր Հիսուս Քրիստոսի մասին իրենց զորավոր վկայության միջոցով: Նա ճանաչում է նրանցից յուրաքանչյուրին և գիտի նրանց մեծ ներուժը։ Նա համբերատար է, երբ նրանք մեծանում են: Նա կփրկագնի և կպաշտպանի նրանց: Նա կբժշկի և կառաջնորդի նրանց: Նա կոգեշնչի նրանց։ Մենք՝ նրանց ծնողներն ու ղեկավարները, պատրաստվել ենք աջակցելու նրանց: Մենք ունենք Փրկչի Եկեղեցին, որը կօգնի մեզ, երբ մենք մեծացնում ենք հաջորդ սերունդը:
Ես վկայում եմ, որ Քրիստոսի Եկեղեցին, որը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով և այսօր ղեկավարվում է նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից, կազմակերպված է օգնելու երիտասարդներին իրականացնել իրենց մեծ նպատակը այս վերջին օրերում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։