Եղեք մեկ Քրիստոսի հետ
Մենք միավորված ենք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ մեր սիրով և հավատքով: Իսկական պատկանելության էությունը Քրիստոսի հետ մեկ լինելն է:
Դեռևս երիտասարդ տարիքից ես ուժեղ հույզեր եմ ունեցել Հիսուս Քրիստոսի Քավության մասին, բայց Փրկչի Քավության իրականության հետ առնչվեցի, երբ 25 տարեկան էի: Ես նոր էի ավարտել Սթենֆորդի իրավաբանական համալսարանը և պարապում էի Կալիֆորնիայի իրավաբանի քննության համար: Մայրս զանգահարեց և ասաց, որ պապիկս՝ Կրոզիեր Քիմբալը, որն ապրում էր Յուտայում, մահամերձ է: Նա ասաց, որ եթե ուզում եմ տեսնել նրան, ավելի լավ է տուն գնամ: Պապիկս 86 տարեկան էր և շատ հիվանդ։ Հրաշալի այցելություն էր։ Նա այնքան գոհ էր ինձ տեսնելով և իր վկայությամբ կիսվեց ինձ հետ:
Երբ Կրոզիերը ընդամենը երեք տարեկան էր, նրա հայրը՝ Դեյվիդ Պատեն Քիմբալը, մահացավ 44 տարեկանում: Կրոզիերը հույս ուներ, որ իր հայրը և իր պապը՝ Հեբեր Ս. Քիմբալը, հավանություն կտան իր կյանքին և կհամարեն, որ ինքը հավատարիմ է եղել իր ժառանգությանը:
Պապիկիս հիմնական խորհուրդը ինձ հետևյալն էր՝ խուսափել իրավունքի կամ արտոնության զգացումից՝ այս հավատարիմ նախնիների պատճառով: Նա ասաց ինձ, որ իմ կենտրոնացումը պետք է լինի Փրկչի և Փրկչի Քավության վրա: Ապա ասաց, որ մենք բոլորս սիրառատ Երկնային Հոր զավակներն ենք: Անկախ նրանից, թե ովքեր են մեր երկրային նախնիները, մեզանից յուրաքանչյուրը կզեկուցի Փրկչին, թե որքան լավ է պահել Նրա պատվիրանները:
Պապիկը հիշատակեց Փրկչին որպես «դռան պահապան»՝ հղում կատարելով 2 Նեփի 9.41 հատվածին: Նա ասաց ինձ, որ հույս ուներ, որ բավականաչափ ապաշխարել էր՝ Փրկչի ողորմությանն արժանանալու համար:
Ես խորապես հուզված էի։ Ես գիտեի, որ նա արդար մարդ էր: Նա հայրապետ էր և մի քանի միսիա էր ծառայել: Նա ուսուցանեց ինձ, որ ոչ ոք չի կարող վերադառնալ Աստծո մոտ միայն բարի գործեր կատարելով՝ առանց օգտվելու Փրկչի Քավությունից: Մինչև հիմա ես հիշում եմ այն մեծ սերն ու երախտագիտությունը, որ պապիկս ուներ Փրկչի և Նրա Քավության հանդեպ:
2019 թվականին Երուսաղեմում մի հանձնարարության ժամանակ ես այցելեցի մի վերնատուն, որը հնարավոր է, եղել է այն վայրին մոտ, որտեղ Փրկիչը լվաց Իր առաքյալների ոտքերը Իր Խաչելությունից առաջ: Ես հոգևորապես հուզված էի, և մտածում էի, թե Նա ինչպես պատվիրեց Իր առաքյալներին սիրել միմյանց:
Ես հիշեցի մեզ համար ասված Փրկչի միջնորդական բարեխոսական աղոթքը: Այս աղոթքը տեղի է ունեցել բառացիորեն Նրա մահկանացու կյանքի վերջին ժամերին, ինչպես գրված է Հովհաննեսի ավետարանում:
Այդ աղոթքն ուղղված էր Քրիստոսի հետևորդներին, ներառյալ մեզ բոլորիս: Իր Հորն ուղղված խնդրանքում Փրկիչն աղերսեց, «որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հայր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն»։ Այնուհետև Փրկիչը շարունակում է. «Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ»: Միասնությունն այն է, ինչի համար Քրիստոսն աղոթեց նախքան Իր դավաճանությունն ու Խաչելությունը: Միասնությունը Քրիստոսի և մեր Երկնային Հոր հետ կարելի է ձեռք բերել Փրկչի Քավության միջոցով:
Տիրոջ փրկարար ողորմությունը կախված չէ տոհմից, կրթությունից, տնտեսական կարգավիճակից կամ ռասայից: Այն հիմնված է Քրիստոսի և Նրա պատվիրանների հետ մեկ լինելու վրա:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին հայտնություն ստացան Եկեղեցու կազմավորման և կառավարման մասին 1830 թվականին՝ Եկեղեցու կազմավորումից անմիջապես հետո: Այն, ինչ այժմ 20-րդ բաժինն է, Մարգարե Ջոզեֆը կարդաց Եկեղեցու առաջին համաժողովում, և առաջին հայտնությունն էր, որը հաստատվել էր ընդհանուր համաձայնությամբ:
Այս հայտնության բովանդակությունը հիրավի ուշագրավ է։ Այն ուսուցանում է մեզ Փրկչի Քավության նշանակությունն ու դերը, և ինչպես հասնել Նրա զորությանն ու օրհնություններին՝ Նրա քավիչ շնորհի միջոցով: Մարգարե Ջոզեֆը 24 տարեկան էր և արդեն ստացել էր բազմաթիվ հայտնություններ, նաև ավարտել էր Մորմոնի Գրքի թարգմանությունը՝ Աստծո պարգևով և զորությամբ: Եվ Ջոզեֆը, և Օլիվերը ճանաչված են որպես կարգված առաքյալներ՝ այդպիսով ունենալով Եկեղեցում նախագահելու իշխանություն:
17-36-րդ հատվածները պարունակում են Եկեղեցու հիմնական վարդապետության ամփոփում, ներառյալ Աստծո իրականությունը, մարդկության արարումը, անկումը և Երկնային Հոր փրկության ծրագիրը՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: 37-րդ հատվածը պարունակում է Տիրոջ Եկեղեցում մկրտվելու հիմնական պահանջները: 75-79-րդ հատվածները ներկայացնում են հաղորդության աղոթքները, որոնք մենք օգտագործում ենք ամեն Հանգստության օրը:
Վարդապետությունը, սկզբունքները, հաղորդությունները և գործելակերպը, որոնք Տերը հաստատեց Ջոզեֆ Սմիթի՝ Վերականգնման Մարգարեի միջոցով, իսկապես կարևոր նշանակություն ունեն:
Թեև մկրտության պահանջները խորն են, սակայն զարմանալիորեն պարզ են: Դրանք հիմնականում ներառում են՝ խոնարհություն Աստծո առջև, կոտրված սիրտ և փշրված հոգի, ապաշխարել բոլոր մեղքերից, Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնել, համբերել մինչև վերջ և մեր գործերով ցույց տալ, որ մենք ստացել ենք Քրիստոսի Հոգուց:
Հատկանշական է, որ մկրտության բոլոր որակավորումները հոգևոր են: Ոչ մի տնտեսական կամ սոցիալական ձեռքբերում անհրաժեշտ չէ: Աղքատներն ու հարուստները նույն հոգևոր պահանջներն ունեն։
Ռասայական, սեռային կամ ազգային պատկանելության պահանջներ չկան: Մորմոնի Գիրքը պարզ է դարձնում, որ բոլորը հրավիրված են ճաշակելու Տիրոջ բարությունից՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին, … բոլորը նույնն են Աստծո համար»: «Բոլոր մարդիկ արտոնյալ են, մեկը մյուսի նման, և ոչ ոքի արգելված չէ»:
Նկատի ունենալով մեր «նմանությունը» Աստծո առաջ՝ իմաստ չունի ընդգծել մեր տարբերությունները: Ոմանք սխալմամբ խրախուսել են մեզ «պատկերացնել մարդկանց մեզանից և միմյանցից շատ ավելի տարբեր, քան նրանք իրականում կան: [Ոմանք] վերցնում են իրական, բայց փոքր տարբերությունները և մեծացնում դրանք՝ ստեղծելով անդունդներ»:
Բացի այդ, ոմանք սխալմամբ ենթադրել են, որ քանի որ բոլոր մարդիկ հրավիրված են ստանալու Նրա բարությունն ու հավերժական կյանքը, ապա վարքագծի պահանջներ չկան:
Սակայն, սուրբ գրությունները վկայում են, որ բոլոր հաշվետու անձանցից պահանջվում է ապաշխարել մեղքերից և պահել Նրա պատվիրանները: Տերը հստակեցնում է, որ բոլորն ունեն բարոյական կամքի ազատություն և «ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով … և ականջ դնե[լու] նրա մեծ պատվիրաններին. և լինե[լու] հավատարիմ նրա խոսքերին և ընտրե[լու] հավերժական կյանք»: Փրկչի Քավության օրհնությունները ստանալու համար մենք պետք է հաստատապես գործադրենք մեր բարոյական կամքի ազատությունը՝ ընտրելու Քրիստոսին և հնազանդվելու Նրա պատվիրաններին:
Իմ կյանքի ընթացքում «կամքի ազատության» և «ազատ կամքի» իմաստը մասնատվել և քննարկվել է: Այս թեմաների շուրջ բազմաթիվ իմաստալից փաստարկներ են եղել և շարունակում են լինել:
Համալսարանի շրջանավարտների վերջին հրատարակության շապիկին հայտնի կենսաբան պրոֆեսորը պնդում է. «Ազատ կամքի համար տեղ չկա»: Զարմանալի չէ, որ հոդվածում մեջբերվում է պրոֆեսորի խոսքերը. «Աստված գոյություն չունի … և չկա ազատ կամք, … և սա հսկայական, անտարբեր, դատարկ տիեզերք է»: Ավելի խիստ չհամաձայնել չէի կարող։
Մեր հավատքի հիմնական վարդապետությունն այն է, որ մենք իսկապես ունենք բարոյական կամքի ազատություն, որը ներառում է ազատ կամքը: Կամքի ազատությունը ընտրելու և գործելու կարողությունն է: Այն կարևոր է փրկության ծրագրի համար: Առանց բարոյական կամքի ազատության մենք չէինք կարող սովորել, առաջադիմել կամ ընտրել մեկ լինել Քրիստոսի հետ: Բարոյական կամքի ազատության շնորհիվ մենք «ազատ ենք՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք»: Երկնքի նախաերկրային խորհրդում Հոր ծրագիրը ներառում էր կամքի ազատության իրավունքը՝ որպես կարևոր տարր: Լյուցիֆերն ապստամբեց և «ձգտեց կործանել մարդու կամքի ազատությունը»: Համապատասխանաբար, մահկանացու մարմին ունենալու արտոնությունը մերժվեց սատանային և նրանց, ովքեր հետևում էին նրան:
Նախաերկրային այլ հոգիներ գործադրեցին իրենց կամքի ազատությունը՝ հետևելով Երկնային Հոր ծրագրին: Այս մահկանացու կյանքում ծնունդով օրհնված հոգիները շարունակում են կամքի ազատություն ունենալ: Մենք ազատ ենք ընտրելու և գործելու, բայց չենք վերահսկում հետևանքները։ «Բարու և արդարության ընտրությունները հանգեցնում են երջանկության, խաղաղության և հավերժական կյանքի, մինչդեռ մեղքի և չարի ընտրությունն ի վերջո հանգեցնում է խոր վշտի և թշվառության»: Ինչպես Ալման է ասել. «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:
Այս չափազանց մրցակցային աշխարհում անընդհատ ջանքեր են գործադրվում գերազանցելու համար: Մեր ներուժի լավագույն իրագործմանը հասնելու ձգտումը արդար և արժեքավոր աշխատանք է: Այն համապատասխանում է Տիրոջ վարդապետությանը: Ուրիշներին նվաստացնելու կամ արհամարհելու և նրանց հաջողության համար խոչընդոտներ ստեղծելու ջանքերը հակասում են Տիրոջ վարդապետությանը: Մենք չենք կարող մեղադրել հանգամանքներին կամ ուրիշներին՝ Աստծո պատվիրաններին հակառակ գործելու որոշման համար:
Ժամանակակից աշխարհում հեշտ է կենտրոնանալ նյութական և մասնագիտական հաջողությունների վրա: Ոմանք անտեսում են հավերժական սկզբունքներն ու ընտրությունները, որոնք հավերժական նշանակություն ունեն: Մենք խելամիտ կլինենք, եթե հետևենք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ «ունեցեք սելեստիալ մտածելակերպ» խորհրդին:
Ամենակարևոր ընտրություններ կարող են կատարել գրեթե բոլորը՝ անկախ տաղանդներից, կարողություններից, հնարավորություններից կամ տնտեսական հանգամանքներից: Կարևոր է շեշտադրել, որ ընտանեկան ընտրությունները ամենաբարձր առաջնահերթությունն են: Սա հստակ տրված է ամբողջ սուրբ գրություններում: Մտածեք 1 Նեփի գրքի պատմության մասին, որտեղ Լեքին «հեռացավ անապատ: Եվ նա թողեց իր տունը և իր ժառանգության հողը և իր ոսկին և իր արծաթը և իր թանկարժեք իրերը, և իր հետ ոչինչ չվերցրեց, բացի իր ընտանիքից»:
Երբ մենք բախվում ենք կյանքի շրջադարձերին, շատ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք մենք քիչ կամ ընդհանրապես չենք վերահսկում: Առողջական մարտահրավերներն ու դժբախտ պատահարները ակնհայտորեն կարող են տեղավորվել այս խմբի մեջ: Վերջին COVID-19 համավարակը լրջորեն ազդել է այն մարդկանց վրա, որոնք ամեն ինչ ճիշտ են արել: Ամենակարևոր ընտրությունների համար մենք ունենք վերահսկողություն: Վերադառնալով իմ միսիոներական օրերին՝ ասեմ, որ երեց Մարիոն Դ. Հենքսը, մեր միսիայի նախագահը, մեզ բոլորիս հանձնարարեց անգիր սովորել Էլլա Ուիլեր Ուիլքոքսի մի բանաստեղծություն.
Սկզբունքների, վարքագծի, կրոնական արարողությունների և արդար ապրելու հարցերում մենք ենք պատասխանատու: Մեր հավատքն ու երկրպագությունը Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին ընտրություն է, որը մենք ենք կատարում:
Խնդրում եմ, հասկացեք, որ ես չեմ քարոզում կրթության կամ մասնագիտության նկատմամբ ավելի քիչ հետաքրքրություն: Ասածս այն է, որ երբ կրթության և մասնագիտության հետ կապված ջանքերը վեր են դասվում ընտանիքից կամ Քրիստոսի հետ մեկ լինելուց, անցանկալի հետևանքները կարող են զգալիորեն անբարենպաստ լինել:
Վարդապետություն և Ուխտեր 20 բաժնում շարադրված հստակ և պարզ վարդապետությունը հուզիչ և ազդեցիկ է, քանի որ ընդլայնում և պարզաբանում է սուրբ հոգևոր հասկացությունները: Այն ուսուցանում է, որ փրկությունը գալիս է, երբ Հիսուս Քրիստոսը արդարացնում և սրբացնում է ապաշխարող հոգիներին Փրկչի շնորհի շնորհիվ: Այն հիմք է ստեղծում Նրա Քավության գլխավոր դերի համար:
Մենք պետք է ձգտենք ուրիշներին ներառել մեր միասնության շրջանակում: Եթե ցանկանում ենք հետևել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հորդորին՝ հավաքել ցրված Իսրայելը վարագույրի երկու կողմերում, մենք պետք է ընդգրկենք ուրիշներին մեր միասնության շրջանակում: Ինչպես նախագահ Նելսոնն այնքան գեղեցիկ ուսուցանել է. «Բոլոր մայրցամաքներում և ծովի կղզիներում հավատարիմ մարդիկ հավաքվում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։ Տարբերությունները մշակույթի, լեզվի, սեռի, ռասայի և ազգության միջև անհետանում են, երբ հավատարիմները կանգնում են ուխտի ճանապարհի վրա և գալիս են դեպի մեր սիրելի Քավիչը»։
Մենք միավորվում ենք Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր սիրով ու հավատքով, նաև որպես սիրող Երկնային Հոր զավակներ: Իսկական պատկանելության էությունը Քրիստոսի հետ մեկ լինելն է: Մկրտության և հաղորդության արարողությունները, որոնք ամրագրված են Վարդապետություն և Ուխտեր 20 բաժնում, մեր տաճարային ուխտերի հետ միասին միավորում են մեզ հատուկ ձևերով և թույլ են տալիս մեզ լինել մեկ հավերժ կարևոր ուղիով և ապրել խաղաղության ու ներդաշնակության մեջ:
Ես բերում եմ իմ վստահ և հատուկ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, և Նրա Քավության շնորհիվ մենք կարող ենք լինել մեկ Քրիստոսի հետ: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։