Եկեղեցու պատմություն
«Այդ մեծ, երջանիկ վերամիավորումը»


«Այդ մեծ, երջանիկ վերամիավորումը»

Շերինյանների ընտանիքը

Ռեբեկա և Նիշան Շերինյանները իրենց երեք երեխաների հետ. Արիկ, Ջորջ և Հարոնդ, մոտ 1902 թվական

Նիշան և Ռեբեկա Շերինյանները ապրում էին Զառա քաղաքում, որտեղ Նիշանը խանութ ուներ: 1888թ. հոկտեմբերի 3-ին Նիշանը հանդիպեց Վերջին Օրերի Սրբերի միսիոներ Ֆերդինանդ Ֆ. Հինցեին, որը Նիշանին և նրա ընտանիքին ուսուցանեց ավետարանի մասին: Նիշանն ու նրա աները՝ Նիկողոս Շերինյանը, մկրտվեցին ընդամենը երեք օր անց՝ հոկտեմբերի 6-ին։ Մկրտությունից ընդամենը մի քանի օր անց երեց Հինձեն Նիկողոսին ձեռնադրեց երեց, իսկ Նիշանին` քահանա, և նրանց հանձնեց իրենց տարածքում գտնվող Եկեղեցու պատասխանատվությունը: 1891 թ.-ին Ռեբեկան նույնպես մկրտվեց և սկսեց ծառայել որպես տեղական Սփոփող միության նախագահ:

«Սակայն մեր մկրտության օրվանից մեզ թվում էր, թե հակառակորդը մեր դեմ ելավ ամբողջ ուժով», - հիշում է Նիշանը։ Երբ Նիշանը գնաց կարճատև միսիայի, նրա խորթ եղբայրը սխալ վարեց խանութի գործերը, և Նիշանը դարձավ անարդար գույքային դատական հայցով մեղադրյալ: Նա կորցրեց իր գումարը և 90 օր անցկացրեց բանտում։ Այս ընթացքում նրանց առաջնեկը՝ Երվանդը, հիվանդացավ թոքաբորբով և մահացավ։

1898 թ.-ին Նիշանը ևս մեկ կարճատև միսիա ծառայեց երեց Էնթոն Լունդի և մյուսների հետ՝ մեկնելով Այնթապ, Հալեպ և շրջակա տարածքներ՝ քարոզելու և այնտեղ ապրող հայ Սրբերի խմբերի հետ հանդիպելու համար: Ռեբեկան Նիշանին մի թուրքական ձեռագործ գորգ տվեց երեց Լունդին փոխանցելու համար, որպեսզի վերջինս այն իր հետ տանի Սոլթ Լեյքի տաճար: Ռեբեկան անմշակ բուրդ էր մանել և ներկել թելը, ապա մի գեղեցիկ ու ինքնատիպ նախշ էր հյուսել։

Շերինյանների գորգը

1980-ականներին Եկեղեցու պատմության թանգարանի համադրողները հանեցին Ռեբեկայի ձեռքով ներկված բրդե թելով ձեռագործ գորգը Առաքյալների խորհրդի սենյակից և պահպանեցին այն Եկեղեցու պատմական հավաքածուներում:

Նախագահ Լորենզո Սնոուն ստացավ գորգը և դրեց այն տաճարում գտնվող Առաքյալների հանդիպման սենյակում: Մինչ Նիշանը քարոզում էր Հալեպում, Ռեբեկան գրեց, որ իրենց որդին՝ Հասուն, ազդրի ոսկրում քաղցկեղ ուներ: Նիշանը հունիսին վերադարձավ Զառա։ Հուլիսին նրանց դուստրը՝ Արաքսին, հանկարծամահ եղավ թոքաբորբից, իսկ մեկ ամիս անց մահացավ նաև Հասուն։

1902 թվականին թուրքերի և հայերի միջև աճող էթնիկական լարվածության պատճառով Նիշանը և Ռեբեկան, նրանց երեք երեխաները և Նիշանի զարմիկներից մեկը լքեցին Զառան և գաղթեցին Յուտայի նահանգի Մյուրե քաղաք:

1904 թ.-ին երկու փոքրիկ տղաներ հարևան ընտանիքներից, որոնք թշնամական զգացմունքներ ունեին Շերինյանների հանդեպ, անփութորեն շարված փայտանյութի մի կույտ հրեցին նրանց երեք տարեկան որդու՝ Կրիկորի վրա՝ սպանելով նրան: «Դա շատ տխուր ժամանակ էր, որովհետև մենք դեռ օտար էինք երկրի և մարդկանց համար», - ասաց Նիշանը: «Սակայն մենք շնորհակալություն հայտնեցինք Տիրոջը, քանի որ՝ «Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի»։ Քանի որ Նա մեզ տվել էր շատ լավ ընկերներ, որոնք օգնեցին մեզ մեր փորձության մեջ և հսկեցին մեզ գորովագութ խնամքով»:

Նիշանը երրորդ միսիան ծառայել է 1923 թ.-ին՝ մեկնելով Կալիֆորնիա: Ռեբեկան նրան միացավ Ֆրեզնոյում։ Իրենց միսիայի ավարտից երկու տարի անց Ռեբեկայի առողջությունը վատացավ, և նա մահացավ 1928 թ.-ի Ամանորի օրը:

Ի լրումն Եկեղեցու համար արված ժամանակի և ծառայության իր մյուս ներդրումների, Նիշանն օգնեց արևմտահայերեն թարգմանել Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը:

Նիշանն իր ինքնակենսագրականը նվիրեց իր զավակներին. «Թող Աստված՝ մեր Երկնային Հայրը, ընդունի մեր խոնարհ աղոթքները և մեր անսասան հավատքի ու հույսի միջոցով դիմավորի մեզ հավիտենական կյանքում, որպեսզի մեր ամբողջական ընտանիքների հետ լինենք այդ մեծ, երջանիկ վերամիավորման մեջ՝ Նրա սելեստիալ արքայությունում»: