Եկեղեցու պատմություն
Քրիստոնեական վերածնունդ Հայաստանում


Քրիստոնեական վերածնունդ Հայաստանում

1991թ. մայիսի 5-ին Հայաստանի նախագահը հանդիպեց մի քանի ամերիկացիների հետ, որոնք առաջարկում էին կառուցել բետոնի գործարան՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համագործակցությամբ: Սուսաննա Սարգսյանն օգնեց նախագահին՝ թարգմանելով խոսակցությունը։ Երբ շինարարության մեջ մասնագիտացած ավագ միսիոներ զույգերը ժամանեցին Երևան՝ գործարանում աշխատելու համար, Սուսաննան կազմակերպեց, որ իր քույրը՝ Նարինեն, որը տեղի դպրոցի փոխտնօրենն էր, հայերեն սովորեցնի նրանց:

Մեկ շաբաթ դասավանդելուց հետո Նարինեն երազ տեսավ: Նա քայլում էր այգում և նայում էր դիմացի շենքին։ Նա տեսավ, որ դա «շատ բարձր շենք էր … պատերի վերևում կլոր պատուհաններով»: Շենքն ուներ «ծայրաձողեր», իսկ «պատուհանների վերևում արևաքարեր էին, որոնք շատ բնորոշ են հին հայկական ճարտարապետությանը»։ Բայց մուտք չկար։ Երազում նա քայլում էր շենքի շուրջը՝ փնտրելով ներս մտնելու ուղին:

Հաջորդ երկուշաբթի օրը դասարանում միսիոներները հարցրին Նարինեին, թե որքան պետք է վճարեն ուսուցման համար: Նարինեն հրաժարվեց գումարից: «Պարզապես համարեք սա իմ մարդասիրական ծրագիրը», - ասաց նա: «Բայց եթե ցանկանում եք ինչ-որ բան անել ինձ համար, մկրտեք ինձ»:

Նարինեն և նրա դուստրը՝ Քրիստինան, համաձայնեցին միսիոներական դասեր անցնել՝ մկրտությանը նախապատրաստվելու համար: Երբ նա առաջին անգամ մտավ միսիոներների տուն, տեսավ Սոլթ Լեյքի տաճարի նկարը և ճանաչեց այն որպես իր երազի շենքը: Նարինեն և Քրիստինան, որոնք մկրտվել են 1992 թ.-ի ապրիլին, հետխորհրդային ժամանակաշրջանում եկեղեցուն միացած առաջին հայ նորադարձներից էին:

Այնուհետև, «Ես ապշեցի՝ տեսնելով Նարինեի, իսկ հետո՝ իմ մեջ տեղի ունեցած մեծ փոփոխությունները», - ասաց Սուսաննան: Նա ավելի բարի էր դառնում: Նա դառնում էր ավելի իմաստուն: Նա ավելի էր գեղեցկանում։ Նա ամեն օր փոխվում էր, և ես ապշած էի»: Սուսաննան նույնպես փնտրեց միսիոներներին և մկրտվեց: Իր մկրտությունից հետո նա դարձավ երիտասարդ ճյուղի Սփոփող միության նախագահը:

Ավելի քան մեկ տասնամյակ անց՝ 2001 թ.-ին, Հայաստանում քրիստոնեության պաշտոնական հաստատման 1700-ամյակին նվիրված ազգային տոնակատարությունների մեկ տարվա ընթացքում Վերջին Օրերի Սրբերը ամբողջ երկրում իրենց համայնքների հետ կիսվեցին նոր հրատարակված Մորմոնի Գրքի արևելահայերեն թարգմանության օրինակներով: Մարտ ամսին նրանք բաց դռներ անցկացրին Երևանում և Գյումրիում։

«Գրքի յուրաքանչյուր բառ ու նախադասություն անցել է իմ մտքով, հոգով և սրտով՝ իմ հոգում թողնելով անջնջելի վկայություն», - ասում է Հասվիրա Մինասարյանը, որն աշխատել է թարգմանության վրա։ «Ես սկսեցի ճանաչել Աստծո ուղիները, Հիսուս Քրիստոսի քավության նշանակությունը և իմ Փրկչի սերը, ողորմությունն ու շնորհը»:

Սարգսյան քույրերի նման Մարգարիտ Մաթանյանը ևս պարզել էր, որ ավետարանի վերականգնված ճշմարտությունները փոփոխություններ են բերել իր կյանք: «Մորմոնի Գիրքը իմ սիրտը լցնում է ջերմությամբ և ուրիշների հանդեպ սիրով», - ասաց նա, երբ խորհում էր Հիսուս Քրիստոսի մասին սուրբ գրությունների վկայության շուրջ, որն այժմ աշխարհի հնագույն քրիստոնյա երկրներից մեկի լեզվով է: