Առաջին Նախագահության ուղերձ, Հուլիս 2010
Հավատարիմ բարեկամներ
Մեծագույն պարգևներից մեկը, որ Փրկիչը կարող է տալ, մեզ «բարեկամներ» կոչելն է: Մենք գիտենք, որ Նա սիրում է կատարյալ սիրով Իր Երկնային Հոր բոլոր զավակներին: Դեռ ավելին, նրանց, ովքեր հավատարիմ են Իրեն իրենց ծառայության մեջ, Նա վերապահում է այս հատուկ տիտղոսը: Դուք հիշում եք բառերը Վարդապետություն և Ուխտերի 84-րդ բաժնից. «Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, իմ բարեկամներ, քանզի այսուհետև ես ձեզ կոչելու եմ բարեկամներ. Նպատակահարմար է, որ ես տամ ձեզ այս պատվիրանը, որ դուք դառնաք ճիշտ ինչպես իմ բարեկամներն այն օրերին, երբ ես նրանց հետ էի, և ճամփորդում էի՝ ավետարանն իմ զորությամբ քարոզելու» (ՎևՈւ 84.77):
Մենք դառնում ենք Նրա բարեկամները, երբ ծառայում ենք ուրիշներին՝ հանուն Նրա: Նա մի կատարյալ օրինակ է այնպիսի բարեկամի, ինչպիսին մենք պետք է դառնանք: Նա ուզում է միայն ամենալավը Իր Երկնային Հոր զավակների համար: Նրանց երջանկությունը Իր երջանկությունն է: Նա զգում է նրանց վիշտը, ինչպես Իր սեփականը, որովհետև Նա վճարել է գինը նրանց բոլոր մեղքերի՝ վերցնելով իր վրա նրանց բոլոր թուլությունները, կրել է նրանց բոլոր հոգսերը, զգացել է նրանց բոլոր փափագները: Նրա շարժառիթները մաքուր են: Նա չի փնտրում ճանաչում Իր անձի համար, այլ տալիս է ամբողջ փառքը Իր Երկնային Հորը: Կատարյալ բարեկամը, Հիսուս Քրիստոսը, ամբողջովին անեսասիրաբար է առաջարկում երջանկություն ուրիշներին:
Մեզնից յուրաքանչյուրը, ով մկրտության ուխտ է կապել, խոստացել է հետևել Նրա օրինակին, կրելով մեկը մյուսի բեռը, ինչպես Նա կաներ (տես Մոսիա 18.8):
Հաջորդ մի քանի օրերի ընթացքում դուք հնարավորություն կունենաք լինելու Նրա բարեկամը: Դա կարող է լինել, երբ դուք քայլեք փոշոտ փողոցով: Դա կարող է լինել, երբ դուք նստեք երկաթգծի մեքենան: Դա կարող է լինել, երբ դուք նստելու տեղ փնտրեք Եկեղեցու ժողովներին: Եթե դուք նայեք, դուք կտեսնեք ծանր բեռ կրող ինչ-որ մեկին: Դա կարող է լինել վշտի կամ միայնության, կամ զայրույթի բեռ: Դա կարող է լինել տեսանելի ձեզ համար միայն այն դեպքում, եթե դուք աղոթել եք, որ Հոգին ձեզ տա աչքեր՝ տեսնելու համար սրտերի ներսը, և խոստացել եք բարձրացնել ընկած ձեռքերը:
Ձեր աղոթքի պատասխանը կարող է լինել մի հին ընկերոջ դեմքը, ում դուք երկար տարիներ չեք տեսել, բայց ում կարիքները անսպասելիորեն գալիս են ձեր մտքին ու սրտին, և զգում եք դրանք այնպես, կարծեք դրանք ձեր սեփականը լինեն: Ինձ հետ այդպես պատահել է: Հին ընկերները հասել են ինձ օգնության շատ հեռվից, երբ տարիներ շարունակ կապ չենք ունեցել իրար հետ, և միայն Աստված կարող էր նրանց հայտնած լիներ իմ բեռի մասին:
Աստծո ապրող մարգարեները խնդրել են մեզ լինել հավատարիմ բարեկամներ նրանց համար, ովքեր գալիս են Եկեղեցի որպես նորադարձներ, և գնալ փրկելու նրանց, ովքեր շեղվել են: Մենք կարող ենք դա անել, և մենք կանենք դա, եթե միշտ հիշենք Փրկչին: Երբ մենք օգնության ենք հասնում՝ աջակցելու ինչ-որ մեկին և բարձրացնելու նրա բեռը, Նա մեզ հետ է լինում: Նա կառաջնորդի մեզ նրանց մոտ, ովքեր կարիքի մեջ են: Նա կօրհնի մեզ զգալու այն, ինչ նրանք են զգում: Երբ մենք համառորեն ջանանք ծառայել նրանց, մեզ ավելի ու ավելի կտրվի նրանց հանդեպ Նրա սերը զգալու պարգևը: Այն մեզ քաջություն և ուժ կտա՝ կրկին ու կրկին հավատարմորեն օգնության հասնելու:
Եվ ժամանակի ու հավերժության մեջ, մենք կզգանք Նրա հավատարիմ բարեկամների ընկերակցության մեջ ընդունված լինելու ուրախությունը: Ես աղոթում եմ, որ բոլորս ունենանք այդ օրհնությունը, ինչպես և նրանք, ում մենք կծառայենք:
© 2010 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Printed in USA. Անգլերենի հաստատումը. 6/09: Թարգմանության հաստատումը. 6/09: First Presidency Message, July 2010-ի թարգմանությունը: Armenian: 09367 201