2012
Ստանալ ավելին գերագույն համաժողովից
Ապրիլ 2012


Ստանալ ավելին գերագույն համաժողովից

Թեև մենք ասում ենք «ամեն» գերագույն համաժողովի վերջին նիստի ավարտին, հոգևոր սնուցումը չի ավարտվում դրանով: Այն կարող է շարունակվել, եթե մենք ուսումնասիրենք և կիրառենք այդ համաժողովի ուսմունքները: Տարիների ընթացքում մարգարեները մեզ խրախուսել են անել հենց դա: Օրինակ, 1946թ. Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) անդամներին կոչ արեց թույլ տալ, որպեսզի համաժողովների ելույթները լինեն իրենց առաջնորդները, երբ կքայլեն և կխոսեն հաջորդ վեց ամիսների ընթացքում: Նա բացատրեց. «Կան կարևոր հարցեր, որոնք ըստ Տիրոջ պետք է հայտնվեն այս ժողովրդին այս օրերին»:1

1988թ. Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը (1899–1994) կրկնել է այդ խորհուրդը, երբ ուսուցանել է. «Հաջորդ վեց ամիսների ընթացքում Ensign-ի համաժողովի համարը պետք է լինի ձեր սուրբ գրությունների կողքին և հաճախ օգտագործվի»:2

Փակելով 2008թ. գերագույն համաժողովը, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը վերահաստատեց համաժողովի ելույթները ուսումնասիրելու կարևորությունը: Նա ասաց. «Թող որ մենք երկար հիշենք այն, ինչ լսեցինք այս գերագույն համաժողովի ժամանակ: Ուղերձները, որոնք հնչեցին, կտպագրվեն հաջորդ ամիս Ensign և Լիահոնա ամսագրերում: Ես կոչ եմ անում ձեզ ուսումնասիրել դրանք և խորհել այդ ուսմունքների շուրջ»:3

Համաժողովի ուղերձները ուսումնասիրելով և դրանց շուրջը խորհելով, ի՞նչ դուք կարող եք անել, որպեսզի դարձնեք դրանք իմաստալից ձեր կյանքում: Ահա մի քանի առաջարկություն, որոնք կօգնեն ձեզ պատրաստվել, ստանալ և կիրառել ոգեշնչված խոսքերը.

Պատրաստվեք ստանալ ոգեշնչում: Անկախ նրանից, թե դիտում եք, լսում կամ կարդում համաժողովի ելույթները, դուք պետք է բացեք ձեր սիրտը և միտքը աստվածային ոգեշնչման համար: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է, որ կարևոր չէ, թե որքան արդյունավետ է ուսուցանում խոսնակը, «ուղերձի բովանդակությունը և Սուրբ Հոգու վկայությունը թափանցում են սրտի մեջ միայն, երբ լսողը թույլ է տալիս դա»: Նա բացատրել է, որ ոգեշնչում ստանալը «պահանջում է հոգևոր, մտավոր և ֆիզիկական ներթափանցում, ոչ թե պարզապես պասսիվ ընդունում»:4

Հետևյալ մտքերը կօգնեն ձեզ պատրաստվել Հոգով ուսուցանվելուն.

  1. Որոշակի ժամանակ հատկացրեք և ստեղծեք մի միջավայր, որտեղ ձեզ ոչինչ չի խանգարի, որպեսզի դուք ստանաք հոգևոր հուշումներ:

  2. Փնտրեք աստվածային առաջնորդություն աղոթքի միջոցով:

  3. Թվարկեք անձնական հարցերը կամ մտահոգությունները, որոնց համար դուք պատասխաններ եք փնտրում:

Հասկացեք ուղերձները: Կենդանի մարգարեները և առաքյալները ուսուցանում, բացատրում, հորդորում, նախազգուշացնում և վկայում են: Նրանց ելույթները ուշադիր ուսումնասիրելը կօգնի ձեզ ավելի լիարժեք հասկանալ նրանց ուղերձները: Ահա ուսումնասիրության մի քանի արդյունավետ եղանակ.

  • Հարցեր տվեք: Օրինակ. Ի՞նչ է Տերը ցանկանում, որ ես սովորեմ այս ուղերձից: Ինչպե՞ս է այս ուղերձը օգնում ինձ ավելի խորը հասկանալ սուրբ գրության սկզբունքը կամ հատվածը: Ի՞նչ պատմություններ են օգտագործվում՝ ավետարանի սկզբունքները ցուցադրելու համար, և ի՞նչ եմ ես դրանցից սովորում:

  • Գրեք ելույթի կարևոր կետերը: Ուշադրություն դարձրեք, թե որոնք են խոսնակի կարևոր կետերը: Ելույթը բաժանեք մասերի և գրեք ամփոփում, որը բացատրում է յուրաքանչյուր մասի հիմնական գաղափարը:

  • Գտեք ելույթի տարբեր տարրերը: Գրառումներ կատարեք վարդապետությունների, սուրբ գրությունների, պատմությունների, նախազգուշացումների, ցանկերի, վկայությունների, գործի կոչ անող հրավերների և խորհրդին հնազանդվելու արդյունքում տրվող օրհնությունների մասին:

  • Ուսումնասիրեք ելույթը մեկից ավելի անգամ: Եթե անհրաժեշտ է, ավելի շատ ուսումնասիրեք ավետարանի ճշմարտությունները, որպեսզի ընկալեք դրանց լիարժեք նշանակությունը և կարևորությունը: Ամեն անգամ ուսումնասիրելիս, գրի առեք այն նոր մտքերը, որոնք ձեզ մոտ առաջանում են:

Կիրառեք այն, ինչ սովորել եք: Եթե աղոթքով ուսումնասիրեք ելույթները, կտեսնեք, թե ինչպես կիրառել դրանք ձեր կյանքում: Դուք կարող եք իմանալ, ինչպես իմաստալից փոփոխություններ կատարել, տալով հետևյալ հարցերը. Ի՞նչ է Տերը ցանկանում, որ ես անեմ իմ սովորածի հետ: Ինչպե՞ս իմ սովորածը կարող է օգնել ինձ իմ ընտանիքում, աշխատանքում կամ Եկեղեցու կոչումներում: Գրի առեք այն տպավորությունները, որոնք ունեցել եք, որպեսզի չմոռանաք դրանք: Այդպես դուք ոգեշնչված կլինեք ապրելու ըստ ուսմունքների և կստանաք խոստացված օրհնությունները:

Գերագույն համաժողովը մի ժամանակ է, երբ Տերը ձեզ հայտնում է Իր Կամքը Իր ծառաների միջոցով: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) ուսուցանել է. «Եկեղեցու ստանդարտ աշխատություններից բացի չկա որևէ այլ տեքստ կամ գիրք, որը պետք է ձեր գրադարանում կարևոր տեղ զբաղեցնի ոչ թե իր բանախոսական կատարելության կամ մատուցման շքեղության համար, այլ այն սկզբունքների՝ որոնք ցույց են տալիս դեպի հավերժական կյանք տանող ճանապարհը»:5

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Harold B. Lee, in Conference Report, Apr. 1946, 68.

  2. Ezra Taft Benson, “Come unto Christ, and Be Perfected in Him,” Ensign, May 1988, 84.

  3. Thomas S. Monson, “Until We Meet Again,” Liahona, Nov. 2008, 106.

  4. David A. Bednar, “Seek Learning by Faith,” Liahona, Sept. 2007, 17, 20.

  5. Spencer W. Kimball, In the World but Not of It, Brigham Young University Speeches of the Year (May 14, 1968), 3.