2016
Ապաշխարություն՝ ուրախալի ընտրություն
November 2016


Ապաշխարություն. ուրախալի ընտրություն

Ապաշխարությունը ոչ միայն հնարավորություն է, այլ նաև ուրախություն է` մեր Փրկիչի շնորհիվ:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, երբ 12 տարեկան էի, իմ ընտանիքն ապրում էր Շվեդիայի հարավում գտնվող ծովափնյա Գյոտեբորգ քաղաքում Շվեդիայի հարավում: Ի դեպ, դա մեր սիրելի գործընկեր Երեց Պեր Գ. Մալմի ապրելավայրն էր,1 ով կյանքից հեռացավ այս ամառ: Մենք կարոտում ենք նրան: Մենք երախտապարտ ենք նրա մեծահոգության և ազնիվ ծառայության համար և նրա իսկապես հիասքանչ ընտանիքի օրինակի համար: Եվ մենք, իհարկե, աղոթում ենք, որ նրանց հետ լինեն Աստծո լիառատ օրհնությունները:

Հիսուն տարի առաջ, մենք եկեղեցի էինք հաճախում մի մեծ, վերանորոգված տանը: Մի կիրակի իմ ընկեր Սթեֆանը,2 ճյուղում միակ մյուս սարկավագը, ոգևորված ինձ ողջունեց ճյուղում: Մենք գնացինք ժողովարանին հարող հավելյալ տարածքը, և նա իր գրպանից հանեց մի մեծ պայթուցիկ ու մի քանի լուցկի: Երիտասարդներին հատուկ ցուցադրական խիզախությամբ ես վերցրի պայթուցիկը և վառեցի երկար մոխրագույն պայթաքուղը: Ես մտադիր էի հանգցնել քուղը նախքան այն կպայթեր: Բայց, երբ մատներս վառեցի այդ անելիս, ես գցեցի պայթուցիկը: Ես և Սթեֆանը սարսափով նայում էինք, մինչ քուղը շարունակում էր վառվել:

Պայթուցիկը պայթեց և ծծմբահոտը լցրեց հավելյալ տարածքը և ժողովարանը: Մենք շտապ հավաքեցինք պայթուցիկի ցրված մնացորդները և բացեցինք պատուհանները, փորձելով վերացնել հոտը, միամտորեն մտածելով, որ ոչ ոք չէր զգա: Բարեբախտաբար, ոչ մեկս չէր վիրավորվել և ոչ մի վնասվածք չէր հասցվել:

Երբ անդամները եկան ժողովի, նրանք, իհարկե, զգացին ճնշող հոտը: Դժվար էր չզգալ: Հոտը շեղում էր ժողովի սրբազան մթնոլորտից: Քանի որ այդքան քիչ Ահարոնյան Քահանայության կրողներ կային և դա կարելի է նկարագրել միայն որպես մտածողության անջատում, ես բաժանեցի հաղորդությունը, բայց արժանի չէի զգում ճաշակել դրանից: Երբ հաղորդության սկուտեղը ինձ առաջարկվեց, ես չվերցրեցի ոչ հաց, ոչ էլ ջուր: Սոսկալի վատ էի զգում: Ես նեղսրտած էի և գիտեի, որ այն, ինչ արել էի, առաջացրել էր Աստծո դժգոհությունը:

Եկեղեցուց հետո ճյուղի նախագահ Ֆրանկ Լինդբերգը` պատկառելի տարեց մի մարդ, արծաթավուն սպիտակ մազերով, խնդրեց ինձ գալ իր գրասենյակը: Իմ նստելուց հետո նա նայեց ինձ բարությամբ և ասաց, որ նկատել էր, որ ես չէի ճաշակել հաղորդությունից: Նա հարցրեց՝ ինչո՞ւ: Ես կարծում էի, որ նա գիտեր ինչու: Ես համոզված էի` բոլորը գիտեին, թե ես ինչ էի արել: Իմ պատմելուց հետո, նա հարցրեց, թե ինչպես էի զգում: Արցունքների միջից, ընդհատումներով, ես ասացի նրան, որ ցավում էի, և որ գիտեի, որ Աստծուն վիրավորել էի:

Նախագահ Լինդբերգը բացեց Վարդապետություն և Ուխտերի մի լավ մաշված օրինակ և խնդրեց ինձ կարդալ մի քանի ընդգծված հատվածներ: Ես բարձրաձայն կարդացի հետևյալը.

«Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես, Տերս, այլևս չեմ հիշում դրանք:

Այս բաներով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից, — ահա նա կխոստովանի և կթողնի դրանք»:3

Ես երբեք չեմ մոռանա Նախագահ Լինդբերգի կարեկցական ժպիտը, երբ ես վեր նայեցի ընթերցելն ավարտելուց հետո: Որոշ հուզմունքով նա ասաց ինձ, որ նա զգում էր, որ լավ կլիներ ինձ համար վերսկսել ճաշակել հաղորդությունը: Երբ ես դուրս եկա նրա գրասենյակից, զգում էի աննկարագրելի ուրախություն:

Այդպիսի ուրախությունը ապաշխարության անկապտելի արդյունքն է: Ապաշխարել բառը հունարենում ունի «արդյունքում ըմբռնել» իմաստը և ենթադրում է «փոփոխություն»:4 Շվեդերենում այդ բառն է omvänd, որը պարզապես նշանակում է «ետ դառնալ»:5 Քրիստոնյա գրող, Ք. Ս. Լյուիսը, գրել է փոփոխության համար անհրաժեշտության և մեթոդի մասին: Նա նշել է, որ ապաշխարությունը ներառում է «ճիշտ ճանապարհին վերադառնալը: Սխալ հանրագումարը կարելի է ուղղել, — ասել է նա, — բայց միայն ետ գնալով, մինչև որ գտնեք սխալը, և աշխատելով կրկին տվյալ կետից, բայց ոչ երբեք ուղղակի շարունակելով»:6 Մեր վարքը փոխելը և վերադառնալը «ճիշտ ճանապարհին» ապաշխարության մասն է կազմում, բայց միայն մասը: Իսկական ապաշխարությունը նաև ներառում է մեր սիրտը և կամքը դեպի Աստված շրջելը և մեղքից հրաժարվելը:7 Ինչպես բացատրվում է Եզեկիէլում, ապաշխարելը «մեղքից ետ դառնալն է … իրավունք եւ արդարութիւն գործելը … գրաւը ետ դարձնելը … [և] կեանքի կանոններովը գնալը, առանց անօրէնութիւն գործելու»:8

Սակայն նույնիսկ սա ամբողջական նկարագրություն չէ: Այն ճշտորեն չի նշում այն ուժը՝ մեր Փրկիչի քավիչ զոհաբերությունը, որը հնարավոր է դարձնում ապաշխարությունը: Իսկական ապաշխարությունը պետք է ներառի հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս, հավատք, որ Նա կարող է փոխել մեզ, հավատք, որ Նա կարող է ներել մեզ, և հավատք, որ Նա կօգնի մեզ խուսափել նոր սխալներից: Այդպիսի հավատքը Նրա Քավությունն արդյունավետ է դարձնում մեր կյանքում: Երբ մենք «արդյունքում ըմբռնում ենք» և «ետ ենք դառնում» Փրկիչի օգնությամբ, մենք զգում ենք հույս Նրա խոստումների հանդեպ և ներման ուրախությունը: Առանց Քավիչի, անկապտելի հույսը և ուրախությունը գոլորշիանում է և ապաշխարությունը դառնում է պարզապես վարքի ողորմելի փոփոխություն: Իսկ Նրա հանդեպ հավատք գործադրելով, մենք դարձի ենք գալիս դեպի մեղքը ներելու Նրա ունակությանը և պատրաստակամությանը:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը հաստատել է ապաշխարության հույս ներշնչող խոստումները 2015 թվականի ապրիլի իր վերջին գերագույն համաժողովում: Նա նկարագրել է Փրկիչի Քավության բժշկելու զորությունը, որը ես համարում եմ իմաստության թորում, որը ձեռք էր բերվել կես դար առաքելական ծառայության մեջ լինելուց: Նախագահ Փաքերն ասել է. «Քավությունը չի թողնում ոչ հետք, ոչ դրոշմ: Ինչ այն ուղղում է, ուղղված է … Այն ուղղակի բժշկում է, և ինչ այն բժշկում է, մնում է բժշկված»:9

Նա շարունակում է.

«… Քավությունը, որը կարող է ետ պահանջել մեզանից յուրաքանչյուրին, չի թողնում ոչ մի սպի: Դա նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչ ենք մենք արել կամ որտեղ ենք մենք եղել կամ ինչպես է ինչ-որ բան պատահել, եթե մենք իսկապես ապաշխարում ենք, [Փրկիչը] խոստացել է, որ Նա կքավի: Եվ երբ Նա քավեց, այն կարգավորվեց: …

… Քավությունը … կարող է մաքուր լվանալ ամեն բիծ, անկախ նրանից, թե որքան դժվար կամ որքան երկար կամ որքան անգամներ է կրկնվել»:10

Փրկիչի Քավության հասանելիությունն անսահման է լայնությամբ և խորությամբ, ձեզ համար և ինձ համար: Բայց այն երբեք չի պարտադրվի մեզ: Ինչպես մարգարե Լեքին է բացատրել, բավականաչափ ուսուցանվելուց հետո, «որ բարին տարբերենք չարից»11 մենք «ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով կամ ընտրելու գերություն և մահ»:12 Այլ խոսքով, ապաշխարությունը ընտրություն է:

Մենք երբեմն կատարում ենք այլ ընտրություններ: Այդպիսի ընտրությունները գուցե ներքնապես սխալ չթվան, բայց դրանք խանգարում են մեզ դառնալ իսկապես ապաշխարող և, այսպիսով, արգելում են իրական ապաշխարության մեր ձգտմանը: Օրինակ՝ մենք կարող է ընտրենք ուրիշներին մեղադրելը: Երբ 12 տարեկան էի Գյոտեբորգում, ես կարող էի մեղադրել Սթեֆանին: Առաջին հերթին նա էր այն անձնավորությունը, ով բերել էր մեծ պայթուցիկը և լուցկիները եկեղեցի: Բայց ուրիշներին մեղադրելը, եթե նույնիսկ արդարացված, թույլ է տալիս մեզ այդպես անելով, արդարացնել մեր վարքը: Այդպես վարվելով մենք մեր գործողությունների համար պատասխանատվությունը փոխանցում ենք ուրիշների վրա: Պատասխանատվությունը փոխանցելով՝ մենք նվազեցնում ենք ինչպես անհրաժեշտությունը, այնպես էլ գործելու մեր ունակությունը: Մենք դարձնում ենք մեզ ավելի շուտ խղճուկ զոհեր, քան անկախ գործողություններ կատարելու ընդունակ գործակալներ:13

Եվս մեկ ընտրություն, որը խանգարում է մեր ապաշխարությանը՝ մեր սխալները փոքրացնելն է: Գյոտեբորգի պայթուցիկի դեպքում ոչ ոք չտուժեց, ոչ մի լուրջ վնաս չհասցվեց և ժողովը ամեն դեպքում տեղի ունեցավ: Ավելի հեշտ կլիներ ասել, որ պատճառ չկար ապաշխարելու: Բայց մեր սխալները փոքրացնելը, եթե նույնիսկ անմիջական հետևանքներն ակնհայտ չեն, վերացնում է փոխվելու մղումը: Այս մտածողությունն արգելում է մեզ տեսնել, որ մեր սխալները և մեղքերը հավերժական հետևանքներ ունեն:

Սակայն մեկ ուղի է նաև մտածելը, որ մեր մեղքերը նշանակություն չունեն, որովհետև Աստված սիրում է մեզ, անկախ նրանից, թե մենք ինչ ենք անում: Գայթակղություն է հավատալ նրան, ինչ խաբեբա Նեորն ուսուցանեց Զարահեմլայի ժողովրդին. «Որ ողջ մարդկությունը կփրկվի վերջին օրը, և որ նրանք չպետք է վախենան կամ դողան … և վերջում բոլոր մարդիկ պետք է ունենան հավերժական կյանք»:14 Բայց այս հրապուրիչ գաղափարը կեղծ է: Աստված իսկապես սիրում է մեզ: Սակայն այն, ինչ մենք անում ենք, նշանակություն ունի Նրա համար: Նա հստակ հրահանգներ է տվել այն մասին, թե ինչպես մենք պետք է վարվենք: Մենք կոչում ենք դրանք պատվիրաններ: Նրա վավերացումը և մեր հավերժական կյանքը կախված է մեր վարքից, ներառյալ՝ խոնարհաբար իսկական ապաշխարություն որոնելու մեր պատրաստակամությունից:15

Բացի այդ, մենք հրաժարվում ենք իսկապես ապաշխարելուց, երբ ընտրում ենք առանձնացնել Աստծուն Իր պատվիրաններից: Ի վերջո, եթե հաղորդությունը սրբազան չլիներ, նշանակություն չէր ունենա, որ պայթուցիկի հոտը տհաճ էր Գյոտեբորգի այդ հաղորդության համար: Մենք պետք է զգույշ լինենք փոքրացնելիս մեղսավոր վարքը՝ վտանգելով կամ բաց թողնելով Իր պատվիրանների Աստծո հեղինակ լինելը: Իսկական ապաշխարությունը պահանջում է ընդունել Փրկիչի աստվածայնությունը և Նրա վերջին օրերի աշխատանքի ճշմարտացիությունը:

Արդարացումներ գտնելու փոխարեն, եկեք ընտրենք ապաշխարությունը: Ապաշխարության միջոցով մենք կարող ենք ուշքի գալ, ինչպես անառակ որդու առակում16 և մտածել մեր գործողությունների հավերժական նշանակության մասին: Երբ մենք հասկանանք, թե ինչպես կարող են մեր մեղքերն ազդել մեր հավերժական երջանկության վրա, մենք ոչ միայն կդառնանք իսկապես զղջացող, այլև կձգտենք ավելի լավը դառնալ: Երբ հանդիպենք գայթակղության, մենք ավելի շուտ պիտի հարցնենք ինքներս մեզ Վիլյամ Շեքսպիրի խոսքերով.

Ի՞նչ կշահեմ, եթե ձեռք բերեմ այն, ինչը տենչում եմ:

Երազանք, շունչ, անցողիկ ուրախության կարճ զգացում.

Ո՞վ է գնում րոպեական ուրախությունը մեկ շաբաթվա ոռնոցով:

Կամ ծախում հավերժությունը խաղալիք ստանալու համար:17

Եթե մենք կորցրել ենք հավերժության հեռանկարը հանուն ինչ-որ մի խաղալիքի, մենք կարող ենք ընտրել ապաշխարությունը: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք ունենք ևս մեկ շանս: Փոխաբերական իմաստով՝ մենք կարող ենք փոխանակել այնպես անխոհեմորեն գնված խաղալիքը և կրկին ստանալ հավերժության համար հույս: Ինչպես Փրկիչն է բացատրել. «Քանզի, ահա, Տերը՝ քո Քավիչը, մարմնի մեջ մահ տարավ, ուստի նա տարավ բոլոր մարդկանց ցավը, որ բոլոր մարդիկ կարողանան ապաշխարել ու գալ իր մոտ»:18

Հիսուս Քրիստոսը կարող է ներել, որովհետև Նա է վճարել մեր մեղքերի համար գինը:19

Մեր Քավիչը ընտրում է ներել՝ Իր անզուգական կարեկցանքի, ողորմածության և սիրո պատճառով:

Մեր Փրկիչը ուզում է ներել, որովհետև սա Նրա աստվածային հատկանիշներից մեկն է:

Եվ լինելով որպես Բարի Հովիվ՝ Նա ուրախանում է, երբ մենք ընտրում ենք ապաշխարությունը:20

Նույնիսկ, երբ մենք Աստծո ուզած ձևով ենք տրտմություն զգում մեր գործողությունների համար,21 երբ որոշում ենք ապաշխարել, մենք անմիջապես հրավիրում ենք Փրկիչին մեր կյանք: Ինչպես Ամուղեկն է ուսուցանել. «Գործի անցեք և մի կարծրացրեք ձեր սրտերն այլևս. քանզի ահա, հիմա է ժամանակը և ձեր փրկության օրը. և հետևաբար, եթե դուք կամենաք ապաշխարել և չկարծրացնեք ձեր սրտերը, փրկագնման մեծ ծրագիրն անհապաղ պիտի իրագործվի ձեզ համար»:22 Մենք կարող ենք զգալ աստվածային տրտմություն մեր գործողությունների համար և միևնույն ժամանակ զգալ ուրախություն՝ ունենալով Փրկիչի օգնությունը:

Այն փաստը, որ մենք կարող ենք ապաշխարել՝ ավետարանի բարի լուրն է:23 Հանցանքը կարող է «սրբվել»:24 Մենք կարող ենք լցվել ուրախությամբ, ստանալ մեր մեղքերի թողություն և ունենալ «խղճի խաղաղություն»:25 Մենք կարող ենք ազատվել հուսահատության և մեղքի գերության զգացումներից: Մենք կարող ենք լցվել Աստծո սքանչելի լույսով և «այլևս ցավ չզգալ»:26 Ապաշախարությունը ոչ միայն հնարավորություն է, այլ նաև ուրախություն է մեր Փրկիչի շնորհիվ: Ես դեռ հիշում եմ այն զգացումները, որոնք հորդեցին ինձ վրա ճյուղի նախագահի գրասենյակում պայթուցիկի դեպքից հետո: Ես գիտեի, որ ներվել էի: Մեղքի իմ զգացումներն անհետացան, իմ տխուր տրամադրությունը բացվեց և իմ սիրտը զգաց լույս:

Եղբայրներ և քույրեր, երբ մենք ավարտենք այս համաժողովը, ես հրավիրում եմ ձեզ զգալ ավելի շատ լույս ձեր կյանքում՝ ուրախություն այն գիտելիքից, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը իրական է, ուրախություն Փրկիչի ունակության, պատրաստակամության և ներելու ցանկության համար և ապաշխարել՝ ուրախությունն ընտրելու համար: Եկեք հետևենք հրահանգին. «ուրախութեամբ … ջուր քաշէք փրկութեան աղբիւրներիցը»:27 Թող որ մենք ընտրենք ապաշխարել, թողնենք մեր մեղքերը և մեր սրտով ու կամքով ետ դառնանք, որպեսզի հետևենք մեր Փրկիչին: Ես վկայում եմ Նրա կենդանի իրողության մասին: Ես Նրա անզուգական կարեկցանքի, ողորմության ու սիրո վկան եմ ու անդադար վայելողը: Ես աղոթում եմ, որ Նրա Քավության փրկագնող օրհնությունները ձերը լինեն այժմ և կրկին ու կրկին՝ ձեր ողջ կյանքի ընթացքում,28 ինչպես այն եղել է իմ կյանքում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Երեց Պեր Գոստա Մալմը (1948–2016) ծառայել է որպես Յոթանասունի Բարձրագույն Իշխանավոր 2010 թվականից մինչև իր մահը: Չնայած նա ծնվել էր Յոնկոպինգում (Շվեդիա), նա և նրա կինը՝ Ագնետան, իրենց տունը կառուցեցին Գյոտեբորգում՝ Շվեդիա: Իր նշանավոր 2010 թվականի գերագույն համաժողովի ելույթում Երեց Մալմը խոսել է նաև Գյոտեբորգի վերաբերյալ իր մտորումների մասին (տես «Հանգստություն ձեր հոգիներին», Լիահոնա, նոյ. 2010, 101–2):

  2. Չնայած Սթեֆանը իմ ընկերոջ իսկական անունը չէ, պատմությունը պատմում եմ նրա թույլտվությամբ:

  3. Վարդապետություն և Ուխտեր 58.42–43:

  4. Հունարեն metanoeo բառացիորեն նշանակում է «արդյունքում ըմբռնել» (meta, «արդյունքը», նկատի ունենալով «փոփոխությունը», noeo, «ըմբռնում» nous, «միտքը, բարոյական մտածողության տեղը») (see James Strong, The New Strong’s Expanded Exhaustive Concordance of the Bible: [2010], Greek dictionary section, 162).

  5. Իմ թարգմանությունը omvänd բառի: Om կարող է թարգմանվել որպես «ետ»: Vänd կարող է թարգմանվել որպես «դառնալ»:

  6. Կ. Ս. Լյուիս Մեծ ամուսնալուծություն (1946), 6: Գրքի նախաբանում Լյուիսը գրել է, որ ոմանք երկինքը կամ դժոխքը ընտրելու փոխարեն, փորձում են «միավորել» դրանք: Նա ասում է, որ մեզանից ոմանք կարծում են, որ «զարգացումը կամ հարմարեցումը կամ հղկումը ինչ-որ ձևով չարը կդարձնի բարի: … Այս հավատը, կարծում եմ, աղետաբեր սխալ է: … Մենք չենք ապրում մի աշխարհում, որտեղ բոլոր ճանապարհները մի շրջանակի շառավիղներ են, և որտեղ, եթե բոլորին բավականաչափ երկար են հետևում, պետք է, հետևաբար, աստիճանաբար ավելի մոտենան և ի վերջո հանդիպեն կենտրոնում: …

    Չեմ կարծում, որ բոլորը, ովքեր սխալ ճանապարհներ են ընտրում կործանվում են, բայց նրանց ազատումը կայանում է նրանում, որ ետ են դրվում ճիշտ ճանապարհի վրա: … Չարը կարելի է անվավեր դարձնել, բայց այն հնարավոր չէ «զարգացնել» դարձնելով բարի: Ժամանակը այն չի բուժում: Հմայագիրը կա՛մ պետք է բացվի տառ առ տառ … կա՛մ չի բացվի» (5–6):

  7. Տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ապաշխարություն»:

  8. Եզեկիել 33.14–15:

  9. 2015 թվականի ապրիլյան համաժողովի հետ կապված ղեկավարության ժողովում Նախագահ Բոյդ Ք. Փաքերի վկայությունը լրիվ չի հրատարակվել: Մեջբերումներն իմ անձնական գրառումներից են, որոնք կատարել եմ այդ ժամանակ:

  10. Բոյդ Ք. Փաքեր «Երջանկության ծրագիրը » Լիահոնա, մայիս 2015:

  11. 2 Նեփի 2.5:

  12. 2 Նեփի 2.27:

  13. Տես 2 Նեփի 2.26:

  14. Ալմա 1.4: Նեորն ու նրա հետևորդները չէին հավատում ապաշխարությանը (տես Ալմա 15.15):

  15. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Աստվածային սեր», Լիահոնա, փետ. 2003, 12–17:

  16. Տես Ղուկաս 15.17, տես նաև հատվածներ 11–24:

  17. William Shakespeare, “The Rape of Lucrece,” lines 211–14:

  18. Վարդապետություն և Ուխտեր 18.11:

  19. Տես Եսայիա 53.5:

  20. Տես Ղուկաս 15.4–7, Վարդապետություն և Ուխտեր 18.10–13:

  21. Ճշմարիտ ապաշխարությունը ներառում է «Աստուծոյ ուզած կերպով տրտմություն» (2 Կորնթացիս 7.10): Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Քանզի նրանց համար, ովքեր մոլորվել են, Փրկիչն ապահովել է ետ գալու մի ուղի: Բայց դա առանց ցավի չէ: Ապաշխարությունը հեշտ չէ, այն ժամանակ է պահանջում՝ ցավոտ ժամանակ» (“Keeping Covenants,” Ensign, May 1993, 7). Երեց Ռիչարդ Գ. Սքոթը նույնպես ուսուցանել է. «Երբեմն ապաշխարության քայլերը սկզբում դժվար են և ցավոտ» (“Finding Forgiveness,” Ensign, May 1995). Չնայած Աստծո ուզած կերպով տրտմությունը և ցավը միախառնված են ապաշխարության գործընթացի հետ, վերջնական արդյունքն ուրախալի է, երբ զգացվում է մեղքի ներումը:

  22. Ալմա 34.31, շեշտադրումն ավելացված է:

  23. Sես Bible Dictionary, “Gospels”:

  24. Ենովս 1.6:

  25. Մոսիա 4.3:

  26. Մոսիա 27.29:

  27. Եսայիա 12.3:

  28. Տես Մոսիա 26.29–30: Չնայած Աստված խոստանում է շռայլորեն ներել, բայց միտումնավոր մեղանչելը և ակնակալել Փրկիչի ողորմածությունը, որ թույլ տա հեշտությամբապաշխարել, Աստծո համար նողկալի է: (տես Եբրայեցիս 6.4–6, 10.26–27): Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է. «Ուրախալի լուրը ամեն մեկի համար, ով ցանկանում է ազատվել անցյալի վատ ընտրություններից այն է, որ Տերը տարբեր ձևով է նայում թուլություններին, համեմատած ապստամբության հետ: Մինչդեռ Տերը նախազգուշացնում է, որ չապաշխարած ապստամբությունը կբերի պատիժ, երբ Տերը խոսում է թուլությունների մասին, դա միշտ ողորմածությամբ է»: («Անձնական զորություն՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով», Լիահոնա, նոյ. 2013, 83):

Տպել