2016
Արդար Դատավորը
November 2016


Արդար Դատավորը

Միայն մեկ ճանապարհ կա արդարությամբ դատելու, ինչպես Հիսուս Քրիստոսն է դատում, և դա Նրա նման լինելն է:

Իր մահկանացու կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոսը եղել է սիրող դատավոր, արտասովոր իմաստությամբ ու համբերությամբ: Սուրբ գրություններում Նա հայտնի է որպես «արդար դատավոր» (Բ Տիմոթեոս 4.8, Մովսես 6.57), և Նրա խորհուրդն է մեզ, որ մենք նույնպես «դատենք արդար դատով» (տես Ջոզեֆ Սմիթի թարգմանությամբ Մատթեոս 7.1–2 [Մատթեոս 7.1, ծանոթագրություն ա]) և «ապավին[ենք] այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել … [և] արդարությամբ դատել» (ՎևՈւ 11.12):

Նեփիացի տասներկուսին տված այս խորհուրդը կօգնի մեզ դատել այնպես, ինչպես Տերն է դատում. «Դուք պիտի լինեք դատավորներն այս ժողովրդի՝ համաձայն այն արդարադատության, որ ես կտամ ձեզ, որը կլինի արդար: Հետևաբար, ինչպիսի՞մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ, ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27, շեշտադրումն ավելացված է): Մենք երբեմն մոռանում ենք, որ երբ Նա խորհուրդ տվեց Իր նման լինել՝ խոսում էր այն մասին, թե ինչպես դատել արդար:

Անարդար դատաստան

Նկար
Փրկիչը փարիսեցիների և դպիրների հետ

Անարդար դատաստանի մի ամոթալի օրինակ է կորած ոչխարի առակը, երբ փարիսեցիները և դպիրները սխալ են դատում և՛ Փրկչին, և՛ Նրա հետ ճաշող մարդկանց, ասելով. «Սա ընդունում է մեղավորներին և նորանց հետ ուտում» (Ղուկաս 15.2), անտեսելով այն փաստը, որ հենց իրենք են մեղավորները: Դատապարտող սրտերի տեր լինելով, դպիրներն ու փարիսեցիները երբեք չեն իմացել, թե որն է կորած ոչխարին փրկելու ուրախությունը:

Նկար
Փրկիչը շնության մեջ բռնված կնոջ հետ

Կրկին «դպիրներն ու փարիսեցիներն էին», որ «մի կին բերեցին նորա մօտ՝ շնության մեջ բռնված» (Հովհաննես 8.3) տեսնելու, թե արդյոք Նա կդատի նրան` համաձայն Մովսեսի օրենքի (տես հատված 5): Դուք գիտեք պատմության շարունակությունը, թե ինչպես նա խոնարհեցրեց նրանց անարդար դատելու պատճառով և ինչպես նրանք «իրանց խղճմտանքիցը հանդիմանվեցան՝ մէկը մէկի ետևից դուրս էին գնում» (հատված 9, շեշտադրումն ավելացված է): Ապա Նա ասաց կնոջը. «Ես էլ չեմ քեզ դատապարտում. գնա, և այսուհետև մեղք մի գործիր: Եվ կինը փառաբանեց Աստծուն այդ պահից ի վեր և հավատաց նրա անվանը» (Ջոզեֆ Սմիթի թարգմանությամբ Հովհաննես 8.11 [Հովհաննես 8.11, ծանոթագրություն գ]):

Նկար
Փրկիչը խոսում է շնության մեջ բռնված կնոջ հետ

Յուրաքանչյուրիս մեջ գտնվող բնական տղամարդն ու կինը հակում ունի դատապարտելու ուրիշներին և անարդար դատելու կամ՝ իր կարծիքով արդար: Դա նույնիսկ տեղի ունեցավ Փրկիչի առաքյալներից երկուսի՝ Հակոբոսի և Հովհաննեսի հետ: Նրանք զայրացան, երբ Սամարիայի գյուղերից մեկի բնակիչները Փրկիչին անհարգալից վերաբերվեցին (տես Ղուկաս 9.51–54):

Նկար
Փրկիչը հետևորդների հետ

«Երբոր [նրանք] տեսան՝ ասեցին. Տէր՝ կամենո՞ւմ ես ասենք, կրակ իջնէ երկնքիցը և նորանց սատկեցնէ ինչպես Եղիան էլ արավ:

Նա էլ դարձավ՝ սաստեց նորանց և ասեց. Դուք չգիտե՞ք՝ թէ որ հոգու եք դուք:

Որովհետև մարդի Որդին չեկավ՝ մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու» (հատվածներ 54–56):

Այսօրվա «ընդհանուր դատավորները»` (ՎևՈւ 107.74) մեր եպիսկոպոսներն ու ճյուղերի նախագահները, պետք է խուսափեն նման կերպով դատապարտելուց, ինչպես Հակոբոսն ու Հովհաննեսը արեցին այդ պարագայում: Արդար դատավորը կարձագանքի խոստովանություններին կարեկցանքով և ըմբռնումով: Սխալ գործած երիտասարդը, օրինակ, պետք է դուրս գա եպիսկոպոսի սենյակից, զգալով Փրկիչի սերը եպիսկոպոսի միջոցով և պարուրված Քավության բուժող զորությամբ և ուրախությամբ, առանց ամոթանքի կամ արհամարհանքի: Հակառակ դեպքում, եպիսկոպոսը կարող է ակամա քշել կորած ոչխարներին ավելի հեռու՝ դեպի անապատ: (տես Ղուկաս 15.4):

Կարգապահություն

Այնուամենայնիվ, կարեկցանքը չի չեղարկում կարգապահության անհրաժեշտությունը: Կարգապահություն բառն առաջացել է լատիներեն «discere»` «սովորել» կամ «discipulus»` «սովորող» բառերից, որոնք նշանակում են աշակերտ կամ հետևորդ:1 Աշակերտություն անել Տիրոջ ձևով՝ նշանակում է սիրով և համբերությամբ ուսուցանել: Սուրբ գրություններում Տերը հաճախ է օգտագործում խրատել բառը, երբ խոսում է կարգապահության մասին (տես, օրինակ, Մոսիա 23.21, ՎևՈւ 95.1): Խրատել բառն առաջացել է լատիներեն «castus» բառից, նշանակելով առաքինի կամ մաքուր, իսկ խրատել նշանակում է մաքրել:2

Աշխարհում աշխարհիկ դատավորն է, որ դատապարտում է մարդուն և փակում նրան բանտում: Հակառակ դրան, Մորմոնի Գիրքն ուսուցանում է մեզ, որ երբ մենք ինքնակամ մեղք ենք գործում, դառնում ենք մեր «սեփական դատավորները» (Ալմա 41.7) և հանձնում ենք ինքներս մեզ հոգևոր բանտին: Հեգնալի է, որ ընդհանուր դատավորն այս դեպքում կրում է բանալիները, որոնք բացում են բանտի դռները, “քանզի խրատելով՝ ես ուղի եմ հարթում բոլոր բաների գայթակղությունից նրանց ազատելու համար¦ (ՎևՈւ 95.1, շեշտադրումն ավելացված է): Արդար դատի վարույթները ողորմած են, սիրող և փրկող, ո՛չ դատապարտող:

Երիտասարդ Ջոզեֆ Սմիթը չորս տարվա փորձաշրջան անցավ, մինչև կստանար ոսկե թիթեղները, «քանի որ չպահեց Տիրոջ պատվիրանները»:3 Ավելի ուշ, երբ Ջոզեֆը կորցրեց 116 ձեռագիր էջերը, նա կրկին խրատվեց: Թեև Ջոզեֆն իսկապես զղջում էր, Տերն, այնուամենայնիվ, հետ էր վերցնում նրա արտոնությունները որոշ ժամանակով, քանի որ ասված է «ում որ սիրում եմ, ես նաև խրատում եմ, որ նրանց մեղքերը ներվեն» (ՎևՈւ 95.1):

Ջոզեֆն ասել է. «Հրեշտակն ուրախ էր, երբ վերադարձրեց ինձ Ուրիմն ու Թումմիմը և ասաց, որ Աստված գոհ է ինձանից հավատարիմ ու խոնարհ լինելու համար և սիրում է ինձ ապաշխարելու և ջերմեռանդ աղոթքներիս համար»:4 Քանի որ Տերը ցանկանում էր սովորեցնել Ջոզեֆին սրտի փոփոխության դասը, Նա պահանջեց նրանից ցավագին զոհաբերություն: Զոհաբերությունը խրատի էական մասն է կազմում:

Զոհաբերություն

«Հնում զոհաբերությունը նշանակում էր մի բան կամ մեկին սուրբ դարձնել»5, ինչը մի առանձին եղանակով կապում է դա խրատել բառի նշանակության հետ, այսինքն՝ «մաքրելու»: Նմանապես, հին Իսրայելում մեղքի կամ հանցանքի համար ներում էին ստանում նվիրաբերման կամ զոհաբերության միջոցով:6 Զոհաբերությունը ոչ միայն «մատնանշ[եց] դեպի այն մեծ և վերջին զոհաբերությունը» (Ալմա 34.14), այլ նաև օգնեց առաջացնել ավելի խորը երախտագիտություն Փրկիչի Քավության հանդեպ: Որպես ապաշխարության մաս, մեր կողմից զոհաբերել չկամենալը ծաղրում կամ նսեմացնում է Քրիստոսի ավելի մեծ զոհաբերությունը նույն մեղքի համար և աննշան է դարձնում Նրա տառապանքը, ինչը ապերախտության մի սառնասիրտ դրսևորում է:

Մյուս կողմից, զոհաբերության քաղցր հեգնանքով մենք իրականում ստանում ենք մի բան, ինչը հավիտենական արժեք ունի՝ Նրա ողորմությունն ու ներումը և վերջապես «այն ամենն, ինչ Հայրն ունի» (ՎևՈւ 84.38): Որպես ապաշխարության գործընթացի մի մաս, զոհաբերությունը բուժող բալասանի պես նույնպես օգնում է փոխարինել «խղճի խայթը» (Ալմա 42.18) «խղճմտանքի խաղաղությամբ» (Մոսիա 4.3): Առանց զոհաբերության, մարդը կդժվարանա ներել ինքն իրեն երկար ժամանակ, գիտակցելով, որ ինչ-որ բան չի արվել:7

Ծնողը՝ որպես արդար դատավոր

Թեև մեզանից քչերը կկանչվեն լինել ընդհանուր դատավորներ, արդար դատաստանի սկզբունքները կիրառվում են բոլորիս հանդեպ, հատկապես ծնողների, ովքեր ամեն օր հնարավորություն ունեն օգտագործելու այս սկզբունքներն իրենց երեխաների հանդեպ: Երեխային արդյունավետ ուսուցանելը լավ դաստիարակման բուն էությունն է, իսկ սիրով խրատելը արդար դատավոր լինելու էությունն է:

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ուսուցանել է. «Եթե երեխաները հանդուգն ու անկառավարելի են, եղեք համբերատար նրանց հետ, մինչև որ նրանց կգրավեք սիրով … և այնուհետև դուք կարող եք նրանց բնավորությունը ձևավորել ձեր ցանկությամբ»:8

Խորիմաստ է, որ սովորեցնելով, թե ինչպես դաստիարակել, մարգարեները կարծես թե միշտ վկայակոչում են Քրիստոսանման հատկանիշները: Վարդապետություն և Ուխտերը դաստիարակելու վերաբերյալ տալիս է այս հայտնի խորհուրդը.

«Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ. Միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով.

Բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց կեղծավորության ու առանց նենգության,—

Ժամանակին խստությամբ հանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով. և ապա, դրանից հետո, ավելի մեծ սեր ցույց տալով նրա հանդեպ, ում հանդիմանել ես» (ՎևՈւ 121.41–43):

Սուրբ գրության այս հատվածը սովորեցնում է մեզ հանդիմանել «երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով», ոչ թե զայրույթից դրդված: Սուրբ Հոգին և զայրույթը անհամատեղելի են, քանի որ «նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ» (3 Նեփի 11.29): Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթն ուսուցանել է, որ «ոչ բարի բաները սովորաբար չեն ասվում Տիրոջ ոգեշնչման ներքո: Տիրոջ Հոգին բարության հոգի է, այն համբերության հոգի է, այն գթության հոգի է և սիրո ու համբերատարության և երկայնամտության:

… Բայց եթե մենք ունենք սխալ գտնելու ոգին… . կործանարար ձևով, այն երբեք չի գալիս որպես արդյունք մեր Երկնային Հոր Հոգու ընկերակցության և միշտ վնասակար է:

… Բարությունն այն ուժն է, որն Աստված տվել է մեզ կարծր սրտերը բացելու և համառ հոգիները հնազանդեցնելու համար»:9

Մեր երեխաների իրական ինքնությունը

Երբ Փրկիչն այցելեց նեփիացիներին, Նա մի արտառոց բան արեց երեխաների հետ.

Նկար
Փրկիչը նեփիացի երեխաների հետ

«Եվ եղավ այնպես, որ նա սովորեցրեց և ծառայեց այն բազմության երեխաներին… . և նա արձակեց նրանց լեզուները, և նրանք ասացին իրենց հայրերին մեծ ու զարմանալի բաներ… .

Եվ նրանք թե՛ տեսան, թե՛ լսեցին այդ երեխաներին. այո՛, նույնիսկ մանկիկները բացեցին իրենց բերաններն ու արտաբերեցին զարմանալի բաներ» (3 Նեփի 26.14, 16):

Թերևս մանկիկների բերանները բացելուց առավել, Տերը բացել էր նրանց ապշահար ծնողների աչքերն ու ականջները: Այդ ծնողներին արտակարգ պարգև էր տրվել՝ մի ակնթարթում տեսնել հավերժությունը և իրենց երեխաների իրական ինքնությունն ու նախաերկրային հասակը: Արդյոք դա ընդմիշտ չէ՞ր փոխի ծնողների վարքը՝ ինչպես են նրանք նայում և վերաբերվում իրենց երեխաներին: Ես սիրում եմ Գյոթեի գրչին պատկանող այս վարիացիան. «Այն, թե ինչպես եք նայում [երեխաներին] այն է, թե ինչպես եք վերաբերվում նրանց, իսկ այն, թե ինչպես եք վերաբերվում նրանց, այն է, թե [ով] նրանք կդառնան»:10 Երեխայի իրական ինքնության մասին հիշելը հեռատեսության պարգև է, որը սրբորեն ոգեշնչում է արդար դատավորի տեսիլքը:

Եզրափակում

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է մեզ. «Երբեք թույլ մի տվեք, որ խնդիրը, որը պետք է լուծել ավելի կարևոր լինի, քան մարդը, ում պետք է սիրել»11: Որքա՛ն կարևոր է այս սկզբունքը արդար դատավորներ դառնալու գործում, հատկապես` մեր սեփական երեխաների համար:

Կա միայն մեկ ճանապարհ արդարությամբ դատելու, ինչպես Հիսուս Քրիստոսն է դատում, և դա Նրա նման լինելն է: Հետևաբար, «ինչպիսի՞մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Sես “disciple,” etymonline.com.

  2. Sես Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. (2003), “chasten.”

  3. Karen Lynn Davidson and others, eds., Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, vol. 1 of the Histories series of The Joseph Smith Papers (2012), 83.

  4. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 71, շեշտադրումն ավելացված է:

  5. Սուրբ գրությունների ուղեցույց, «Զոհաբերություն», scriptures.lds.org:

  6. Տես Աստվածաշնչի բառարանը, «Զոհաբերություններ»:

  7. Ամեն շաբաթ հաղորդության սեղանի մոտ մեր մատուցած զոհաբերությունը կոտրված սիրտն ու փշրված հոգին է (տես 2 Նեփի 2.7, 3 Նեփի 9.20, Վարդապետություն և Ուխտեր 59.8): Կոտրված սիրտը ապաշխարող սիրտն է, փշրված հոգին՝ հնազանդ հոգին (see D. Todd Christofferson, “When Thou Art Converted,” Liahona, May 2004, 12).

  8. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ.Սմիթ (1998), 299:

  9. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջորջ Ալբերտ Սմիթ (2011), 225, 226, 228, շեշտադրումն ավելացված է:

  10. Attributed to Johann Wolfgang von Goethe, brainyquote.com.

  11. Թոմաս Ս. Մոնսոն, «Ուրախություն գտնենք ճանապարհին», Լիահոնա, նոյ. 2008, 86:

Տպել