Սթարը շողում է
Հեղինակն ապրում է Կոլորադոյում (ԱՄՆ):
«Հաճելի է ձեզ հետ լինել այստեղ Երեխաների խմբում» (Երեխաների երգարան, 254):
Սթարը քաշքշում էր իր զգեստը: Այնուամենայնիվ նրա համար տարօրինակ էր եկեղեցումզգեստ կրելը: Իր հին եկեղեցում կիրակի օրը աղջիկները հագնում էին տաբատ կամ կիսավարտիք: Բայց ոչ իր նոր եկեղեցում: Նա և իր մայրը հենց նոր էին մկրտվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:
Սթարը հառաչեց, երբ նայեց հայելու մեջ: Քանի որ առաջին անգամն էր որպես պաշտոնական անդամ եկեղեցի գնում, նա հուզված էր և անհանգիստ: Նախկինում նա ամբողջ ժամանակ եկեղեցում մայրիկի հետ էր մնում: Բայց այս անգամ նա գնում էր Երեխաների խումբ:
Սթարը կկոցեց աչքերը՝ նայելով իր արտացոլանքին: Իսկ ի՞նչ կլիներ, եթե չհարմարվեր: Ի՞նչ կլիներ, եթե ինքը դուր չգար մյուս երեխաներին:
«Սթա՜ր: Դու պատրա՞ստ ես»: Կանչեց մայրը:
Սթարը վայր իջավ աստիճաններով: «Տեսքս լա՞վ է», նա հարցրեց:
Մայրը ժպտաց: «Դու գեղեցիկ տեսք ունես»:
Սթարը ծամածռեց դեմքը: «Դու ստիպված ես այդպես ասում: Դու իմ մայրիկն ես»:
«Դու իրավացի ես: Ես իսկապես պետք է ասեմ այդ: Որովհետև դա ճիշտ է»:
Սթարը թույլ ժպտաց: Մայրիկը միշտ ինչ-որ ձևով ստիպում էր նրան ավելի լավ զգալ: Բայց նրա մեջ դեռևս կասկածներ կային: Ի՞նչ կլիներ, եթե երեխաներից ոչ մեկը չցանկանար խոսել իր հետ: Նա ընկերներ ուներ դպրոցում, բայց նրանք իր նոր եկեղեցու անդամները չէին: Նա կցանկանար, որ գոնե մի ընկեր իր հետ եկեղեցի գար:
«Հենց նոր մի բան հիշեցի, որ պիտի անեմ», ասաց նա իր մայրիկին:
Նա աստիճաններով վերև վազեց և ծնկի իջավ մահճակալի կողքին: «Սիրելի Երկնային Հայր, խնդրում եմ, օգնիր ինձ ընկերներ գտնել: Ես հավատում եմ, որ այն, ինչ միսիոներներն ուսուցանեցին, ճշմարիտ է, բայց ես վախենում եմ»:
Սթարը մնաց ծնկի իջած և սկսեց լսել: Մի պահ անց նա զգաց մի քաղցր, խաղաղ զգացում և այլևս այնքան էլ անհանգիստ չէր:
Եկեղեցում Սթարը և մայրիկը նստեցին երեք փոքրիկ աղջիկներ ունեցող մի ընտանիքի հետ: Ծնողները ծանոթացան միմյանց հետ և մայրիկի հետ սկսեցին զրուցել մինչև ժողովի սկսվելը: Սթարն օգնեց աղջիկներին գունազարդել Հիսուսի նկարը:
Եպիսկոպոս Անդրյուսը մոտեցավ նրանց: «Քույր Քանինգհամ: Սթար: Ուրախ եմ ձեզ տեսնել այսօր»: Նա ջերմորեն ժպտաց նրանցից յուրաքանչյուրին և սեղմեց նրանց ձեռքը: Սթարը մոռացել էր, թե բոլորն ինչքան սիրալիր էին եկեղեցում: Գուցեև, ի վերջո, նա կարողանար ընկերանալ ինչ-որ մեկի հետ:
Հաղորդության ժողովից հետո Սթարը գնաց Երեխաների խումբ: Երբ նստում էր, նա մի անհանգիստ հայացք ձգեց մյուս երեխաների վրա: Նրանք խոսում էին միմյանց հետ և, թվում էր, չնկատեցին նրան: Սթարի սիրտը նվաղեց: Ի վերջո, նա կարող էր և մենակ նստել:
Հենց այդ պահին Սթարի հասակակից մի աղջիկ ներս մտավ սենյակ: «Նա էլ է անհանգիստ», մտածեց Սթարը: «Ես կարող եմ գնալ և խոսել նրա հետ»:
Սթարը խորը շունչ քաշեց, ապա քայլեց դեպի աղջիկը: «Ողջույն, իմ անունը Սթար է։ Ես նորեկ եմ: Կցանկանայի՞ք նստել իմ կողքին: Սթարը պահեց շունչը: Արդյո՞ք աղջիկը կկամենար լինել իր ընկերուհին:
Աղջկա դեմքին կիսաժպիտ հայտնվեց: «Ես Սառան եմ։ Ես էլ եմ նորեկ։ Իմ ընտանիքը հենց նոր է տեղափոխվել Օնտարիոյից»:
«Մայրիկս և ես երկու շաբաթ առաջ ենք մկրտվել», ասաց Սթարը: «Վստահ չեմ, թե ինչ պետք է անեմ»:
Սառայի ժպիտը լայնացավ: «Մենք միասին գլուխ կհանենք այդ ամենից»։
Սթարը և Սառան նստեցին իրենց դասարանի հետ: Երբեմն Սթարը բռնում էր Սառայի հայացքը և ժպտում: Սառան պատասխանում էր ժպիտով: Սթարը հանգիստ և երջանիկ էր զգում: Նա գիտեր, որ Երկնային Հայրը պատասխանել էր իր աղոթքին և օգնել էր իրեն ընկեր գտնել:
Դասարանում ուսուցիչը խնդրեց Սթարին և Սառային ներկայանալ:
Սթարը ոտքի կանգնեց: «Իմ անունը Սթար Քանինգհամ է: Մայրս և ես մկրտվեցինք երկու շաբաթ առաջ: Նա կանգ առավ և մի ժպիտ փայլեց նրա դեմքին, երբ նայեց իր նոր ընկերուհուն: «Իսկ սա իմ ընկերուհի Սառան է»: