Մինչև նոր հանդիպում
Աստծո զորությունը
Քահանայության գերագույն նիստի ելույթ, որի վերնագիրն է «Քահանայության Վարդապետությունը», Ensign, May 1982, 32–34, ուղղագրությունը ստանդարտացված է։
Հավատը զորություն է, իսկ զորությունը՝ քահանայություն։
Աստված Աստված է, քանի որ Նա է մարմնավորում ողջ հավատը, և ողջ զորությունը, և ողջ քահանայությունը։ Կյանքը, որը Նա ապրում է, կոչվում է հավերժական կյանք:
Իսկ թե որքանով մենք կնմանվենք Նրան, կախված է այն բանից, թե որքանով մենք ձեռք կբերենք Նրա հավատը, կստանանք Նրա զորությունը և կկիրառենք Նրա քահանայությունը։ Եվ երբ մենք լիարժեք և իսկական իմաստով նմանվենք Նրան, ապա մենք նույնպես կունենանք հավերժական կյանք։
Հավատը և քահանայությունը անբաժանելի են։ Հավատը զորություն է, իսկ զորությունը՝ քահանայություն։ Հավատ ձեռք բերելուց հետո մենք ստանում ենք քահանայություն։ Ապա, քահանայության միջոցով մենք աճում ենք հավատքում, և ունենալով ողջ զորությունը, դառնում ենք մեր Տիրոջ նման։
Այս մահկանացու կյանքի մեր ժամանակը սահմանված է որպես մի փորձաշրջան։ Մինչ այստեղ ենք, մենք արտոնություն ունենք կատարելագործել մեր հավատը և զարգանալ քահանայության զորության մեջ։
Ենովքի օրերում սուրբ քահանայությունն ավելին է արել մարդկանց կատարելագործման համար, քան որևէ այլ ժամանակաշրջանում։ Այն ժամանակներում Ենովքի կարգի (տես ՎևՈւ 76․57) հայտնի զորությամբ էր, որ նա և նրա ժողովուրդը փոխակերպվեցին։ Եվ նրանք փոխակերպվեցին, քանի որ հավատ ունեին և կիրառում էին քահանայության զորությունը։
Ենովքի հետ էր, որ Տերը հավերժական ուխտ կապեց, որ բոլորը, ովքեր կստանային քահանայությունը, զորություն կունենային հավատի միջոցով, կառավարելու և վերահսկելու ամեն բան երկրի վրա, կործանելու աշխարհի բանակները և փառքի ու վեհացման մեջ կանգնելու Տիրոջ առջև։
Մելքիսեդեկը նման հավատ ունեցող մարդ էր, «Եվ նրա ժողովուրդն արդարություն գործեց, և հասավ երկինք, և փնտրեց Ենովքի քաղաքը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 14․34)։ …
Ուրեմն, ո՞րն է քահանայության վարդապետությունը։ Եվ մենք ինչպե՞ս պիտի ապրենք որպես Տիրոջ ծառաներ։
Վարդապետությունը հետևյալն է․ Աստված՝ մեր Հայրը, փառավորված, կատարելագործված և վեհացված էակ է, ով ունի ողջ ուժը, ողջ զորությունը և ողջ տիրապետությունը, ով գիտի բոլոր բաները, և անսահման են Նրա բոլոր հատկանիշները, և ով ապրում է ընտանեկան միավորում։
Դա նշանակում է, որ մեր Հավերժական Հայրը վայելում է փառքի, կատարելության և զորության այս բարձր վիճակը՝ շնորհիվ Իր կատարյալ հավատի և Իր անսահմանափակ քահանայության։
Դա նշանակում է, որ քահանայությունը հենց Աստծո զորության անունն է, և եթե մենք ուզում ենք դառնալ Նրա նման, մենք պետք է ստանանք և կիրառենք Նրա քահանայությունը կամ զորությունը, ինչպես Նա է դա կիրառում։ …
Դա նշանակում է, որ մենք հավատքով զորություն ունենք կառավարելու և վերահսկելու բոլոր բաները՝ թե աշխարհիկ և թե հոգևոր, գործելու հրաշքներ և կատարելագործելու կյանքեր, կանգնելու Աստծո ներկայության մեջ և լինելու Նրա նման, քանի որ մենք ձեռք ենք բերել Նրա հավատը, Նրա կատարյալ կողմերը և Նրա զորությունը, կամ այլ խոսքերով ասած՝ Նրա քահանայության լրիվությունը։
Ահա, ուրեմն սա է քահանայության վարդապետությունը, և չկա և չի կարող լինել ավելի մեծ բան։ Սա այն զորությունն է, որը մենք կարող ենք ձեռք բերել հավատի և արդարակեցության շնորհիվ …
Իսկապես, քահանայության մեջ կա զորություն, զորություն, որը մենք ձգտում ենք ձեռք բերել և օգտագործել, զորություն, որն ըստ մեր ջերմեռանդ աղոթքի, թող հանգչի մեր և մեր սերունդների վրա հավիտյան։