2020
Ահա Աստծո Գառը
Ապրիլ 2020


Ահա Աստծո Գառը

Ամեն տարի, երբ սկսվում է նոր տարին, ես նպատակներ եմ դնում։ Այս տարվա իմ ամենակարևոր նպատակներից մեկը Հիսուս Քրիստոսի հետ ավելի մոտ հարաբերություններ զարգացնելն էր։ Հասկանալ, թե ով է Նա, ինչ է արել ինձ համար և ինչպես կարող եմ ավելի շատ զգալ Նրա ներկայությունն իմ առօրյա կյանքում։ Ես չէի ակնկալում, որ Հիսուսի հանդեպ իմ սերը այդքան կմեծանա այս մի քանի ամիսների ընթացքում։ Նա միշտ իմ մտքում և սրտում է։ Հենց տարվա սկզբից, մինչ ես ավելի շատ սկսեցի ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի չարչարանքները, Նրա հաստատակամ էությունը և հեզությունը, ես սկսեցի իմ աղոթքներում շնորհակալություն հայտնել Երկնային Հորը Հիսուսի համար։ Ես նույնիսկ հիշում եմ, որ մի անգամ, Հիսուսի հանդեպ սիրուց և երախտագիտությունից դրդված, ես խնդրեցի Երկնային Հորը ամուր գրկել Հիսուսին իմ փոխարեն։ Օ՜հ, որքան զարմացած էի ես, երբ Երկնային Հայրը Իր երախտագիտությունը հայտնեց ինձ նման աղոթքի համար։ Այդ գիշեր Նա մի երազ տվեց ինձ, որի շնորհիվ մի փոքր պատկերացում ստացա Հիսուս Քրիստոսի չարչարանքների մասին։ Հիշում եմ, թե որքան ցնցված էի։ Երկնային Հայրը վկայեց ինձ, թե որքան մեծ էին Հիսուսի տառապանքները, և թե որքան է Նա սիրում, երբ մենք հանում ենք բնական մարդուն և փնտրում Տիրոջ կամքը մեր կյանքում։ Մինչ մենք աճում ենք համաձայն մեր աղոթքների, մենք մի կողմ ենք դնում կյանքում մեր ունեցած ցանկությունների ցանկը և երախտագիտություն զգում ամենամեծ պարգևի՝ Հիսուս Քրիստոսի համար։ Մեր աղոթքներում մենք կարող ենք հարցնել Հիսուսին, թե ինչպես կարող ենք այսօր օգնել կառուցել Նրա արքայությունը այստեղ՝ երկրի վրա։ Հիսուսն ամեն բան տվեց մեզ համար։ Մեր պարտքն է նույնը անել Նրա համար։ Նա արժանի է, որ տանք Նրան մեր ժամանակը, մեր ջանքերը, մեր տաղանդները, ուշադրությունը և սերը։ Նա մեր ամենամեծ շարժառիթն է, թե ինչու ենք մենք ծառայում, ինչու ենք մենք զարգանում։ Ես սիրում եմ Հիսուսին և հավերժ երախտապարտ կլինեմ իմ Երկնային Հորը, որ տվեց մեզ Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։

Տպել