2023
Հոգևոր սովորություններ
Հունիս 2023


Տարաշրջանի ղեկավարության ուղերձ

Հոգևոր սովորություններ

Մարդկանց մեծամասնության համար լավ հոգևոր սովորություններ զարգացնելն ու կատարելագործելը հեշտ գործընթաց չէ, և տեղի չի ունենում ինքնաբերաբար: Հոգևոր զարգացման ճանապարհը սովորաբար անհավասար և դժվար է:

Երբ ես պատրաստվում էի ծառայել լիաժամկետ միսիայում, գնացի իմ ճյուղի նախագահի մոտ՝ հարցնելու, թե ինչ պետք է անեմ պատվով ծառայելու համար: Նա ինձ տվեց մի ցուցակ, որը ներառում էր՝ սուրբ գրությունների ուսումնասիրություն, հոգևոր և ֆիզիկական պատրաստվածություն և նույնիսկ՝ ճաշ պատրաստելու հմտություններ: Երբ ես ուրախությամբ սկսեցի ամեն կերպ պատրաստվել «հրաշալի միսիոներ» լինելու համար, նկատեցի, որ որոշ բաներ ավելի հեշտ էր անել, քան մյուսները, իսկ մի քանիսը բավականին դժվար էր իրականացնել: Այնուամենայնիվ, ես ամեն ինչ արեցի, որպեսզի դառնամ այնպիսին, ինչպիսին Տերն էր ակնկալում, նույնիսկ բոլոր դժվարություններով հանդերձ, որոնց հանդիպում էի այդ ընթացքում:

Նախապատրաստումը հեշտ չէր, բայց այն հանգեցրեց իսկական օրհնությունների, որոնք ես դեռ վայելում եմ: Ես հետևում էի իմ ղեկավարների խորհրդին, և նրանց հրահանգները, որոնք երբեմն շատ դժվար իրագործելի էին, օգնեցին ինձ դառնալ այն միսիոները, որը Տերն էր ցանկանում, և ժամանակի ընթացքում դրանք դարձան իմ կյանքի և իմ հոգևոր էության մի մասը:

Նմանապես, երբ մենք ձգտում ենք հասնել չափելի արդյունքների այն ոլորտում, որտեղ ցանկանում ենք կատարելագործվել, երբեմն հեշտ չէ հետևել հրահանգներին, պահպանել խիստ կանոնները կամ պարզապես կենտրոնանալ: Օրինակ, եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր ֆիզիկական մարմինը առողջ և ուժեղ, պետք է հաճախակի մարզվենք և կանոնավոր ընդմիջումներով ապահովենք նրան սնունդով ու ջրով: Եթե թերանանք, դա կառաջացնի թուլություն կամ հիվանդություն, իսկ եթե ուշադիր չլինենք՝ նույնիսկ մահ:

Նույն սկզբունքները վերաբերում են մեր հոգևոր մարմնին, որը պետք է մշտապես սնվի առողջ և առույգ մնալու համար: Հոգևոր կենսակերպը պետք է ներառի լավ սովորություններ, որոնք կզարգացնեն հոգին, բայց նաև պետք է խուսափենք սովորություններից, որոնք կվնասեն հոգուն:

Հոգևոր կենսակերպը պետք է ներառի կանոնավոր հոգևոր վարժություններ, ինչպիսիք են՝ ամենօրյա աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ծառայությունը, ինչպես նաև շաբաթական հոգևոր սնունդը, որը գալիս է հաղորդությունը ճաշակելուց, եկեղեցական ժողովներին մասնակցելուց և ամսական ծոմապահությունից: Մենք պարբերաբար թարմացնում ենք մեր տաճարային երաշխավորագիրը՝ համոզվելու համար, որ բոլոր հոգևոր տարրերը ապահովված են հավասարակշռված չափերով, որպեսզի ապահովեն հոգու պատշաճ սնուցումը: Երբեմն անհրաժեշտ կլինի ծոմ պահել և աղոթել, որպեսզի լրացուցիչ ուժ ու եռանդ տրամադրենք մեր հոգուն՝ հատուկ մարտահրավերներին դիմակայելու համար:

Երբ հիշում եմ իմ միսիոներական փորձառությունը, և որքան դժվար էր նախապատրաստական շրջանը, բայց միևնույն ժամանակ որքան ուրախալի, ես մտածում եմ Մոսիայի որդիների մասին, որոնք հասկացան, թե որքան կարևոր է սնուցել իրենց հոգին առատ լրացուցիչ էներգիայով, որը ձեռք է բերվում հոգևոր սովորությունների միջոցով:

«…քանզի նրանք առողջ դատողությամբ մարդիկ էին, և նրանք ջանասիրաբար քննել էին սուրբ գրքերը, որ կարողանային իմանալ Աստծո խոսքը:Բայց դա բոլորը չէ. նրանք նվիրվել էին շատ աղոթքի ու ծոմի, այդ պատճառով նրանք ունեին մարգարեության ոգին ու հայտնության ոգին, և երբ նրանք ուսուցանում էին, նրանք ուսուցանում էին Աստծո զորությամբ ու իշխանությամբ»:1

Ամենօրյա հոգևոր վարժանքը նույնպես անհրաժեշտ է վկայությունը պահպանելու համար և համոզված լինելու, որ վստահությունը կհաղթի կասկածին, քանի որ այն, ինչ մենք այսօր ունենք վկայության մեջ, վաղը չի լինի, եթե մենք ինչ-որ բան չանենք այն պահպանելու համար: Ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական մկանների վարժանքը մեծացնում է դրանց ուժն ու չափը, վկայությունն ամուր և մնայուն դարձնելու համար մեզ անհրաժեշտ են ամենօրյա հետևողական հոգևոր ջանքեր:

Բնական մարդու հակումն է՝ միշտ ավելին սպասել Տիրոջից և ավելի քիչ՝ իրենից: Երբ մենք զարգացնում ենք ավելի ուժեղ հոգևոր սովորություններ և զգում ենք սրտի հզոր փոփոխություն՝ հաճախակի, կանոնավոր և պատշաճ կերպով սնելով մեր հոգին, այդ հոգևոր սովորությունները դառնում են մեր անբաժանելի մասը, և մենք սկսում ենք ավելի ու ավելի շատ սպասել մեզանից և ավելի ու ավելի քիչ՝ Տիրոջից:

Թող որ մենք ջանասիրաբար աշխատենք նախապատրաստելով, մարզելով և դաստիարակելով մեր հոգին, ինչպես անում ենք մեր մարմնի հետ՝ զարգացնելով լավ հոգևոր սովորություններ և խուսափելով աշխարհի կործանարար սովորություններից: Սկզբում դա կարող է ցավոտ և դժվար լինել, բայց անշուշտ արժե այն, երբ մենք վայելում ենք աճի և բարեկեցության այդ հոգևոր գործընթացի օրհնությունները:

Հղումներ.

  1. Ալմա 17.2-3