«1 Նեփի 8.19–38. Ամուր բռնեք Աստծո խոսքից» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«1 Նեփի 8.19–38. Ամուր բռնեք Աստծո խոսքից» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
1 Նեփի 8.19–38
Ամուր բռնեք Աստծո խոսքից
Աշխարհում շատ մարդիկ ցանկանում են սեր և ուրախություն զգալ, բայց չգիտեն որտեղ գտնել դրանք: Կենաց ծառի իր տեսիլքով Լեքին իմացավ այն ճանապարհը, որ պետք է անցնենք, ու, թե ինչպես մնալ այդ ճանապարհին՝ Աստծո օրհնությունները վայելելու համար: Այս դասը կօգնի ձեզ հետևել Աստծո խոսքին, որը կուղղորդի ձեզ դեպի Նրա մեծագույն օրհնությունները:
Լեքիի տեսիլքը
Մի պահ նայեք Լեքիի տեսիլքը պատկերող այս նկարին: Նրանում պատկերված է ծառը, որը խորհրդանշում է Աստծո սերը և դրա պտուղը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով եկող օրհնությունները (տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Լեքիի երազը. ամուր բռնվեք ձողից», Ensign, հոկտեմբեր 2011, 32–37): Այն նաև որոշ լրացուցիչ տարրեր է պարունակում:
-
Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս նկարում:
-
Ի՞նչ կարող եք սովորել՝ նայելով նկարին:
Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) բացատրել է.
Դուք գուցե կարծեք, որ Լեքիի երազը կամ տեսիլքը ձեզ համար առանձնահատուկ նշանակություն չունի, բայց այդպես չէ: Դուք կաք այնտեղ․ մենք բոլորս ենք այնտեղ: (Բոյդ Ք. Փաքեր, «Գտնենք ինքներս մեզ Լեքիի երազում», Լիահոնա, օգոստոս 2010թ., 22)
Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Երկնային Հոր ուղղորդումը, որպեսզի հասկանաք, թե Լեքիի տեսիլքն ինչ կապ կարող է ունենալ ձեր կյանքի հետ: Փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ Փրկչի միջոցով ստանալ խոստացված ուրախությունը, ինչպես նաև իմանալ, թե ինչ խոչընդոտներից կարիք կլինի խուսափել կամ որոնք հաղթահարել:
Շատ մարդիկ առաջ են ընթանում
Իր երազում Լեքին «մարդկանց անհամար բազմություններ» տեսավ (1 Նեփի 8.21), որոնք փորձում էին ճանապարհ գտնել դեպի կենաց ծառը: Նրանք մի քանի տարրերի հանդիպեցին, որոնք թույլ չէին տալիս նրանց մոտենալ ծառին. խավարի մշուշները, երկաթե ձողը և մարդիկ մեծ ու ընդարձակ շենքում: Այս երեք տարրերը կարող եք տեսնել վերևի նկարում:
1 Նեփի 8.22–34 հատվածները կարդալիս փնտրեք այդ տարրերը և մտածեք, թե դրանք ինչ կարող են խորհրդանշել: Կարող եք դիտել նաև «Լեքին տեսնում է երկաթե ձող և նրանց, ովքեր հեռանում են» տեսանյութը (3:30), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Մտածեք ձեզ հանդիպող գայթակղությունների մասին, և ինչ ազդեցություն կարող է ունենալ հպարտությունը ձեզ վրա: Խորհեք, թե այդ գայթակղությունները ինչպես կարող են շեղել կամ խանգարել ձեզ մոտենալ Քրիստոսին և զգալ Աստծո սերը:
Ի՞նչ օգնություն է առաջարկում մեզ Աստված
Լեքիի տեսիլքում Աստված նաև ճանապարհներ էր պատրաստել, որոնցով օգնում էր իր զավակներին մոտենալ ծառին: Դեպի ծառը տանող «մի նեղ ու անձուկ արահետ» կար (1 Նեփի 8.20): Արահետից բացի Նա մի «երկաթե ձող» տվեց, որն ուղղորդում էր մարդկանց (1 Նեփի 8.19, 24, 30):
-
Ըստ ձեզ՝ ի՞նչն էր էական ձողի երկաթե լինելու մեջ:
Կարդացեք 1 Նեփի 15.23–25 հատվածները և բացահայտեք, թե ինչ էր ուսուցանում Նեփին ձողի նշանակության և դրա վերաբերյալ իր խոստումների մասին:
-
Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս հատվածներում:
Կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը, որ եթե ականջալուր լինենք և ամուր բռնենք Տիրոջ խոսքից, հակառակորդի գայթակղությունները չեն հաղթի մեզ:
-
Սուրբ գրություններում գրված և մարգարեների շուրթերից հնչող Տիրոջ խոսքը ինչպե՞ս կարող է անվտանգություն և ուժ տալ գայթակղության ժամին:
-
Ի՞նչ օրինակներ կան այն բանի համար, որ Աստծո խոսքը կարող է առաջնորդել մեզ՝ ստանալու այն օրհնություններն ու ուրախությունը, որ գալիս են Փրկչի Քավության միջոցով:
-
Այս ճշմարտությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Տիրոջ մասին:
Այս դասն ավարտելու համար խորհեք, թե որտեղ եք դուք այդ տեսիլքում: Ինչպե՞ս եք եկել դեպի Փրկիչը և ինչպես եք շարունակում ձգտել դեպի Նա: Ի՞նչ շեղումների և գայթակղությունների եք հանդիպում: Ինչպե՞ս է Տերն օգնում ձեզ Իր խոսքի միջոցով:
Կարող եք գնահատել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր նպատակը, և ինչպես է այն օգնում ձեզ, ինչպես նաև նշել ցանկացած բարելավում կամ փոփոխություն, որ կցանկանայիք կատարել: Եթե ուսումնասիրության նպատակ չունեք, կարող եք մի քանի րոպե մտածել այդ ուղղությամբ: